Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը
 |civilnet.am|
16:31 - 29 ապրիլի, 2024

Ո՞վ էր Կիրանցում առանց պետհամարանիշի մեքենայի մեջ նստած անձը |civilnet.am|

civilnet.am: Տավուշի Կիրանց բնակավայրի՝ դեպի Վրաստան տանող ճանապարհին ապրիլի 26-ի երեկոյան թեժ իրավիճակ էր ստեղծվել։ Շուրջ մեկ շաբաթ ճանապարհը փակած քաղաքացիները Կիրանցի կամուրջի հատվածում նկատել էին դեպի Բերքաբեր ընթացող առանց պետհամարանիշի մեքենա և արգելափակել էին այն՝ թույլ չտալով շարունակել ճանապարհը, ինչն էլ տեղում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների պատճառ էր դարձել։

Հավաքվածներից որոշները կասկած էին հայտնում, թե մեքենայում ադրբեջանցիներ են, որոշներն էլ նշում էին, թե հայ քարտեզագիրներն են:

Լրատվամիջոցներից մեկը նկարել էր առանց պետհամարանիշի մեքենայի դիմացի նստատեղին նստած անձին՝ հարց բարձրացնելով, թե ով է նա։

Այս անձի ինքնությունն էին փորձում պարզել քաղաքացիները. էկրանակադրը՝ լրատվամիջոցի տարածած տեսանյութից

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը տեսանյութից առանձնացված էկրանակադրի հետադարձ որոնում կատարեց համացանցում։ Pimeyes.com հավելվածը, որը դեմքերի ճանաչման և համացանցում հետադարձ որոնման համակարգ է, մի շարք արդյունքներ գեներացրեց, ըստ որոնց՝ տվյալ դեմքով անձի լուսանկարներ առկա են ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ նախագահի, ինչպես նաև մի շարք հայաստանյան լրատվական կայքերում։

Pimeyes.com-ի գեներացրած արդյունքները

Ուսումնասիրելով հղումները՝ պարզ դարձավ, որ տվյալ անձը գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանն է, որը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետն է։

Վերջինս 2023-ի հուլիսին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով (տեսանյութ՝ 6:32 րոպեից):

Սերգեյ Պետրոսյանը՝ աջ կողմից առաջինը։ Լուսանկարը՝ mil.am

Սերգեյ Պետրոսյանն ընդգրկված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 22-ի որոշմամբ ձևավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին կից աշխատանքային խմբի մեջ։

Ուշագրավ է, որ Սերգեյ Պետրոսյանը միացել էր 2021-ի փետրվարին Զինված ուժերի Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել