«Կարծում եմ դատավորին բացարկ կներկայացնենք». Սերգեյ Հարությունյան |news.am|
22:45 - 25 հունիսի, 2025

«Կարծում եմ դատավորին բացարկ կներկայացնենք». Սերգեյ Հարությունյան |news.am|

news.am: «Բագրատ սրբազանի և 15 այլ ընդդիմադիրների դեմ կալանքի միջնորդությունները մեծ ծավալի ֆարս են ու քաղաքական հետապնդում»։ Այս մասին դատարանի բակում հայտարարեց Բագրատ Սրբազանի պաշտպան Սերգեյ Հարությունյանը։

Նրա խոսքով, իշխանությունը, անմեղության կանխավարկածը արհամարհելով, ձերբակալվածներին արդեն մեղսագրում է արարքներ, որոնք նրանք չէին պատրաստվում իրականացնել։

«Արդեն դատավճիռներ են կպցրել նույնիսկ դատավարությունից առաջ։ Նրանց ընտրած դատավորից էլ պարզ է` գործի բնույթը ինչպիսին կլինի։ Կարծում եմ դատավորին բացարկ կներկայացնենք», - ասաց Հարությունյանը։

Այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։

Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել