Վստահ եմ՝ ՀՀ քաղաքացին որևէ մեկին թույլ չի տա որևէ կեղծիք անել. Սուրեն Պապիկյանը՝ հանրաքվեի մասին |factor.am|
20:23 - 09 մարտի, 2020

Վստահ եմ՝ ՀՀ քաղաքացին որևէ մեկին թույլ չի տա որևէ կեղծիք անել. Սուրեն Պապիկյանը՝ հանրաքվեի մասին |factor.am|

factor.am: Հարցազրույց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության «Այո»-ի շտաբի ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ։

-Քարոզարշավը մեկնարկել է, ՀԱԿ-ը քննադատում է Ձեզ, ասում է՝ արդեն իսկ պետք է գյուղեգյուղ, տնետուն ընկած լինեիք, հանդիպած լինեիք քաղաքացիներին: Վարչապետն էլ Կառավարության նիստի ժամանակ ասաց, որ Երևանի կենտրոնում թռուցիկները բաժանելիս պարզել է, որ հարյուրավոր մարդիկ տեղյակ չեն, որ ապրիլի 5-ին հանրահավաք է լինելու: Խոսենք անելիքների և արդեն արված քայլերի մասին:

– Բայց մենք արդեն իսկ գյուղերում և քաղաքներում ենք: Մի քանի օր է՝ ակտիվորեն սկսվել է մեր քարոզարշավը, և յուրաքանչյուր համայնքում, յուրաքանչյուր տանը թող սպասեն մեր քարոզիչներին, որովհետև մենք յուրաքանչյուր քաղաքացու հետ երկխոսելու խնդիր ենք դրել, յուրաքանչյուր քաղաքացու հետ այս ամենի մասին զրուցելու խնդիր ենք դրել: Մեր խմբերն արդեն իսկ ակտիվորեն այդ պրոցեսի մեջ ներգրավված են: Վաղվանից ավելի մեծամասշտաբ քարոզարշավի փուլն է սկսվում, երբ մեր քարոզչական խմբերը, բացի այն, որ քաղաքներում ու գյուղերում կներկայացնեն մեր ասելիքը, մեր փաստարկները սահմանադրական փոփոխությունների, դրանց անհրաժեշտության առնչությամբ, նաև մենք, մասնավորապես՝ ես, ինչպես նաև ՀՀ վարչապետը, լինելու ենք հանրապետության բոլոր քաղաքներում, և խոսելու ենք այսօր Հայաստանի առաջ ծառացած խնդրի, օրակարգի, նախկինում արվածի, չարվածի, դրա պատճառների և նաև սահմանադրական փոփոխությունների արդյունքում ակնկալիքների, ինչպես նաև խնդիր հարուցող հանգամանքի մասին:

– Օրինակ՝ ինչո՞ւ պիտի քաղաքացին «Այո» ասի հանրաքվեին ու չհավատա Հրայր Թովմասյանին, երբ նա ասում է, որ ինքը դիրքապահ է, որ իշխանությունները ցանկանում են անկախ մարմինն իրենց ծառայեցնել, ինքը դա թույլ չի տա: Խնդրեմ՝ ներկայացրեք ձեր փաստարկները:

– Իսկ ո՞ւմ դիրքերն է պաշտպանում Հրայր Թովմասյանը: Հարցը հռետորական է, բայց նաև ուղիղ է: Ես կարծում եմ, որ ՍԴ-ն դիրքեր պահելու և քաղաքական հայտարարություններ անելու իրավունք չունի, այդ թվում՝ ՍԴ նախագահն ու դատավորը: Երկրորդ՝ մենք գիտենք, որ նախորդ իշխանությունների օրոք, երբ արդեն իսկ սահմանադրական փոփոխությունների՝ ուժի մեջ մտնելու ժամկետներին օրեր էին մնացել, Հրայր Թովմասյանը և նախկին իշխող ՀՀԿ-ի կարկառուն դեմքերը շատ լավ իմացել են, որ Հրայր Թովմասյանի նշանակումն արդեն իսկ ընդունված Սահմանադրության ժամկետներին անհամապատասխան է լինելու և, ըստ էության, նրա համար կանաչ ճանապարհ են բացել, որպեսզի պաշտոնավարի, այսպես ասած, հավերժ՝ մինչև 2035 թվականը: Սա իրավական երկրին հարիր չէ: Եվ Հայաստանում բալանսավորված իշխանության ճյուղեր ունենալու համար կենսական է, կարևոր է սահմանադրական փոփոխությունների այս օրակարգը: Մեր քաղաքացիներին, ըստ այդմ, կոչ ենք անում ապրիլի 5-ին ակտիվորեն մասնակցել հանրաքվեին և «Այո» ասել սահմանադրական փոփոխություններին:

– Քննադատություններից մեկն էլ այն է, որ Ձեզ չհաջողվեց ընտրացուցակները մաքրել, հանձնաժողովներում ընտրակեղծարարների եք ներառել, գլխավոր ընտրակեղծարարը՝ Տիգրան Մուկուչյանը, իր պաշտոնին է: Ինչպե՞ս կարձագանքեք:

– Նախ՝ եթե մեր ցուցակներում եղել են ինչ-որ թյուրիմացություններ, դրանք շտկված են կամ շտկվում են, այսինքն՝ մեր 4.016 ներկայացուցիչները բացառապես մեր ներկայացուցիչներն են: Կան, իհարկե, տարածքային ընտական հանձնաժողովների՝ ԿԸՀ-ի կողմից նախկինում լիզենցավորված և այսօր հանձնաժողովի անդամ դարձած մարդիկ, որոնք, իհարկե, կարող են լինել տարբեր կուսակցությունների քվոտաներով: Բայց այդ մարդիկ ՀՀ քաղաքացիներ են, և ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացին որևէ մեկին թույլ չի տա Հայաստանում որևէ կեղծիք անել:

Ավելին կարդացեք և դիտեք factor.am կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել