pastinfo.am: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի խափանման միջոցի վերաբերյալ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանները վերաքննիչ բողոք կներկայացնեն՝ վիճարկելով հիմնավոր կասկածը։ Այս մասին ասաց պաշտպան Գագիկ Խաչիկյանը։

Օգոստոսի 8-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտակ Թադևոսյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Նազարյանին կալանավորելու ՀՔԾ քննիչի միջնորդությունը։

«Արդյունքները բնականաբար գոհացուցիչ են, բայց բովանդակության վերաբերյալ ունենք մեր դիրքորոշումը, կբողոքարկենք»,- ասաց Խաչիկյանը։

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին նախաքննական մարմինը մեղադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ ՀՔԾ հաղորդագրության՝ քրեական գործի նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ Ռոբերտ Նազարյանի և հանձնաժողովի վերը նշված անդամների գործողությունների պատճառով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության հիդրոէլեկտրակայանից արտադրված և առաքված էլեկտրական էներգիայի վաճառքի համար 2012-2019 թվականների ընթացքում սահմանվելիք սակագների փոխարեն նույն ժամանակահատվածների համար սահմանվել են կրկնակին գերազանցող սակագներ, որի հետևանքով «Ձորագետ Հիդրո» ՍՊ ընկերության կողմից ՀՀ-ում էլեկտրաէներգիա սպառող ֆիզիկական և իրավաբանական անձանցից հավելյալ ստացվել է առանձնապես խոշոր չափերի՝ 7,052,065,099 ՀՀ դրամ գումար:

Ռ.Նազարյանը չի ընդունել իրեն մեղսագրվող մեղադրանքները՝ այն գնահատելով անհիմն ու ապօրինի։

Ըստ նրա՝ Ռ.Նազարյանը հարցաքննվել է ու ցուցմունք տվել քննությանը հետաքրքրող հարցադրումների շուրջ։ Բովանդակությունը փաստաբանը չմանրամասնեց՝ վկայակոչելով նախաքննության գաղտնիությունը, սակայն փաստեց, որ իրենց գնահատմամբ Նազարյանը գործել է իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում առանց որեւէ խախտում թույլ տալու եւ վստահ են, որ առաջադրված մեղադրանքում բացակայում է հիմնավոր կասկածը, ինչի արձանագրմանը փորձելու են հասնել վերաքննիչ դատարանում։