Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 1 մլրդ դրամ արժեցող լիզինգի տոկոսադրույքները՝ 450 մլն դրամից բարձր արժեք ունեցող սարքավորումներ ու հոսքագծեր ձեռք բերելիս տնտեսավարողներին աջակցելու նպատակով |tert.am|
12:03 - 11 փետրվարի, 2021

Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 1 մլրդ դրամ արժեցող լիզինգի տոկոսադրույքները՝ 450 մլն դրամից բարձր արժեք ունեցող սարքավորումներ ու հոսքագծեր ձեռք բերելիս տնտեսավարողներին աջակցելու նպատակով |tert.am|

tert.am: Կառավարությունը կսուբսիդավորի մինչև 1 մլրդ դրամ արժեցող լիզինգի տոկոսադրույքները։ Որոշումն ընդունվեց այսօրվա կառավարության նիստի ընթացքում։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ 450 մլն դրամից բարձր արժեք ունեցող սարքավորումներ ու հոսքագծեր ձեռք բերելու հարցում տնտեսավարողներին աջակցություն կցուցաբերվի։

Նախագծի ընդունման հիմնավորմամբ նշվում է, որ վերջին ամիսներին արձանագրված դրամի արժեզրկումը խնդիրներ է ստեղծել նախկինում կնքված լիզինգի պայմանագրերի շրջանակում 450 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումների մասով, որոնք դեռևս չեն հասել Հայաստան, և դրանք, Հայաստան հասնելու և լիզինգ ձևակերպելու օրվա արտարժույթի փոխարժեքով պայմանավորված, կարող են գերազանցել ծրագրով նախատեսված առավելագույն 450 մլն դրամի շեմը:

«Ծրագիրը միտված է մեր գյուղատնտեսությունը խոշորացնելուն, նաև՝ խթանելու գյուղատնտեսներին՝ ավելի մեծ ծրագրեր ձեռնարկելու և ավելի բարձրացնելու արտադրողականությունը»,-նշեց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ի սկզբանե խնդիր են դրել, որ գյուղատնտեսության աջակցման և զարգացման ծրագրերը դարձնեն ավելի արդյունավետ։

«Լիզինգի ծրագիրն այն մասին է, որ գյուղատնտեսական տեխնիկա և ագրովերամշակման սարքավորումներ ձեռք բերելու պրոցեսում մենք աջակցություն ենք ցուցաբերում շահառուներին։ Այդ աջակցությունն արտահայտվում է լիզինգի տոկոսների սուբսիդավորմամբ»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց՝ այժմ նշաձողը բարձրացվում է 450 մլն դրամից՝ դառնալով 1 մլրդ դրամ, ինչը, ըստ Փաշինյանի, շատ լավ որոշում է, քանի որ հնարավորություն կտա աջակցել ավելի խոշոր տնտեսություններին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել