news.am: Հայաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները պատշաճ հիմնավորում ներկայացնելու դեպքում կկարողանան իրենց տոների համար չվարձատրվող արձակուրդ վերցնել 4 օրով: Այս մասին ապրիլի 6-ին Աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտարարեց օրինագծի հեղինակ, «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Նրա խոսքով՝ մարդիկ, որոնք պատկանում են այս կամ այն ազգային փոքրամասնություններին, իրավունք ունեն զարգացնել ներքին միջանձնային եւ միջխմբային հարաբերությունները, որոնք բնորոշ են իրենց մշակույթին եւ ավանդույթներին:

«Աշխատակիցը պետք է գրավոր հայտարարություն ներկայացնի գործատուին, որում հիմնավոր պատճառ կնշի չվարձատրվող արձակուրդի գնալու համար»,- պարզաբանեց Բաքոյանը:

Քննարկումից հետո պատգամավորները դրական եզրակացություն տվեցին օրինագծին: