Նիկոլ Փաշինյանն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին
06:16 - 18 հունվարի, 2020

Նիկոլ Փաշինյանն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանին:

Ողջունելով անվանի աստղաֆիզիկոսին՝ վարչապետը տպավորիչ է որակել նրա գիտական գործունեությունը և հույս հայտնել, որ նա իր հարուստ փորձով և կառավարության հետ համատեղ նախագծերի կյանքի կոչմամբ կնպաստի Հայաստանում գիտության զարգացմանը:

Գարիկ Իսրայելյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին բարձր գնահատականի համար և պատրաստակամություն հայտնել՝ ակտիվ ներգրավվել մեր երկրում գիտության մասսայականացմանը միտված համատեղ նախաձեռնություններում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում այս տարի նախատեսվող STARMUS 6-րդ փառատոնի շուրջ, որի նպատակը երաժշտության, արվեստի միջոցով երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը գրավիչ դարձնելն է: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել փառատոնի հավուր պատշաճի և բարձր մակարդակով անցկացմանը:


STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների: Գարիկ Իսրայելյանը Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել