Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի և Լիլիա Շուշանյանի ուղեկցությամբ ապրիլի 19-ին այցելել է Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության (Մ6) ճանապարհ՝ ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին։

Այս շրջանում հիմնանորոգման գործընթացը առանձին լոտերով ընթանում է Մ6-ի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում։

Թումանյան-«Սանահին» կայարան (9․69 կմ) հատվածում նախարարը հետևել է Սանահին կամրջի վերակառուցման մեծածավալ աշխատանքներին։ Տեխհսկողություն իրականացնող կազմակերպության ներկայուցիցչները նախարարին են ներկայացրել Սանահինի կամրջի նախագծային լուծումները:

Նախարարը Սուրեն Պապիկյանը շեշտել է հնարավորինս սեղմ ժամկետներում նախագծային աշխատանքները մանրամասն մշակելու և դետալային ուսումնասիրություն անցկացնելու անհրաժեշտությունը` հաշվի առնելով կամրջի հիմանարար նշանակությունը և երկար տարիներ ծառայելու հեռանկարը։

Ներկաներն անդրադարձել են նաև Օձունի խաչմերուկում երթևեկության պայմանների բարելավման անհրաժեշտությանը։ Փոխնախարար Ղալեչյանի խոսքով՝ հարցի կարգավորման հայեցակարգային տարբերակն ընտրված է, որին հետևելու են նախագծային աշխատանքներ։

Լոտ-2-ում («Սանահին» կայարան-Հաղպատ, 14․16 կմ), որտեղ շինարարություն է կատարում «ԱԱԲ պրոեկտ» ընկերությունը, նախարարը ծանոթացել է այս պահին ընթացող ենթակառուցվածքների բարեկարգման ընթացքին` մասնավորապես, կոյուղագծերի և ջրագծերի տեղադրմանը, մայթերի և ջրահեռացման վաքերի կառուցմանը:

Նախարար Պապիկյանը կարևորել է ասֆալտի տեղադրմանն ընդառաջ նշյալ աշխատանքների հավուր պատշաճի իրականացումը։ Նշվել է, որ Ալավերդի քաղաքի մի շարք հատվածներում կապալառու կազմակերպությունն արդեն իսկ սկսել է ասֆալտապատումը։

Սուրեն Պապիկյանն այցելել է նաև «ԱԱԲ պրոեկտ» ընկերության քարաղացի և ասֆալտ արտադրող շարժական գործարան, ուր վերամշակվում է ճանապարհից կատարված հանույթը և դարձյալ օգտագործվում ճանապարհի հիմնանորոգումը իրականացնելու համար։

Շրջայցը եզրափակվել է Լոտ-3-ում՝ Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ ճանապարհահատվածում (մոտ 27․9 կմ), ուր շինարարները կատարում են մերձճանապարհային հանույթ։ Կապալառուի՝ իտալական «Սուարդի» ընկերության ներկայացուցիչները նշել են, որ շինարարության տեխհսկողությունն իրականացնող ընկերության կողմից ասֆալտբետոնի խառնուրդի բաղադրության հաստատումը ստանալուց հետո որոշ հատվածներում կսկսեն ասֆալտապատումը։