Մայիսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսազանգ է ունեցել ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Տեսազանգին մասնակցել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Շնորհավորելով Օլիվեր Վարհեիին հանձնակատար նշանակվելու կապակցությամբ՝ փոխվարչապետը նրան մաղթել է արդյունավետ աշխատանք իր պատասխանատու պաշտոնում՝ վստահություն հայտնելով, որ հանձնակատարի գործունեության տարիներին ՀՀ-ԵՄ սերտ գործընկերությունը էլ ավելի կխորանա։

Փոխվարչապետը Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին Հայաստանի համար այս բարդ ժամանակաշրջանում աջակցություն ցուցաբերելու համար: Նա անդրադարձել է Հայաստանում համաճարակաբանական իրավիճակին և տեղաշարժի և տնտեսական գործունեության նկատմամբ գործող սահմանափակումների աստիճանական վերացմանը: Մհեր Գրիգորյանը ԵՄ հանձնակատարին ներկայացրել է նաև նոր տիպի կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացման նպատակով Կառավարության կողմից մշակված աջակցության 16 ծրագրերի բովանդակությունը: Փոխվարչապետը նշել է, որ Կառավարության և Հայաստանում ԵՄ պատվիրակության միջև շարունակվում է ամենօրյա աշխատանքը՝ հստակեցնելու համատեղ գործողությունները ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքելու նպատակով:

Մհեր Գրիգորյանը գոհունակությամբ ընդգծել է, որ այս բարդ իրավիճակում հնարավոր եղավ ապահովել ՀՀ-ԵՄ համատեղ օրակարգի առանցքային ուղղություններում իրականացվող ծրագրերի շարունակականությունը, այդ թվում՝ դատաիրավական և ոստիկանության բարեփոխումների, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով:

ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին իր հերթին բարձր է գնահատել Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային գործողությունները և վստահեցրել, որ ՀՀ փոխվարչապետի կողմից բարձրաձայնված համագործակցության ուղղությունները ՀՀ-ԵՄ օրակարգում կպահպանվեն որպես առաջնահերթություն: ԵՄ հանձնակատարը նշել է, որ Եվրոպական Միությունը կանգնած է իր գործընկերների կողքին նաև ճգնաժամային ժամանակներում, ինչպիսին է կորոնավիրուսային համավարակը, և ԵՄ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանին տնտեսության վերականգնման և զարգացման գործում, այդ թվում՝ ենթակառուցվածքային ծրագրերի միջոցով:

Զրուցակիցներն ընդգծել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ որպես բարեփոխումների հենասյուներից մեկի ամբողջական կիրարկման կարևորությունը:

Իր հերթին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ՀՀ-ԵՄ գործընկերության համատեքստում ընդգծել է Արևելյան գործընկերության՝ որպես արժեքահեն և ներառական համագործակցության հարթակի պահպանման, ինչպես նաև ԱլԳ երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը խրախուսելու և խթանելու առանցքային նշանակությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի կարևորությանը։