1lurer.am: Կառավարության այսօրվա նիստին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց ներդրումային ծրագրին հավանություն տալու, «Հայկ-88» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրելուն համաձայնություն տալու մասին նախագիծը:

Ընկերությունը Կոմիտասի պողոտայի Հ49/9 հասցեում գտնվող 2774.1 քմ մակերեսով շինության սեփականատերն է և դրա զբաղեցրած 2016 քմ մակերեսով հողամասի վարձակալը:

«Ծրագրով նախատեսվում է ապամոնտաժել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող շինությունը, լուծել հողամասի նկատմամբ ընկերության վարձակալության իրավունքը: Եվ Կոմիտասի պողոտայի Հ49/9 և Հ49/10 հասցեում գտնվող հողամասերը ձևակերպել կառուցապատման իրավունքով: Նշեմ, որ ծրագրի իրականացումից հետո ընկերության կողմից Երևանի բնակիչների համար կկառուցվի Կոմիտասի պողոտան հատող վերնանցում, որն իրար կկապի «Արաբկիր» մանկական զբոսայգին և քննարկվող այգին»,- տեղեկացրեց նախարար Պապիկյանը:

Ծրագրով նախատեսված ընդհանուր ներդրումները կկազմեն 10 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որից այգու բարեկարգման և վերակառուցման համար կուղղվի 1 միլիոնը: Կկառուցվեն ամֆիթատրոն, ջրավազաններ, կաթիլային ոռոգում կապահովվի, լուսավորություն կանցկացվի: Տարածքն այս պահին անբարեկարգ վիճակում է: