Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ այցը նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ վարչապետը հավելել է, որ այս տարի նախատեսվում է նաև իր պաշտոնական այցը Նիդերլանդներ, ինչը դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր կլինի Հայաստանի ղեկավարի առաջին այցն այդ երկիր: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ՀՀ կառավարությունը կարևորում է երկկողմ համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ու հումանիտար բնագավառներում:

Ստեֆ Բլոկը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ ակնհայտ տեսանելի են Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացներն ու բարեփոխումները և ընդգծել, որ իր երկրի կառավարությունը ևս պատրաստ է փոխգործակցության արդյունքում նպաստել դրանց արդյունավետ իրականացմանը: Նիդերլանդների ԱԳ նախարարը հեռանկարային է համարել համագործակցությունը տնտեսության, այդ թվում՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ինչպես նաև հումանիտար բնագավառներում: Բլոկը համոզմունք է հայտնել, որ վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն ևս կնպաստի երկկողմ հարաբերությունների օրակարգի հաստացմանն ու ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ: