Օրենքի նոր նախագծով ավելի վատ պայմաններ են սահմանվում ոչ բարձր որակավորում ունեցող աշխատողների համար․ Անահիտ Ասատրյան
14:47 - 14 հունիսի, 2019

Օրենքի նոր նախագծով ավելի վատ պայմաններ են սահմանվում ոչ բարձր որակավորում ունեցող աշխատողների համար․ Անահիտ Ասատրյան

Երեկ e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Այն շրջանառության մեջ է դրել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը։

Հիշեցնենք, որ մինչև հեղափոխությունը Կարեն Կարապետյանի գլխավորած Կառավարությունը նախաձեռնել էր Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններ։ Այն շրջանառության մեջ էր դրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Սակայն մեկ տարի շարունակ արհմիությունները և քաղաքացիական հասարակության շահագրգիռ հատվածը պայքարում էին այդ նախագծի ընդունման դեմ՝ նշելով, որ այն վատթարացնելու է աշխատողների իրավական վիճակը ի շահ բիզնեսի։ Հեղափոխությունից հետո օրենքի փոփոխությունների նախագիծը կասեցվեց։

Այս օրենքի նախագիծն ունի շատ բացեր, որոնք ավելի են վատթարացնում աշխատողի աշխատանքային պայմանները և նրան դարձնում ավելի խոցելի։ Նաև խտրական պայմաններ են սահմանվում գերփոքր ձեռնարկատիրությունների և միջին կամ մեծ ձեռնարկատիրությունների համար։

Այսօր Կառավարության որոշմամբ գոյություն ունեն հաստատված վնասակար և առանձնապես վնասակար աշխատանքների ցանկ և օրենքով սահմանվում է, թե վարձատրությունը ինչպես պետք է լինի։ Սակայն առաջարկվող փոփոխությամբ դրանք վերացվում են։

Մեզ հետ զրույցում Հայաստանի պետական հիմնարկների աշխատողների արհմիության նախագահ Անահիտ Ասատրյանը նշեց, որ ներկայիս օրենքով վնասակար աշխատանքների համար գործատուն բացի աշխատավարձից պարտավոր է վճարել 30% հավելավճար, իսկ առանձնապես վնասակար պայմաններում աշխատողներին՝ 50 % ։ Նաև սահմանված է հստակ ցանկ։

«Առաջարկվող տարբերակում սա վերացվում է։ Այսինքն՝ ասվում է, որ այն աշխատաողները, որոնց վնասակար գործոնների սահմանային թույլատրելի մակարդակը տեխնիկական կամ այլ պատճառներով հնարավոր չէ իջեցնել, այդ դեպքում գործատուն պետք է վճարի ինչ-որ մի բան, սակայն չկա հստակ սահմանված չափ։

Բացի դա, չի սահմանվում նաև ցանկ Կառավարության կողմից, թե որոնք են համարվում վնասակար կամ առանձնապես վնասակար աշխատանքներ։ Գործատուն չի կարող իմանալ՝ ինքը վնասակար աշխատանք է առաջարկում, թե ոչ։ Աշխատողն առավել ևս։ Չի սահմանվում նաև վնասակարության չափը։

Սա նշանակում է, որ աշխատանքային պայմանագրում, օրինակ, կարող են գրել, որ եթե համարեցին, որ վնասակար աշխատանք է, ապա հավելավճարը պայմանական որքան ուզեն կսահմանեն։ Ասենք մի 10 հազար դրամ, կամ 5 հազար դրամ կամ 5 դրամ»,- ասաց Անահիտ Ասատրյանը։

Ըստ նրա՝ այս պայմաններում աշխատողը թույլ կողմն է, և եթե գործատուն չցանկանա հավելավճար տալ, ապա նրան դժվար կլինի ստիպել, որ կատարի դա։

Անահիտ Ասատրյանը շեշտում է, որ այս փոփոխությամբ հիմնականում թիրախում են հայտնվում ոչ բարձր որակավորում ունեցող աշխատողները, որոնց պայմանները առանց այդ էլ լավ չեն։

«Պարզ է, որ ծրագրավորողը, որը բարձր որակավորում և պահանջարկ ունի շուկայում, կարող է թելադրել իր պայմանները։ Այդ ոլորտի գործատուները ևս սոցիալական ուղղվածություն ունեն։ Սակայն աշխատանքային օրենսգիրքը տարածվում է բոլորի վրա՝ հավաքարարների, բանվորների, սեւագործ բանվորների և այլն։ Իսկ մենք սոցիալականն պետություն ենք, և աշխատողների առողջությունը ամենակարևոր բանը պետք է լինի պետության համար»,- նշեց նա։

Օրենքի նախագծով առաջարկվող խնդիրներից մեկն էլ կապված է արտաժամյա աշխատանքի հետ։ Ներկայիս օրենսդրությամբ սահմանված է, որ տարվա մեջ 180 ժամից ավել չի կարելի աշխատողին ներգրավել արտաժամյա աշխատանքի, միայն հատուկ դեպքերում է կարելի։ Առաջարկվող նախագծում նշված է, որ կարող է կարգավորվել կողմերի՝ գործատու և աշխատող համաձայնությամբ։

«Պրակտիկայում կա նման բան, օրինակ, ավտոբուսների վարորդները, բանվորները, վաճառողները, ովքեր արտաժամյա աշխատում են։ Աշխատողը չի գիտակցում իր առողջությանը սպառնացող վտանգը։ Մտածում է, որ հնարավորություն ունի մի քանի դրամ ավել աշխատելու, կարող է անվերջ համաձայնվել արտաժամյա աշխատել, իսկ գործատուն էլ ոչ մի սահմանափակում չի դնի։

Մարդը 18, 24 ժամ կաշխատի, բայց ինչ կլինի իր առողջության հետ վերջում, պետությունը պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Մենք ուզում ենք օրինական պետություն ունենալ։ Սակայն բերում են սա և ասում են օրինականցնենք»,- ասում է Անահիտ Ասատրյանը։

Անահիտ Ասատրյանը նաև կասկած հայտնեց, որ նախորդ անգամ այս օրինագիծը շրջանառության մեջ դրվեց նախկին  գործարարաների համար, ովքեր խախտել են օրենսգիրքը և դրանով կօրինականացնեին իրենց պահվածքը: Նրանք առաջարկում են վնասակար աշխատանք և չեն ցանկանում մուծել այդ 30 կամ 50 տոկոս հավելավճարը։ Այս դեպքում անհասկանալի է, թե ինչու է կրկին շրջանառության մեջ դրվել նախագիծը։

«Շատ կազմակերպություններում կան այս անօրինականությունները։ Նախկինում, երբ այս օրինագիծը բերում էին, մեզ ասում էին, որ չէ՞ որ կա նման բան պրակտիկայում, եկեք օրենքը համապատասխանեցնենք իրականությանը։ Բայց ո՞նց կարելի է նման բան անել։ Ունքը շինելու փոխարել աչքն են հանում։ Փոխանակ վատ պրակտիկայից հրաժարվենք և մարդկանց ստիպենք, որ օրենքը կատարեն, մենք ասում ենք՝ չենք կարողանում, եկեք օրենքը գրենց էնպես, որ անօրինականությունը դառնա օրինական»,- ասաց Անահիտ Ասատրյանը։

Անահիտ Ասատրյանը նաև հավելեց, որ արհմիություններն ավելի ուշ կներկայացնեն իրենց գրավոր արձագանքը։

 

Աստղիկ Գաուդյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել