armenpress.am: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում մանրամասներ ներկայացրեց կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ՀՀ բուհերի ընդունելության քննությունների նոր կարգի մասին։ Նախարարը հիշեցրեց, որ 2020 թ-ին քննությունները կանցկացվեն այլ ձևաչափով՝ դիմորդները կհանձնեն 1-ական քննություն։

«Այս քայլը կապված է երկրում հայտարարված արտակարգ դրության հետ և արվում է հակահամաճարակային միջոցառումների շրջանակում, որպեսզի թույլ չտանք ավելորդ կուտակումներ։ Այս տարի բուհ ընդունվելու համար դիմորդները հանձնելու են 1-ական քննություն՝ ըստ իրենց ընտրած մասնագիտության։ Մենք կարծում ենք, որ միայն դպրոցական գնահատականներով պատկերն ամբողջական չէր լինի»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ այն դիմորդները, ովքեր նախապես հայտագրվել էին քննությունների համար և յուրաքանչյուրի համար վճարել էին 1500 դրամ, նրանց գումարները կվերադարձվեն։ Նրա խոսքով՝ կմնա միայն մեկ քննության համար կատարված վճարումը։

«Դիմորդներն ընդունելության դիմում-հայտում իրենց ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ հայտագրում են մասնագիտություններն ըստ ուսուցման անվճար և վճարովի համակարգերի։ Համաձայն ընդունելությա դիմում-հայտի՝ դիմորդը կարող է մասնակցել 1 կամ մի քանի բուհերի մինչև 2 անվճար և մինչև 8 վճարովի մասնագիտությունների մրցույթին, եթե հանձնում է ընտրված բոլոր մասնագիտությունների համար սահմանված մրցութային միևնույն առարկայի քննություն»,- նշեց Հարությունյանը և հավելեց, որ այս քննություններով կարևորվում է մասնագիտության ընտրությունը։

Միասնական և ներբուհական քննություններն անց են կացվելու 1 փուլով հուլիս ամսվա առաջին տասնօրյակում։ Բուհերում՝ մասնագիտությունների թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննությունից դրական միավոր ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին։

«ԵՊՀ-ում Արվեստի տեսություն և պատմություն մասնագիտությունն ընտրելու դեպքում դիմորդները պետք է հանձնեն գրավոր հայոց լեզու և գրականություն առարկան, Կրոնագիտության մասնագիտության համար նույնպես հայոց լեզու և գրականություն։ Արևելագիտության, Իրավագիտության և Կովկասագիտության ֆակուլտետներում ընդունելության մրցութային քննության առարկան Հայոց պատմությունն է։ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա մասնագիտության համար քննությունը կլինի մաթեմատիկա առարկայից, Դիզային և համակարգչային գրաֆիկա մասնագիտության դեպքում՝ գծանկար, կոմպոզիցիա կամ գծագրություն»,- հայտնեց Հարությունյանը և հավելեց, որ մնացած բոլոր բուհերի և առարկաների քննությունների մասին տեղեկությունները կլինեն նախարարության կայքում։

ԿԳՄՍ նախարարն, անդրադառնալով այն անձանց, ովքեր դիմել էին միջազգային բուհերում սովորելու համար, սակայն ստեղծված իրավիճակից ելնելով չեն կարող և ցանկանում են հայաստանյան բուհ դիմել, նշեց, որ կանցկացվի նոր հայտագրում։ Միասնական քնննության համար հայտագրումը կիրականացվի մայիսի 25-հունիսի 15-ը ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում ստեղծված համապատասխան էջում։