«Սասստեքսի» աշխատակիցներին պարտադրում են նոր պայմանագիր կնքել, որ տույժերը օրինականացնեն․ փոխմարզպետ |news.am|
17:50 - 03 հունիսի, 2019

«Սասստեքսի» աշխատակիցներին պարտադրում են նոր պայմանագիր կնքել, որ տույժերը օրինականացնեն․ փոխմարզպետ |news.am|

news.am: Տեւական ժամանակ է՝ Գյումրու «Սասստեքս» կարի գործարանի աշխատակիցները բողոքում են աշխատանքային պայմաններից եւ պնդում՝ աշխատում են շաբաթական 40 ժամ, սակայն ստանում են նվազագույն 55 հազար դրամից մի քանի անգամ պակաս աշխատավարձ։ Այս խնդրով զրուցեցինք Շիրակի փոխմարզպետ Վարդան Գրիգորյանի հետ։

Նա նշեց, որ այսօր աշխատողներին թույլ չեն տվել ներս մտնել գործարան, ավելին՝ «Սասստեքս» ընկերությունը ցանկանում է պարտադրել աշխատակիցներին նոր աշխատանքային պայմանագիր կնքել. «Շաբաթ օրը թեթեւ արդյունաբերության աշխատողների արհմիությունների նախագահ Սրապիոն Առաքելյանի հետ պայմանավորվել են, որ երկուշաբթի օրվանից աշխատելու են, որը, սակայն, տեղի չի ունեցել, քանի որ աշխատողներին չեն թողել աշխատանքի մտնել՝ պատճառաբանելով, որ պետք է նրանց հետ նոր պայմանագրեր կնքվեն, որը հնարավորություն կտա տուգանել աշխատողներին վատ աշխատանքի համար, իսկ մինչեւ չկնքեն նոր պայմանագրերը, աշխատողներին աշխատանքի չեն թողնելու։ Այսօր 08.30–ին գնացել են գործի, սակայն նրանց ներս չեն թողել»։

Փոխմարզպետը նշեց նաեւ՝ նոր պայմանագրերը, որ առաջարկում է «Սասստեքս» ընկերությունը, աշխատավարձի մասով որեւէ փոփոխություն չեն նախատեսում, դրանով ընկերությունը ցանկանում է տույժերը օրինականության դաշտ բերել. «Նոր պայմանագրերում փոփոխություններ նախատեսվում են միայն տույժերի մասով, որպեսզի գործատուն կարողանա տույժեր կիրառել աշխատակիցների նկատմամբ։ Հաշվարկման բանաձեւեր են ներդրել, որ աշխատողները, 40 ժամ աշխատելով, կարող են նվազագույն աշխատավարձից էլ քիչ ստանալ, սակայն հաշվի չեն առել, որ դա անօրինական է։ Ինչ մեխանիզմ էլ ներդնեն, 40-ժամյա աշխատանքի դեպքում նվազագույն աշխատավարձը 55 հազարից պակաս չի կարող լինել։ Նոր պայմանագրերում նախատեսվում է հաշվարկային մեծությունը թողնել 55 հազար դրամը, սակայն աշխատավարձից հանել տույժերը, այսինքն՝ վճարեն, ապա հետ գանձեն։ Մեծ հաշվով նույնն է ստացվում, բայց հարցը ուզում են բերել օրենքի դաշտ»։

Վարդան Գրիգորյանի խոսքով՝ «Սասստեքսի» ներկայացուցիչներին հրավիրել են մարզպետարան բանակցությունների, սակայն ընկերության տնօրենը՝ Քրիստիան Գելեջին, երկրում չէ, այլ ներկայացուցիչներ էլ չեն եկել. «Մարզպետի հետ քննարկեցինք, ամենաճիշտ տարբերակն այն է, որ կառավարության տրամադրած փաթեթը, որով ներդրումային գործունեություն են իրականացնում եւ փոխարենը ստացել են այս պատմամշակութային շենքը, պետք է նայել, թե ինչ պարտավորություններ ունի «Սասստեքսը», եւ եթե կան պարտավորություններ, որոնք չեն կատարվել, պատասխանատվության ենթարկել»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել