Ալեքսանդր Սարգսյանն ԱՄՆ-ում ընկերություններ է հիմնել եւ, խախտելով Սահմանադրությունը, զբաղվել ձեռնարկատիրությամբ |hetq.am|
20:31 - 28 հունվարի, 2020

Ալեքսանդր Սարգսյանն ԱՄՆ-ում ընկերություններ է հիմնել եւ, խախտելով Սահմանադրությունը, զբաղվել ձեռնարկատիրությամբ |hetq.am|

hetq.am:   Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը 2000-ականների կեսերին ԱՄՆ-ում հիմնել է մի քանի ընկերություններ, որոնք ներգրավված են անշարժ գույքի եւ շինարարության ոլորտում: Ամեն ինչ սկսվել է 2005-ի մայիսին Նեւադա նահանգում «Hana» կորպորացիան գրանցելուց: Կարելի է ենթադրել, որ այս անվանումը ծագել է նրա որդիների՝ Հայկի եւ Նարեկի անունների միավորումից: Բայց մինչեւ ամերիկյան ձեռնարկություններին անդրադառնալը նշենք, որ Սարգսյանն այս անունով ընկերություններ է ստեղծել նաեւ Հայաստանում:   

Հայաստանյան նույնանուն ընկերությունները

2005-ի հոկտեմբերին Ալեքսանդր Սարգսյանը Կոտայքի Բալահովիտ գյուղում, որտեղ ժամանակին հաշվառված էր, հիմնել է «Հանա Մ.Ե.Կ.» ՍՊԸ-ն, որն զբաղվում էր գովազդային վահանակների բիզնեսով: Ընկերության գործունեությունը, համաձայն ՊԵԿ-ի հարկ վճարողների փնտրման համակարգի, ժամանակավոր դադարեցված է:

2011-ի սեպտեմբերին Սարգսյանի կրտսեր որդին՝ Նարեկ Սարգսյանը, Բալահովիտում հիմնել է «Հանա-Տրանս» ՍՊԸ-ն: Գործունեության ոլորտը ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով միջմարզային բեռնափոխադրումներն էին: 2012-ի փետրվարին Տիգրան Սարգսյանի կառավարությունն այն ժամանակ ԱԺ պատգամավոր Ա. Սարգսյանի ընկերությանը արտոնություն էր տվել՝ ներդրումային ծրագրի շրջանակներում Շվեդիայից Հայաստան ներկրվող 40 հատ «Scania» ինքնաթափ մեքենաների (ընդհանուր արժեքը՝ 1,9 մլրդ դրամ) ներմուծման համար հաշվարկված ԱԱՀ-ի վճարումը հետաձգել 3 տարով: Ներդրումային ծրագիրը, ըստ կառավարության, հետեւյալն էր. «Հանա-Տրանսը» նախատեսում էր ներկրվող մեքենաներով Արցախի Մաղավուզի շրջանից ածուխ փոխադրել Վարդենիսի երկաթուղային հանգույց՝ հետագայում այն «Հանա-Գրուպ» ընկերության միջոցով երկաթուղով Երեւան տեղափոխելու համար: Այնուհետ հումքը «Երեւանի ՋԷԿ» ՓԲԸ-ի կողմից կիրառվելու էր որպես ջուր-ածխային վառելիք, ինչի միջոցով պիտի ստացվեր էլեկտրաէներգիա: 2012-ի հոկտեմբերին էլ կառավարությունը որոշեց Վարդենիսում գտնվող երկաթգծի հյուրանոցի նախկին շենքն օտարել «Հանա-Տրանսին»: Այս առումով պատահական չէր ՍՊԸ-ի հասցեի տեղափոխությունը Վարդենիս: Այդ ընթացքում Ն. Սարգսյանին իբրեւ միակ սեփականատեր փոխարինել էր հայրը: Ներկայում ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Ըստ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքի՝ 2017-2018 թթ. ՍՊԸ-ն ունեցել է 21-24 աշխատող, այնինչ ներդրումային ծրագրով նախատեսվում էր ունենալ 180 հազ. դրամ միջին աշխատավարձով մոտ 50 աշխատատեղ:
2011-ի դեկտեմբերին գրանցվել է «Հանասերվիս» ՍՊԸ-ն, որի միակ փայատերը կրկին Նարեկ Սարգսյանն էր, սակայն հետագայում նա բաժնեմասը փոխանցել է հորը: Հասցեն Վարդենիսում է՝ «Հանա-Տրանսի» գրանցման վայրում, ՍՊԸ-ն զբաղվել է ավտոմեքենաների տեխնիկական սպասարկմամբ եւ նորոգմամբ, այսինքն՝ «Հանասերվիսը» տեխսպասարկում էր իրականացնում «Հանա-Տրանսի» բեռնատարների համար: Գործունեությունը ժամանակավոր դադարեցված է: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալներով՝ 2017-2018 թթ. «Հանասերվիսն» ունեցել է 4-8 աշխատող:

2012-ի հուլիսին էլ Մհեր Բագրատյանի եւ Անդրանիկ Մկրտչյանի կողմից հիմնադրվել է «Հանա-Վարդ» ՍՊԸ-ն, որը շուտով անցել է Նարեկ Սարգսյանին, իսկ հետո՝ Ալեքսանդր Սարգսյանին: Սա էլ «Հանասերվիսի» նման զբաղվում էր մեքենաների տեխսպասարկմամբ ու նորոգմամբ: Վարդենիսում գրանցված ընկերությունը հետագայում լուծարվել է:

Անշարժ գույքի ոլորտի ամերիկյան ընկերությունները

Վերադառնանք ԱՄՆ, որի Նեւադա նահանգում Ա. Սարգսյանը 2005-ի մայիսի 5-ին հիմնել է «Hana» կորպորացիան: Ըստ փաստաթղթերի՝ դրա գրասենյակը գտնվում էր Լաս Վեգաս քաղաքում (2764 Lake Sahara Drive, Las Vegas, NV- գրասենյակային շենք է): 75.000 դոլար կանոնադրական կապիտալով կորպորացիայի նախագահը, տնօրենը, քարտուղարն ու գանձապահը մեկ մարդ էր՝ Ալեքսանդր Սարգսյանը (տես ստորեւ):

 

Վերջինս 2003-ին ընտրվել էր ԱԺ պատգամավոր (խորհրդարանի անդամ էր մինչեւ 2012 թ.), հետեւաբար չէր կարող որեւէ պաշտոն զբաղեցնել կորպորացիայում, քանի որ դա արգելվում էր 1995 թ. ընդունված եւ այդ պահին գործող ՀՀ Սահմանադրությամբ. «Պատգամավորը չի կարող զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Իսկ ահա 2005-ի տարեվերջին ուժի մեջ մտած Սահմանադրությունը նշում էր. «Պատգամավորը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, զբաղեցնել պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ առեւտրային կազմակերպություններում, կատարել այլ վճարովի աշխատանք՝ բացի գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական աշխատանքից»: Փաստորեն, Ալեքսանդր Սարգսյանը տարիներ շարունակ անտեսել է Սահմանադրության այս պահանջը: Նշենք նաեւ, որ 2000-ականներին, երբ Սարգսյանը պատգամավոր էր, մամուլը պարբերաբար գրում էր, որ նա ԱՄՆ-ում շինարարական բիզնես ունի, ինչը պաշտոնյան չէր էլ հերքում: ՀՀ Սամանադրությամբ պատգամավորներին չի արգելվում մասնաբաժին ունենալ որեւէ առեւտրային կազմակերպությունում, սակայն չի թույլատրվում զբաղվել դրանց կառավարմամբ, ինչը, դատելով փաստաթղթերից, ԱՄՆ-ում արել է Ա. Սարգսյանը: Նեւադայի օրենսդրության համաձայն՝ ձեռնարկություններն ամեն տարի պետք է ներկայացնեն հաշվետվություն (report)՝ միաժամանակ մուծելով գրանցման պետտուրք եւ բիզնեսով զբաղվելու լիցենզիայի վճար: Այս ամենի համար գոյություն ունի վերջնաժամկետ: Եթե տվյալ ձեռնարկությունը բաց է թողնում իր պարտականությունների կատարման վերջնաժամկետը, դրա գրանցումն, այսպես ասած, սառեցվում է (default): Եթե հետագա 1 տարում ոչինչ չի փոխվում, գրանցումը չեղյալ է ճանաչվում (revoked). այս կարգավիճակը մինչեւ 5 տարի ժամանակավոր բնույթ է կրում, իսկ դրանից հետո, եթե որեւէ քայլ չի ձեռնարկվում տվյալ կազմակերպության ղեկավարության կողմից, դառնում է մշտական (permanently revoked): Այդուհանդերձ, այս բոլոր դեպքերում էլ հնարավոր է վերականգնել կամ «վերակենդանացնել» ձեռնարկությունը՝ բնականաբար, վճարելով համապատասխան տուրքերն ու տույժ-տուգանքները (գոյություն ունի նաեւ լուծարման տարբերակը (dissolved), երբ իրավաբանական անձը պարզապես դադարում է գոյություն ունենալ): Ա. Սարգսյանի «Hana» կորպորացիան 2009-ից սկսած հաշվետվություններ չի ներկայացրել եւ մուծումներ չի կատարել: Դրա գրանցումը մշտապես չեղյալ է ճանաչված: Գործելու տարիներին «Hana»-ն մասնաճյուղեր է բացել Կալիֆոռնիա նահանգում: 2005-ի հունիսի 29-ին Գլենդելում (307 N. Kenwood Street, Glendale, CA - բնակելի շենք է) գրանցվել է «Hana» կորպորացիայի առաջին մասնաճյուղը: Այս նույն հասցեն նշվել էր նաեւ իբրեւ կորպորացիայի նախագահ Ա. Սարգսյանի կալիֆոռնիական հասցե (տես ստորեւ):

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ։ 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել