news.am: Քիչ առաջ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին տեղափոխեցին ՀՀ քննչական կոմիտե։
ՔԿ շենքի մոտ նա նշեց, որ չգիտի՝ ինչ հիմքով են իրեն ձերբակալել եւ տեղափոխել Քննչական կոմիտե, նաեւ նշեց, որ իր բնակարանից որեւէ բան չեն գտել։
«Իմ ուղերձն այն է, որ պայքարը շարունակելու եմ։ Ես միայն կասեմ, որ ժողովուրդը դուխով լինի, չվախենա ոչ մի բանից»,- ասաց Մախսուդյանը։
Ավելի վաղ Մախսուդյանի որդին գրառում էր արել՝ նշելով. «Այսօր առավոտյան իրավապահ մարմինները խուզարկություն իրականացրին մեր ընտանիքին պատկանող Իջևանի և Ոսկեպարի տներում։ Խուզարկության ընթացքում որևէ անօրինական բան չհայտնաբերվեց։ Այնուամենայնիվ, իշխանությունները դիմեցին ապօրինության՝ ձերբակալելով հորս՝ Միհրան Մախսուդյանին։ Այս պահին նրան տեղափոխում են Քննչական կոմիտե։ Սա ոչ միայն անօրինական է, այլև քաղաքական հետապնդման հստակ դրսևորում»։
«Սրբազան պայքար» շարժման տելեգրամյան ալիքը հայտնում է նաև Արա Ռոստոմյանի, գնդապետ Միհրան Մախսուդյանի ձերբակալության մասին:
«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ ձերբակալվել է նաև գործարար Տիգրան Գալստյանը։ Նա նշել է, որ տասնյակ ձերբակալվածներ կան:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացրել նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում, ապա ձերբակալել Բագրատ Սրբազանին։
Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։
comment.count (0)