ՀՀ ԱԺ պատգամավորները Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել են հայ ռազմագերիների հարցը
17:38 - 23 փետրվարի, 2021

ՀՀ ԱԺ պատգամավորները Շվեդիայի դեսպանի հետ հանդիպմանը բարձրացրել են հայ ռազմագերիների հարցը

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները փետրվարի 23-ին հանդիպել են ՀՀ-ում  Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի հետ:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետեւանքով ստեղծված իրավիճակը: Մասնավորապես, բարձրաձայնվել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցը՝ նշելով, որ Ադրբեջանը, հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին, ոտնահարում է նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, ինչպես նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հայաստանյան պատվիրակության անդամները կարեւորել են, որ միջազգային հանրությունը թիրախային եւ հասցեական ճնշումներ գործադրի Ադրբեջանի նկատմամբ՝ կատարելու եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները:

Նշվել է, որ Արցախի հարցի վերջնական կարգավորման հիմքում պետք է դրված լինի Արցախի ժողովրդի ազատ ինքորոշման իրավունքը, կարգավորման հարցը պետք է գտնվի ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափում:

«Մարդասիրական խնդիրները պետք է կարգավորվեն ինչպես միջազգային մարդասիրական իրավունքի, այնպես էլ եռակողմ հայտարարության հիման վրա: Խաղաղությունն այլընտրանք չունի եւ պետք է բոլոր ջանքերը գործադրել, որպեսզի այն հաստատուն լինի»,- նշել է դեսպանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել