Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ. Փաշինյան
 |armenpress.am|
23:06 - 01 մայիսի, 2024

Քանի Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի առիթ կարող է դառնալ. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Քանի դեռ Ադրբեջանի հետ սահմանը սահմանազատված չէ, կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ, սահմանազատման գործընթացը սկսվում է առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահվի մաքսիմալ կառավարելի:

 «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է հատվածական սահմանազատում արվում, այլ ոչ թե ողջ սահմանի սահմանազատումը փաթեթով:

«Փաթեթի մասին պատկերացումները մենք նախ պետք է կոնկրետ ճշգրտենք, որովհետև աշխարհում ոչ մի երկիր ուղղակի մի գործողությամբ սահման չի ձևավորել, միշտ էլ սահմանի ձևավորման գործընթացը՝ վերարտադրման կամ սահմանազատման գործընթացը տևական գործընթաց է: Այսինքն՝ դա մի կոճակ չէ, որ մենք սեղմենք և սահմանը վերարտադրվի, լուսավորվի: Մենք այսօր ձևավորում ենք սահմանի վերարտադրության համար անհրաժեշտ փաթեթը, և այդ փաթեթը հիմնված է Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,-ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց՝ ապրիլի 19-ի մամուլի հաղորդագրության մեջ արձանագրվել է, որ սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվել են մի քանի կարևոր բաների մասին: Դրանցից առանցքայինն այն է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը երկու կողմերից ընդունվում է որպես բազային սկզբունք՝ սահմանազատման գործընթացի համար: «Եվ սահմանազատումն այս սկզբունքով որևէ տեղից պետք է սկսվի, և սկսվում է այդ տեղից, և պետք է իր բնականոն հունով շարունակվի և ամբողջանա: Փաստաթղթում այս պրոցեսն անվանված է սահմանազատման սկզբնական գործընթաց, և այդ սկզբնական գործընթացը կարևոր է նաև հայտնի հանգամանքների բերումով, որպեսզի մենք այս ընթացքում արդեն գետնի վրա կուտակած փորձը կարողանանք ձևավորել որպես, ինչպես միջազգային խոսույթում ընդունված է ասել՝ լավագույն պրակտիկա, և այդ լավագույն պրակտիկան ձևակերպել, այդ լավագույն պրակտիկայի ձևակերպումը բերել խորհրդարանի հաստատմանը՝ որևէ ձևաչափով, և ահա այդ մանդատի վրա շարունակել ամբողջական գործընթացը»,-ասաց վարչապետը:

Նա բերեց Հայաստանի և Վրաստանի օրինակը: Այս սահմանազատումն արդեն 20 և ավելի տարի շարունակվում է: Վրաստանի հետ կա ընդհանուր ըմբռնում, որ պետք է արագացնել գործընթացը:

«Առավել ևս Ադրբեջանի պարագայում, մեզ բոլորիս հայտնի հանգամանքների պայմաններում, պետք է հնարավորինս արագ իրականացնել սահմանազատման գործընթացը. ինչո՞ւ, որովհետև քանի սահմանազատված չէ, հասկանալի է, որ կոնֆլիկտի որոշակի առիթ կարող է դառնալ: Եվ այս է պատճառը, որ մենք սկսում ենք առավել մեծ կոնֆլիկտային պոտենցիալ ունեցող տեղերից, որպեսզի իրադրությունը պահենք մաքսիմալ կառավարելի»,-ասաց Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել