Նիկոլ Փաշինյանին իշխանության հեռացնելն իրատեսական է՝ դրա ամենաճիշտ և ամենահասանելի ճանապարհը նրան անվստահություն հայտնելն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սերժ Սարգսյանը, որը մասնակցում է ջահերով երթին։
«Անվստահություն հայտնելու ժամանակն էլ է գալու։ Ձեզ թվում է՝ «Պատիվ ունեմ»-ը կամ երկու խմբակցությունները կարո՞ղ են դա անել»,- ասաց Սարգսյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ, գուցե, դրա համար նաև հանրային ճնշում է անհրաժեշտ, Սարգսյանն արձագանքեց․
«Ապահովեք էդ հասարակական ճնշումը, էդպիսի սուր հարցերն իրենց տվեք, տեսեք՝ ինչ են ասում։ Երբ որ տեսնեմ՝ շատ ակնկալողներ կան, լուծումներն ասելու եմ»,- նշեց Սարգսյանը։
Անդրադառնալով Տավուշում կատարվող զարգացումներին և իշխանությունների հավաստիացումներին, որ դա անվտանգություն է ապահովելու Հայաստանին, Սարգսյանն ասել է, որ այդ պնդումներում «տրամաբանության նշույլ անգամ չի տեսնում»։
Սարգսյանը նշեց, որ նախկինում շատ է խոսել այս մասին և ՀՀԿ ԳՄ-ն հանդես է եկել հայտարարություններով։
«Ինչ ուզում են, կարան ասեն, իրանց ի՞նչ կա, էսօր մի բան կասեն, վաղը բոլորովին այլ բան,- նշեց նա։
Հարցին՝ արդյո՞ք Տավուշում այժմ տեղի ունեցող ակցիաները կարող են հանգեցնել իշխանափոխության, կամ փոխել այս պրոցեսի ընթացքը Սերժ Սարգսյանն ասաց, որ դժվարանում է կանխատեսում անել։
comment.count (0)