Նկարը՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան էջից, 20.07.2020
Հայաստանի սիրտ և զարկերակ հանդիսացող Սևանա լիճը գնում է ճահճացման՝ գլոբալ տաքացումների, կլիմայական փոփոխությունների և մշտական չլուծվող խնդիրների պատճառով։
Սևանա լիճը բարձր լեռնային քաղցրահամ խոշոր լիճ է Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մ բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Սևանա լճի շուրջ շատ են լեռնային աղբյուրները, որոնք ունեն բուժիչ հատկություն: Սևանի ավազանի տարածքում գործում են Սոթքի և Մասրիկի ջրանցքները, որոնք կառուցվել են համանուն գետերի վրա։ Սևանա լճից սկիզբ առնող Հրազդան գետը բնական հոսքով լճից դուրս էր բերում մոտ 2 մ3/վրկ ջուր (տարեկան 50 մլն մ3): 1931թ.-ից հետո հիդրոտեխնիկական կառույցով բաց թողնվող ջրի քանակը հասցվել է 60 մ3/վրկ-ի: Ներկայումս յուրաքանչյուր տարի բաց թողնվող ջրի քանակը սահմանվում է ՀՀ օրենսդությամբ:
Կարևոր է գիտակցել, որ 21-րդ դարում խմելու ջրի պաշարների նոսրացումն աշխարհում բերելու է դրա արժեքի բարձրացմանը: Իսկ Սևանա լիճը հանդիսանում է Հայաստանի բնակչության ջրի, սննդի, արդյունաբերական, ոռոգման աղբյուրը: Այն ազգային անվտանգության և ռազմավարական գերակա նշանակություն ունեցող բնական պաշար է, որի պահպանման գործում անելիք ունի ինչպես պետությունը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացի: Սևանա լճի պահպանումը Հայաստանի բնապահպանական և տնտեսական բացառիկ կարևոր հիմնախնդիր է, որի նպատակն է լճի բնական ռեժիմի փոփոխության հետևանքով ֆիզիկաաշխարհագրական երևույթների էկոլոգիական հավասարակշռության խախտման վերացումը։
Սևանի հարակից բնակավայրերի կենցաղային կեղտաջրերն առանց մաքրվելու լցվում են լիճ՝ վնասելով ջուրը, ավազանի բուսական ու կենդանական աշխարհը։ Ջրի մաքրման կայաններ կան Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում, մյուս բնակավայրերը չունեն կոյուղիների հեռացման համակարգ: Բացասական ազդեցություն ունեն նաև Սոթքի հանքի ցրված ջրերը, որոնք պարունակում են մեծ քանակությամբ ծանր մետաղներ՝ հատկապես վնասելով Սոթք ու Մասրիկ գետերի ավազանները։ Այս տարածքում լրացուցիչ մաքրման կայանների ստեղծումն ու կիրառումն անհրաժեշտություն է լիճ մուտք գործող ջրերը հնարավորինս ֆիլտրելու համար։ Բացի դրանից՝ հարկավոր է աղբահանության այնպիսի համակարգ ստեղծել, որ բնակիչներն իրենց համայնքներով հոսող գետերը չդիտարկեն իբրև աղբը մեկուսացնող միջոց:
Սևանա լճի ջրավազանի ջրօգտագործման ավելի քան 40%-ը կազմում է ձկնաբուծությունը։ Այն ևս բացասաբար է անդրադառնում ավազանի վրա, եթե կանոնակարգված ու գրագետ չի իրականացվում։ Սևանի ձուկը պետք է դիտել ոչ թե որպես սննդի աղբյուր, այլ էկոհամակարգի տրոֆիկ շերտի վերին օղակ: Ձկները սնվում են մանր խեցգետնակերպերով, որոնք իրենց հերթին՝ ֆիտոպլանկտոնով կամ մանր ջրիմուռներով: Այսինքն՝ ձուկը մաքրում է լիճը այդ օրգանական նյութերից և ձկների չհաշվարկված բուծումն ու ձվադրման ժամանակ որսի կազմակերպումը էականորեն խախտում են էկոհամակարգի հավասարակշռությունը։
Սևանա լճի պահպանման հարցը գիտական շրջանառության մեջ է մտել դեռևս 1920-ական թվականներին, երբ ակնհայտ են դարձել Սևանա լճի էներգետիկ և դարավոր ջրային պաշարների օգտագործման հնարավորությունները։
Սևանա լճի մակարդակի իջեցման, ջրի տաքացման և ջրիմուռների բազմացման հետևանքով առաջանում է քաղցրահամ լճի ճահճացման վտանգը։ Սևանի լազուրը կապտականաչավուն գույն է ստանում, լիճը ծաղկում է: Սևանի ծաղկման պատճառների մեծ մասը մարդու գործունեության հետևանքն է։ Լճին կապատականաչավուն գույն հաղորդող ջրիմուռների տարածման գլխավոր պատճառներից մեկը Սևան թափվող կոյուղաջրերն են: Կապատականաչավուն ջրիմուռները 1964 թ․ էլ են նման մասշտաբներով ակտիվացել։ Ընդ որում՝ ինչպես առաջ, այնպես էլ այս վերջին տարիներին, դրա ծաղկման պատճառը եղել են ցիանոբակտերիաները, որոնք հայտնի են նաև որպես կապտականաչ ջրիմուռներ: Սևանում ծաղկումներ գրանցվել են նաև 1990-ականների երկրորդ կեսին, բայց այդ տարիներին այն ծաղկել էր այլ ջրիմուռների պատճառով: Հերթական մասսայական ծաղկումն սկսվել է 2018-ից: Խորհրդային տարիներին կարևոր է եղել ջրի մակարդակի իջեցումը, ինչը բերել է ջրիմուռների ծաղկման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, օրինակ՝ ջրի տաքացում, լույսի թափանցում մինչև հատակը: Հիշենք, որ 1930-ականներից ոռոգման և էներգետիկ նպատակներով լճի մակարդակն արագ տեմպերով իջեցվում էր, և միայն 1960-ականներին գործնական քայլեր ձեռնարկվեցին (Արփա-Սևան թունելի նախագծմամբ ու կառուցմամբ)՝ այն փրկելու համար: Պակաս կարևոր չէ նաև ջրհավաք ավազանի ազդեցությունը լճի վրա:
Սևանի հիմնախնդիրների, կլիմնայի փոփոխությունների մասին խոսել ենք անկախ փորձագետ Այսեր Ղազարյանի հետ:
Ըստ փորձագետի՝ Սևանի խնդիրներն այսօր շատ են՝ կառավարման համակարգի պատճառահետևանքային կապից, մարդկանց մտածելակերպից, Հայաստանում առկա սոցիալական վիճակից մինչև մշակույթային խնդիրներ։
«Խնդիր է նաև այն, որ Սևանի ավազանի բնակչությունն է աղտոտում լիճը, տուրիզմը նույնպես ունենում է իր ծանր հետևանքները լճի վրա, ափամերձ օբյեկտներն էլ կարճաժամկետ հանգիստ են կազմակերպում, իսկ կոյուղաջրերն ու թափոնները թափում են լիճ։ Այս ամենին են գումարվում նաև չկարգավորվող ձկնագողությունը, հանքարդյունաբերությունը, գետերով եկող ծանր մետաղները, օրգանական մնացորդները և, ի վերջո, կանաչ ջրիմուռներով ակտիվ ծաղկումը, որոնք Սևանն այսօր լուրջ վիճակի են հասցրել։ Վերջինս դեռևս շարունակվում է»,- նշում է Այսեր Ղազարյանը։
Մասնագետը կարծում է, որ այս պահին առաջնահերթ է լուծել լճի հիմնարար խնդիրները, ապա դրանից հետո միայն մտածել մարտահրավերների մասին։
«Փորձենք տարբեր հարթությունների վրա դնել զարգացած երկրներին և Հայաստանին։ Զարգացած երկրների կառավարման համակարգը կայացած է, ընդլայնված բարեփոխումներով և տեխնոլոգիական մոտեցումներով: Այդ պետությունները ոլորտում որևէ խնդիր չունեն, նրանք ավելի շատ մտածում են մարտահրավերների և դրանց ազդեցությունը մեղմացնելու մասին: Իսկ Հայաստանում էկոհամակարգը ուշաթափ վիճակում է, և այդ պարագայում մտածել մոտեցող մարտահրավերների մասին, շուտ է։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ անիմաստ է զարգացած երկրների հետ նույն հարթության վրա կանգնել ու խոսել միայն մարտահրավերներից»,- ասում է Այսեր Ղազարյանը։
Ըստ նրա՝ պետք է մտածել, թե միգրացիոն կամ հարմարվողականանության ինչ ծրագրեր կարելի է իրականացնել էկոհամակարգի իրավիճակի մեղմացման, հարմարվողականությունը բարձրացնելու համար:
«Պետք է կառավարման համակարգը ռադիկալ փոփոխությունների ենթարկել, եթե ջերմաստիճանը բարձրանա, ավելի կրիտիական խնդիրներ կառաջացնի, մինչև այդ փուլն արդեն կունենանք շատ թույլ, քայքայված էկոհամակարգեր, որոնք ըստ էության հենց առաջին հարվածից կընկնեն: Մենք պետք է փորձենք ուժեղացել, վերականգել էկոհամակագերը, որպեսզի դրանք կարողանան դիմանալ կլիմայի փոփոխությունների մարտահրավերներին: Պետք է ունենանք համապատասխան ներուժ, լավ ինստիտուցիոնալ կառուցվածք, համապատասխան իրավական գործիքակազմ, ադեկտվատ տեխնիական միջոցներ, որպեսզի կարողանանք ճիշտ ժամանակին պատշաճ ձևով այդ ամենը իրականացնել»,- ասում է Այսեր Ղազարյանը:
Իսկ ինչ վերաբերում է լճի ծաղկմանը՝ փորձագետը նշում է, որ, ինչպես արդեն ասել էր, լիճը շարունակում է ծաղկել։
«Այս տարի մի փոքր քիչ է ծաղկում, բայց գործընթացը շարունակվում է, որովհետև մենք ծաղկման նվազեցման որևէ գործընաթաց չենք տարել։ Կանաչ զանգվածը՝ բիոմասան, նորից լճում է, տնտեսվարողները ակտիվ գործունեություն են ծավալում, կոյուղաջրերը լցվում են լիճ, ձուկն ակտիվ բռնում են, ցանցավանդակային տնտեսությունները նույնպես շարունակվում են։ Այսինքն՝ որևէ գործընթաց չի դադարել, և լիճը քայլ առ քայլ մոտենում է ճահճաչման, իսկ տեղումների փոփոխությունը և ջերմաստիճանի բարձրացումը կարագացնեն դրա ճահճացման գործընթացը։ Կարևոր է նշել նաև, որ գլոբալ տաքացման հետևանքով ողջ աշխարհում խմելու ջրի պաշարները գնալով նվազում են, իսկ Հայաստանը այդ առումով կարող էր շատ լավ հաղթաթուղթ ունենալ իրխմելու ջրի պաշարներով, սակայն այս տեմպերով առաջ շարժվելու դեպքում, ոչինչ էլ չենք ունենալու»,- նշում է փորձագետը։
Այսեր Ղազարյանը կարծում է, որ մի քանի տարում կարելի է կառավարման համակարգի հետ կապված խնդիրները բարելավել և բերել չեզոք ազդեցության։
«Շատ դեպքերում էկոհամակարգի առողջացումը մի քիչ դանդաղ է գնում, բայց ձեռնարկված քայլերի ազդեցությունը կարելի է արդեն տեսնել մոնիթորինգի միջոցով։ Եթե մենք փոխենք մեր մոտեցնումները, ձևավորենք քաղաքական կամք, այո,՛ մենք լիճը կտանենք առողջացման, փրկության ճանապարհով։ Եթե քայլեր ձեռնակրվեն Սևանա լիճը 5-6 տարիների ընթացքում կվերականգնվի»,- ասում է փորձագետը։
Անի Եղիազարյան
comment.count (0)