Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կանադայի դեսպանին
19:14 - 27 փետրվարի, 2020

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Կանադայի դեսպանին

Փետրվարի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Կանադային նորանշանակ դեսպան (նստավայրը՝ Մոսկվա) Էլիսոն ԼըՔլերին: Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից։

Ողջունելով հյուրին ու շնորհավորելով նրան նշանակման կապակցությամբ՝ Տիգրան Ավինյանը կարևորել է Կանադայի հետ համագործակցության հետագա ընդլայնումն ու խորացումը: Նա շնորհակալություն է հայտնել Կանադայի կառավարությանը Հայաստանի համար այս կարևոր ժամանակաշրջանում ժողովրդավարական բարեփոխումներին ցուցաբերած աջակցության համար:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էլիսոն ԼըՔլերը բարձր է գնահատել Թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները և նշել, որ առկա է ամուր հիմք հարաբերությունների հետագա զարգացման համար:

Զրուցակիցները համակարծիք էին, որ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները չեն համապատասխանում  առկա ներուժին ու այս համատեքստում քննարկել են տնտեսական կապերի ակտիվացման հնարավորությունները՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ու գյուղատնտեսության ոլորտում: Կողմերը անդրադարձել են նաև Կանադայում հայկական համայնքի գործունեությանը, որը կապող օղակ է հանդիսանում երկու երկրների միջև:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել