Չեմ բացառում, որ նոր, առավել ծանր հանցագործությունների դրվագներ կունենանք. Գլխավոր դատախազը՝ Միհրան Պողոսյանի գործի մասին |aysor.am|
08:40 - 29 նոյեմբերի, 2019

Չեմ բացառում, որ նոր, առավել ծանր հանցագործությունների դրվագներ կունենանք. Գլխավոր դատախազը՝ Միհրան Պողոսյանի գործի մասին |aysor.am|

aysor.am: ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի խափանման միջոցը նոր չի վերացվել, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Միհրան Պողոսյանի խափանման միջոցը դեռևս մի քանի ամիս առաջ մենք հրապարակեցինք, երբ ստացանք մերժումը հանձնելու», - ասաց նա։

Դատախազը մանրամասնեց,որ երբ երկիրը մերժում է հանձնումը, այլևս մի վայրկյան իրավունք չունի որևէ մեկին պահել։

«Դա նոր բան չէ, բայց այդ առումով մենք դեռևս շարունակում ենք քննարկումները մեր գործընկերների հետ և, նկատի ունենալով, որ քրեական գործն էլ բավականին ակտիվ փուլում է գտնվում, չեմ բացառում, որ նոր, առավել ծանր հանցագործությունների դրվագներ մենք կունենանք այդ առումով», - ասաց ՀՀ գլխավոր դատախազը։

Արթուր Դավթյանը նշեց՝ բնականաբար, հանցանքի ծանրությունով պայմանավորված՝ հույս ունեն, որ ՌԴ գործընկերներն, ըստ էության, իրավական ու արդարացի մոտեցում կցուցաբերեն։

Դատախազն ասաց, որ Միհրան Պողոսյանի արտահանձնման խիստ անհրաժեշտությունը ամեն կոնկրետ իրավիճակով շարունակելու են հիմնավորել։

Հարցին՝ այսինքն անընդունելի՞ են համարում ՌԴ-ի բացատրությունները, Արթուր Դավթյանն արձագանքեց. «Եթե ընդունելի լինեին, չէինք շարունակի մեր շփումները»։

ՀՀ գլխավոր դատախազությունում առկա տեղեկատվության համաձայն՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի նկատմամբ Ռուսաստանում ընտրված խափանման միջոցը վերացվել է։

Միհրան Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել