ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել

2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբում կռիվ է: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:   «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով, որի շրջանակներում ձեռնարկված վարութային, քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ:   Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ 2024թ. ապրիլի 20-ին՝ ժամը 01:00-ից մինչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում, նշված ակումբում, դրանից հետո՝ նաև ակումբին հարակից և բնակելի շենքերի տարածքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ն, իր մի խումբ համախոհների հետ, անձնական հարցերի շուրջ, վիճաբանել է այլ անձանց հետ և ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, տևական ժամանակ աղմկել, հասարակության նկատ-մամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին՝ չենթարկվելով հասարակական կարգի խախտումը խափանել փորձող ինչպես նշված ակումբի անվտանգության աշխատակիցների, այնպես էլ՝ այլ անձանց հորդորներին:   Իրենց այդ հակաիրավական և հակաբարոյական գործողություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հիշյալ անձը և քննությամբ ինքնությունները չպարզված անձինք խոչընդոտել են ակումբի բնականոն աշխատանքը, տարածքում գտնվող անձանց մոտ վախի ու անհանգստության մթնոլորտ առաջացրել՝ խախտելով վերջիններիս անդորրը:   Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։   Նկատի ունենալով քննությամբ ձեռք բերված այս նոր հանգամանքները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:   2024 թվականի ապրիլի 23-ին Ոստիկանության ծառայողների կողմից վերոհիշյալ անձը ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 1-ին մասով:   Վարույթն իրականացնող մարմինը վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը:   Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով /քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելը/ նախաձեռնված քրեական վարույթը, նույն անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, սույն թվականի մարտի 26-ին ուղարկվել էր դատարան, ներկա պահին գտնվում է դատաքննության փուլում, որով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել գրավը։ Ակումբում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մասնակից մյուս անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- նշված է հաղորդագրությունում:   Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այսօր 21:04
ԱԺԲ-ի ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ ՔԿ

ԱԺԲ-ի ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ ՔԿ

ԱԺԲ-ի երեկվա ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ նրանց նկատմամբ կազմվել է կամ կազմվելու է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից՝ նշելով, որ մյուս 8-ը ներկայացվել է Քննչական կոմիտե։  ՔԿ-ից տեղեկացրին, որ 7 անձ ձերբակալվել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։   Մյուս՝ 1 քաղաքացու հետ կապված դրվագի վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։ Հիշեցնենք, որ երեկ Ազգային - Ժողովրդավարական Բևեռը հավաք էր իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  Բևեռը հայտարարություն էր տարածել, նշելով, որ ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:
Այսօր 14:26
Բողոքի ակցիայի մասնակիցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Բողոքի ակցիայի մասնակիցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով Ոստիկանության ծառայողի՝ հասարակական կարգը պահպանելու պահանջին, հարվածներ է հասցրել նրան։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով ոստիկանության աշխատակիցը, ապրիլի 24-ին ժամը 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում անցակցվող բողոքի ակցիայի վայրում ծառայություն իրականացնելիս,  մոտեցել է նշված հատվածում երթևեկելի ճանապարհը փակած անձանց և հասարակական կարգը պահպանելու, երթևեկության բնականոն ընթացքը ապահովելու նպատակով, պահանաջել բացել ճանապարհը։ Սակայն, ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջին, վերջինիս հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք։ Կնոջը պարեկային ծառայության մեքենային մոտեցնելու նպատակով, ոստիկանության աշխատակիցը մոտեցել է նրան, ինչից հետո վերջինս ոտքերով ու ձեռքերով  հարվածներ է հասցել հիշյալ պաշտոնատար անձի մարմնի տարբեր հատվածներին։ Ակցիայի մյուս մասնակիցների մոտենալուց հետո կինը հեռացել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝   պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը առերևույթ միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն նշված անձի ինքնությունը պարզելու, նրան վարույթն իրականացվող մարմին ներկայացնելու վերաբերյալ։
Այսօր 12:04
Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական դրդումներով խաթարելու դեպքի հանգամանքները։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:   Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով, իրավական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, 2024 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 16:25-ին, «Ford Tranzit» մակնիշի, «BMW X5» մակնիշի և «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենաներով Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհի՝ Մասիս համայնքի վարչական տարածքի հատվածի երթևեկելի գոտիներ են տեղափոխել և կուտակել բազմաթիվ անվադողեր։ Այնուհետև, իրենց նպատակին հասնելու համար, մի կողմից դեպի Երասխ, իսկ մյուս կողմից՝ դեպի Երևան ուղղություններով տեղադրված անվադողերը հրկիզման եղանակով այրել են, ինչի հետևանքով որոշակի ժամանակահատված ճանապարհի այդ հատվածում երթևեկությունը խաթարվել է:   Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսնգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խմբակային խուլիգանությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։   Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ նշված հանցավոր արարքն առերևույթ կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կատարվածի հանգամանքները պարզելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։   ՀՀ քննչական կոմիտեն նախազգուշացնում է ձեռնպահ մնալ հասարակական կարգը, հանրապետության կենսագործությունն ապահովող միջպետական և այլ նշանակության ճանապարհների երթևեկությունը նման հանցավոր եղանակներով խոչընդոտելուն ուղղված գործողություններից։ Նման բոլոր դեպքերը դարձվելու են մանրամասն քննության առարկա և հանցագործություն կատարած անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության։   Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այսօր 10:27
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
 |news.am|

Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին |news.am|

news.am: Այս գործընթացը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով  հարցին, թե ինչ գործով են պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին այսօր հրավիրել ՔԿ: Գոռ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց. «Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական գործողությունների մասին։ Բայց քանի որ Մախսուդյանն արդեն հայտնել է, թե իրեն ինչ քրեական վարույթի շրջանակներում են հրավիրել ՀՀ քննչական կոմիտե և փորձ է արվում դրան տալ քաղաքական աստառ, ընդամենը հարկ եմ համարում արձանագրել, որ վարույթի անջատված մասով շարունակվող նախաքննության շրջանակներում իրականացվում են ակտիվ քննչական և վարութային գորոծողություններ, մասնավորապես հարցաքննություններ են իրականացվում այդ ըթնացքում զորամասի որոշակի իրավասություններով օժտված պաշտոնատար անձանց հետ, որոնցից հերթականը, պլանավորված,  իրականացվում է Մախսուդյանի հետ։ Այսինքն այս գործընթացը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ նրա հրապարակային գործունեության հետ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով (hրդեհից առաջ նա զբաղեցրել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ–հրամանատարի տեղակալի պաշտոնը)։ Այդ մասին նա ասաց կոմիտեի բակում։  «Ազատ գյուղի հետ կապված ես որևէ վարույթով չեմ անցել, իսկ հիմա որոշել են, որ ես այս վարույթով պիտի անցնեմ։ Դա արդեն բոլորի համար հասկանալի է, ու ես ոչ մի բանից չեմ վախենում. իմ պայքարն արդար է, հանուն հողի, արդարության»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հիշեցնենք, որ Միհրան Մախսուդյանը ակտիվ մասնակցում է վերջին օրերին Ոսկեպարում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։
13:08 - 23 ապրիլի, 2024
Տավուշի պայքարին միացած Միհրան Մախսուդյանին ՔԿ են կանչել Ազատ գյուղի հրդեհի գործով
 |arm.sputniknews.ru|

Տավուշի պայքարին միացած Միհրան Մախսուդյանին ՔԿ են կանչել Ազատ գյուղի հրդեհի գործով |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի կացարանում 2023 թ. տեղի ունեցած հրդեհի գործով։ Այդ մասին նա ասաց կոմիտեի բակում հավաքված լրագրողներին։   2023 թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։ Հրդեհից առաջ Մախսուդյանը զբաղեցրել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ–հրամանատարի տեղակալի պաշտոնը։   «Ազատ գյուղի հետ կապված ես որևէ վարույթով չեմ անցել, իսկ հիմա որոշել են, որ ես այս վարույթով պիտի անցնեմ։ Դա արդեն բոլորի համար հասկանալի է, ու ես ոչ մի բանից չեմ վախենում. իմ պայքարն արդար է, հանուն հողի, արդարության»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Մախսուդյանը վստահեցրեց, որ իր ընտրած ճանապարհը հստակ է` ազատություն կամ մահ։   «Եթե այս գործով փորձում են ինձ լռեցնել, ես չեմ լռելու։ Եկեղեցուց 7 մետր այն կողմ թշնամու սահմանն է անցնում, ըստ մեր կառավարության` մենք պետք է գնանք այնտեղ ու ապահով մոմ վառե՞նք։ Եթե մի քանի մետր այն կողմ թուրքը կանգնի, այդ եկեղեցին մերը չի լինելու»,– ընդգծեց նա` խոսելով Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին, որը 7–րդ դարով է թվագրվում։   Ըստ նրա` եթե ՀՀ–ում կա մի մարդ, որ պատրաստ է թուրքի հետ ապրել, ինքը պատրաստ չէ նման քայլի գնալ։
10:48 - 23 ապրիլի, 2024
ԵԿՄ մեքենայից ցուցարարների ուղղությամբ դուրս թռչելու դրվագը եւս քննության առարկա է․ ՔԿ

ԵԿՄ մեքենայից ցուցարարների ուղղությամբ դուրս թռչելու դրվագը եւս քննության առարկա է․ ՔԿ

Տավուշի մարզում առերեւույթ խուլիգանության առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում քննության առարկա է նաեւ Բագրատաշեն տանող ճանապարհին «Երկրապահ կամավորական միության» մեքենայից ցուցարարների ուղղությամբ դուրս թռչելու դրվագը։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նշենք, որ «Մարտական եղբայրություն» կազմակերպությունը երեկ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում էր, որ ԵԿՄ պարբերանշանով մի ավտոմեքենա վարում է ճանապարհը փակած եւ պատնեշ կազմած ցուցարարների ուղղությամբ։ Չնայած ոստիկանների ներկայությանը՝ կողմերի միջեւ սկսվել էին բախումներ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այսօր տարածած հաղորդագրության՝ Տավուշի Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերեւույթ խուլիգանական արարքներ կատարելու առթիվ ձերբակալվել են «Մարտական եղբայրության» 7 անդամներ։ Կազմակերպությունը հայտարարել է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Մեր զրույցում Աբրահամյանը նշեց, որ ձերբակալված անձանց շրջանակը հաղորդագրության մեջ նշված է, մնացածի գործողությունները եւս քննության առարկա են։
15:55 - 22 ապրիլի, 2024
Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։  «2024 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամների և մի խումբ այլ քաղաքացիների կողմից փակվել է միջպետական ավտոճանապարհը։ Այդ ընթացքում Այրում բնակավայրի բնակիչը  պահանջել է բացել ճանապարհը, որից հետո իր կողմից վարվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները, խոչընդոտելով տրանսպորտային միջոցների ընթացքին, չեն թույլատրել: Հավաքված բազմության  կողմից իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ մարդկանց անդորրը խախտելով և հայհոյանքներով ուղեկցվող գործողությունների ընթացքում Ա․ Պ․-ն և դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ քաղաքացիներ ձեռքերով հարվածել և կոտրել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Առերևույթ խուլիգանական գործողությունները փորձել են կանխել ոստիկանության ծառայողները, սակայն այդ անձինք դիմել են փախուստի: Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ: Նշված միջադեպից հետո ճանապարհը բացելուց հետո՝ ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ խուլիգանության մասնակիցներից մեկը՝ Մ․ Ա․-ն, «Վոդխոզ» կոչվող հատվածում վիճաբանության մեջ է մտել ՀՀ ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գ․ Դանիելյանի (պատգամավոր Գառնիկ Դանիելյան-խմբ․) հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյելով, ճանապարհի վրա ձեռքով հարվածել է Գ․ Դանիելյանին և պատճառել մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ 2024թ․ ապրիլի 21-ին ՀՀ ՔԿ Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է նոր քրեական վարույթը, որը, քննությունը համատեղ իրականացնելու նպատակով միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։  Ձևավորվել է քննչական խումբ։ Ապրիլի 21-ին «Մարտական եղբայրություն» հասարակական կազմակերպության 7 անդամներ հանցանք կատարած լինելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշումներով ձերբակալվել են: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված դեպքերի բոլոր էական հանգամանքները պարզելու, միջադեպերի կողմերի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով»։  Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:23 - 22 ապրիլի, 2024
Պարզվել են «Սևան ազգային պարկ» -ում 2017-ին իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները

Պարզվել են «Սևան ազգային պարկ» -ում 2017-ին իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2017 թ․ ընթացքում իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները։ ՔԿ տարածած հաղորդագրության մեջ նշվում է․ «ՊՈԱԿ-ի և «Շրջ…» ՍՊ ընկերության միջև 2016թ. մայիսի 2-ին կնքվել է 6.020.000 ՀՀ դրամ արժողության՝ ծառայությունների մատուցման գնման պայմանագիր, որով նախատեսվել է իրականացնել 25.000 քմ տարածքի ցանկապատման, մեկ տարեկան շիվերից պատրաստված 300.000 կտրոնների տնկմամբ տնկարանի հիմնման աշխատանքներ: Պարզվել է, որ պայմանագրով նախատեսված ժամկետում «Շրջ..» ՍՊ ընկերության կողմից նախատեսված աշխատանքներ, մասնավորապես՝ տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված 600 գծամետր մետաղական ցանցի, 1.800 գծամետր փշալարի, 200 հենասյուների տեղադրմամբ 25.000 քմ տարածքի ցանկապատումը ամբողջ ծավալով չեն կատարվել, փոխարենը՝ ընդամենը 4.000 քմ մակերեսով տնկարան է հիմնվել՝ փաստացի չկատարելով ընդհանուրը՝ 3.682.691,85 ՀՀ դրամ արժողության աշխատանքները: Նման պայմաններում «Շրջ..» ՍՊ ընկերության տնօրեն, միաժամանակ նաև ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի պետի և ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց միջև կազմվել են պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարված լինելու հանգամանքը հաստատող կեղծ փաստաթղթեր, որոնց հիմքով ՊՈԱԿ-ի կողմից Ա/Ձ-ին փոխանցվել է պայմանագրի ամբողջ գումարը: Այդ կերպ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձը ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, երկու այլ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով հափշտակել է ՊՈԱԿ-ի խոշոր չափերով՝ 3.682.691,85 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության (նախկին) «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Կ...» Ա/Ձ-ի միջև 11.07.2017թ. կնքվել է «Մասնագիտական և լաբորատոր հետազոտություններ» ծառայությունների ձեռքբերման պայմանագիր, որով ծառայության ընդհանուր գինը կազմել է 3.000.000 ՀՀ դրամ:  Պարզվել է, պայմանագրով սահմանված ժամկետներում՝ 2017 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին, Ա/Ձ-ի կողմից չեն կատարվել պայմանագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես՝ չի իրականացվել թռչունների և ցերեկային թիթեռների մոնիթորինգ, թռչունների և թիթեռների ֆաունայի տարբերության վերլուծություն, էկոտուրիստական երթուղիների մշակում։ Այդ պայմաններում, սակայն, կազմվել են պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարված լինելու հանգամանքը հաստատող կեղծ փաստաթղթեր, որոնց հիմքով ՊՈԱԿ-ի կողմից Ա/Ձ-ին փոխանցվել է պայմանագրի ամբողջ գումարը: Այդ կերպ իր տեղակալի և Ա/Ձ-ի օժանդակությամբ վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձը վատնման եղանակով հափշտակել է նշված գումարը: Բացի այդ՝ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը, ՀՀ կառավարության համապատասխան որոշումից տեղեկանալով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս մասնաճյուղում 20 հա, իսկ Մարտունի մասնաճյուղում 44 հա մակերեսներով տարածքների անտառտնկարկների մաքրման համար ՊՈԱԿ-ի հետ 83.875.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամաշնորհի պայմանագիր կնքելու հեռանկարի մասին, մինչև 2017 թ. հոկտեմբերին պայմանագրի կնքումը իր ենթակաների միջոցով կազմակերպել և սկսել է մաքրման աշխատանքները, իսկ իր վաղեմի ծանոթներից՝ «Ար...» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, նույն աշխատանքների իրականացման վերաբերյալ ձևական պայմանագիր կնքելու մասին: Դրամաշնորհով ՊՈԱԿ-ին հատկացվող գումարի վերաբերյալ պայմանագիրը կնքելու օրը հատկացվող միջոցները խաբեությամբ հափշտակելու և այդ գումարի հանցավոր ծագումը թաքցնելու և դրան օրինական տեսք տալու նպատակով ՊՈԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձի նախաձեռնությամբ, առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման «Ար.» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ․-ն և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը ստորագրել են «Մարտունու» և «Նորատուս» տեղամասերում ընդհանուր 64 հա մակերեսով տարածքներում անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ պայմանագիր։  Պարզվել է, որ տեխնիկական հսկողություն իրականացնող «Պ.» ՍՊԸ-ն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչի պայմաններում տեխնիկական հսկիչը հաստատել է Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացված հաշվետվությունները, որոնց համաձայն՝ պայմանագրի շրջանակներում, իբրև թե, ՊՈԱԿ-ը կատարել է մաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով։ Մինչդեռ քննությամբ, հիմնավորվել է, որ սահմանված ժամանակահատվածում Մարտունու տեղամասում մաքրման ենթակա 44 հա տարածքից փաստացի մաքրվել է ընդամենը 28,43 հա տարածքը:     Դրա հիման վրա նախարարությունում հաստատված է համարվել, որ կատարված աշխատանքները համապատասխանում են պայմանագրի տեխնիկական բնութագրին, և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվին 3 փուլերով փոխանցվել է դրամաշնորհի պայմանագրի ողջ գումարը ընդհանուր շուրջ 83.875.000 ՀՀ դրամ` փաստացի 20.405.214 ՀՀ դրամի աշխատանքներ կատարված չլինելու պայմաններում:   Հանցավոր ծագում ունեցող 20.405.214 ՀՀ դրամի ՀՀ դրամին օրինական տեսք տալու նպատակով կատարողական կեղծ ակտի հիման վրա ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը հաստատել է դուրս գրված հաշիվ-ապրանքագիրը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվից «Ար.» ՍՊԸ-ի հաշվին է փոխանցվել 41.633.000 ՀՀ դրամ։ ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ն կատարել է ձևականորեն գրանցված աշխատակիցների համար օրենքով նախատեսված սոց. վճարները և այլ պարտադիր վճարումները, իսկ մնացած գումարը կանխիկացրել է և առձեռն հանձնել վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձին: Վերջինս գումարը ստանալուց հետո Ա.Պ.-ին վճարել է նախապես խոստացված 240.000 ՀՀ դրամ` 2 ամիս իրականացրած հաշվապահության համար, իսկ գումարի մի մասով կատարել վերցրած վարկի մասնակի մարում, մյուս մասը մուտքագրել իր հաշվեհամարին: Այս հանցավոր արարքները կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի, տեխնիկական հսկողություն իրականացնող «Պ...» ՍՊԸ տնօրենի, ՊՈԱԿ-ի Նորատուս և Մարտունի մասնաճյուղերի տնօրենների, «Ար...» ՍՊԸ տնօրենի, «Շրջ...» ՍՊԸ տնօրենի նկատմամբ` պաշտոնեական կեղծիք կատարելու, որոշների նկատմամբ 2 դրվագ ծառայողական լիազորություններն օգտագործելով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն կատարելու, իսկ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի և «Ար․․․» ՍՊԸ-ի տնօրեի նկատմամբ՝ նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։   2023 թվականի հուլիսին միջնորդություն էր ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել էր մասնակի և կիրառվել էր վարչական հսկողություն` համակցված գրավով: 10.08.2023թ-ին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի առաջին ատյանի որոշումը և նշված անձի նկատմամբ կիրառել կալանք` 2 ամիս ժամկետով, սակայն հնարավոր չի եղել նրան հայտնաբերել, քանի որ վնասելով վարչական հսկողության նպատակով մարմնին ամրացված հսկողության սարքը՝ վերջինս դիմել է փախուստի: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։  Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, մեկ անձի նկատմամբ նույն հիմքով հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել: Մյուս 4 անձանց մասով նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ Պատճառված վնասի վերականգման նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ անձանց անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելադրում։   Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
12:36 - 20 ապրիլի, 2024
«Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը

«Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի հաղորդակցության մասնագետ Աննա Թավաքալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին գրեթե բոլոր լրատվամիջոցներից զանգեր եմ ստացել, մեկնաբանության խնդրանքով... Այս պահին կարող ենք կիսվել հետևյալ տեղեկատվությամբ. «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հիվանդանոցի առօրյա աշխատանքը ոչ մի րոպե չի խափանվել և շարունակում է ընթանալ իր բնականոն հունով։ Նույնիսկ նմանատիպ իրավիճակներում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը: Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք զգուշորեն և մասնագիտական էթիկային և ՀՀ օրենքին համապատասխան լուսաբանեցին իրավիճակը»:  Նշենք, որ այսօր ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում, ակտիվ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։ «Ուիգմոր»-ից ավելի ուշ հաստատել էին, որ խոսքը իրենց ԲԿ-ի մասին է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս պահին քրեական վարույթի վերաբերյալ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։
15:41 - 19 ապրիլի, 2024
Քննչական կոմիտեն հերքում է Շենգավիթի բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը

Քննչական կոմիտեն հերքում է Շենգավիթի բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը

Քննչական կոմիտեն հերքում է Շենգավիթի բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են»,- գրել է խոսնակը։ Նա նշել է, որ անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։  «Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից»,- հայտարարել է Գոռ Աբրահամյանը։ Նա հայտնել է նաև, որ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ։ Ավելի վաղ տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները տեղափոխում և շտապ օգնության մեքենան նստեցնում մի քաղաքացու։ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։
15:31 - 19 ապրիլի, 2024
Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթով անցնող աղջիկը անմեղսունակ է ճանաչվել․ նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթով անցնող աղջիկը անմեղսունակ է ճանաչվել․ նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Թումանյան փողոցում և Մաշտոցի պողոտայում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ, ՌԴ քաղաքացի 22-ամյա երիտասարդն իր 19-ամյա ընկերուհու հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել խուլիգանական գործողություններ և հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու եղանակով շահույթ ստանալու շուրջ և այդ նպատակով կատարել են դերաբաշխում: 2023 թ․ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում նրանցից մեկը բարոյական նորմերի ակնհայտ կոպիտ խախտումներով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, անտեսելով փողոցներով զբոսնող բազմաթիվ քաղաքացիներին, իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հասարակության իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, բարձրացել է Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող վաճառակետի ցուցափեղկի վրա, որի պատճառով այն կոտրվել է: Ապա հարևանությամբ գործող վաճառքի կետի ցուցափեղկին շարված մրգերը նետել է աշխատակցի վրա՝ այդ կերպ ստորացնելով վերջինիս, որից հետո մոտեցել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող ծաղկի վաճառակետին և կրկին նույն դրդումներով ծաղիկները նետել է գետնին և տրորել դրանք՝ հնչեցնելով հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ: Նույն ընթացքում վերջինիս 19-ամյա ընկերուհին, անտեսելով փողոցներով զբոսնող բազմաթիվ քաղաքացիներին, այլոց ուշադրությունն իրենց խուլիգանական գործողությունների վրա սևեռելու նպատակով, հայհոյախառն արտահայտություններ է հնչեցրել և ամբողջ ընթացքում տեսանկարահանել և հասարակության անդամների համար հասանելի սոցիալական հարթակներում հրապարակել է ընկերոջ հակաօրինական և հակաբարոյական գործողությունները, քաջալերել դրանք՝ տալով անբարո արարքներ կատարելու նոր գաղափարներ՝ նպատակ ունենալով տարբեր սոցիալական հարթակներում տեղադրված այդ տեսանյութերի դիտումներից շահույթ ստանալ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով)։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ Նրա մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու համար, ուղարկվել են հսկող դատախազին: Նախաքննությամբ տվյալներ են ստացվել 19-ամյա աղջկա կողմից թմրանյութ օգտագործելու վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս նաև վարույթի շրջանակներում դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ, վարույթ իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նրա նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ մեղսագրվող արարքների նկատմամբ աղջիկը ճանաչվել է անմեղսունակ, և գնահատվել է, որ նա կարիք ունի հարկադիր բուժման: Ելնելով դրանից՝ 19-ամյա աղջկա վերաբերյալ մասն անջատվել է առանձին՝ բժշկական հարկադրանքի վարույթում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:03 - 19 ապրիլի, 2024
ԱՆ-ում և ԲԿ-ներից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ խոսնակ |factor.am|

ԱՆ-ում և ԲԿ-ներից մեկում սկսված քննչական և վարութային գործողությունները դեռ շարունակվում են․ ՔԿ խոսնակ |factor.am|

factor.am: ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով, որի շրջանակներում երեք օր առաջ խուզարկություններ էին կատարվել ՀՀ առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում, ակտիվ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։ Այս մասին Factor.am-ին հայտնել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «Ելնելով նախաքննության շահերից և չվնասելու համար քննությանը՝ այս պահին քրեական վարույթի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։ Այդուհանդերձ ներկա պահին նշված վարույթի շրջանակներում դեռևս որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ»,- հավելել է խոսնակը։ Թե ինչ գործի շրջանակներում են իրականացվում գործողությունները և որ բժշկական կենտրոնում, երեք օր անց էլ ո՛չ ՔԿ-ն, ո՛չ Առողջապահության նախարարությունը փակագծեր չեն բացում։ Ավելին, այդ օրը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, թե տեղյակ չէ, որ իր ղեկավարած գերատեսչությունում խուզարկություն է ընթանում։ Ապրիլի 16-ին, երբ խուզարկություն իրականացնելու մասին լուրեր տարածվեին, մամուլում հրապարակումներ եղան, որ քննչական գործողություններ կատարվում են «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում։ Ավելի ուշ հիվանդանոցը պարզաբանում տարածեց՝ հաստատելով, որ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունում կատարվել են քննչական գործողություններ: «Հիմք ընդունելով այն, որ ՀՀ օրենսդրության համաձայն նախաքննական մարմինների կողմից իրականացվող գործողությունները գաղտնի են և հրապարակվում են բացառապես վարույթն իրականացնող մարմնի համաձայնությամբ, ուստի հավելյալ տեղեկատվություն տրամադրելու իրավասություն «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական հաստատությունը չունի»,- պարզաբանել էին «Ուիգմոր»-ից։ Մինչ պատկան մարմինները լռում են, մամուլը հնարավոր պատճառների մասին է ենթադրություններ անում, թե խուզարկությունների առիթը պետպատվերի շրջանակներում թույլ տրված չարաշահումների, անհավասար բաշխման մասին տեղեկություններն են։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է։ Ըստ աղբյուրի՝ ահազանգողները պնդում են, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները, հերթագրված ստուգումներն ու վիրահատությունները և հորդորում սպասել։ ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը Factor.am-ի հետ զրույցում հերքեց մամուլում հրապարակված այն տեղեկությունը, թե պետպատվերով ծառայությունների համար նախատեսված բյուջեն գերակատարվել և սպառվել է՝ պնդելով, որ նման բան չկա։Մանրամասները՝ Factor.am-ում
14:19 - 19 ապրիլի, 2024
Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ

Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության պետ

Քննչական կոմիտեի նախագահի հրամանով արդարադատության առաջին դասի խորհրդական Մելսիկ Շիրվանյանը նշանակվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ՝ ազատվելով ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետի պաշտոնից: Կենսագրությունը Ծնվել է 1986 թվականի աեպտեմբերի 24-ին, Երևան քաղաքում:2007թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա 2009թ. նույն բուհի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2010թ.՝ ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը: Աշխատանքային գործունեություն 2010-2012թթ.՝ ՊԲ 36534 զորամասի 4-րդ հրաձգային վաշտի 2-րդ դասակի հրամանատար 2012-2013թթ.՝ ՊԲ 36534 զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով օգնական-սպա 2013-2014թթ.՝ ՀՀ ՊՆ 55191 զորամասի 2-րդ բաժանմունքի քննիչ III.2014-X.2014թթ.՝  ՀՀ ՊՆ 55191 զորամասի 1-ին բաժանմունքի ավագ քննիչ 2014-2016թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի ՀԿԳ քննիչ 2016-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ 2018-2021թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնի պետ II.2021-VII.2021թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնի պետ 2021- 2022թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնի պետ 2022-2024թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ Պարգևներ Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանով պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով, ինչպես նաև խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով: Այլ տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա:
12:41 - 19 ապրիլի, 2024
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության հերթական դեպքը։ Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից: «2024 թ․ մարտի 15-ին, ապօրինի թմրամիջոցներ ներմուծելու, պահելու և իրացնելու կասկածանքով, Սյունիքի մարզի Քաջարան-Կապան ավտոճանապարհից ձերբակալվել էին 42-ամյա կին ու 27-ամյա երիտասարդ։ Վերջինիս վարած ավտոմեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել էր ընդհանուր 3288 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, 2459 գրամ քաշով՝ «Հերոին» տեսակի թմրամիջոցի և 7505 գրամ քաշով՝ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածներ։ Դեպքի առթիվ իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ձերբակալված կինն  ու երիտասարդը, ևս մեկ՝ ինքնությունը պարզված տղամարդու, քննությամբ ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի ձեռք են բերել դեռևս չպարզված անձի կողմից մարտի 15-ին Իրանից Հայաստան մաքսանենգությամբ տեղափոխված, ապա ՀՀ ու ԻԻՀ սահմանին մոտ գյուղի  թաքստոցում տեղադրված՝ «Մեթամֆետամին», «Հերոին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող վերոնշյալ զանգվածները, որոնցից մի մասով իրականացված նախնական փորձաքննությամբ արդեն իսկ հաստատվել է դրանց թմրամիջոցներ լինելու հանգամանքը։ Այնուհետև 42-ամյա կինը ու 27-ամյա երիտասարդը ապօրինի ձեռք բերված թմրամիջոցները տեղավորել են իրենց կողմից վարձակալած ավտոմեքենայում,  դրանք վաճառքի համար նախատեսված տարբեր չափերի բաժանելու և ՀՀ-ում  իրացնելու նպատակով շարժվել Երևան քաղաքի ուղղությամբ, սակայն ճանապարհին ձերբակալվել են։ Կնոջ և վերոնշյալ երկու տղամարդկանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։ Կինը և երիտասարդը կալանավորվել են, իսկ ինքնությունը պարզված երրորդ անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ 2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է հարուցվել դատարան՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ։  Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են քննչական, ինչպես նաև օպերատիվ հետախուզական համալիր միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներն ու  թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խմբի բոլոր անդամներին բացահայտելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
18:07 - 18 ապրիլի, 2024