Երկրում ֆոնդային շուկայի ձեւավորումը տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է․ վարչապետ |armtimes.com|
13:59 - 16 հուլիսի, 2020

Երկրում ֆոնդային շուկայի ձեւավորումը տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է․ վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը՝ նշելով, որ դրա ընդունումը պայմանավորված է ոլորտում միասնական քաղաքականության, բարեփոխումների հիմնական ուղղությունների եւ դրանցից ակնկալվող արդյունքների սահմանման անհրաժեշտությամբ:

Նախարարի խոսքով՝ Հայաստանի կապիտալի շուկան դեռեւս սահմանափակ է. թողարկումների փոքր ծավալով, գործիքների նեղ շրջանակով եւ երկրորդային շուկայի ցածր իրացվելիությամբ։

«2020 թվականի սկզբին շուկայի հիմնական մասը զբաղեցնում են պետական պարտատոմսերը՝ կազմելով ՀՆԱ-ի մոտ 11%-ը, իսկ կորպորատիվ պարտատոմսերի շրջանառվող ծավալը եւ բաժնային արժեթղթերի կապիտալիզացիան կազմում են ՀՆԱ-ի մոտ 3.4%-ը և 2.3%-ը: Ցուցանիշները էական բարելավման պոտենցիալ ունեն: Այս իրավիճակում պետական կառույցները պետք է առաջնորդող դեր կատարեն եւ տարբեր գործիքների միջոցով խթանեն շուկայի զարգացումը: Դրա համար կարեւոր պայման է պետական գերատեսչությունների ջանքերի համատեղումը եւ նպատակային ու տրամաբանական հաջորդականության մեջ գտնվող միջոցառումների իրականացումը»,- նշեց նախարարը։

Նա հավելեց, որ կապիտալի շուկայի զարգացման ծրագիրը Արժույթի միջազգային հիմնադրամի խորհրդակցություններով համատեղ մշակել են էկոնոմիկայի նախարարությունը, Կենտրոնական բանկն ու ֆինանսների նախարարությունը:

Խաչատրյանի խոսքով՝ ծրագրով առաջարկվող նախագիծը բաղկացած է 2 մասից՝ ՀՀ-ում կապիտալի շուկայի դիագնոստիկ վերլուծությունից եւ դրանց վրա կառուցված գործողությունների ծրագրից: Նա կարծիք հայտնեց, որ ծրագրի հաստատմամբ շուկան կստանա զարգացման ավելի բարելավված միջավայր, այնպիսի գործիքներ կներդրվեն, որոնք կապահովեն ձեւավորվող խնայողությունների ներդրումը տնտեսության իրական հատվածում եւ թույլ կտան բնակչությանը մասնակցել ներդրումային ծրագրերին՝ այդպիսով ընդլայնելով դրանից եկամուտներ ստանալու հնարավորությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեմայի վերաբերյալ նշեց, որ արդեն երկար ժամանակ ՀՀ-ում քաղաքացիները, եթե բիզնես չեն անում, իրենց խնայողությունները ներդնելու մեկ տեղ ունեն՝ բանկային համակարգում:

«Բիզնեսը նույնպես ՀՀ-ում ֆինանսավորման մեկ տեղ ունի, որը կրկին բանկային համակարգն է, որը խոսում է այն մասին, որ մեր երկրում բանկային համակարգը կայացած է, բայց վաղուց հասունացել է պահը, երբ պետք է շուկայի զարգացման երկրորդ փուլ մտնել»,- ասաց նա:

Վարչապետն ընդգծեց՝ մեր քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան ոչ միայն բանկերում ավանդներ դնել, այլեւ շուկայից, բորսայից գնել ընկերությունների բաժնետոմսեր, նայել, գնահատել ամենամեծ պոտենցիալ ունեցող ընկերություններին եւ այդ շուկայում անել ներդրումներ, որը նաեւ հնարավորություն է ընկերությունների համար ներդրումներ ստանալ ոչ միայն բանկային համակարգից, այլեւ քաղաքացիներից. «Սա տնտեսական հեղափոխության կարեւոր կոմպոնենտներից է: Եթե երկրում ռեալ ֆոնդային շուկա ձեւավորվի, կարող ենք համարել, որ դա տնտեսական հեղափոխության ամենակարեւոր արտահայտությունն է։ Կառավարությունն աշխատում է պոտենցիալ ունեցող ընկերությունների հետ՝ օգնելով բարձրացնել նրանց թափանցիկությունն ու հաշվետվողականությունը»:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ օտարերկրյա ներդրումները առանց ծրագրի ամփոփման արդյունքում ձեւավորված հարթակների ուղղակի չեն լինի:

«Դա վերաբերում է ե՛ւ անհատ, ե՛ւ ինստիտուցիոնալ ներդրողներին, որովհետեւ այսօրվա տեմպերն ու բիզնես միջավայրն այնպես չեն, որ մարդիկ պետք է գան տեղում մեծ հետազոտություն անեն, ծախսեն և այլն: Բոլորն ուզում են ներդրում անել, ուղղակի ուզում են արդի գործիք տեսնել, այլ ոչ թե հին: Ծրագիրը երկու ֆունկցիա ունի, նաև արտաքին աղբյուրներից իրական ներհոսք է լինելու»,- նշեց Գրիգորյանը։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ իր հերթին ասաց, որ զարգացման հերթական քայլն են անում. «Ներդրումների դերը զարգացման մեջ դժվար է գերագնահատել, բայց ուզում ենք, որ փոխվի ներդրման ընկալումը: Մեզ թվացել է, որ խոսքը գաղտնարանից հանված ինչ-որ գումարի ներդրման մասին է, մինչդեռ դա լուծում չէ: Ենթադրվում է, որ զարգացման տեսանկյունից միակ ճամապարհը թափանցիկ եւ հանրային հաշվետվողականության տեսանկյունից ընկալելի կազմակերպությունում ներդրումն է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել