Պայքար` Իրանի Մեջլիսի նախագահի պաշտոնի համար |armenpress.am|
18:04 - 05 մարտի, 2020

Պայքար` Իրանի Մեջլիսի նախագահի պաշտոնի համար |armenpress.am|

armenpress.am: Իրանում փետրվարի 21-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում  ինչպես կանխատեսվում էր՝ պահպանողականներին հաջողվեց բացարձակ մեծամասնություն կազմել: Մինչև ընտրությունները ձևավորված իրադրությունը մրցակցային ընտրություններ չէր նախատեսվում, դրա պատճառով էլ գրանցվեց ընտրություններին մասնակցության ամենացածր ցուցանիշը՝ 42.5 տոկոս:

Իրանում հետհեղափոխական շրջանում խորհրդարանական ընտրություններին քաղաքացիների ամենաշատ մասնակցությունն արձանագրվել է 1996 թ. Իրանի 5-րդ գումարման խորհրդարանական ընտրությունների ժամանակ (71 %), երբ Մեջլիսի նախագահ վերընտրվեց Նաթեղ Նուրին: Ամենաքիչ մասնակցությունը (51 %) արձանագրվել է 2004 թ. կայացած 7-րդ գումարման Մեջլիսի ընտրություններին, այդ ժամանակ խորհրդարանի նախագահ ընտրվեց Հադդադ Ադելը:

Իրանի 11-րդ գումարման խորհրդարանն իր աշխատանքները կսկսի մայիսին: Մինչ այդ խորհրդարան անցած պահպանողական խմբավորումները կպայքարեն Մեջլիսի նախագահի պաշտոնի համար: ԻԻՀ Մեջլիսի ներքին կանոնակարգի համաձայն՝ Մեջլիսի նախագահն ու նախագահության անդամները սկզբում ընտրվում են ժամանակավոր: Երդմնակալության արարողությունից, ինչպես նաև պատգամավորների երկու երրորդի վստահությունը ստանալուց հետո, նոր անցկացվում են Մեջլիսի մշտական նախագահության ընտրություններ:

Մինչև ընտրությունները և առավել ևս դրանից հետո, երբ Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ստացավ ամենաշատ ձայնը (1 մլն. 260 հազար), այն համոզմունքն է ձևավորվել, որ Մեջլիսի նախագահ հենց նա է ընտրվելու: Սակայն ընտրություններից հետո պահպանողականների ճամբարում տեղի ունեցող զարգացումները վկայում են, որ առնվազն երեք խմբավորման՝ Ղալիբաֆի թիմի, Ահմադինեժադի թիմի և «Հեղափոխության կայուն ճակատի» միջև Մեջլիսի նախագահի տեղի համար լուրջ պայքար է ծավալվում:

Թեև Ղալիբաֆը, իր ստացած ամենաբարձր քվեով, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ ունեցած իր կապերով լուրջ շանսեր ունի դառնալու Մեջլիսի նախագահ, այդուհանդերձ նա որոշակի աշխատանք պետք է տանի՝ ձևավորելու իր թիմը: Եթե մինչև ընտրությունները պահպանողական մյուս խմբերը, մի կողմ դնելով իրենց տարաձայնությունները, դժվարությամբ էին համաձայնել ցուցակի առաջին համարի կամ մարտավարական այլ հարցերի շուրջ, ապա ընտրություններից հետո այլ իրողություն է արձանագրվել:

«Հեղափոխության կայուն ճակատի» գլխավոր քարտուղար Մորթազա Աղաթեհրանին (858 հազար ձայն է ստացել), որը գործող Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի մրցակիցներից էր, դժվարությամբ կարող է դիրքերը զիջել՝ հօգուտ Ղալիբաֆի: Վերջինս, անշուշտ կփորձի պայմանավորվել խորհրդարան անցած անկախ պատգամավորների և Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թիմակիցների հետ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ընտրություններից առաջ Ղալիբաֆը հանդիպել է Ահմադինեժադին և հետագա համագործակցությանն առնչվող հարցեր քննարկել:

Թեհրանի նախկին քաղաքապետին Մեջլիսի նախագահի պաշտոնին հասնելու գործում կարող է խանգարել նաև պահպանողական մյուս գործիչ Մոսթաֆա Միրսալիմը (892 հազար ձայն է ստացել), որը դեռ մինչև ընտրությունները Ղալիբաֆի՝ որպես միասնական թեկնածու ընտրելու հարցում լուրջ վերապահումներ և անհամաձայնություններ ուներ:

Ինչ վերաբերում է Ղալիբաֆի թիմի ներկայացրած այն փաստարկին, որ նա երկրի մասշտաբով ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն է և առաջինն է Թեհրանում, հետևաբար Մեջլիսի նախագահի միակ արժանի թեկնածուն հենց նա է, դրան պետք է վերապահումով մոտենալ, քանի որ Թեհրանում ընտրություններին մասնակցությունն աննախադեպ ցածր է եղել` 26 տոկոս, այն դեպքում, որ նախորդ ընտրություններին Թեհրանում մասնակցությունը կազմել է 50 տոկոս: Այդ առումով Թեհրանում ամենաշատ ձայնը հավաքած լինելու փաստը չի կարող Մեջլիսի նախագահ դառնալու գործում հաղթաթուղթ համարվել:

Ինչևէ, այժմ այդ երեք թեկնածուներից (Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ, Մորթազա Աղաթեհրանի, Մոսթաֆա Միրսալիմ) յուրաքանչյուրը պետք է փորձի Մեջլիսի (առաջիկայում մի քանի ընտրատեղամասում ընտրությունների երկրորդ փուլ տեղի կունենա) խմբակցությունների և առանձին պատգամավորների հետ պայմանավորվելով հասնել ցանկալի արդյունքի: Բացի նշված թեկնածուներից՝ որպես Մեջլիսի նախագահի հավանական թեկնածու իրանական մամուլում նշվում է նաև Ղոմից ընտրված պատգամավոր Ալիռեզա Զաքանիի և Քերմանից ընտրված պատգամավոր Մոհամմադ Մեհդի Զահեդիի անունները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել