Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.04․20 (թարմացվող)
21:58 - 26 ապրիլի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26.04․20 (թարմացվող)

21։21- Շատ կարևոր է մարդկանց շարժունակությունը։ Երբ մենք ունենում ենք ավելի շատ բաց տնտեսվարման ձևեր, ավելի մեծ շարժ փողոցներում՝ և՛ միջմարզային, և՛ ներքաղաքային, դա չի կարող չբերել թվերի մեծացման։ Աճող շարժունակությունը բերում է նոր դեպքերի։ Պատրաստվում ենք հաջորդ սցենարին, հնարավոր է, որ մենք բոլորին չհոսպիտալացնենք կամ հյուրանոցներում չպահենք, այլ գնանք մյուս երկրների օրինակով, երբ թեթև և ասիմպտոմ դեպքերը  ընդհանրապես չեն հոսպիտալացվի, կմնան տանը։ [Արսեն Թորոսյան]

 

20։15- Ապրիլի 28-ի Կիև-Երևան չարտերային չվերթի տեղերն արդեն սպառվել են: Կրկին հորդորում ենք Ուկրաինայում գտնվող ՀՀ քաղաքացիներին հաշվառվել ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում կամ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում: Հետագայում Հայաստան մեկնելու հնարավորություն ստեղծվելու դեպքում կտեղեկացնենք լրացուցիչ: [Ուկրաինայում Հայաստանի դեսպանություն]

 

19։10- Գեղարքունիքի մարզի հանրակրթական դպրոցների տնօրեններին փոխանցվել են ԿԳՄՍՆ-ի կողմից տրամադրված 50 սմարթֆոնները, որոնք նվիրաբերել էր «Վիվա-ՄՏՍ»-ը: Սմարթֆոնները կտրամատրվեն հեռավար ուսուցմանը հնարավորություն չունեցող միայնակ ծնողների, սոցիալապես անապահով, 3 և ավելի դպրոցահասակ երեխաներ ունեցող 50 ընտանիքների։ «Beeline-ի կողմից շուրջ 170 ընտանիքի կտրվի շարժական և ֆիքսված ինտերնետի մատչելի սակագնային վկայականներ: [ԿԳՄՍՆ]

 

18։48- «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի կողմից ուղարկված դիմումը պարետատունն ստացել է երեկ: Հնարավոր վերագործարկման մասին պատասխանը պարետատնից կստանանք առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Պատասխանն ստանալուն պես խոստանում եմ տեղեկացնել բոլորիդ: Հասկանում ենք, որ առկա սոցիալական խնդիրների պայմաններում այդ աշխատանքն այսօր օրախնդիր անհրաժեշտություն է, սակայն մարդկային առողջությունն ու կյանքը այն բացարձակ արժեքներն են, որոնք չենք կարող վտանգել: [Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյան]

 

14:25-  Ապրիլի 23-ին ՉԺՀ-ում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ չինական Hebei Youjie Weishi technology Co., Ltd. ընկերության կողմից կոնորավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Հայաստանին հատկացվելիք օգնության տրամադրման արարողություն։ Ընկերությունը Հայաստանին նվիրաբերեց 200 արկղ (2,5 տոննա քաշով) նորարական ախտահանիչ միջոցներ։ [ՀՀ ԱԳՆ]


12:00- Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի սիրելի բնակիչներ, Պարետի թիվ 56 որոշմամբ` մինչ ապրիլի 30-ը` ժամը 23:59-ը, երկարացվում են այդ բնակավայրերում կիրառվող սահմանափակումները:

ՀՎԿԱԿ-ի մարզային պատասխանատուների կարծիքով` վիրուսային հիվանդության տարածման կանխարգելման առումով սա հնարավորություն կտա առավել վերահսկելի դարձնել իրավիճակն այդ բնակավայրերում: [Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան]


11:10- Մեր կամավոր ընկերների  օգնությամբ, իրականացնում ենք սոցիալական աջակցություն` անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք` ուկրաինաբնակ ( իջևանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ: Իջևանում  մոտ 1100 ընտանիք արդեն իսկ ստացել է աջակցություն:

Մոտ օրերս աջակցություն կտրամադրվի նաև Իջևանի սահմանապահ գյուղերի 1000 ընտանիքների: Մարզի մյուս շրջաններում նույնպես կիրականացվի նման աջակցություն` այլ գործարարների կողմից, որի մասին հավելյալ կտեղեկացնեմ: [Սիփան Փաշինյան]


11:00- Հայաստանում կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի ընդհանուր քանակն այս պահի դրությամբ 1746 է, մեկ օրում այն ավելացել է 69-ով։ Առողջացել է ևս 30 մարդ, բուժվածների թիվը հասցնելով՝ 833-ի։ Երկրում փաստացի բուժվող է համարվում 885 մարդ, մահացել է 28-ը։ Մինչ այս պահը ՀՀ-ում կատարված թեստերի ընդհանուր քանակը 17931 է։ [ՀՀ ԱՆ]


10:50-  Երկար բանակցությունների արդյունքում ուկրաինական #SkyUp ընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրիլի 28-ին ժամը 15։00-ին կազմակերպել Կիև-Երևան չարտերային թռիչք, որի իրականացման ֆինանսական կողմն ամբողջությամբ հոգում է Ուկրաինայի_Հայերի_միության նախագահ Վիլեն Շատվորյանը։ 

Նշյալ թռիչքով Հայաստան կարող են վերադառնալ ՀՀ քաղաքացիները, ինչպես նաև ՀՀ քաղաքացիների ընտանիքների անդամներ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները։ Ինքնաթիռում առկա է միայն 150 նստատեղ և տոմսերը տրամադրվելու են ըստ դեսպանությունում հաշվառման ժամանակագրության։ [Ուկրաինայում ՀՀ դեսպանություն]


10:45- 9-րդ միջոցառման դիմումի ձևը պարզեցվել է։ Այլևս կարիք չկա մուտքագրել դիմողի ամուսնու և երեխաների տվյալները (ՀԾՀ, ծննդյան վկայականի համար․․․), դրանք կմուտքագրվեն ինքնաշխատ եղանակով։ Եթե նախկինում մուտքագրման խնդիր եք ունեցել, կարող այժմ նորից փորձել։
Արդեն վճարվել է 72.000 երեխայի աջակցության գումար, դեռևս մշակման փուլում է ավելի քանի 100.000 դիմում, որոնց գումարները կփոխանցվեն շաբաթվա ընթացքում: Դիմումի ձևը՝ այստեղ: [ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյան]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել