ԱՊՀ

Անկախ պետությունների համագործակցությունը (ԱՊՀ) ձևավորվել է 1991թ. դեկտեմբերի 8-ին՝ Բելառուսի, Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների կողմից, ովքեր ստորագրեցին Անկախ պետությունների համագործակցության ստեղծման մասին համաձայնագիր:

1991թ-ի դեկտեմբերի 21-ին 11 ինքնիշխան պետություններ ստորագրեցին վերոնշյալ համաձայնագրին կից արձանագրություն, համաձայն որի, մասնակից պետությունները, իրավահավասար հիմունքներով ձևավորում են ԱՊՀ-ն:

1993թ. ԱՊՀ-ին անդամակցեց Վրաստանը, որն էլ ԱՊՀ կազմից դուրս եկավ 2009թ. օգոստոսի 18-ին:

1993թ. հունվարի 22-ին հաստատվել է ԱՊՀ Կանոնադրությունը, որով ամրագրված են ԱՊՀ հետևյալ նպատակները.

  • համագործակցություն քաղաքական, տնտեսական, բնապահպանության, հումանիտար, մշակութային և այլ ոլորտներում,
  • մասնակից պետությունների տնտեսական և սոցիալական համակողմանի և համաչափ զարգացում ԱՊՀ շրջանակներում,
  • մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ապահովում՝ միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքներին և նորմերին համապատասխան,
  • համագործակցություն միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման ուղղությամբ, ինչպես նաև սպառազինությունների և ռազմական ծախսերի կրճատման, համընդհանուր և լիակատար զինաթափման հասնելու համար արդյունավետ միջոցների ձեռնարկում,
  • համագործակցության մասնակից պետությունների միջև առկա վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորում,
  • աջակցություն մասնակից պետությունների քաղաքացիներին՝ ԱՊՀ տարածքում ազատ տեղաշարժի ու շփումների հարցում, և այլն։

ԱՊՀ Կանոնադրությունը չեն ստորագրել Ուկրաինան և Թուրքմենստանը, ինչով պայմանավորված, վերջիններս դե-յուրե չեն հանդիսանում ԱՊՀ անդամ պետություններ և կարող են դասվել ԱՊՀ հիմնադիր կամ մասնակից պետությունների շարքին:

ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն իրականացվում է կանոնադրական մարմինների միջոցով, որոնք են պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների խորհուրդները, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների խորհուրդները, սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը, տնտեսական դատարանն ու տնտեսական խորհուրդը, միջխորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում մասնակից պետությունների մշտական լիազոր ներկայացուցիչների խորհուրդը։

Տնտեսական և սոցիալական զարգացման, հումանիտար ոլորտում փոխգործակցության, հանցագործությունների և ահաբեկչության դեմ պայքարում և մի շարք այլ ոլորտներում ԱՊՀ մասնակից պետությունների միջև համագործակցության խթանման նպատակով ԱՊՀ շրջանակներում ստեղծվել է ճյուղային համագործակցության շուրջ 70 մարմին:

2008 թվականին հաստատվել է ԱՊՀ մասնակից պետությունների Ազգային համակարգողների մասին Կանոնակարգը:

Համագործակցության մշտական գործադիր, վարչական և համակարգող մարմինն է ԱՊՀ Գործադիր կոմիտեն: Վերջինիս կենտրոնակայանը գտնվում է Մինսկում, մեկ մասնաճյուղ տեղակայված է Մոսկվայում:

Նախագահությունը ԱՊՀ բարձրագույն մարմիններում իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ըստ ռուսական այբուբենի հերթականության: Յուրաքանչյուր պետություն ԱՊՀ նախագահությունը ստանձնում և իրականացնում է իր ներկայացուցչի միջոցով՝ մեկ տարուց ոչ ավել ժամկետով, եթե չի ընդունվում այլ որոշում:

ԱՊՀ բարձրագույն մարմիններում նախորդող և հաջորդող նախագահները հանդիսանում են Համանախագահներ:

2018թ. սեպտեմբերի 28-ին Դուշանբեում կայացած ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, որին մասնակցել է նաև ՀՀ Վարչապետ Ն.Փաշինյանը, ընդունվել է 1948թ. դեկտեմբերի 10-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70-ամյակի կապակցությամբ հայտարարությունը:

2019թ-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը ռոտացիոն կարգով փոխանցվել է Թուրքմենստանին: 

Արսենյանը Հայաստանը կներկայացնի Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը |news.am|

Արսենյանը Հայաստանը կներկայացնի Մոսկվայում ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը |news.am|

news.am: ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը ներկա կլինի ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը, որը տեղի կունենա նոյեմբերի 7-ին։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը։ Նշվել է, որ ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների 12-րդ ամենամյա հանդիպումը տեղի կունենա ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի նախագահությամբ։ «Շոյգուն հանդես կգա զեկույցով միջազգային, տարածաշրջանային եւ ազգային անվտանգության ոլորտի իրավիճակի մասին, կտեղեկացնի կատարված աշխատանքի մասին ԱՊՀ տարածքում մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելու ոլորտում»,- նշված է հաղորդագրությունում։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են տեղեկատվական անվտանգության եւ Աֆղանստանի հետ փոխգործակցության խնդիրները։ Օրակարգում ներառված են նաեւ հարցեր ԱՊՀ մասնակից պետությունների համատեղ միջոցների մասին Հայրենական մեծ պատերազմի պատմական հիշողության պահպանման վերաբերյալ։ Հանդիպմանը կմասնակցեն ԱՊՀ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարները, ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Տասմագամբետովը, Մոլդովայի սոցիալիստների կուսակցության նախագահ Մարչել Չենուշան։
16:03 - 06 նոյեմբերի, 2024
ԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացներ՝ ամրապնդելով երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը. Պուտին
 |tert.am|

ԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացներ՝ ամրապնդելով երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը. Պուտին |tert.am|

tert.am: ԱՊՀ տարածքում փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթի մասնաբաժինը գերազանցում է 85 տոկոսը, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Համագործակցության երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ: Նրա խոսքով`այդ ցուցանիշը շարունակում է աճել։ Ռուսաստանի նախագահը նաև նշել է, որ ԱՊՀ տարածքում արագ տեմպերով ընթանում են ներմուծման փոխարինման գործընթացները, այդ կերպ ամրապնդվում է նաև երկրների տեխնոլոգիական ինքնիշխանությունը: Նա տեղեկացրել է, որ 2024 թվականի առաջին կիսամյակում ԱՊՀ երկրների համախառն ՀՆԱ-ն աճել է 4,7 տոկոսով, հիմնական կապիտալում ներդրումները` 11,2 տոկոսով։ Պուտինը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԱՊՀ երկրները 2025 թվականին միասին նշելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակը: Այս համատեքստում Ռուսաստանը Համագործակցության երկրներին առաջարկում է Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշողության ժառանգության ընդհանուր ռեեստր ստեղծել։ ՌԴ նախագահն առաջարկել է նաև ԱՊՀ Աշխատանքային փառքի քաղաքի պատվավոր կոչում ստեղծել: Վերջում Պուտինը ԱՊՀ բոլոր առաջնորդներին հրավիրել է «ԲՐԻԿՍ պլյուս» ձևաչափով հանդիպմանը Կազանում: Հիշեցնենք, որ ԲՐԻԿՍ–ի գագաթնաժողովը տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ը:
19:54 - 08 հոկտեմբերի, 2024
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Նախ տեղի է ունեցել առաջնորդների տեսալուսանկարահանման արարողությունը, այնուհետև՝ նեղ, ապա՝ ընդլայնված կազմերով հանդիպում: Նեղ կազմով նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես նշել է. «Պետությունների հարգելի ղեկավարներ,Հարգելի գործընկերներ, Ուրախ եմ ողջունելու ձեզ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստում։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին և անձամբ ՌԴ նախագահին՝ ցուցաբերած հյուրընկալության և ընթացիկ նիստն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար։ Այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է ԱՊՀ տարածքում իրավիճակի զարգացման արդի հարցերի շուրջ կարծիքներ փոխանակելու համար։ Այս համատեքստում, ցանկանում եմ Հայաստանի տեսանկյունից տեղեկացնել ձեզ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության գործընթացում առկա իրավիճակի և հետագա զարգացման շուրջ Երևանի տեսլականի մասին։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատակամորեն հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղության շուտափույթ հաստատմանը և տարածաշրջանը կայուն ու կանխատեսելի զարգացման ուղի դուրս բերելուն՝ հաշվի առնելով տարածաշրջանի բոլոր երկրների շահերը։ Այս տարի մենք շոշափելի առաջընթաց ենք գրանցել հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման գործընթացում, և մասնավորապես Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի երեք հատվածներում իրականացվել է սահմանազատում, և այդ հատվածներում խորհրդային ժամանակաշրջանի միջհանրապետական վարչական սահմանն արդեն վերարտադրվել է որպես սահմանազատված միջպետական սահման։ Սա, անկասկած, հաջողության օրինակ է։ Մեկ այլ կարևոր իրադարձություն տեղի է ունեցել այս տարվա օգոստոսի 30-ին, երբ ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը։ Հայաստանում ավարտվում է այս փաստաթղթի ընդունման ներքին պետական ընթացակարգերի գործընթացը, և այս ամսվա ընթացքում Հայաստանի խորհրդարանը կքննարկի այս փաստաթղթի վավերացման հարցը։ Կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն արդեն հաստատել է ստորագրված կանոնակարգի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության ճանաչումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը ենթադրում է Խորհրդային Ադրբեջանի ողջ տարածքը, սահմանադրական է, ինչն իր հերթին նշանակում է, որ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի կամ որևէ այլ երկրի հանդեպ տարածքային պահանջներ չկան։ Հարգելի գործընկերներ, Մենք ելնում ենք այն ամուր համոզմունքից, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը վերջին ամիսներին հայտարարել են, որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը համաձայնեցվել է առնվազն 80 տոկոսով։ Վերջերս Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ձևաչափով պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել խաղաղության պայմանագրի նախագծի հաստատումն ավարտին հասցնելու ուղղությամբ աշխատանքը։ Սկզբունքորեն մենք կարող ենք գործել հետևյալ տրամաբանությամբ, ինչն էլ առաջարկում ենք Ադրբեջանին՝ ստորագրել այն, ինչն արդեն համաձայնեցված է, այդպիսով ունենալով ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե խաղաղություն, և շարունակել աշխատել մնացած բոլոր հարցերի շուրջ։ Ցանկացած դեպքում անհնար է մշակել այնպիսի խաղաղության պայմանագիր, որը կպատասխանի բոլոր հարցերին և կկարգավորի երկկողմ հարաբերությունների բոլոր ասպեկտները։ Ինչպիսին էլ լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը, անխուսափելիորեն կմնան կարևոր, հիմնարար հարցեր, որոնք պետք է համաձայնեցվեն, լուծվեն և պետք է նոր պայմանագրեր ստորագրվեն: Ավելին, ստորագրված և վավերացված խաղաղության պայմանագրի առկայության դեպքում այլ հարցերի լուծումը շատ ավելի հեշտ կլինի, քանի որ տարածաշրջանում կտիրի լիովին այլ իրավիճակ։ Իսկ այս փուլում մենք պետք է որոշում կայացնենք մի շարք հիմնարար հարցերի շուրջ, որոնք կարող են մեր երկրների միջև խաղաղության հաստատման համար ամուր հիմք դառնալ։ Խոսքը միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին է։ Խոսքը միմյանց նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունը հաստատելու և հետագայում նման պահանջներ չներկայացնելու պարտավորության մասին է։ Խոսքը ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքի պահպանման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, դիվանագիտական հարաբերությունների հաստատման և խաղաղության պայմանագրի շրջանակներում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման երկկողմ մեխանիզմների ստեղծման մասին է։ Այս բոլոր հարցերի ձևակերպումն արդեն իսկ համաձայնեցված է կողմերի կողմից «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծում, և մենք պատրաստ ենք ստորագրել այս փաստաթուղթն արդեն այս ամիս, և սա մեր պաշտոնական դիրքորոշումն է։ Պետությունների հարգելի ղեկավարներ, Հարավային Կովկասում կայունության հաստատման մեկ այլ կարևոր ասպեկտ է բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման թեման։ Այս հարցում մենք առաջարկում ենք կոնկրետ լուծումներ, որոնք արտացոլված են մեր կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծում։ Այս նախագծի էությունը հետևյալն է՝ Հայաստանը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն իր տարածքով՝ Վրաստանից Իրան և հակառակ ուղղությամբ, Թուրքիայից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ, և այլն։ Մենք պատրաստ ենք ապահովել տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխների անցումն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Արձագանքելով մեր առաջարկներին՝ Ադրբեջանն ընդգծում է, որ եթե Հայաստանը չի ցանկանում բացել տարածաշրջանային հաղորդակցությունները, Ադրբեջանը կօգտվի Նախիջևանի հետ կապվելու Իրանի Իսլամական Հանրապետության ընձեռած հնարավորություններից։ Մենք, իհարկե, չենք առարկում, քանի որ սա երկու երկրների ինքնիշխան հարաբերությունների խնդիր է։ Բայց ես ևս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանը ցանկանում է տարածաշրջանային հաղորդուղիների բացում և որ մենք պատրաստ ենք մեր տարածքով տրանսպորտային հաղորդակցություններ տրամադրել միևնույն պայմաններով, ինչ տրամադրվում է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Ավելին, մենք պատրաստ ենք որոշակի պարզեցումներ կատարել սահմանային հսկողության ընթացակարգերում՝ փոխադարձության, իրավահավասարության, կողմերի ինքնիշխանության և իրավազորության սկզբունքների հարգման շրջանակներում։ Այս համատեքստում ընդգծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը։ Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք։ Ի դեպ, բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանն ինչ-որ ձևով համաձայնել է, որ երրորդ երկրներն ապահովելու են հաղորդակցության անվտանգությունն իր ինքնիշխան տարածքում, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, ուղղակի չեն համապատասխանում իրականությանը։ Իր տարածքում անվտանգության ապահովումը ցանկացած երկրի ինքնիշխան պարտավորությունն է։ Սա մեր գործն է, և մենք դա երաշխավորված կանենք: Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհավորել մեր տաջիկ ընկերներին 2025 թվականին ԱՊՀ-ում նախագահությունն ընդունելու առթիվ և հայտնել հայկական կողմի մշտական տրամադրվածությունը՝ գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ ԱՊՀ-ում Տաջիկստանի Հանրապետության նախագահության փոխշահավետ առաջնահերթ նախագծերն իրականացնելու ուղղությամբ։ Շնորհակալություն ուշադրության համար»։ Հաջորդիվ ընդլայնված կազմով նիստում պետությունների ղեկավարները ստորագրել են օրակարգով հաստատված հարցերի արձանագրությունները: Մասնավորապես, քննարկվել են ԱՊՀ շրջանակում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Ի թիվս այլ հարցերի, որոշում է կայացվել 2026 թվականին Հայաստանի Մեղրի քաղաքը ճանաչել ԱՊՀ Մշակութային մայրաքաղաք:
19:32 - 08 հոկտեմբերի, 2024
ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. քննարկվել են կառույցի գործունեության օրակարգային հարցեր

ԱԳ նախարարը մասնակցել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին. քննարկվել են կառույցի գործունեության օրակարգային հարցեր

Հոկտեմբերի 7-ին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին ընդառաջ, Մոսկվայում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նեղ և ընդլայնված կազմերով անցկացված նիստի շրջանակներում քննարկվել են ԱՊՀ գործունեության օրակարգային հարցեր։ Նիստի արդյունքներով ՀՀ մասնակցությամբ ընդունվող փաստաթղթերից նախարար Միրզոյանն անդրադարձել է Մեղրի քաղաքին 2026 թվականին «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի» պատվավոր կարգավիճակ տալու որոշմանը՝ ընդգծելով նաև քաղաքի հնագույն մշակութային ժառանգությունը: Անդրադառնալով Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ 2025 թ․ անցկացվելիք միջոցառումներին՝ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է ֆաշիզմի, ռասայական խտրականության, անհանդուրժողականության դեմ պայքարում հայ ժողովրդի ունեցած ներդրումը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցերի: Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին շրջանի հիմնական զարգացումներին:
19:34 - 07 հոկտեմբերի, 2024
ԱՊՀ ԱԳ նախարարները դատապարտում են միակողմանի պատժամիջոցները
 |azatutyun.am|

ԱՊՀ ԱԳ նախարարները դատապարտում են միակողմանի պատժամիջոցները |azatutyun.am|

azatutyun.am: ԱՊՀ անդամ երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարությամբ դատապարտում են միակողմանի պատժամիջոցները, հորդորում զերծ մնալ նման քայլերից։ Համատեղ հայտարարությունն ընդունվել է Մոսկվայում կայացած նիստի արդյունքներով, որին մասնակցել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ «Ցանկացած պետության կողմից միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումը հակասում է Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությանը և միջազգային իրավունքին։ Պետություններին խորհուրդ է տրվում ձեռնպահ մնալ միակողմանի սահմանափակող միջոցների ընդունումից, տարածումից և կիրառումից, որոնք խոչընդոտում են սոցիալ-տնտեսական զարգացմանը, հատկապես զարգացող երկրներում»,- համատեղ հայտարարությունից մեջբերում է ԱՊՀ մամլո ծառայությունը: Ծավալուն հայտարարությունում չի նշվում՝ որ երկրի դեմ պատժամիջոցներն են «անթույլատրելի», որ երկրներին է խորհուրդ տրվում «ձեռնպահ մնալ» պատժամիջոցներից։ Ուկրաինա ռազմական ներխուժմանն ի պատասխան Արևմուտքը բազմաթիվ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի տարբեր ոլորտների նկատմամբ, մի շարք երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, զգուշացրել են, որ կարող են թիրախավորել նաև այն երկրներին, որոնք կօգնեն Մոսկվային շրջանցել սահմանափակումները։
18:03 - 07 հոկտեմբերի, 2024
ՌԴ նախագահը հոկտեմբերի  7-ին ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ |armenpress.am|

ՌԴ նախագահը հոկտեմբերի 7-ին ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 7-ի երեկոյան ՝ իր ծննդյան օրը, ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ, իսկ հոկտեմբերի 8-ին նախատեսված է համագործակցության պաշտոնական գագաթնաժողովը: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:  «Երեկոյան նախագահը ոչ պաշտոնական շփում կունենա ԱՊՀ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հետ, որոնք այդ պահին կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու վաղը կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը ։  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստին։ 
17:01 - 07 հոկտեմբերի, 2024
Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը

Երևանում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը

Երևանում այսօր կայացել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստը: ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Վլադիմիր Զիմինը, Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Ռահմոն Յուսուֆ Ահմադզոդը, Բելառուսի գլխավոր դատախազ Անդրեյ Շվեդը, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գալիմժան Կոյգելդիևը, Ղրղզական Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Նուրբեք Քայիմովը, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Սվետլանա Արտիկովան, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը,  այլք: Աննա Վարդապետյանը ողջունել է ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին Երևանում, շնորհակալություն է հայտնել աշխատանքային զբաղվածության պայմաններում իր հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ 17-ամյա դադարից հետո Հայաստանի մայրաքաղաքը հյուրընկալում է ԱՊՀ երկրների գլխավոր դատախազությունների պատվիրակություններին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ողջունել է Համակարգող խորհրդի 34-րդ նիստին մասնակցող պատվիրակություններին և կարևորել Խորհրդի գործունեությունը քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանության, օրենքի գերակայության ամրապնդման և անդրազգային հանցավորության դեմ պայքարում: Փոխվարչապետը կարևորել է պետությունների միջև ​​կառուցողական համագործակցությունը` հանցավորության՝ հատկապես կազմակերպված և անդրազգային հանցավորության դեմ պայքարում։ Փոփոխվող իրողությունների համատեքստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջնահերթ է համարել Անկախ պետությունների համագործակցության իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու զարգացումը՝ այդ առումով ընդգծելով Համակարգող խորհրդի դերը: Համակարգող խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին Խորհրդի նիստը գերազանց կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: ՌԴ գլխավոր դատախազը վստահություն է հայտնել, որ փորձի փոխանակումը կնպաստի հետագայում համատեղ ուժերով հանցավոր սպառնալիքների հակազդմանը, ինչպես նաև ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությանը: Համակարգող խորհրդի 34-րդ նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել պատվիրակությունների ղեկավարները, որոնք վերաբերել են կոռուպցիայի դեմ պայքարին, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանը, պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներին, կիբեռհանցավորության դեմ պայքարում իրավական փոխգործակցությանը, սոցիալապես խոցելի խմբերի, անչափահասների իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայության ապահովմանը և այլ հարցերի։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակություններին ակտիվ մասնակցության և կառուցողական երկխոսության համար, երախտագիտությամբ է ընդգծել Համակարգող խորհրդի աշխատանքը՝ հանդիպման նախապատրաստման և անցկացման հարցում կատարած աշխատանքի համար։ Համակարգող խորհրդի նախագահ, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը ՀՀ գլխավոր դատախազին պարգևատրել է «ԱՊՀ մասնակից պետությունների պատվավոր դատախազ» կրծքանշանով: Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի 35-րդ նիստը կկայանա Տաջիկստանի Հանրապետությունում։ 
15:21 - 04 հոկտեմբերի, 2024
Կայացել է ԱՊՀ պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը

Կայացել է ԱՊՀ պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը

Սեպտեմբերի 16-19-ը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է ԱՊՀ մասնակից պետությունների Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոների պետերի առաջին հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության գնդապետ Նարինե Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպման ընթացում քննարկվել են հետախուզումն իրականացնելիս տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ կատարվող հանցագործությունների կանխման և բացահայտման, ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի դեմ պայքարի և այլ հարցեր: Մասնակիցներն այցելել են ՌԴ ՆԳՆ գլխավոր վարչություն՝ իրավիճակային կենտրոնի, Ճանապարհային երթևեկության անվտանգության պետական տեսչության աշխատանքներին, կիրառվող տեխնիկային և մեթոդաբանությանը ծանոթանալու նպատակով: Պատվիրակությունները ներկա են գտնվել նաև Ոստիկանության հատուկ գնդի Տուրիստական ոստիկանության ստորաբաժանման ցուցադրական վարժանքին:
16:02 - 25 սեպտեմբերի, 2024
Հայաստանը կմասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին |armenpress.am|

Հայաստանը կմասնակցի ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը մասնակցելու է 2025 թվականի մայիսին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ 2025 թվականի մայիսին Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի առթիվ Մոսկվայում նախատեսված հանդիսավոր շքերթից առաջ տեղի կունենա ԱՊՀ ոչ պաշտանական գագաթնաժողով։  Անդրադառնալով լրագրողների հարցին, թե Հայաստանը մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն ասել է․  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը հայտարարել է, որ Երևանը մասնակցելու է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ոչ պաշտոնական գագաթնաժողովին: «Այո, ձևաչափի և օրակարգի մասին կտեղեկացնենք ։
15:07 - 04 սեպտեմբերի, 2024