Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․04․2020 (թարմացվող)
22:03 - 20 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․04․2020 (թարմացվող)

20:55- Կառավարությունում ներկայացվել է 3-րդ միջոցառման շրջանակում վարկավորման գործընթացների վերաբերյալ տեղեկատվություն. ստացվել է մոտ 7000 hայտ, որոնց մեծ մասը գալիս է առցանց համակարգով և հիմնականում վերաբերում է գյուղացիական տնտեսությունների միկրովարկերին՝ մինչև 1 մլն դրամ։ 1 շաբաթ է՝ վարկերն ակտիվ տրամադրվում են, հեռավար տարբերակով, սքորինգային համակարգով։ Մշտադիտարկման համաձայն՝ կառավարության աջակցության ծրագրերի շնորհիվ գյուղվարկերի նկատմամբ պահանջարկը, հետաքրքրությունը մեծացել են, և կանխատեսվում է, որ 2019 թ. համեմատ՝ այս տարի վարկավորման ծավալն աճելու է։ 


19:40- Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում նոր կորոնավիրուսի թեստավորման շուրջ 35 նմուշառում է իրականացվել, որոնք հետազոտության նպատակով ուղարկվելու են ՀՀ: 

Թեստավորման արդյունքները պարզ կլինեն վաղը: Հիշեցնենք, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակի 7 դեպք, որից 2-ն արդեն բուժվել են:  [Տեղեկատվական շտաբ]


19:00- Պարետատան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, ըստ որի ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբները կարող են վերսկսել մարզումները ապրիլի 23-ից: 

ՀՖՖ-ին տրամադրվել են կորոնավիրուսի ախտորոշման թեստեր, որոնք մոտակա 3 օրերի ընթացքում կբաժանվեն ՀՀ Բարձրագույն և Առաջին խմբի առաջնության մասնակից ակումբներին: Մինչև մարզումների սկիզբը բոլոր ակումբները պարտավոր են թեստավորել իրենց ֆուտբոլիստներին, ինչպես նաև մարզչական, սպասարկող և բժշկական անձնակազմերի ներկայացուցիչներին։ [ՀՖՖ]


18:55- 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 20.04.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 972,801,769,5դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3819: [ՀՀ ֆինանսների նախարարություն]


18:40-  Այսօր Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության, Սիրիայի Օգնության Խաչի և Հայ Ծերանոցի ղեկավար կազմի հետ համագործակցությամբ և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի օժանդակությամբ Հալեպում ՀՀ Հումանիտար առաքելություն իրականացնող խումբը այցելել է մանկատան սաներին և միայնակ տարեցներին՝ փոխանցելու ստացված սննդային նվիրատվությունները և այլ անհրաժեշտ պարագաններ:


18:37- ԱԻՆ-ի փրկարարների կողմից ամենօրյա վարակազերծումներ են արվում պոլիկլինիկաներում, բժշկական կենտրոններում, ծննդատներում, դեղատներում, բանկերում, խանութներում և այլն։ ԱԻՆ-ն աջակցում է հանրապետության բոլոր այն համայնքներին, որոնք դիմում են ախտահանման հարցով։ Անհրաժեշտության դեպքում նաև բնակելի շենքեր են վարակազերծվում։

Ապրիլի 16-20-ը փրկարարները կատարել են 2654 վարակազերծում, որից 347-ը՝ Երևանում, 2307-ը՝ մարզերում։


18:30- Սիրելի հայրենակիցներ, արտերկրում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացիների վերադարձը կազմակերպելու ուղղությամբ մեր քայլերը կրում են շարունակական բնույթ:

«Азимут» ավիաընկերության իրականացրած Կրասնոդար-Երևան և Դոնի Ռոստով-Երևան չարթերային երկու թռիչքներով ապրիլի 19-ին և 20-ին Հայաստան են ժամանել ՀՀ 200 քաղաքացի: Նրանք 14 օր գտնվելու են պարտադիր կարանտինային ռեժիմում:

Շնորհակալություն ենք հայտնում Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը, տեղի հայ համայնքային կառույցների ղեկավարներին և բարերարներին՝ ներդրած ջանքերի և մեր քաղաքացիների վերադարձն անվճար ապահովելու համար: [Տիգրան Ավինյան]


17։59-  Ոստիկանությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու հատկանիշներով հարուցված քրեական գործեր չկան։   Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։ |armenpress.am|

 

17։56- Այո՛, մեր քաղաքացիների թվաքանակը փողոցներում ավելացել է։ Դա ոստիկանությունը կապում է նրա հետ, որ պարետի որոշմամբ՝ որոշակի տնտեսվարող սուբյեկտների գործունեության ծավալը մեծացավ, բնականաբար մեր քաղաքացիները պետք է հաճախեն աշխատանքի, աշխատանքից տուն։ Բանկերի և սուպերմարկետների մոտ մեր ուժերի հնարավորության սահմաններում ծառայությունը իրականացվում է և համակարգվում, որպեսզի հերթեր չգոյանան։ [Փոխոստիկանապետ Հայկ Մհրյան] |civilnet.am|

 

17։34-  Կանադայի գեներալ-նահանգապետ Ժուլի Պայետը կորոնավիրուսի համավարակի հետ կապված ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Ժուլի Պայետը Կանադայի ողջ ժողովրդի անունից նախագահին խնդրել է իր քաջալերանքի խոսքերը փոխանցել Հայաստանի ժողովրդին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով բազմաթիվ մարտահրավերներին դիմակայելու համար:  Նա նշել է, որ Կանադան նույնպես իր ջանքերն է ներդնում այս գլոբալ համավարակի տարածումը կանխելու և դրա բուժումը գտնելու համար: [ՀՀ նախագահի աշխատակազմ]

 

16։26- Մոտ օրերս Մոսկվայից հատուկ չվերթ կլինի Հայաստան։ Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Թե հստակ որ օրն է լինելու հատուկ չվերթը, դեռևս հայտնի չէ։ Մանե Գևորգյանն ընդգծեց, որ թռիչքի նախապատրաստման աշխատանքներ են ընթանում։ Նշենք, որ մեկ շաբաթից ավելի է` մի քանի տասնյակ հայեր գտնվում են Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում՝ սպասելով դեպի Հայաստան հատուկ չվերթին։ Նրանք հրաժարվում են ՌԴ-ում Հայաստանի դեսպանության հատկացրած հյուրանոցից և սննդից։ |hetq.am|

 

15։56-  ԿԳՄՍՆ-ն «Տաշիր» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, համագործակցելով Հայաստանի կոմպոզիտորների, Հայաստանի նկարիչների, Հայաստանի թատերական գործիչների, Հայաստանի գրողների, Հայաստանի կինոմատոգրաֆիսնտների միությունների հետ, նախաձեռնում է բարեգործական միջոցառում՝ «ԵՂԵՔ ԱՌՈՂՋ, ՄՆԱՑԵՔ ՏԱՆԸ» խորագրով։ Միջոցառման շրջանակում հորդորում ենք ոլորտի ավագ սերնդի վաստակաշատ գործիչներին պահպանել պարետատան ցուցումները: Բարեգործական միջոցառման շրջանակներում նրանց կտրամադրվեն բժշկական և պարենային ապրանքներ: [ԿԳՄՍՆ]

 

15։30- Էջմիածնի քաղաքապետարանը Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ կապահովի Երևանում բնակվող և Էջմիածնի բժշկական հաստատություններում աշխատող բուժանձնակազմի տեղափոխումը աշխատավայր և վերադարձը բնակավայր: Մանրամասների համար դիմել Արմավիրի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Հովհաննես Հարությունյանին` զանգահարելով 093 86 64 64 հեռախոսահամարով: [Էջմիածնի քաղապետարան]

 

15։20-  8-րդ ծրագրով մենք 78 հազար 783 քաղաքացու տրամադրել ենք աջակցություն՝ 5 մլրդ 456 մլն դրամի չափով: Այսօր առավոտվանից ծրագրում ավելացրել ենք նոր տուժած ոլորտների ցանկերը՝ ցամաքային մարդատար տրանսպորտի ծառայությունը, նախադպրոցական կրթությունը, սպորտի բնագավառում կրթությունը, սպորտի բնագավառում գործունեությունը և զվարճությունների ու հանգստի կազմակերպման այլ գործունեությունները: Նշված 4 ոլորտների ևս 8000 տնտեսավարող սուբյեկտների ցանկն ավելացվել է ցուցակում, նրանք ևս կարող են այսօրվանից դիմել և ստանալ աջակցություն։ [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան] |armenpress.am|

 

14։26- Ի պատաասխան մամուլի որոշ կեղծ հրապարակումների՝ նշեմ, որ մինչ օրս Աժ-ում չկա նոր կոնորավիրուսով վարակված անձ: Պատգամավորների սպասվող թեստավորումը կրում է պրոֆիլակտիկ բնույթ: [ԱԺ նախագահի օգնական Վահան Կոստանյան]

 

14։19- Հիմք ընդունելով ԱՀ ողջ տարածքում անձանց ազատ տեղաշարժի իրավունքի նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների մասին որոշումը՝ ԱՀ Ազգային անվտանգության տնօրենի հրամանով Ծառայության համապատասխան ստորաբաժանումները ապրիլի 14-ի ժամը 22:00-ից Մարտակերտի շրջանի վարչական տարածքի հատուկ տեղամասերում տեղակայել են 4 հատուկ անցակետ, որտեղ իրականացվում է պարեկային շուրջօրյա ծառայություն՝ նշված ուղղությամբ և հարակից բնակավայրերում անձանց և տրանսպարտային միջոցների տեղաշարժը վերահսկելու և Պարետի կողմից սահմանված որոշումների պահանջներն ապահովելու համար: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

14։10- Պետությունը դյուրինացնում է աջակցության 9-րդ միջոցառմանը դիմելու ընթացակարգը. ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները, երեխաների տվյալները կլրացվեն ինքնաշխատ եղանակով: Այս մասին ասուլիսում հայտնեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը: Նա հույս հայտնեց, որ մինչև շաբաթվա վերջ կլինի նոր գործիքը, երբ ծնողը կմուտքագրի միայն իր տվյալները։ |armenpress.am|

 

14։08- Գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հաստատվել է կորոնավիրուսի վարակը, ներկայում նա ստանում է համապատասխան բուժում:  Դատախազի  հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզված է, ընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում, իսկ առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ ունեցել է, գտնվում են ինքնամեկուսացման մեջ: |hetq.am|

 

13։33-  Մինչ այժմ ընդունված միջոցառումների արդյունքում ՀՀ կառավարությունը ծախսել է արդեն 12.5 մլրդ դրամ, որը վերաբերում է 460 հազար քաղաքացիների։ Աշխատանքը կորցրած անձանց, ինչպես նաեւ տուժած ոլորտներում վարձու աշխատողներին՝ ավելի քան 90 հազար աշխատակիցների ցուցաբերվել է աջակցություն։ [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան] |armtimes.com|

 

13։32- Առաջատար հյուրանոցները և սննդի ցանցերը ևս միացել են վիրուսի դեմ պայքարին։ Կառավարության ֆինանսավորմամբ նրանք ապահովում են մեկուսացվածներին որակյալ սննդով և լավ պայմաններով։ [ՀՀ կառավարություն]

 

13։26- Պետությունը աջակցություն կտրամադրի բոլոր ուսանողներին, կախված միջին որակավորման գնահատականից (ՄՈԳ)՝ ուսանողները հնարավորություն կստանան ստանալ անտոկոս կամ շատ ցածր տոկոսադրույքով վարկ: Այս մասին ասուլիսում հայտնեց  ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավո՞ր է, որ 14-րդ միջոցառման մեջ ընդգրկվեն նաև հեռակա ուսուցման համակարգում սովորող ուսանողները: |armenpress.am|

 

13։16-  ԱՀ Պարետի 20.04.2020թ. N8 որոշմամբ, Արցախի պետական սահմանի անցակետով ապրիլի 22-ից արգելվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների ելքը՝ որոշ բացառություններով։ [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

12։42-  Վարչապետը կառավարության նիստերի ժամանակ արդեն հայտարարել է, որ մենք աստիճանաբար մեղմելու ենք սահմանափակումները և փորձելու ենք ապրել կորոնավիրուսի հետ զուգընթաց: Բայց, թե կոնկրետ ինչ սահմանափակումներ կվերացվեն, կտեղեկանանք այս շաբաթ պարետատան կողմից պաշտոնական հայտարարության միջոցով: Ես տեղյակ եմ, որ այժմ քննարկվում է որոշակի տնտեսավարող սուբյեկտների որոշակի տնտեսական գործունեությունները թույլատրելու հարցը: [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան] |armenpress.am|

 

11։59-   «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացման երեք փաթեթ է ներկայացրել կառավարություն։ Փաթեթներից առաջինը վերաբերում է օրավարձով աշխատողներին աջակցությանը, երկրորդը` տաքսու վարորդներին, երրորդ փաթեթով առաջարկվում է աջակցություն ցույց տալ այն միայնակ ծերերին, հաշմանդամություն ունեցող անձանց և բազմազավակ ընտանիքներին, որոնք միայն նպաստ կամ թոշակ են ստանում։ |armenpress.am|

 

11։03-  Մահվան դեպքերի հետ կապված հայտնում ենք, որ պացիենտները եղել են 62 և 90 տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: [ԱՆ]

 

10։56- Թարմացվել է 20.04.2020թ․ ժամը 11։00-ին

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 1339
Նոր դեպքեր- 48
Առողջացածներ - 580
Փաստացի բուժվողներ - 737
Ընդհանուր թեստեր - 13373
Մահվան ելքեր - 22 [ԱՆ]

 

10։13- Քաղաքացին դիմել է ՄԻՊ-նի աջակցությանը՝ եղբոր երեք անչափահաս երեխաների (16, 14 և 10 տարեկան) տեղափոխումը Հայաստան կազմակերպելուն աջակցելու հարցով։ ՄԻՊ-ի, ՌԴ-ում ՀՀ դեսպանության և հյուպատոսության աշխատանքի արդյունքում 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան։ [ՄԻՊ]

 

09։29-  Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց, որ գործընկերների խորհրդով կորոնավիրուսի երրորդ թեստն է հանձնել և կրկին՝ բացասական արդյունքով։ |civilnet.am|

 

09։22- COVID19-ի հայտնաբերումը հետևողական, ուշադիր և բարդ գործընթաց է, որը պահանջում է մեծ զգոնություն։ Երկար ժամանակ է, ինչ հիվանդանոցը ինքն է իրականացնում լաբորատոր ախտորոշումը սեփական լաբորատորիայում։ Մինչ օրս իրականացված թեստավորումները օգնել են ախտորոշել և որոշել պացիենտների հետագա վարման կարգը։ [Նորք ԻԿՀ]

 

09։19-  Ամենավտանգված խավը մեր երկրում այն անհատներն են, որոնք մշտական աշխատանք չունեն, ունեն օրվա աշխատանք, այն ընտանիքները, որոնք միշտ էլ ունեցել են շատ փոքր եկամուտ, և այսօր այդ ընտանիքները` փոքր ընտանիքներ, մեծ ընտանիքներ, բազմազավակ ընտանիքներ, պատկերացնում եք` ինչ դժվար օրեր են, ասենք յոթ, ութ, ինը, տասը երեխա ունեցող մայրերի և հայրերի համար, չնայած մենք միշտ նրանց քաջալերել ենք, որ որքան շատ երեխա ունենաք, այնքան լավ, բայց այսօրվա պայմաններում չեմ խոսում նրա մասին, որ այդ նույն երեխաներին տանը, փոքրիկ բնակարանում պահելը, դուրս բաց չթողնելը և այլն: [Նախագահ Արմեն Սարգսյանը՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին] |azatutyun.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․04․2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․04․2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 19․04․2020


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել