ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Արման Թաթոյանը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը

Արման Թաթոյանը Բելգիայի ԱԳՆ-ում ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը

ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ Բելգիայի ԱԳՆ-ում քննարկումներ է ունեցել բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, որի ընթացքում ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների հեռացման հրատապությունը և հիմքերը: Այս մասին ֆեյսուբքյան իր էջում գրառում է կատարել Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։    «Բելգիայի Արտաքին գործերի նախարարության Երկկողմ հարաբերությունների հարցերով գլխավոր տնօրեն Ջերոն Կուրմանի և Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի հարցերի տնօրեն Լյուկ Լիբաուտի հետ հանդիպմանը մանրամասն հիմնավորել եմ, որ պատերազմից անմիջապես հետո ադրբեջանական զինված ծառայողները միջազգային իրավունքի խախտումով հայտնվել են Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Այդ պահից սկսած ամեն օր խախտում են Հայաստանի բնակչության իրավունքները, խաթարել են մարդկանց նորմալ կյանքը:   Անդրադարձել եմ 2021թ. նոյեմբերի Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհների արգելափակմանը:   Այլընտրանքային ճանապարհը լուծում չէ, քանի որ ապահովված չէ մարդկանց անվտանգությունը. ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում ճանապարհը, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները:   Նշել եմ, որ խախտումների վերացման իրական լուծում ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը ոչ միայն չի նվազել, այլ խորացել է: Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին:   Մարդկանց իրավունքների պաշտպանությունը պահանջում է ապառազմականացված [անվտանգության] գոտի: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար:   Զուգահեռ ներկայացրել եմ ԵԱՀԿ, ՄԱԿ և այլ միջազգային պահանջներն ու միջազգային փորձը, որից բխում է այս առաջարկը:   Նշել եմ նաև, որ խախտումները բնույթով նույնն են նաև Արցախում, ինչի մասին վկայում են Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները:   Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների վերաբերյալ իմ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները (արհեստական դատավարություններ, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով և այլն):   Քննարկել ենք մարդու իրավունքների այլ հարցեր ևս` խոսքի ազատություն և լրագրողների մասնագիտական աշխատանքի պաշտպանություն, կանանց իրավունքների պաշտպանություն և այլն»,-ասված է գրառման մեջ։
12:50 - 26 հունվարի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր

ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին։Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր (լրագրողների մասնագիտական աշխատանք, կանանց ու երեխաների իրավունքներ և այլն):Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել 2021թ. դեկտեմբերին Ֆրանսիա իր այցի հետ կապված մանրամասներ։ Նա նշել է, որ Փարիզում կարևոր խորհրդակցություններ է անցկացրել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում: Դրանից բացի, Հայ դատի հանձնախմբի հրավերով հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի Սենատում Սենատի անդամների ու Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների, Ֆրանսիայի իրավունքների պաշտպանի, Լիոնի, Բուրգ Լե Վալանսի, Նիցցայի, Մարսելի, Դեսինի ղեկավարների հետ և այլն: Հանդիպումներ են եղել նաև Հայկական սփյուռքի առաջնորդների հետ:Արման Թաթոյանը դեսպանին տեղեկացրել է, որ այցի ընթացքում մանրամասն քննարկել է հետպատերազմական շրջանում մարդու իրավունքների վիճակի, Հայաստանի բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով անվտանգության գոտու ստեղծման անհրաժեշտության հետ կապված հարցեր։ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին, որ Ֆրանսիայի իշխանությունները Ֆրանսիայի հայ համայնքի իրավունքների հարցերն ուշադրության ներքո են պահում:
21:56 - 25 հունվարի, 2022
Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական․ Թաթոյան

Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՄԻՊ բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական․ Թաթոյան

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բարձրաստիճան պաշտոնյաներն իրավունք չունեն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու կամ այդ խնդիրները «փակելու» համար դրանք անվանել միակողմանի կամ քաղաքական: Մեր երկրում պետք է դադարի այս խիստ արատավոր երևույթը: Շաբաթ օրը՝ 2022թ. հունվարի 22-ին հրապարակեցի արտահերթ զեկույց, որը վերնագրված է «Հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ»: Այս զեկույցին հրապարակային արձագանքել է ՀՀ առողջապահության նախկին նախարարը, որը ներկայում ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր է: Ընդ որում, այս ոլորտում ևս մարդու իրավունքներին քաղաքական երանգ հաղորդելու համար այդ հայտարարությունը տարածել է նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Բարձրաստիճան նշված պաշտոնյան հեգնական գնահատական տալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի օրենքի հիման վրա հրապարակվող արտահերթ զեկույցին` այն անվանել է կողմնակալ: Այդ պաշտոնյայի հրապարակումից հստակ երևում է, որ նա ոչ միայն ծանոթ չէ շուրջ 150 էջից կազմված զեկույցի բովանդակությանը, այլ զեկույցի վերնագիրն անգամ չի ընթերցել: Ակնհայտ է, որ նա ծանոթ չէ նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. և մյուս տարեկան զեկույցներին` խնդիրների զարգացման կամ նվազման դինամիկայով: Նախ, գոնե նվազագույն մակարդակով ծանոթ լինելու դեպքում նա կտեսներ, որ զեկույցի վերնագրում ու ողջ տեքստում օգտագործված են ձևակերպումներ, որոնք բխում են օրենքներից, այդ թվում` «հոգեբուժական կազմակերպություն» հասկացությունը. այն նախատեսված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքով՝ որպես հիվանդանոցային կամ արտահիվանդանոցային ձևով բժշկական, այդ թվում՝ հոգեբուժական օգնություն և սպասարկում իրականացնող պետական կամ համայնքային հիմնարկ: Զեկույցի ողջ տեքստում «հոգեբուժարան» բառը գեթ մեկ անգամ օգտագործված չէ: Խիստ մտահոգիչ երևույթ է, երբ բարձաստիճան պաշտոնյան, ով զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնները և հիմա էլ խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա, կարող է կոնկրետ փաստերի վրա հիմնված Մարդու իրավունքների պաշտպանի մասնագիտական զեկույցների վերաբերյալ հրապարակային գնահատականներ տալ առանց այդ կարևոր փաստաթղթերի բովանդակությանը ծանոթանալու: Ավելին, խարանի և խտրականության դեմ պայքարից խոսող բարձրաստիճան պաշտոնատար անձին բարեկամաբար իրազեկում ենք, որ այդ նպատակի համար ոչ միայն պետք է փոխել կազմակերպությունների անուններ ու դա հետո «դարձնել դրոշակ», այլ պետք է զբաղվել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքների իրական պաշտպանությամբ, նրանց իրական բուժումով ու խնամքով: Ինչպե՞ս կբացատրի Առողջապահության նախկին նախարարը հոգեբուժական կազմակերպություններում մարդկանց անօրինական պահելու դեպքերն իր պաշտոնավարման օրոք, ինչպե՞ս կբացատրի, որ ակնհայտ օրենսդրական խախտումով մարդկանց ենթարկում են տարբեր բժշկական միջամտությունների,այդ թվում՝ հոգեմետ դեղամիջոցներով բուժման` առանց առհասարակ նրանց համաձայնության: Կամ ինչպե՞ս է ստացվում, որ մարդկանց նկատմամբ բուժում է իրականացվում նրանցից վերցված արհեստական ստորագրություններով, բայց փաստացի առանց նրանց համաձայնության, ինչպե՞ս բացատրել նրանց նկատմամբ ներգործության միջոցներն իրավունքները ոտնահարող եղանակով, ինչպե՞ս բացատրել համայնքահեն ծառայությունների ու բուժման այլընտրանքային մեթոդների բացակայությունը կամ եղածների դեպքում էլ դրանց խիստ անարդյունավետությունը, ինչպես նաև բուժաշխատողների անընդունելի սոցիալական երաշխիքները:  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը կազմվել է բարձր պրոֆեսիոնալ թիմի (սոցիոլոգ, իրավաբան, հոգեբան, բժիշկ, այդ թվում՝ հոգեբույժ) մասնագիտական աշխատանքի արդյունքում` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ղեկավարությամբ: Բոլորն անցել են հատուկ ուսուցում, մեծ մասը նաև միջազգային կառույցների փորձագետներ են [այդ թվում միջազգային մակարդակի], ղեկավարվում են միջազգայնորեն երաշխավորված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատած ուղեցույցերով, իսկ նրանց մի մասը նաև զբաղվում է իրական գիտական աշխատանքով թե´ Հայաստանում, թե´ արտերկրում:  Զեկույցում կոնկրետ օրինակներով արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց դրանք կա՛մ դրվագային են ու վերաբերում են կոնկրետ հաստատության, կա՛մ իրականացվել են Առողջապահության գործող նախարարի օրոք: Նշված են անգամ տարբերակված գերատեսչական ենթակայության խնդիրները Առողջապահության նախարարի հրամանների խախտման տեսանկյունից: Մանրամասները զեկույցում են:  Այնպես որ, ՀՀ առողջապահության նախարարի, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձից, ՀՀ ԱԺ կառավարող խմբակցության անդամից խստորեն պահանջում ենք չփորձել քաղաքականացնել մարդու իրավունքների ոլորտը և քաղաքական քողով թաքցնել նախարարի պաշտոնում իր աշխատած ժամանակվա անգործությունն ու մարդու իրավունքների խախտումները»:
11:26 - 25 հունվարի, 2022
Դեռ 2018-ից համակարգային փոփոխություններ են արվել հոգեկան առողջության պահպանման ոլորտում․ Ա․ Թորոսյան

Դեռ 2018-ից համակարգային փոփոխություններ են արվել հոգեկան առողջության պահպանման ոլորտում․ Ա․ Թորոսյան

ԱԺ պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հայտարարություն է տարածել, որով պատասխանել է ՄԻՊ Արման Թաթոյանին։ «Մի քանի օր է, ինչ գործող ՄԻՊ Արման Թաթոյանը թմբկահարում է «Հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումների մասին» ու որ դրանք 2017թ.-ից այս կողմ չեն փոփոխվել: Միայն այն, որ «զեկույցի» վերնագրում խոսվում է «հոգեբուժարանների» և ոչ թե հոգեկան առողջության պահպանման կենտրոնների մասին, ինչպես այդ բժշկական հաստատությունները կոչվում են արդեն մի քանի տարի է (վերջինը անվանափոխվել է իմ կողմից 2019 թվականին), խոսում է նրա մասին, որ կա հոգեկան առողջության պահպանման ոլորտի վերջին տարիների բարեփոխումները և դրական առաջընթացը ստվերելու միտում: Նույնիսկ այդ անվանափոխությունների մեջ մենք տրամաբանություն ենք դրել, որպեսզի պայքարենք խարանի և խտրականության դեմ այդ հաստատություններում բուժում ստացող կամ ապրող մեր քաղաքացիների նկատմամբ, փոխենք վերաբերմունքը նրանց նկատմամբ թե' բժշկական հաստատություններում, թե' հանրության շրջանում: Պարոն Թաթոյանը սակայն միտումնավոր չի նկատում դա ու կրկին հրամցնում է հասարակությանը խարանի և խտրականության մարմնավորում հանդիսացող տերմինը և դրա տրամաբանությունը: Նույն թելը երևում է բուն տեքստում: Դեռ 2018 թվականից մենք աշխատել ենք թե' գործող հոգեկան առողջության պահպանման կենտրոնների շենքային պայմանների լավացման, թե' ոլորտում համակարգային փոփոխությունների իրականացման վրա: Շարունակաբար լավացվել են Սևանի և Ավանի հոգեկան առողջության պահպանման կենտրոնների շենքային պայմանները, պացիենտների սնունդը, գիշերելու պայմանները, հագուստը, դեղորայքը: Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ի թիվս վերոնշյալի նաև հենց հիմա պետական բյուջեի միջոցների հաշվին տեղի է ունենում ամբողջական վերակառուցում և վերազինում: Այս փոփոխությունների ականատեսն են բոլոր մեր պացիենտները և նրանց հարազատները, որոնք և կփաստեն խոսքերիս ճշմարտացիությունը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտի համակարգային բարեփոխումները սակայն ինչ-որ չափով դանդաղեցին մինչ օրս ձգվող կորոնավիրուսային համավարակի և պատերազմի պատճառով և ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում ավելի կակտիվանան. դա եղել է մեր կառավարության առաջնահերթություններից մեկը և այդպես էլ մնալու է: Հուսով եմ նաև, որ առողջապահության նախարարությունը մանրամասն կանդրադառնա «զեկույցում» զետեղված հանգամանքներին և դրանց ճշմարտացիությանը, իսկ ես ևս մեկ անգամ արձանագրում եմ մարդու իրավունքների պաշտպանի կողմնակալությունը, այդ թվում ոչ այդքան քաղաքական հարցում, ինչպիսին է մեր քաղաքացիների հոգեկան առողջության պահպանման կարևոր ոլորտը»։ Նշենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանը ևս հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր՝ բարձրաստիճան պաշտոնյաները ՄԻՊ-ի բարձրացրած խնդիրներից մարդկանց ուշադրությունը շեղելու իրավունք չունեն։
11:20 - 25 հունվարի, 2022
Անահիտ Ավանեսյանը արձագանքել է Արման Թաթոյանի՝ հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող զեկույցին

Անահիտ Ավանեսյանը արձագանքել է Արման Թաթոյանի՝ հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումներին վերաբերող զեկույցին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրապարակած զեկույցին, որը վերաբերում էր հոգեբուժարաններում մարդու իրավունքների խախտումներին:   Նախարարն ափսոսանք է հայտնել, որ այդ ոլորտում իրականացված վերջին երեք տարիների ահռելի աշխատանքը գրեթե չի արծարծվել զեկույցում։   «Առաջիկայում հանգամանալից կանդրադառնանք զեկույցում տեղ գտած բոլոր հանգամանքներին և համապարփակ կներկայացնենք իրականացված աշխատանքները։   Այժմ մի քանի կետ այն մասին թե ինչ է փոխվել 2018-ից հետո:   Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին օրենքը և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերը ամբողոջովին վերափոխվել են և արժանացել են նաև ՄԻՊ բարձր գնահատականին։   Առաջին անգամ Հոգեկան առողջության ազգային կենտրոնը ընդգրկվել է կապիտալ ծախսերի ծրագրում, և պետությունը գումարներ է հատկացրել ամբողջական վերակառուցման համար։ Աշխատանքները մեկնարկել են 2021 թ.։ Մինչ այդ մի շարք վերանորոգման և կահավորման աշխատանքներ են արվել՝ պացիենտներին ապահովելու հնարավորինս պատշաճ կենցաղային պայմաններով՝ նոր զուգարաններ, լոգասենյակներ, մահճակալներ, սպասք, սպիտակեղեն և այլն։   Ամբողջապես վերանայվել է սննդակարգը և ապհովվում է ըստ նորմատիվների։   Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, ուր տարիներ ի վեր մարդիկ անգամ անձնագիր հանելու հետ կապված խնդիրներ են ունեցել, լրջագույն փոփոխություններ են տեղի ունեցել թե՛ դեղորայքի տրամադրման, թե՛ սննդակարգի փոփոխության, սպիտակեղենի, հագուստի, հանգստի ռեժիմի, հոգեբանական նոր ծառայության ներդրման, ջերմոցի կառուցման և այլ մասերով։ Առաջիկայում կվերանորոգվի խոհանոցը։   Երկար տարիներ պացիենտները չեն ունեցել հնարավորություն օգտվել գործիքային և լաբորատոր հետազոտություններից, ատամնաբուժական ծառայություններից և այլ բժշկակական միջամտություններից, որոնք հասանելի են այսօր։   Փոփոխվել են զսպման միջոցների կիրառման միջոցները և իրավական կարգավորումները։   Կանոնակարգվել է ոչ հոժարակամ բուժման մեխանիզմները և դրանց վերահսկման միջոցները։   Կանոնակարգվել է պացիենտների կենսաթոշակների ստացման հարցերը։   Ի վերջո, Հայաստանում բացվել է ամբողջովին վերանորոգված, հագեցված և մասնագիտական ներուժով համալրված մանկական հոգեբուժական ստացիոնար բաժանմունք «Ավան» հոգեկան առողջության տանը։   Արդյոք հոգեկան առողջության առումով դեռ խնդիրներ և մարտահրավերներ կան, իհարկե, այո, և մենք քայլ առ քայլ լուծելու ենք դրանք, բայց այս ոլորտում երեք տարիների ընթացքում շատ բան է փոխվել, և դա պատշաճ չարձանագրել և ասել՝ «2018-ից հետո նույն իրավիճակն է», մեղմ ասած, ազնիվ չէ»,- գրել է նախարարը:  
20:08 - 24 հունվարի, 2022
Արտահերթ զեկույց՝ հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ․ ՄԻՊ

Արտահերթ զեկույց՝ հոգեբուժական կազմակերպություններում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների ապահովման վերաբերյալ․ ՄԻՊ

հոգեբուժական կազմակերպություններում պահվող մարդկանց իրավունքների խախտումների վերաբերյալ 2017 թվականի այցերի արդյունքներով 2018թ. մարտի 22-ին հրապարակած արտահերթ զեկույցից հետո ընդհանուր պատկերը չի փոխվել մինչ օրս։ Նման եզրահանգում է արել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ստորեւ՝ զեկույցում տեղ գտած հիմնական դրույթները, որոնք հրապարակել է ՄԻՊ աշխատակազմը։ Շաբաթ օրը հրապարակած արտահերթ զեկույցը ցույց է տալիս, որ գործնականում վիճակը նույնն է՝ սկսած Կառավարության ոչ թիրախային համակարգային քաղաքականությունից ու դանդաղ քայլերից մինչև անուշադրություն հոգեկան առողջություն ունեցող մարդկանց նկատմամբ: Զեկույցի գնահատականները հիմնված են 2021թ. ընթացքում «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, «Սևանի հոգեկան առողջության կենտրոն», «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» և «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» այցերի, բողոքների, ստացած պարզաբանումների, ինչպես նաև իրականացվել է համեմատություն նախորդ տարիների հետ: Ընդհանուր գնահատականն այն է, որ հոգեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վերհանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականացնել ՝ անկախ գերատեսչական ենթակայությունից: Հիմնական խնդիրները՝ Հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ: Գլխավոր հարցերում չի վարվում միասնական քաղաքականություն: Հոգեբուժական կազմակերպությունների տարբերակված գերատեսչական ենթակայությունը խոչընդոտ է միասնական քաղաքականության համար: Այս մասին նշել եմ դեռ 2018 թվականի զեկույցում։ Հոգեբուժական կազմակերպությունները գործում են Առողջապահության նախարարության, մարզպետարանների ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ։ Հաճախ են Առողջապահության նախարարի հրամանների պահանջները խախտվում ոչ իր ենթակայությամբ գործող հոգեբուժական կազմակերպություններում: Գոյություն չունի փոխհամաձայնեցված համագործակցություն, ինչն էլ առաջացնում է միասնական մոտեցումների բացակայություն, վերահսկողության հարցերում բացթողումներ և այլն: Շարունակվող խնդր է վճարովի ծառայությունների մատուցումը (մանրամասները Զեկույցում են)։ Հոժարակամ և ոչ հոժարակամ բուժման հետ կապված խնդիրները շարունակում են մնալ քրոնիկ և պահանջում են հիմնարար լուծումներ։ Գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ տարբեր հոգեբուժարաններում օգտագործվել են օրենքով չնախատեսված մեխանիկական զսպման միջոցներ: Մասնավորապես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում կիրառվել է «չոր փաթաթում» և «թաց փաթաթում»: Սա իրենից ներկայացնում է սառը ջրով թրջած սավանով փաթաթում: Նման պրակտիկան խիստ անթույլատրելի է: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նույնպես կիրառվում են սավանի կտորներ, որոնք դժվարությամբ են արձակվում: Հոգեբուժական կազմակերպություններում կամ առանձին բաժանմունքներում առկա չեն ֆիզիկական զսպման համար առանձնացված սենյակներ: Հոգեբուժարաններում արձանագրվող խնդիրներից է նաև որպես դեղորայքային հանդարտեցման միջոց օրենքով չնախատեսված դեղամիջոցների կիրառումը: Գործնականում չեն պահպանվում ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջները: Ավելին, օրինակ, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալի նկատմամբ, որպես դեղորայքային զսպման միջոց, կիրառվել է դեղամիջոց, որը ներառված չէ նախարարի՝ ոլորտը կարգավորող որևէ հրամանում: Կամ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում որպես դեղորայքային հանդարտեցման միջոց կիրառվել է դեղամիջոցների համադրություն, որը նույնպես ներառված չէ որպես հանդարտեցման միջոց օրենսդրությամբ սահմանված թույլատրելի դեղամիջոցների ցանկում: Շարունակում է մտահոգիչ մնալ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցների զուգակցված կիրառումը՝ առանց պատշաճ հիմնավորման: Ոչ մի հոգեբուժարանում, մենք գտնում ենք, որ ֆիզիկական զսպման և դեղորայքային հանդարտեցման միջոցի զուգակցումը չի հիմնավորվել: Հոգեբուժարաններում շարունակում է նաև մտահոգության առարկա լինել ժամկետանց դեղերի առկայությունը, ինչպես նաև դեղերի պահման ռեժիմի և պայմանների խախտումները: 2021 թվականին այդպիսի դեպքեր հայտնաբերվել են դիտարկված բոլոր հոգեբուժարաններում: Մեկ այլ խնդիր կապված է հոգեբուժական կազմակերպություններում դեղորայքի պահման սանիտարահիգիենիկ անբավարար պայմանների հետ: Ուսումնասիրված հոգեբուժական բոլոր կազմակերպություններում տարբեր բաժանմունքների դեղապահարաններում առկա են եղել կտրած դեղաթիթեղներ, որոնց ժամկետն ամրագրող հատվածը բացակայել է։ Արձանագրվել են նաև դեղաթիթեղից դուրս բերված՝ բաց վիճակում պահվող դեղահաբեր։ Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման անհատական ծրագրերում հոգեբուժական տարբեր կազմակերպություններում շարունակում է գերակշիռ տեղ զբաղեցնել դեղորայքային բուժումը, իսկ այլընտրանքային (արտթերապիա, ուսումնական, զբաղմունքային, աշխատանքային և այլն) բուժման ծրագրեր գրեթե չեն իրականացվում: Գերբնակեցվածության հետևանքով հոգեբուժական կազմակերպությունների հիվանդասենյակներում առկա են չափազանց խիտ դասավորված, իրար կիպ դրված, նույնիսկ իրար միացված մահճակալներ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ)։ Մտահոգիչ է նաև, որ հոգեբուժական կազմակերպություններում մահճակալները տեղադրված են անմիջապես հիվանդասենյակի մուտքի մոտ՝ մասնակիորեն խոչընդոտելով պացիենտների մուտքը դեպի սենյակ (Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Սա նախևառաջ մարդու արժանապատվության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության երաշխիքների ոտնահարում է: Շարունակում է մտահոգիչ մնալ այն, որ հոգեբուժական կազմակերպությունների հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց բուժումն ու խնամքը կազմակերպվում է միջանցքներում տեղադրված մահճակալներին: Մասնավորապես, նման պրակտիկա է արձանագրվել Սևանի հոգեկան առողջության կենտրոնում, որտեղ բաժանմունքի միջանցքում տեղադրված է եղել մահճակալ, և հանգստի ժամին այնտեղ քնած է եղել հոգեբուժական կազմակերպությունում բուժում ստացող կին պացիենտ: Ըստ բաժանմունքի բժշկական անձնակազմի՝ պացիենտը միջանցքում է տեղավորվել՝ բաժանմունքի հիվանդասենյակների ծանրաբեռնվածության պատճառով: Կանխարգելման ազգային մեխանիզմն արձանագրել է մտահոգիչ պրակտիկա հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց լոգանքի հետ կապված: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնի բաժանմունքներից մեկում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք հագուստը փոխել են լոգանքից առաջ և մաքուր ու լվացված հագուստը հագել են մինչև բաղնիք գնալը: Ավելին, լոգանքի նախապատրաստումը կազմակերպվել է բաժանմունքի միջանցքում, որտեղ բոլոր պացիենտները միաժամանակ մերկացել են, հանել հագուստը և հագել նորը: Հոգեբուժական կազմակերպություններում արձանագրվել են նաև հագուստի անհատականացման խնդիրներ: Մասնավորապես, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի խնամարկյալներից շատերը չեն ճանաչել իրենց հագուստը և այդ պատճառով լվանալուց հետո ողջ հագուստը բաժանվել է պատահականության սկզբունքով: Մեր ուշադրության ներքո են եղել հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների, այսինքն՝ երեխաների հոգեկան առողջության հարցերը: Այս ոլորտում 2021 թվականի հոկտեմբերի 1-ից «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում շահագործվել է մանկական հոգեբուժական բաժանմունք՝ 12 անչափահաս անձանց հիվանդանոցային սպասարկման համար: Սա, իհարկե, դրական զարգացում է: Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանի նկատառումների հիման վրա ներդրվել են ավելի արդյունավետ և ժամանակակից զսպման միջոցներ` Առողջապահության նախարարի հետ համագործակցությամբ: Շարունակում է խնդրահարույց մնալ մարզերում [հեռավոր] բնակվող անչափահասների ստացիոնար հոգեբուժական օգնության և սպասարկման կազմակերպումը: Մարզերում տեղակայված հոգեբուժական կազմակերպությունները հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անչափահասների ստացիոնար պայմաններում հոգեբուժական օգնություն և սպասարկում տրամադրել չեն կարող, քանի որ չունեն համապատասխան պայմաններ և արտոնագիր: Նրանց տեղափոխումն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության տրանսպորտային միջոցով, որի համար վճարվում է պատկառելի գումար (օրինակ՝ Վանաձորից-Երևան՝ 75.000 ՀՀ դրամ) ։ ՀՀ գլխավոր դատախազությունը մեզ տրամադրել է տվյալներ այն մասին, որ 2021 թվականի ընթացքում հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքեր չեն արձանագրվել, սակայն ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն՝ միայն Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում 2021 թվականին արձանագրվել է ինքնավնասման 10 դեպք: Սա վկայում է այն մասին, որ հոգեբուժական կազմակերպություններում ինքնավնասման դեպքերի մասին իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն տեղեկացվում, ինչը խնդրահարույց է: Շարունակում է մտահոգիչ մնալ նաև այն, որ ոչ բոլոր հոգեբուժական կազմակերպություններում են գիշերային ժամերին հերթապահում հոգեբույժներ, իսկ հերթապահություն իրականացնող միջին բուժանձնակազմի քանակը բավարար չէ: 2021 թվականի ընթացքում ուսումնասիրված բոլոր հոգեբուժական կազմակերպություններում առկա է եղել շենքային պայմանների բարելավման և վերանորոգման կարիք: Ուսումնասիրված հոգեբուժական կազմակերպությունների սանհանգույցները հիմնականում հարմարեցված չեն եղել տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կամ հոգեմետ դեղորայք ընդունող պացիենտների տեղաշարժի համար՝ հավասարակշռության պահպանման հաշվառմամբ: Բաժանմունքների սանհանգույցներում զուգարանները մեծամասամբ միմյանցից որևէ կերպ առանձնացված չեն եղել, որոշ զուգարանակոնքեր չեն ունեցել նստատեղ: Սանհանգույցներում արձանագրվել են նաև ասիական տիպի զուգարաններ, իսկ հիգիենայի և անհրաժեշտ այլ պարագաները բացակայել են: Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր այցի ընթացքում արձանագրվել է, որ պացիենտներին հսկելու նպատակով բաժանմունքի միջանցքում, սննդի ընդունման և ժամանցի համար առանձնացված հատվածում, տղամարդկանց համար նախատեսված սանհանգույցի նախասրահում և որոշ հիվանդասենյակներում տեղադրված են եղել տեսախցիկներ: Հիվանդասենյակներում տեսախցիկների առկայությունն անթույլատրելի է և խախտում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց մասնավոր կյանքի գաղտնիությունը: Խմելու ջրի, լոգանքի և լվացքի կազմակերպման հարցում ևս առկա են խնդիրներ։ Հոգեբուժական կազմակերպությունների լոգարաններում արձանագրվել են անբավարար պայմաններ: Այսպես, Սևանի հոգեկան առողջության կենտրոնում և Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում լոգախցիկները բաժանված չեն եղել միջնապատով կամ բաժանված են եղել ոչ ամբողջական պատով: Լոգախցիկները նաև չեն ունեցել դռներ: Մտահոգիչ է, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոնում բաղնիքը հանգստյան օրերին չի շահագործվում, իսկ աշխատանքային օրերին առաջանում են տաք ջրով ապահովման դժվարություններ՝ ջրատաքացուցիչ համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի հետևանքով: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ այցի ընթացքում արձանագրվել է, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող խնամարկյալների լոգանքը կազմակերպվում է լոգարանում՝ սալիկապատ քարե նստարանին նստած վիճակում, որի սալիկները եղել են կոտրտված, և բարձր է եղել վնասվածք ստանալու հավանականությունը։ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում խնամարկյալների հագուստի և սպիտակեղենի մի մասը չորացվել է հոգեբուժական կազմակերպության ցանցապատ պարսպի վրա, իսկ մյուս մասը՝ այդ թվում նաև ներքնազգեստներ, գետնին՝ աղբի և ծխախոտի մնացորդների վրա: Նշվածը նվաստացնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց արժանապատվությունը և խիստ անընդունելի է: Զեկույցում խոսվում է նաև այն մասին, որ պետք է ստեղծել հոգեբուժական կազմակերպությունների աշխատակիցների պատշաճ պայմաններ և բարձրացնել աշխատավարձերը, զարգացնել սոցիալական երաշխիքները: Զեկույցում արձանագրված են նաև դրական զարգացումները, բայց այդ փոփոխություններն ինչ էլ, որ եղել է կապված են կա՛մ Առողջապահության միայն գործող նախարարի ձեռնարկած մի շարք կարևոր քայլերի հետ (օրինակ` 10-ից ավելի նոր ակտերով կարգավորումները), կա՛մ դրվագային են` կապված առանձին հոգեբուժարանների հետ (օրինակ` Առողջապահության նախարարության ենթակայությամբ «Նուբարաշենի», «Ավանի» հոգեբուժարան, կամ ողջունելի է այն, որ «Սևանի» հոգեբուժարանում հոգեբանները փաստաթղթավորել են պացիենտների հետ իրականացրած աշխատանքը, նախատեսվածի վերանորոգել վերջինի խոհանոցը): Մանրամասները զեկույցում են: Առողջապահության նախարարության այս քաղաքականությունը պետք է զարգացնել արագ տեմպերով և ուժեղացնել վերահսկողությունը նախարարի նշված նոր հրամանների կատարման նկատմամբ: Արձանագրված այս և մյուս խնդիրների վերացմանն ուղղված առաջարկներ կուղարկվեն իրավասու մարմիններին։ Մանրամասները՝ զեկույցում։
17:09 - 24 հունվարի, 2022
Մարդը պետք է զգա, որ իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք․ Թագուհի Թովմասյան |tert.am|

Մարդը պետք է զգա, որ իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք․ Թագուհի Թովմասյան |tert.am|

tert.am: Հասարակության մեջ, քաղաքական դաշտում շատ է խոսվում մարդու իրավուքնների պաշտպանության անհրաժեշտության մասին, բայց մենք պետք է հասնենք նրան, որ մարդն ինքը զգա, որ ՀՀ-ում պաշտպանված է։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Քանի դեռ կոնկրետ գործիքակազմի կիրառմամբ մարդը չի հասկացել, որ պաշտպանված է, մնացած հայտարարությունները՝ առանց փաստերի, մնալու են օդում կախված։ Մարդը պետք է զգա, որ կառավարությունը, իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք։ Այս առումով շատ կարևոր դեր ունի մարդու իրավունքների ապագա պաշտպանը, որ պետք է ոչ միայն հայտարարություններով սահմանափակվի, այլև շատ ավելի կարևոր գործիքակազմերի կիրառի»,-ասաց պատգամավորը։
13:40 - 24 հունվարի, 2022
ՄԻՊ թեկնածուն ծպտուն չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին․ Ա. Մանուկյան |hetq.am|

ՄԻՊ թեկնածուն ծպտուն չի հանի, որովհետև նրան հենց դրա համար են նստեցնում այդ պաշտոնին․ Ա. Մանուկյան |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված Քրիստինե Գրիգորյանի վերաբերյալ հարցի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն անդրադարձավ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանյաց արարողությանը: Նա միացրեց ձայնագրություն, որտեղ Պապիկյանը անդրադառնալով կորոնավիրուսային համավարակին, նշել էր, որ շարունակում է խնդիր մնալ հավաքույթներ և մասնավորապես հարսանյաց հանդեսները: «Յուրաքանչյուրիս գործողությամբ կարող են փրկվել կյանքեր և անգործությամբ կարող են արձանագրվել մահեր: Մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն»,-ձայնագրության մեջ ասում էր Պապիկյանը: Պատգամավորի խոսքով` դեռ երեք տարի առաջ Պապիկյանը կերազեր նման օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանյաց հանդես անել: Այս խոսքերից հետո քաղաքական մեծամասնության պատգամավորներից տեղից արձագանքում էին, սակայն նախագահող Ալեն Սիմոնյանը սաստեց գործընկերներին և զգուշացրեց` դահլիճից կհեռացնի, եթե տեղից խոսեն: «Իմ հիշատակած անձնավորությունը, իր քաղաքական թիմի անդամներն ու իրենց հրահանգավորող ղեկավարը շաբաթ օրը մասնացել են հարսանիքի, հարսանիք, որն իր ճոխությամբ չէր զիջում նախկին իշխանությունների ժամանակ պաշտոնյաների կողմից կազմակերպվող նմանօրինակ միջոցառումներին: Հարսանիք, որն արվում էր նույն ժամանակ, երբ Ադրբեջանը մտել է ինքնիշխան տարածք ու ամիսներով դուրս չի գալիս»,-ասաց Մանուկյանը: Պատգամավորը տարակուսանք հայտնեց, թե հարսանյաց հանդեսի ներկաներից քանիսից են պահանջել պատվաստումը հավաստող տեղեկանք, ինչպես նաև հավելեց` կոռուպցիոն ռիսկի առերևույթ կասկածներ են առաջանում: Շարունակությունը՝ hetq.am-ում
12:38 - 24 հունվարի, 2022
Խանդանյանն ակնկալում է, որ ապագա ՄԻՊ-ը ոչ միայն կբարձրաձայնի խնդիրները եւ ցույց կտա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ կլինի խնդիրների էության մեջ

Խանդանյանն ակնկալում է, որ ապագա ՄԻՊ-ը ոչ միայն կբարձրաձայնի խնդիրները եւ ցույց կտա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ կլինի խնդիրների էության մեջ

Սահմանադրությունը եւ ՄԻՊ մասին սահմանադրական օրենքը հստակ սահմանում են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, սակայն ժամանակը եւ ժամանակի ստեղծած մարտահրավերները փոխում են առաջնահերությունները, եւ նոր ակնկալիքներ են առաջանում Մարդու իրավունքների պաշտպանից։ Այս մասին ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ խոսելով այդ ակնկալիքների մասին։ «44-օրյա պատերազմը եւ դրանից հետո Հայաստանում ստեղծված անվտանգային հարցերը ՄԻՊ-ից նոր ակնկալիքներ են ձեւավորում։ Դրանց մասին ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանն արդեն խոսել է։ Հաջորդ հարցը կորոնավիրուսի համավարակն է, ի հայտ եկան ոչ միայն մարդու իրավունքների, այլեւ այդ համակարգի պաշտպանության խնդիրներ։ Եղան իրավիճակներ, երբ զանազան քաղաքական շահերից ելնելով՝ համավարակը կանխարգելելու՝ պետության վարած քաղաքականությունը խանգարելու կամ ստվերելու նպատակով սկսեցին մարդու իրավունքների պաշտպանության քողի ներքո հանդես գալ վտանգավոր քարոզչությամբ՝ հակադրելով առողջության պահպանման իրավունքն այլ իրավունքների հետ, մասնավորապես ազատ տեղաշարժի իրավունքի, կարծիքի արտահայտման ազատության, հավաքներիա զատության կամ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի հետ։ Նույն խմբերի կողմից նույն վարքագծին ականատես ենք լինում հիմա, երբ ընթանում է պատվաստումային գործընթացը»,- ասաց Խանդանյանը՝ նշելով, որ նման իրավիճակում իր ակնկալիքը ոչ միայն իրավական բնույթի գնահատականներ տալն է, այլ հստակ դիրքորոշում հայտնելը, հանրությանը կողմնորոշելը, հանրային առողջությանն ու բարօրությանը նպաստելը։ «ՄԻՊ-ից իմ ակնկալիքն է նաւե, որ նա ոչ միայն բարձրաձայնի խնդիրները եւ ցույց տա մարդու իրավունքների խախտումների մակերեսը, այլ խորամուխ լինի խնդիրների էության մեջ, վերլուծի այդ խնդիրները ծնող պատճառները։ Ակնկալում եմ, որ ՄԻՊ-ը չի սահմանափակվելու հայտարարություններ տարածելով, լրատվամիջոցների դեր չի ստանձնելու։ Հայտարարություն տարածելը պետք է կիրառել որպես վերջին գործիք, երբ  ՄԻՊ գործիքակազմն այլեւս սպառվել է»,- ասաց Խանդանյանը։
12:10 - 24 հունվարի, 2022
«Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մանավանդ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո գործունեությունը․ Սեյրան Օհանյան |tert.am|

«Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մանավանդ 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո գործունեությունը․ Սեյրան Օհանյան |tert.am|

tert.am: ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության մեջ պետության, հասարակության, անհատի անվտանգության և կայուն զարգացման, գործունեության ընթացքում այնպիսի կարևոր ուղղությունների շարքում, ինչպիսիք ժողովրդավարության հիմունքներն են, դատաիրավական համակարգի անաչառությունը, սոցիալական արդարությունը, անչափ կարևոր դերակատարություն ունի նաև իրավունքի գերակայությունը։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրությանը։ «ՄԻՊ գործունեությունը երկար տարիներ հղկվել է ՀՀ-ում, և «Հայաստան» դաշինքը բավականին բարձր է գնահատում ՄԻՊ Արման Թաթոյանի՝ մանավանդ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գործունեությունը՝ սահմանային համայնքների, հակառակորդի հետ անմիջական շփման մեջ գտնվող սահմանային բնակչության իրավունքների պաշտպանության հարցերում»,-ասաց նա՝ նշելով, թե Արման Թաթոյանը կարողացել է բարձրացնել բոլոր առկա խնդիրները, թերությունները և հանցագործությունները, որ կատարել է թուրքադրբեջանական տանդեմը։ Շարունակությունը՝ tert.am-ում
11:37 - 24 հունվարի, 2022
Ըստ ՄԻՊ թեկնածուի՝ սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը |armenpress.am|

Ըստ ՄԻՊ թեկնածուի՝ սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում դրված են մարդու իրավունքի հարցերը |armenpress.am|

armenpress.am: Սահմանագծման, սահմանազատման գործընթացի հիմքում են դրված մարդու իրավունքի հարցերը: Նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանն ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը: «Սահմանագծումն ու սահմանազատումը, բացի այն, որ շատ բարդ կոմպլեքս պրոցես է՝ նաև քաղաքական բաղադրիչով, բայց դրա հիմքում  դրված են մարդու իրավունքի կարևոր հարցերը: Երբ նայում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ-ի պրակտիկային, նաև այն ուղեցույցին, որը շատ մանրամասն զարգացված է այս կազմակերպության կողմից, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, սոցիալական իրավունքները, կրթության ապահովման իրավունքը, կյանքի իրավունքը, անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը և այլն»,-ասաց Գրիգորյանը: Ըստ նրա՝ ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի երկրում տեղի ունեցող պրոցեսներում, վստահեցնում է, որ ընտրվելու դեպքում լինելու է այդ պրոցեսում, օգտագործելու է իր հարաբերությունները և կառուցելու է հարաբերություններ՝ թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման և  տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այդ խնդիրները հասցեագրեն: «Ես հեռու եմ այն գայթակղությունից, որ ընդհանրապես ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարությունն է»,-ասաց թեկնածուն:
11:20 - 24 հունվարի, 2022
Տարբեր հոգեբուժարաններում կիրառվել են օրենքով չնախատեսված մեխանիկական միջոցներ․ Արման Թաթոյան  |tert.am|

Տարբեր հոգեբուժարաններում կիրառվել են օրենքով չնախատեսված մեխանիկական միջոցներ․ Արման Թաթոյան |tert.am|

tert.am: 2018-ին ես հրապարակել էի հատուկ արտահերթ զեկույց՝ այս ոլորտում տարիներով կուտաված խնդիրների վերաբերյալ։ Այս զեկույցը նպատակ ունի ցույց տալու, թե ինչ է փոխվել 2017-2021 թվականների ընթացքում։ Ցավոք, մեծ հաշվով, գործնականում վիճակը նույնն է՝ սկսած կառավարության մակարդակով ոչ ճիշտ պետական քաղաքականությունից մինչև անփույթ վերաբերմունք, անուշադրություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով հոգեբուժարաններում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի վերաբերյալ արտահերթ զեկույցը։ Նա հայտնեց, որ 2021-ին այցելել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոն, Սևանի հոգեկան առողջության կենտրոն, Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ։ Նրա խոսքով՝ եղած դրական փոփոխությունները դրվագային են։ «Հագեկան առողջության ոլորտի համակարգային խնդիրների լուծմանը համապարփակ մոտեցում չի ցուցաբերվել, չկան այս հարցին վերաբերող ռազմավարական փաստաթղթեր, որոնք թույլ կտային վեր հանված խնդիրները կարգավորել միասնական քաղաքականության շրջանակներում և պատշաճ հսկողություն իրականացնել՝ անկախ գերատեսչական ենթակայությունից»,-ասաց նա։ Թաթոյանի դիտարկմամբ՝ գլխավոր խնդիրը շարունակում է մնալ այն, որ ՀՀ-ում հոգեկան առողջապահությունը կենտրոնացած է հիվանդանոցային հաստատություններում, և գոյություն չունեն համայնքահեն ծառայություններ։ «Պացիենտները երկարաժամկետ ստացիոնար բուժման ընթացքում գտնվում են հոգեբուժարաններում ու այդ կերպ մեկուսանում են ընտանիքներից, շրջապատից և հասարակությունից։ Նրանց օգնությունը և սպասարկումը չպետք է սահմանափակվի միայն հոգեբուժարաններով, նրանց պետք է հասանելի լինեն այլընտրանքային իրական ծառայություններ»,-ասաց ՄԻՊ-ը։ Անդրադառնալով հարկադիր բուժման վերաբերյալ խնդիրներին՝ Թաթոյանը հայտարարեց, որ Սևանի հոգեկան առողջության կենտրոն այցի ընթացքում պահվել է 402 անձ, նրանցից ընդամենը 8-ի նկատմամբ է կիրառված եղել բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, մնացած 394 պացիենտների փաստաթղթերում նշված է եղել, որ նրանք այնտեղ գտնվում են սեփական կամաարտահայտությամբ և ստանում են հոժարակամ բուժում։ Շարունակությունը tert.am կայքում
14:00 - 22 հունվարի, 2022
Կառավարությունը չի հաստատում  մեր հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը, և մեկ տարուց ավելի մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մեջ ենք․ Արման Թաթոյան |tert.am|

Կառավարությունը չի հաստատում մեր հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը, և մեկ տարուց ավելի մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մեջ ենք․ Արման Թաթոյան |tert.am|

tert.am: Լրագրողները ՄԻՊ–ի ռազմավարական գործընկերներ են, առաջիկայում արտահերթ զեկույց կհրապարակենք՝ կապված լրագրողների աշխատանքի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով իշխանության  կողմից լրագրողների նկատմամբ վերաբերմունքին, որակումներին։ Նա նշեց, որ լրագրողական հասարակական կազմակերպությունների տարածած հայտարարության հետ համակարծիք են։ «Ես ուզում եմ բոլոր պաշտոնատար անձանց զգուշացնել, որ լրագրողների աշխատանքի հետ կապված ընդհանրական որակումները ոչ միայն լրագրողի աշխատանքի նկատմամբ մեծացնում են կարծրատիպերը, այլ նաև ժողովրդագրական, մարդու իրավունքների համակարգի համար են վնասակար։ Սա պետք է բոլորը նկատի ունենան»,–ասաց նա։ Ինչ վերաբերում է իր՝  Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ ժողովրդավարության և մարդու իրավունքների գրասենյակ դիմելուն, նա ասաց, որ դիմել է, քանի որ ներպետական միջոցները սպառվել էին։ «Կառավարությունը չի հաստատում  մեր հաստիքացուցակները, պաշտոնների անվանացանկերը, որը մեզ հնարավորություն կտար աշխատակազմում փոփոխություններ կատարել։ Այս պատճառով մեկ տարուց ավելի մենք աշխատակազմում լուրջ ճգնաժամի մեջ ենք»,–ասաց նա և նշեց, որ գործ ունեին բյուրոկրատական քաշքշուկների հետ։ Շարունակությունը՝ tert.am կայքում
12:44 - 22 հունվարի, 2022
Գորիսում ուսուցիչները չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով․ ամենագնացը չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊ

Գորիսում ուսուցիչները չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով․ ամենագնացը չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ-որ մեկը մտածում է, թե Ադրբեջանն այս ճանապարհները փակել է առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկվելու ու մարդկանց կյանքը ինչ աստիճա՞ն է դժվարանալու: Ադրբեջանական զինված ծառայողները բացահայտ  հանցավոր արարքներով 2021թ. նոյեմեբերից փակել են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները. ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները: Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Օրինակ` Գորիս համայնքում ուսուցիչները, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: Բա սա կրթության ու աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում չէ՞: Դժվարանցանելի է ու հատկապես վատ վիճակում է, օրինակ, Տաթև-Կապան ճանապարհի հատվածը, որ տանում է դեպի Բարձրավան: Բա սա մարդու ազատ տեղաշարժման ու դրա հետ կապված մյուս իրավունքների խախտում չէ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Այս ամենն այսօր ճշտել ենք: ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողներն են անձնվիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գյուղեր ու այն էլ շատ դժվար: Բա ինչպե՞ս է ապահովվելու շտապ բժշկական օգնության հասանելիությունը, հոսպիտալացումները և այլն: Բա սա առողջության պահպանման ու կյանքի իրավունքի հարց չէ՞: Այստեղ արժանապատվության հարցեր չկա՞ն: Սրան գումարած՝ թե՛ Գորիսի, թե՛ Կապանի դեպքում նշված գյուղեր տանող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից: Դիտարկվող է դարձել նաև Կապանի Գեղանուշ գյուղը, որով այդ ճանապարհը տանում է դեպի Ճակատեն ու մյուս գյուղերը: Այդ երկրի զինվորականների ուղիղ թիրախի ներքո են: Այսինքն՝ ապահովված չէ նաև անվտանգությունը: Ու ինչու՞ պետք է ադրբեջանական զինված ծառայողների, իշխանությունների որևէ հիմք չունեցող, պարզապես հանցավոր արարքների պատճառով մեր բնակիչները նման զրկանքներ կրեն: Բա սա չի նշանակու՞մ, որ դա արված է մեր խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու դիտավորությամբ, որ ատելության քաղաքականությունը շարունակվում է ու չի ավարտվել: Այս պայմաններում, Ադրբեջանի խաղաղասիրությունը կարող է ազնիվ կամ իրական լինե՞լ: Այս բոլոր հարցերը պետք է լինեն մեր երկրի պետական քաղաքականության հիմքում: Բա ո՞նց կարելի էր ասել, թե ճանապարհներին նրանց հայտնվելը «ադրբեջանական տարածք է ու մենք ոչինչ չենք կարող անել», ո՞նց կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները և դեռ մի հատ էլ քաղաքականացնել նրանց, ովքեր բարձրացնում են մարդու իրավունքների հարցերը: Բա մարդկանց պատճառվող այսքան զրկանքները քաղաքական հարցե՞ր են: Բա անվտանգությունն ու մարդու իրավունքները կարելի՞ է մարդուց կտրել: Հակառակը՝ պետության ուղիղ պոզիտիվ պարտավորությունն է պաշտպանել այդ իրավունքները, ամեն ինչ անել, որ մարդուց անվտանգությունը չկտրվի ու չքաղաքականացվեն մարդու իրավունքների հարցերը: Հակառակ դեպքում ուղղակի անվտանգությունից էլ ամբողջությամբ կզրկվենք: Պետք է նրանց հեռացնելու ուղղությամբ աշխատել, որ մեր բնակիչների միջազգայնորեն երաշխավորված իրավունքները վերականգնվեն: Այնպես որ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից և վերջ: Մեր քաղաքացիները, մեր ողջ երկրի խաղաղ բնակչությունը չպետք է զրկանքներ կրի տարիների խորքից եկող հայատյացության քաղաքականություն տանող ադրբեջանական իշխանությունների պատճառով: Մենք ունենք մեր իրավունքները պաշտպանելու, արժանապատիվ ապրելու օրինական իրավունքներ: Միջազգային կանոնները դա անել թույլ են տալիս. ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ու մյուս կառույցների կանոններ»:
10:34 - 22 հունվարի, 2022