Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․04․2020 (թարմացվող)
00:39 - 22 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․04․2020 (թարմացվող)

0։02- Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մասնագետների կողմից 2020թ. ապրիլի 21-ին Ստեփանակերտ քաղաքում գործող 20 առևտրային օբյեկտներում 43 լայն սպառման ապրանքատեսակների դիտարկման արդյունքում, նախորդ օրվա համեմատ, արձանագրվել է 2 ապրանքատեսակների միջին գների անկում:

Մասնավորապես՝ միջին գնանկում արձանագրվել է վարունգ 1կգ` 34 դրամ կամ 7.3% և ալյուր «բաղրամյան» 1 կգ՝ 1 դրամ կամ 0.3 % ապրանքատեսակների համար: [Արցախի տեղեկատվական շտաբ]


22։36- ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու նպատակով ս/թ․ ապրիլի 22-ին (ժամը՝ 15։00-ին) տեղի կունենա «S7» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը։

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունում ցուցակագրված՝ 1-ից 200 համարի ներքո նշված քաղաքացիներին հաշվառում անցնելու նպատակով խնդրում են «Դոմոդեդովո» օդանավակայան ժամանել սկսած ժամը՝ 11։00-ից:

Նշյալ թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիները կենթարկվեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ [ՌԴ-ում ՀՀ դեսպանություն]


21:22- «Կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 20.04.20թ. ժամը 18-ի դրությամբ մուտքերը կազմել են 974,163,699.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3845: [ՀՀ ֆինանսների նախարարություն]


21:11- Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում բարեկամ Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Հայաստանին՝ Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկելով Հայոց եռագույնի գույներով։ [Վրաստանում ՀՀ դեսպանություն]


20:35- ՀՀ-մ կորոնավիրուսով վարակված 70 տարեկանից բարձր շուրջ 50 քաղաքացի հաղթահարել է հիվանդությունը և դուրս է գրվել:  Ամենատարեցը 1927 թվականին (93 տարեկան) ծնված կին է: Նրա առողջական վիճակը սկզբում եղել է միջին ծանրության, որից հետո դրական դինամիկա է գրանցվել: Կինը, հաղթահարելով հիվանդությունը, դուրս է գրվել: Նրանից երեք տարով փոքր՝ 1930 թվականի (90 տարեկան) ծնված մեկ այլ կին ևս ապաքինվել է և դուրս է գրվել ապրիլի սկզբին: [ՀՀ ԱՆ] |armenpress.am|


20:10- Ջերմ զրույց ունեցա եղբայրական Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Քննարկեցինք մեր բարեկամության ու համագործակցության ամրապնդումը, նույնիսկ այն ժամանակ, երբ պայքարում ենք կորոնավիրուսի խնդրի դեմ։ Գնահատում ենք Հայաստանի հոգատարությունը այնտեղ գտնվող հնդիկ ուսանողների նկատմամբ։ Ակնկալում ենք, որ մեր բժշկական օժանդակությունը շուտով կժամանի այնտեղ։ [Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկար] |armenpress.am|


19:32- 5-րդ ծրագրի շրջանակում միանվագ անհատույց դրամական օժանդակություն ենք տրամադրում բոլոր այն տնտեսվարողներին, որոնք չնայած ծագած դժվարություններին՝ պահպանել են աշխատատեղերը և կրճատումներ չեն իրականացրել։ [Նիկոլ Փաշինյան]


19:30- Երեկ եւ այսօր Կենտրոնական բանկը 25 միլիոն դոլար է գնել արտարժույթի շուկայից։ Ճգնաժամի պայմաններում դրամի նկատմամբ վստահությունը շարունակում է բարձր մնալ։ [Նիկոլ Փաշինյան]


19:17- 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Եվա և Սյուզի» ՍՊԸ՝ ք. Երևան, Մաշտոցի 27.
2) «Պարույր Ռուբենյան» Ա/Ձ՝ ք. Երևան, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 13/24.
3) «Մոստովիկ» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Այնթափ համայնք.
4) «Արարատ-Ճանշին» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնք: [պարետի որոշում]


19:10- Սկզբնական փուլում մենք հետևում էինք, թե որ երկրում քանի վարակված հայ կա, սակայն մի պահի դա դարձավ ոչ այնքան անիմաստ, որքան՝ անհնար: Օրինակ՝ այսօր գիտենք, որ Ռուսաստանում կան մեծ թվով վարակված հայեր, սակայն այդ թիվն այնքան մեծ է, որ արդեն անհնար է դրան հետևելը։ [Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան] |Armtimes.com|


18:50- Առաջիկա օրերին կազմակերպվելիք 3 չվերթով Հայաստան կվերադառնա մոտ 700 ՀՀ քաղաքացի։ Նախարարը թվարկեց տարբեր քաղաքներից Հայաստան վերադարձած քաղաքացիների թվերը․ «Մարտի 15-ին Հռոմից վերադարձել է 67 հոգի, մարտի 26-ին Անգոլայից` 24 հոգի, մարտի 28-ին Լեհաստանից` 4 հոգի, մարտի 31-ին Հանդկաստանից` 68 հոգի, ապրիլի 6-ին Մոսկվայից` 234 հոգի, ապրիլի 7-ին Մոսկվայից` 226 հոգի, ապրիլի 10-ին Թել Ավիվից` 10 հոգի, ապրիլի 10-ին Վաշինգտոնից` 35 հոգի, ապրիլի 11-ին Թուրքիայից` 73 հոգի, ապրիլի 12-ին Մոսկվայից` 230 հոգի, ապրիլի 13-ին Սուդանից` 8 հոգի, ապրիլի 19-ին Կրասնոդարից` 100 հոգի, ապրիլի 20-ին Դոնի Ռոստովից` 100 հոգի» [Զոհրաբ Մնացականյան] |armenpress.am|


18:44- Այսօր սպասվում է Արաբական Միացյալ Էմիրություններից մեր 18 քաղաքացու վերադարձը Հայաստան: [Զոհրաբ Մնացականյան]


18։02-  Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև ապրիլի 20-ը ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները խախտելու փաստերով 10269 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Նույն ժամանակահատվածում ինքնամեկուսացման կամ մեկուսացման կանոնները խախտելու փաստերով արձանագրություն է կազմվել 26 անձի նկատմամբ։ Հայտնաբերվել են նաև ֆինանսատնտեսական գործունեության սահմանափակման կանոները խախտելու 82 դեպք։ [ՀՀ Ոստիկանություն]

 

17։25-  Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ հուշահամալիրը քաղաքացիների համար փակ է լինելու: Այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Աղաջանյանի խոսքով` վերջին օրերին Կառավարությունում ինտենսիվորեն քննարկվել են Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական հարցերը, և ըստ այդմ մի շարք որոշումներ են կայացվել: |hetq.am|

 

17։14- Հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ (այս պահի դրությամբ ունենք 39–ի հաստատված դեպք), պարետ Տիգրան Ավինյանի որոշման համաձայն`Վարդենիս համայնքի մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում` արգելելով անձանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։ [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

16։58- Նախօրեին նոր կորոնավիրուսի հետազոտության նպատակով ՀՀ ուղարկված 32 քաղաքացու կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը բացասական է, նրանց մոտ կորոնավիրուսի վարակ չի հաստատվել: Կրկնակի թեստավորման նպատակով ՀՀ էր ուղարկվել նաև նախկինում հաստատված երեք քաղաքացու՝ Քարվաճառի երկու բնակիչների ու Հանրապետական բժշկական կենտրոնում նրանց հետ շփված բուժաշխատողի փորձանմուշները, որոնց արդյունքները կհրապարակենք ավելի ուշ: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

16։47- Ապրիլի 21-ից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատություններում սկսել է գործել կորոնավիրուսի վարակի կասկածով քաղաքացիների նմուշառման գործընթացը: Նմուշառումն իրականացվելու է վերապատրաստված նմուշառող բուժքրոջ կողմից շրջիկ եղանակով՝ շտապ օգնության ավտոմեքենաներով: Տնային պայմաններում նմուշառում կատարվելու է այն քաղաքացիներին, որոնց մոտ, նախապես պոլիկլինիկայում կատարված ռենտգեն հետազոտությամբ, հաստատվել է թոքաբորբ ախտորոշումը, ինչպես նաև առողջապահության նախարարի 336-Ա և 1230-Ա հրամանների պահանջով սահմանված դեպքերում: [Երևանի քաղաքապետարան]

 

15։30- Կորոնավիրուսի վտանգը դեռևս չի անցել։ Սա ասում եմ ոչ թե վախ առաջացնելու, այլ իրականության աչքերին ուղիղ նայելու համար։ Դեռ երկար ժամանակ ապրելու ենք կորոնավիրուսի հետ, և ես խնդրում եմ բոլորիդ լինել պատասխանատու: Լինել պատասխանատու, եթե նույնիսկ դուք շատ առողջ եք, ամուր եք և հիվանդությունը պարզ գրիպի պես եք տանելու։ Կան տարիքով, վատառողջ մարդիկ, ում կյանքի համար վիրուսը կարող է լինել ծայրահեղ վտանգավոր։ [ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան]

 

14։33- Վերլուծելով վերջին 1 շաբաթվա կորոնավիրուսային վարակով նոր դեպքերի թիվը, կարող ենք արձանագրել, որ ունենք աճի կայուն տեմպ, որը տատանվում է օրական 3-4% սահմաններում: Ունենք նաև բուժման մեջ գտնվողների մոտավորապես նույն թիվը, որը տատաննվում է 700-800 սահմաններում: Վերոշարադրյալը նշանակում է, որ մենք բոլորս պետք է հավելյալ ջանքեր գործադրենք աճի տեմպը թուլացնելու ուղղությամբ և «իրավունք չունենք» զգոնությունը կորցնելու և թուլանալու: [Արսեն Թոորսյան]

 

14։06- Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 233 է։ Առողջացել է 89 քաղաքացի, փաստացի բուժվում է 140 հոգի, ընդհանուր առմամբ, գրանցվել է մահվան 4 դեպք։ [Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյան]

 

13։37-  Կոտայքի մարզի Առինջ համայնքում կորոնավիրուսի դեպք է գրանցվել: Դեպքը ապրիլի 16-ին հաստատվածներից մեկն է: Առինջի համայնքապետարանի առաջատար մասնագետ Լուսինե Գալստյանը նշեց, որ վարակվածը 45-ամյա տղամարդ է: Նրա ընտանիքի անդամներին մեկուսացրել են: Վարակակրի գործընկերները կորոնավիրուսի թեստեր են հանձնել, բոլորը բացասական արդյունք են ունեցել: Համայնքում սա կորոնավիրուսի առաջինկ և դեռևս միա դեպքն է: |hetq.am|

 

13։00- ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են ՀՀ-ից ԱՀ մուտք գործած ընդհանուր թվով 767 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար): [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

12:40- ՀՀ  պարետի որոշման համաձայն՝ապրիլի 15-ից փոփոխություններ են կատարվել ԻԻՀ և ՀՀ միջև բոլոր տեսակի ապրանքների փոխադրման գործընթացում (արտահանում, ներմուծում, տարանցում): Փոխաբեռնումները կարող են իրականացվել ոչ միայն Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ» ժամանակավոր պահպանման պահեստում, այլև Իրանի «Նորդուս» անցումային կետի տարածքում, ԻԻՀ «Նորդուս» տերմինալի տարածքում: Պահպանվում է արգելքը նշված  տարածքներից բացի ԻԻՀ այլ տարածքներ ՀՀ քաղաքացիների և Հայաստանում հաշվառված բեռնատարների մուտքը։ [ՊԵԿ]

 

12:17- Երեկ երեկոյան Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից խնդրել են դուրս գալ այնտեղ օրեր շարունակ գիշերած տասնյակ հայերի։ Սրահում գտնվող մոտ 100 հայեր դուրս են եկել, իրենց հետ դուրս հանելով նաև իրերը։ Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը  օդանավակայանում հավաքված հայերին վստահեցրել է, որ ապրիլի 22-ին Մոսկվայից հատուկ չվերթ է լինելու դեպի Հայաստան։ |hetq.am|

 

11:02- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 88 և 65 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

10:57- Թարմացվել է 21.04.2020թ՝․ ժամը 11։00-ին։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1401
Նոր դեպքեր- 62
Առողջացածներ - 609
Նոր առողջացածներ- 29
Փաստացի բուժվողներ - 768
Ընդհանուր թեստեր - 13929
Մահվան ելքեր - 24
Մահվան նոր դեպքեր- 2

 

10:21-  Ինձ էր դիմել մի քաղաքացի և տեղեկացրել, որ իր մորը տեղափոխել են մեկուսացման վայր, և այդ պատճառով ընտանիքում իրենք խնդիրներ ունեն հիվանդ տատիկին խնամելու հարցում: Բողոքը ստանալուց հետո իմ աշխատակազմն արագ կապ է հաստատել Առողջապահության նախարարության հետ, տարվել է անհրաժեշտ աշխատանք, որի արդյունքում էլ կարողացանք կնոջն արագ տուն վերադարձնել մեկուսացումից (ինչպես ընդունված է կոչել՝ ինքնամեկուսացման)։ [ՄԻՊ]

 

09։33- ԱՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով շրջայց են իրականացրել ԱՀ Մարտակերտ և Մարտունի քաղաքներում: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

09։07- «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, համագործակցելով Հայ օգնության ֆոնդի և «Դե ժպտա» հասարակական կազմակերպության հետ, նախաձեռնել էր «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում ներգրավված դպրոցներում խոհանոցների աշխատակիցների համար սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տրամադրման միջոցառում:  Մարզպետարանի կողմից հավաքագրված կամավորները, մի խումբ աշխատակիցներ նախաձեռնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանգստյան օրերին սննդի փաթեթները բաշխել են մարզի դպրոցների խոհանոցների շուրջ 260 աշխատակիցների: [ Լոռու մարզպետարան]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 22․04․2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․04․2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․04․2020


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել