«Հին Երևան»-ի կառուցապատման ընթացքում խախտումները շարունակվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել |armenpress.am|
16:50 - 27 ապրիլի, 2020

«Հին Երևան»-ի կառուցապատման ընթացքում խախտումները շարունակվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել «hraparak.am» կայքում հրապարակված «Մարությանին կալանավորելու հիմքե՞ր կան» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ։ ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը․

«2020թ. մարտի 6-ին «hraparak.am» կայքում հրապարակվել էր «Մարությանին կալանավորելու հիմքե՞ր կան» վերտառությամբ հոդված, համաձայն որի քաղաքային իշխանությունների թողտվությամբ 1 տարի շարունակ «Հին Երևան»-ի կառուցապատումն իրականացվում է առանց համապատասխան թույլտվության: Հոդվածում ՀՀ մեկ այլ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքի, մեղսագրվող արարքի հետ համեմատությամբ դատողություններ են արվել քրեական հետապնդման գործառույթի ընտրանքային իրականացման վերաբերյալ:

ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ-ների մշտադիտարկման արդյունքում հրապարակումն առանձնացվելուց հետո Երևան քաղաքի  դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթի համատեքստում սկսվել է ուսումնասիրություն: Այդ շրջանակում Երևանի քաղաքապետարանից պահանջվել և ստացվել են «Հին Երևան»-ի կառուցապատմանն առնչվող փաստաթղթերը՝ Երևանի քաղաքապետի որոշումները, քաղաքապետի որոշման հիման վրա թողարկված գլխավոր հատակագծերը, շինարարական աշխատանքների հաստատված նախագծերի և շինթույլտվությունների  վերաբերյալ փաստաթղթերը:

Ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 29.08.2013թ. որոշմամբ Երևան քաղաքի գլխավոր պողոտայի` Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածքների նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ՝ «Հին Երևան» համալիրի նախագծի իրականացման նպատակով: Ըստ ստացված փաստաթղթերի՝ սկսած 2015թ. սեպտեմբերից մինչև 2019թ. դեկտեմբեր Երևան համայնքի կողմից 4 ընկերությունների տրվել են համապատասխան ճարտարապետահատակագծային առաջադրանքներ, որոնք համաձայնեցվել են իրավասու մարմնի և օրենքով սահմանված այլ շահագրգիռ մարմինների հետ: Իսկ 2016-ից 2019թթ. այդ ընկերություններից 3-ին տրվել են շինթույլտվություներ, որոնց նախագծերը համաձայնեցված են ՀՀ մշակույթի նախարարության, օրենքով սահմանված այլ շահագրգիռ մարմինների հետ:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ շինթույլտվություն ստացած ընկերություններից մեկը համաձայնեցված նախագծի պահանջներից դուրս վերգետնյա հարկի շինարարական աշխատանքներ է իրականացրել, ինչի համար Երևանի քաղաքապետարանի կողմից ենթարկվել է կրկնակի վարչական տույժի: Նկատի ունենալով, որ ընկերությունը կրկնակի վարչական տույժի ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում շարունակել է նախագծի խախտումներով իրականացվող շինարարությունը, դեռևս նշված հոդվածի հրապարակումից առաջ Երևանի քաղաքապետը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին: Այդ հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանություն՝ դրանց հիման վրա նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ, ինչի արդյոնքում ՀՀ քրեական օրենսգրքի 315.1-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:

 

Այսինքն դատախազության ուսումնասիրությամբ «Հին Երևան» նախագծի կառուցապատումը քաղաքային իշխանությունների դրսևորած անգործության կամ թողտվության պատճառով խախտումներով իրականացվելու հանգամանքը չի հիմնավորվել»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել