Խիստ մտահոգիչ է, երբ մարդու արժանապատվությունը վիրավորող գրառում է անում երկրի Հանրային խորհրդի նախագահը. ՄԻՊ
14:25 - 17 մայիսի, 2020

Խիստ մտահոգիչ է, երբ մարդու արժանապատվությունը վիրավորող գրառում է անում երկրի Հանրային խորհրդի նախագահը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է Հանրային խորհրդի նախագահ Ստոյպա Սաֆարյանի՝ նախօրեին արված գրառմանը, որը վերջինս գրել էր՝ պատասխանելով ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս առիթով գրել է.

«Պետք է դադարեցնել իրար վիրավորելու, իրար արժանապատվություն նսեմացնելու վտանգավոր սովորությունը: Դա բերում է վտանգավոր հետևանքների, դա բազմապատկում է վիրավորանքն ու ատելությունը, դա ի վերջո սադրում է բռնություն:

Սա հատկապես վերաբերում է հանրային գործունեություն ծավալող ու մանավանդ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, ովքեր պետք է լինեն զսպված և թույլ չտան վիրավորանք, ատելություն գեներացնող, լարվածություն առաջացնող որևէ խոսք: Հանրային պաշտոնյաների դեպքում պահանջներն առավել խիստ են, քանի որ նրանք ունեն կոնկրետ կարգավիճակ ու սահմանափակված են այդ կարգավիճակի սահմաններով: Ցանկացած շեղում կարող է առաջացնել իրավական հետևանքներ, այդ թվում՝ պատասխանատվություն:

Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ մարդու արժանապատվությունը վիրավորող, նսեմացնող գրառում է անում երկրի Հանրային խորհրդի նախագահը՝ որպես հանրային պաշտոն զբաղեցնող և օրենքով ստեղծված ու կոնկրետ խնդիրներ, իրավական կոնկրետ կարգավիճակ ունեցող մարմնի ղեկավար, ում պաշտոնի հրամայականով թելադրված պարտադիր խնդիրն է հասարակությունում փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելը:

Հանրային խորհրդի ղեկավարի գրառման ուսումնասիրությունը վկայում է, որ դա արվել է կնոջը վիրավորելով՝ նրա սեռի թիրախավորմամբ: Առավել մտահոգիչ է, որ այդ գրառման ներքո արվում են արժանապատվությունը նսեմացնող ու ատելություն գեներացնող մեկնաբանություններ, որոնք ոչ միայն չեն հեռացվում, այլ նաև ակնհայտ խրախուսվում են:

Ցանկացած տեսակի բանավեճում պետք է քննարկել միայն բովանդակային կամ առարկայական հարցեր՝ առանց ընդդիմախոսին վիրավորանք հասցնելու կամ նրա արժանապատվությունը նսեմացնելու:

Սրանք կանոններ են, որ կնպաստեն հասարակությունում համերաշխության մթնոլորտի և փոխադարձ հարգանքի երշախավորմանը»: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել