lragir.am: Աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 19-ին Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ 10 մարզպետները Կապանում այցելել են «Լամաքս» գրուպ ՍՊԸ-ին պատկանող «Վամաքս», «Մարիլա», «Պորկպրոդ» ընկերությունների արտադրամասեր, ծանոթացել կաթի և մսի արտադրության ու վերամշակման պայմաններին։
Շրջայցի ընթացքում նախարար Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է արտադրամասերի աշխատանքներով, մսամթերքի և կաթնամթերքի արտադրության որակի և իրացման խնդիրներով, զարգացման հետագա ծրագրերով։
Նախարարին և մարզպետներին ներկայացվել է, որ «Լամաքս» ընկերությունը գործում է 2010թ․-ից։ Արտադրում են 8 տեսակի կաթնամթերք, 15-ից ավելի տեսակի մսամթերք և իրացնում Սյունիքի մարզում ու մայրաքաղաք Երևանում:
Շրջայցի առաջին կանգառը եղել է «Պորկպրոդ» ՍՊԸ-ին պատկանող խոզաբուծական ֆերման, որտեղ նախարարին ներկայացվել է, որ ֆերման գործում է արդեն 4․5 տարի և ապահովում տոհմական խոզի մսի արտադրություն՝ առանց գենետիկական խախտումների: Վերջերս կրկնակի մեծացրել են արտադրության ծավալները:
Այնուհետև նախարարն ու մարզպետները այցելել են «Մարիլա» և «Վամաքս» ՍՊԸ-երի արտադրամասեր։
«Մարիլա» կաթնամթերքի գործարանում նախարարը ծանոթացել է կաթի վերամշակման գործընթացին, եղել կաթի փորձաքննությունների համար նախատեսված լաբորատորիայում։ Նախարարին տեղեկացվել է, որ կաթնամթերքի շուկայում բարձր պահանջարկով պայմանավորված «Մարիլա» ընկերությունն այժմ փորձում է ավելացնել արտադրական ծավալները՝ կաթնատվության բարձրացման և այլ միջոցառումների հաշվին ։
Շրջայցի ավարտին նախարարը իր գոհունակությունն է հայտնել ընկերության հաջողված արտադրական գործունեության և գյուղատնտեսության զարգացմանը խթանող օրինակելի փորձ փոխանցելու կապակցությամբ։
«Հայաստանում գործունեություն ծավալող յուրաքանչյուր տնտեսվարողի հաջողությունը մեր բոլորի հաջողությունն է»,-նշել է նախարար Սուրեն Պապիկյանը՝ հույս հայտնելով, որ ընկերության արտադրանքը առաջիկայում կկրկնապատակվի և կկարողանա իրացվել ինչպես ներքին, այնպես էլ արտասահմանյան նոր շուկաներում։
comment.count (0)