Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Կառավարության գործունեության 2019-ի կատարողականը |hetq.am|
11:29 - 06 մայիսի, 2020

Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է Կառավարության գործունեության 2019-ի կատարողականը |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում ընթանում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի տարեկան զեկույցի քննարկումը: Այն ներկայացնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքով` հասկանալի պատճառներով միայն 2019-ի արդյունքների քննարկում չի լինի, ուստի զեկույցը բաղկացած կլինի մի քանի մասից:

«2019-ը հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին տարին էր, և այդ ամբողջական տարին է, որ մեզ պետք է լիարժեք պատկերացում տար հետհեղափոխական կառավարության և քաղաքական մեծամասնության պոտենցիալի մասին: Եվ շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ 2019 թվականին հաջողվել է գրանցել 2008-ից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարադկը` 7,6 տոկոս, որը ամենաբարձրն է ԵԱՏՄ երկրների, հարևան բոլոր երկրների և եվրոպական տարածաշրջանի բոլոր երկրների համեմատ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` 2019-ի տնտեսական աճն ուղեկցվել է տնտեսության ճյուղային կառուցվածքի բարելավմամբ, ցածր գնաճով, ֆինանսական կայուն ցուցանիշներով:

«Ամենակարևոր արդյունքներից մեկը այն է, որ մշակող արդյունաբերությունում աճը կազմել է 12 տոկոս, 2008-ից հետո առաջին անգամ մշակող արդյոնաբերությունը դարձել է մեր տնտեսության առաջատար ճյուղը»,-ասաց նա:

Կառավարության ղեկավարի խոսքով` ամենաբարձր տնտեսական աճը արձանագրվել է կացության և հանրային սննդի ծառայության ոլորտներում` նախորդ տարվա համեմատ աճելով 27,2 տոկոսով, իսկ 2019-ին զբոսաշրջիկների թիվը աճել է  14,7 տոկոսով:

«2018-2019 թվականների ընթացքում կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի եկամուտների հայտարարագրման ցուցանիշն ավելացնել 505 միլիարդ դրամով, և այս առումով բյուջեի ցուցանիշներն աճել են 43,6 տոկոսով: 199,1 միլիարդ դրամ նվազեցվել է հարկ վճարողների հանդեպ նախկինում ունեցած պարտավորություները, ինչը տասնյակ տարիներ քննարկման առարկա է դարձել երկրում, այսինքն գերավճարների հարցը լուծել ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով` մյուս 306  միլիարդ դրամը ավելացել բյուջեի հարկային եկամուտներում, ինչը օգտագորվել է կոնկրետ նպատակների համար:

«2019-ին հարկեր- ՀՆԱ (համախառն ներքին արդյունք հեղ.) հարաբերակցությունը կազմել է 22,3 տոկոս` նախորդ տարվա 20,95 տոկոսի համեմատ, 2019-ի ընթացքում 1,38 տոկոսով հարկեր-ՀՆԱ հարաբերակցության ցուցանիշը ավելացրել ենք, սա չափազանց շոշափելի ցուցանիշ է»,-ասաց նա:

Առաջին խոշոր հազար հարկ վճարողների վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ 13 տոկոսով ավելացել է, իսկ 2017-ի համեմատ` 31 տոկոսով:

«2018-ի մայիսից  մինչև 2019-ի վերջ ստվերից  դուրս է եկել կամ ստեծվել ավելի քան 87 հազար աշխատատեղ, 2019-ի երրորդ եռամսյակի դրությամբ` գործազրկության մակարդակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2,1 տոկոսային կետով, իսկ զբաղվածության մակարդակը` 2,5 տոկոսային կետով: 2018-ի մայիսից մինև այսօր ավելի քան 1 միլիոն 100 հազար մարդու աշխատավարձը բարձրացրել ենք, աշխատավարձը կամ նպաստը կամ թոշակը, ու պարտադիր չի, որ դա լինի բյուջեի ուղղակի ֆինանսավորմամբ: Ուզում եմ հիշեցնել, որ համարթ եկամտահարկի շնորհիվ հունվարի մեկիս հարյուր հազարավոր մարդկանց աշխատավարձը  բարձրացել է»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել