tert.am: Ինչպես տեսնում եք, ես շարունակում եմ աշխատել ակտիվ ռեժիմով, խնդրում եմ այլ հարցեր տվեք: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով իր հնարավոր հրաժարականի մասին տարածված լուրերին, նշեց ԱԳ նախարար Արա Այվազյանը:

Հարցին, թե ինչու է  Ադրբեջանն արգելել դիերի որոնողական աշխատանքների իրականացումը, Այվազյանը նշեց. «Դա բացատրվում է եղանակային վատ պայմաններով և վստահ եմ, որ մոտ օրերս, եղանակի բարելավման պայմաններում աշխատանքները կվերսկսվեն»:

Անդրադառնալով նաև Սերժ Սարգսյանի՝ օրերս արած հայտարարությանը և 2018 թվականին Արցախյան հարցը լուծելու հեռանկարների և հնարավորությունների մասին՝ ասաց. «Տարբեր ժամանակներում եղել են այսպիսի հույսի շրջաններ, երբ բոլորիս, այդ թվում՝ համանախագահներին թվացել է, որ կողմերը շատ մոտ են համաձայնության գալուն և բանակցային եղանակով հարցը լուծելուն: Մեղքը, կարծում եմ, ո՛չ համանախագահներինն է, ո՛չ Հայաստանինը: Շատ անգամ, ինչպես օրինակ, Կազանի բանակցությունների ժամանակ, Ադրբեջանը վերջին պահին առաջ է եկել նոր նախապայմաններով, ինչը վկայակոչում է, որ Ադրբեջանը պատրաստ չէր խաղաղ եղանակով լուծել հարցը»: