ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

Սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին. Միրզոյան

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը 2025 թ. մայիսի 26-27-ին Երևանում կազմակերպում է «Երևանյան երկխոսություն» 2-րդ միջազգային համաժողովը: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ Ֆեյսբուքի էջից։   «Այս տարի քննարկումներն անցկացվելու են «Նավարկելով անհայտության միջով» խորագրի ներքո։ Երկխոսության շրջանակում անդրադարձ է կատարվելու գլոբալ նոր աշխարհաքաղաքական միտումների, խաղաղության և անվտանգության մարտահրավերների ու հեռանկարների, աճող տնտեսական հակասությունների և անորոշությունների, ինչպես նաև տարածաշրջանային համագործակցության, այդ թվում՝ ընդլայնված կապուղիների և առևտրի միջոցով ընձեռնվող առավելությունների վերաբերյալ հարցերի։ Քննարկումների շրջանակներում կհասցեագրվեն նաև այն ուղիները, որոնք հնարավորություն են տալիս «բնության հետ ապրել ներդաշնակ», այդ թվում՝ առաջիկա COP30 և COP17 համաժողովների առաջնահերթությունները, ինչպես նաև խորությամբ կուսումնասիրվեն արհեստական բանականության՝ միաժամանակ վերափոխող և բարդ ազդեցությունները։   ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Այսօրվա բարդ միջավայրը ձևավորվում է աշխարհաքաղաքական ու տնտեսական անորոշությունների միջով, որոնք ենթադրում են նշանակալի փոփոխություններ, բայց նաև ստեղծում են նոր հնարավորություններ։ Բաց և իմաստալից երկխոսությունն ունի էական նշանակություն արդյունավետ լուծումներ մշակելու հարցում։ Այս համատեքստում, սպասում եմ առաջիկա «Երևանյան երկխոսության» շրջանակներում ծրագրված քննարկումներին»։   Թեմատիկ քննարկումները կներառեն հետևյալ ուղղությունները՝ գլոբալ աշխարհաքաղաքական միտումներ, խաղաղության և անվտանգության դիլեմաներ, ԵՄ-ում և դրա հարևանությամբ առկա միտումները, հաղորդակցություններ. առևտուր և տրանսպորտ, արհեստական բանականության քաղաքականություն, կանաչ զարգացում։ Այս տարվա միջոցառումը կազմակերպվում է «Դիտորդ հետազոտականհիմնադրամի» (ORF) (Observer Research Foundation) հետ գործընկերությամբ, «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի և Վարշավայի անվտանգության ֆորումի (Warsaw Security Forum) հետ համագործակցությամբ, ինչպես նաև Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության՝ Վերլուծության, պլանավորման և ռազմավարության կենտրոնի աջակցությամբ։   Օրակարգը և հավելյալ տեղեկատվությունը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքէջում. yerevandialogue.com»,- նշված է գրառման մեջ։
Այսօր 17:10
Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան |azatutyun.am|

Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան |azatutyun.am|

azatutyun.am: Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն, «Ազատության» հարցին ի պատասխան այսօր տեղեկացրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Հարցին՝ կա՞ն բանակցություններ Բաքվի հետ, եթե՝ այո, ապա դրանք Ադրբեջանի նախապայմանների շո՞ւրջ են, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը պատասխանեց․ - «Ամեն ինչ ասված է, ըստ էության, թարմացնելու տեղեկատվություն այս պահին չկա, մենք ինչպես պատրաստ էինք վայրկյան առաջ սկսել խորհրդակցություններ, այնպես էլ հիմա ենք պատրաստ: Ցավոք սրտի, տարբեր հայտարարություններ ենք լսում ադրբեջանական կողմից, առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում համբերությամբ զինվենք, գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
12:32 - 09 մայիսի, 2025
ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԱԿ և զարգացման այլ միջազգային գործընկերների դերը Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման գործում

ԱԳ փոխնախարարը կարևորել է ՄԱԿ և զարգացման այլ միջազգային գործընկերների դերը Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման գործում

Մայիսի 5-ին կայացել է ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակային փաստաթղթին (UNSDCF) նվիրված քննարկում՝ ՀՀ գերատեսչությունների, ՄԱԿ գործակալությունների և զարգացման գործընկեր պետությունների մասնակցությամբ:  Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսոսոմոնյանը և ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է ՄԱԿ և զարգացման այլ միջազգային գործընկերների դերը Հայաստանի զարգացման օրակարգի առաջմղման և ի հայտ եկող մարտահրավերները հասցեագրելու գործում: Ընդգծվել է, որ Հայաստան-ՄԱԿ Կայուն զարգացման նոր շրջանակային փաստաթուղթը լավ հարթակ է ձևավորում կողմերի միջև առավել արդյունավետ և համակարգված համագործակցություն ապահովելու համար: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է զարգացման գործընկերների հետ համագործակցությունը՝ Հայաստանի կարիքներից և առաջնայնություններից բխող թիրախային ծրագրերի իրականացման համար՝ ի նպաստ առավել խոցելի խմբերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների խնդիրների հասցեագրմանը, ինչպես նաև բնական և այլ ճգնաժամերի նկատմամբ Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը: ԱԳ նախարարի տեղակալը նշել է, որ Հայաստանի բարեփոխումների օրակարգն առաջ մղելու առումով կարևոր է ոչ միայն արդյունավետ քաղաքականությունների մշակումը, այլև անհրաժեշտ գործիքակազմի ու տեխնոլոգիաների տրամադրումը և կարողությունների ամրապնդումը:    
10:00 - 06 մայիսի, 2025
Սլովակիայի արտաքին գերատեսչությունը չի մեկնաբանում այդ երկրի պաշտպանության նախարարի կեղծ պնդումները Հայաստանի մասին |hetq.am|

Սլովակիայի արտաքին գերատեսչությունը չի մեկնաբանում այդ երկրի պաշտպանության նախարարի կեղծ պնդումները Հայաստանի մասին |hetq.am|

hetq.am: Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարարությունը չի արձագանքել «Հետքի» հարցմանը, որով խնդրել էին մեկնաբանել այդ երկրի պաշտպանության նախարար, փոխվարչապետ Ռոբերտ Կալինյակի (Robert Kaliňák) վերջին կեղծ պնդումները Հայաստանի մասին: Այս տարվա փետրվար եւ մարտ ամիսներին Կալինյակը, նկատի ունենալով Արցախը, հայտարարել էր, թե Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը՝ փաստացի մեր երկիրը ներկայացնելով որպես օկուպանտ: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, մասնավորապես՝ Արարատ Միրզոյանի գլխավորած ԱԳՆ-ն, այս ուղղությամբ որեւէ պատասխան քայլ չի ձեռնարկել՝ Սլովակիայից պարզաբանում, բացատրություն չի պահանջվել, Հայաստանում այդ երկրի դեսպանը ԱԳՆ չի կանչվել, նրան բողոքի հայտագիր (նոտա) չի ներկայացվել: ՀՀ ներկա իշխանությունների նման պասիվ, վախվորած ու հարմարվող արտաքին քաղաքականությունը զայրացրել է Սլովակիայի հայ համայնքին, որի ներկայացուցիչը «Հետքին» փոխանցել է, որ հայկական կողմի այդպիսի պահվածքի հետեւանքով Ռ. Կալինյակը շարունակում է պրոադրբեջանական կեղծ թեզեր տարածել տեղական մեդիայով: Մեկ այլ հոդվածում «Հետքը» գրել էր, որ իրենց հարցմանն ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ն տվել է լղոզված մեկնաբանություն՝ կոնկրետ ոչինչ չասելով սլովակ պաշտոնյայի վերոնշյալ հայտարարությունների մասին: «Հետքը» թեմայի վերաբերյալ հարցում էր ուղարկել նաեւ Սլովակիայի արտաքին եւ եվրոպական հարցերի նախարար Յուրայ Բլանարին (Juraj Blanár): Հաշվի առնելով, որ Սլովակիայի «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով հարցմանը պատասխանելու համար սահմանված է 8 աշխատանքային օր, որն արդեն անցել է, եւ որեւէ արձագանք չի ստացվել, «Հետք»-ը հրապարակել է այն հարցերը, որոնց վերաբերյալ Սլովակիայի կառավարության արտաքին գերատեսչությունը դիվանագիտական լռություն է պահպանել՝ միաժամանակ անտեսելով սեփական օրենսդրության պահանջները:  Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
11:18 - 05 մայիսի, 2025
Հայաստանի մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Հայաստանի մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին

Մայիսի 2-ին Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած ՄԱԿ-ի ԳՔ հետ ունեցած առանձնազրույցի ընթացքում, կարևորելով ՄԱԿ-ի հետ հարաբերությունների հետևողական ընդլայնումը, դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) 2026թ. Հայաստանում հյուրընկալելու կապակցությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։ Զրուցակիցները անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի։ Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանում տևական կայունության և խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի կողմից գործադրվող հետևողական ջանքերն՝ առանձնանշելով «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի» արդեն իսկ համաձայնեցված տեքստի առանց հապաղման ստորագրման կարևորությունն, ինչպես նաև Հարավային Կովկասի փոխկապակցվածությանը և ենթակառուցվածքային ողջ ներուժի բացահայտմանը ուղղված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման նշանակությունը։
10:06 - 03 մայիսի, 2025
Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին

Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանը մայիսի 2-ին իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի  նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։  Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը`  ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ արձանագրել է Հայաստանի և Կիպրոսի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և կարևորել ոլորտային փոխգործակցության ներուժի լիարժեք իրացումը, ինչպես նաև ԵՄ շրջանակներում սերտ համագործակցությունը:  Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Թորգոմյանը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձն ու բարեմաղթանքներն է փոխանցել Կիպրոսի նախագահին և ժողովրդին։ Դեսպանը վերահաստատել է իր հանձնառությունը առավելագույն ջանքերը ներդնելու երկու երկրների միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության առավել խորացման ուղղությամբ։  Դեսպանը ներկայացրել է նաև Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ և ընդգծել Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը։ 
17:06 - 02 մայիսի, 2025
ԱԳ նախարարի տեղակալը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները

ԱԳ նախարարի տեղակալը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը` հատկապես հաշվի առնելով Գրասենյակի փորձագիտական կարողությունները: ԱԳ նախարարի տեղակալը բարձր հանձնակատարին է ներկայացրել Հայաստանում մարդու իրավունքների ոլորտում իրականացվող բարեփոխումները: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներին՝ ընդգծելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը: ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է հումանիտար բնույթի հարցերի, մասնավորապես՝ անհետ կորածների ճակատագրերի բացահայտման և Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ազատ արձակման խնդրի հասցեագրումը։
22:12 - 30 ապրիլի, 2025
Տևական ընդմիջումից հետո Չինաստանը Հայաստանում դեսպան է նշանակել

Տևական ընդմիջումից հետո Չինաստանը Հայաստանում դեսպան է նշանակել

Ապրիլի 28-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ Կողմերն գոհունակությամբ նշել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների դինամիկ զարգացումը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամությունը: Երկուստեք կարևորվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու և բազմոլորտ համագործակցությունը խթանելու հանձնառությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև միմյանց համար հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Չինաստանը շուրջ 9 ամիս դեսպան չուներ Հայաստանում։ Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յունն իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ–ում ավարտել էր 2024-ի հուլիսին։
12:47 - 28 ապրիլի, 2025
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի հետևանքով զոհվածների ընտանիքներին |armenpress.am|

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Կանադայում փառատոնի ժամանակ վրաերթի հետևանքով զոհվածների ընտանիքներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կանադայի Վանկուվեր քաղաքում մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվածների ընտանիքներին։  Այս մասին ասված է ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ «Մենք խորին ցավակցություն ենք հայտնում զոհերի ընտանիքներին՝ լսելով Վանկուվերի «Լապու Լապու» փառատոնի ժամանակ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների մասին լուրը։ Բոլոր տուժածներին մաղթում ենք ուժ և շուտափույթ ապաքինում»,-նշված է ԱԳ նախարարության գրառման մեջ։ Կանադայի Վանկուվեր քաղաքում մեքենայով մարդկանց բազմության մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի։ Իրավապահները միջադեպը չեն որակում որպես ահաբեկչություն։ Դեպքը տեղի է ունեցել ֆիլիպինյան համայնքի փառատոնի ժամանակ, տեղական ժամանակով ապրիլի 26-ի երեկոյան։ Դեպքի վայրում ձերբակալվել է վանկուվերցի 30-ամյա մի տղամարդ։ Ըստ ոստիկանության՝ նա բազմիցս հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատճառով։ Ապրիլի 27-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ոստիկանապետի պաշտոնակատար Սթիվ Ռաին հայտնել է, որ տասնյակ մարդիկ վիրավորվել են, նրանցից մի քանիսի վիճակը ծանր է։ Զոհերի թիվն, ըստ նրա, առաջիկա օրերին և շաբաթներին կարող է աճել։ Ոսստիկանությունն առայժմ չի պարզել հարձակման շարժառիթը։
11:15 - 28 ապրիլի, 2025
Բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության. ՀՀ ԱԳՆ

Բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության. ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձում ասված է․ «Այսօր՝ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, հարգանքի տուրք ենք մատուցում և ոգեկոչում ցեղասպանության հետևանքով նահատակված 1,5 միլիոն հայերի հիշատակը: Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը: Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները կանխելու հրամայականի գիտակցումն էր նաև, որ հանգեցրեց Ցեղասպանության հանցագործությունն իրավաբանորեն սահմանելու անհրաժեշտությանը, որը դրսևորվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» 1948 թվականի ՄԱԿ կոնվենցիայի ընդունմամբ: Այդուհանդերձ, Մեծ Եղեռնը ցավալիորեն ոչ միայն չմնաց 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված վերջին ոճրագործությունն, այլև ատելության, ռասայական և էթնիկ անհանդուրժողականության հիմքով նոր զանգվածային հանցագործությունների շարունակում ենք ականատես լինել նաև 21-րդ դարում: Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այն նախաձեռնություններում, որոնք միտված են նման հանցագործությունների միտումները վաղ շրջանում հայտնաբերելուն, դրանց արագ արձագանքելուն, կանխարգելելուն և այդ հանցագործությունները բացառելուն: 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ն ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ի շարունակություն նախորդ տարիներին ընդունված բանաձևերի՝ 2024թ. ապրիլին ևս ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևը: Այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլևս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության: Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը և նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցել խտրականությունից և բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության և խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր»:
10:13 - 24 ապրիլի, 2025
ՀՀ ԱԳ նախարարը  ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՀՀ-ին առնչվող հարցերում ԵԽԽՎ և ԵԽ մյուս մարմինների կողմից արտահայտված դիրքորոշումները

ՀՀ ԱԳ նախարարը ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՀՀ-ին առնչվող հարցերում ԵԽԽՎ և ԵԽ մյուս մարմինների կողմից արտահայտված դիրքորոշումները

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ՀՀ կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված առաջընթացը։    Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել են ժամանակակից պայմաններում ժողովրդավարական արժեքների հարգման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները։  ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։  Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր հանգրվան կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում: 
19:54 - 23 ապրիլի, 2025
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին |armenpress.am|

Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցել է Հնդկաստանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի ընտանիքներին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Պահալգամ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ։ Ցնցված ենք Պահալգամում տեղի ունեցած սարսափելի ահաբեկչության մասին: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։ Հայաստանը եղբայրական Հնդկաստանի կողքին է ընդդեմ ահաբեկչության ցանկացած ձևի»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգում արված գրառման մեջ։ Առնվազն 28 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ջամու և Քաշմիր նահանգում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով: Տեղական կառավարության ղեկավար Օմար Աբդուլլան, սակայն, նշել է, որ զոհերի թվի մասին պաշտոնական ճշգրիտ տվյալներ դեռ չկան։ Տարածաշրջանում հակաահաբեկչական գործողություն է իրականացվում։ Հարձակումը տեղի է ունեցել Պահալգամ քաղաքում, որտեղ եղել են մեծ թվով զբոսաշրջիկներ։ Զինյալների  խումբը կրակ է բացել նրանց վրա։ Զբոսաշրջիկները հիմնականում հնդիկներ են։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վճռականորեն դատապարտել է ահաբեկչությունը Պահալգամում, ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
10:20 - 23 ապրիլի, 2025
ՀՀ ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատել UNESCAP-ի աջակցությունը Հայաստանում բարեփոխումների գործընթացին

ՀՀ ԱԳ փոխնախարարը բարձր է գնահատել UNESCAP-ի աջակցությունը Հայաստանում բարեփոխումների գործընթացին

Ապրիլի 21-ին Բանգկոկում անցկացվող ՄԱԿ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի (UNESCAP) 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստանի և հանձնաժողովի միջև համագործակցության շուրջ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել UNESCAP-ի աջակցությունը Հայաստանում բարեփոխումների գործընթացին, ինչպես նաև վերջինիս դերը տարածաշրջանում համագործակցության խթանման և կայուն զարգացման գործում: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 2026թ. Երևանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին՝ այս առումով ընդգծելով միջազգային գործընկերների ներգրավվածության կարևորությունը։ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը, որը նպատակ ունի բոլոր ներգրավված երկրների ինքնիշխանության և իրավազորության պահպանման, ինչպես նաև փոխադարձության և հավասարության սկզբունքների հիման վրա ձևավորել տարածաշրջանում տնտեսական փոխկապակցվածության նոր ուղիներ և ապահովել տարածաշրջանային ենթակառուցվածքների համապարփակ, ներառական և ոչ խտրական օգտագործումը:  ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը և տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանը։ Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության համաձայնագրի շուտափույթ ստորագրման կարևորությունը։
16:05 - 21 ապրիլի, 2025
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։ Հայտնում է Արտաքին գործերի նախարարությունը: «Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։   ՀՀ ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տարածաշրջանային հարցեր։ Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարևորելով երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։ Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարևորությունը: Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաև ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ ՀՀ կողմից առաջ քաշված կառուցողական առաջարկները: Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ընդգծվել է Հարավային Կովկասի՝ որպես յուրահատուկ խաչմերուկի՝ մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը. «հենց այս ընկալումն է դրված ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում»,- հավելել է նախարար Միրզոյանը։ Արարատ Միրզոյանը և Ֆերիդուն Սինիրլիօղլուն մտքեր են փոխանակել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ»,- նշվում է հաղորդագրությունում:
09:50 - 21 ապրիլի, 2025