hetq.am։ Երեւան քաղաքի Խաչիկ Դաշտենցի փողոցի 14 տան սեփականատեր Կարապետ Մերմերյանի տունը փլվել է շենքի տակ լցվող մեծաքանակ ջրի պատճառով։ Կարապետը 15 րոպեն մեկ անգամ տան նկուղում հավաքվող ջուրը պոմպով դուրս է մղում՝ այդպիսով առայժմ փլուզվելու վտանգից պաշտպանելով հարեւանների տները։

Հարեւանները նույնպես պոմպեր են տեղադրել եւ օրվա մեջ որոշակի ժամանակ են հատկացնում ջուրը մղելուն: Չնայած դրան, մշտապես հոսող ջուրը թուլացրել է բոլորի տան հիմքերը: Բնակիչները մեզ ցույց են տալիս կիսաքանդ, ճաքած ու բորբոսնած պատերը, անօգտագործելի դարձած կահույքը, խոնավությունից ու բորբոսից խունացած հագուստները։

Նրանք պարզել են, որ մայթեզրով անցնող խմելու ջրի խողովակը (մոտ 2 դույմ) քայքայված է, եւ ջուրը մոտ երկու տարի հոսում է ավելի ցածրադիր հատվածում գտնվող տները։ Խ. Դաշտենցի փողոցի 8-32 համարների բնակելի տները վթարային են դարձել մոտ երկու տարվա ընթացքում։

Մայրաքաղաքում խմելու ջրի սպասարկումն իրականացնում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն, որին դիմել են ջրագիծը փոխելու խնդրանքով։ 2018 թ. սեպտեմբերի 17-ին «Վեոլիա ջրի» գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը 14 տան սեփականատեր Կարապետ Մերմերյանին պատասխանել է. «Ընկերության մասնագետների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում տարածքի ջրագծերում եւ կոյուղագծերում որեւէ վթար կամ արտահոսք չի հայտնաբերվել։ Ամենայն հավանականությամբ, արտահոսքի պատճառը ստորգետնյա ջրերն են, որոնք ընկերության գործունեության հետ որեւէ առնչություն չունեն»։

Այդուհանդերձ, բնակիչներին հաջողվել է հիմնավորել, որ ջրի արտահոսքի պատճառը մայթեզրով անցնող խմելու ջրի քայքայված խողովակն է։ Կարապետի ասելով՝ անցյալ տարի, երբ մեկ օրով ջրանջատում է եղել թաղամասում, նկուղներում, նաեւ՝ փողոցի դիտահորերում ոչ մի կաթիլ ջուր չի եղել: Նրանք հաստատապես համոզվել են, որ արտահոսքը խմելու ջրի խողովակից է:

Բնակիչների բողոքների արդյունքում ընկերությունն անցյալ տարի փոխել է խողովակի մի հատվածը՝ մոտ 150 մետր, որից հետո երկու ամիս ջրի հոսքը տներ դադարել է։ Սակայն, դրանից հետո քայքայված խողովակը պայթել է մեկ այլ հատվածում, ու կրկին ջուրը հոսում է տները: «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցները ստուգումների արդյունքում համոզվել են, որ խողովակը 1 կմ երկարությամբ փտած է, բայց քանի որ այն ծախսատար է, հրաժարվել են փոխել։

«Իրավաբանների եւ հոգեբանների միջազգային ասոցիացա»-ն ստանձնել է վթարված տների բնակիչների շահերի պաշտպանությունը: ՀԿ-ի նախագահ Խաչատուր Մարոզյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել հանրապետության գլխավոր դատախազին։ Մոտ 4 ամիս առաջ Քննչական կոմիտեի Էրեբունի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել, ապամոնտաժված խողովակի մի կտոր ճանաչվել է իրեղեն ապացույց եւ ի պահ է տրվել Կ․ Մերմերյանին։

Բնակիչները դժգոհում են քննչական մարմնի դանդաղկոտությունից՝ առաջընթացը նկատելի չէ: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ քրեական գործով երկու փորձաքննություն է նշանակվել։ Դրանցից մեկով ցանկանում են պարզել՝ տներ լցվողը խմելաջո՞ւր է, թե կոյուղաջուր, իսկ ապրանքագիտական փորձաքննությամբ գնահատվելու է ջրի արտահոսքի պատճառով բնակիչներին պատճառված վնասի չափը։

Սա «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին առնչվող միակ քրեական գործը չէ: Ոստիկանությունը 2018 թ. օգոստոսի 25-ին տեղեկացրեց ընկերությունում բացահայտված խոշոր չարաշահումների մասին։ Քրեական գործի քննությունը հանձնարարվեց Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ): Դեռեւս մարտի 1-ին հարցում էինք ուղղել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին՝ խնդրելով հայտնել, թե ինչ փուլում է «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում բացահայտված չարաշահումների վերաբերյալ հարուցված քրեական գործը։

Շարունակությունը՝ hetq.am