Բանակի սննդակարգում փոփոխություններ են սպասվում. ներդրվել է պիլոտային ծրագիր |armenpress.am|
13:27 - 05 հուլիսի, 2019

Բանակի սննդակարգում փոփոխություններ են սպասվում. ներդրվել է պիլոտային ծրագիր |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարարությունը ԶԼՄ ներկայացուցիչների համար այց էր կազմակերպել ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ սննդի մատակարարումը պետք է կազմակերպի մասնավոր կազմակերպությունը:

Ծրագիրը պիլոտային է և իրականացվելու է Հայաստանի 24 զորամասում: Մտահղացման հեղինակը «Մեդիտեք» ընկերությունն է, որի տնօրենը Անուշավան Խաչատրյանն է: «Ծրագիրը ՀՀ վարչապետին ներկայացրել ենք 2018 թվականին: Նրա կողմից հավանության արժանացավ, ինչից հետո անցանք բոլոր փուլերով՝ Կառավարության որոշում, տարբեր ուսումնասիրություններ, թույլտվություններ: 2019 թվականի փետրվարի 21-ին Կառավարությունը թույլ տվեց իրականացնել պիլոտային ծրագիրը: Սկզբնական փուլում սննդի մատակարարումը մեր կազմակերպությունն է կատարելու»,- ասաց Խաչատրյանը:

Ընդհանուր առմամբ «Մեդիտեք» ընկերությունը ծրագիրը պետք է իրականացնի 24 զորամասում, սակայն դեռևս 4-ում է արվել: Պայմանագիրը ստորագրվել է մայիսի 12-ին, իսկ գործընթացը սկսել է հունիսի 2-ից: «Քննարկումներ և աշխատանքային հանդիպումներ են եղել այս ոլորտի մասնագետների և ընկերությունների հետ, որոնք, իմ կարծիքով, կընդգրկվեն այս ծրագրում:

Մեզ հետ 3 տարով պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ պետք է հնարավորինս արագ սնունդը փոփոխենք ու բարելավենք, ճաշարաններն էլ վերանորոգենք»,- նշեց Խաչատրյանը և հավելեց, որ այն զորամասերի ճաշարանները, որոնք ոչ այնքան բարվոք վիճակում են, դեռ 3-4 ամիս կաշխատեն նույն շենքում, իսկ այդ ընթացքում կկառուցվեն նորերը:

«ՊՆ-ն որոշակի գումար է վճարում մեզ յուրաքանչյուր զինվորի համար։ Սակայն մենք էլ մեր կողմից ավելի քան 1.5 մլրդ ՀՀ դրամ գումար ենք ներդնելու ծրագրի իրականացման համար»,- ընդգծեց «Մեդիտեք» ընկերության տնօրենը:

ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար փոխգնդապետ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց զորամասում հունիսի 28-ից` սննդի մատակարարումն իրականացնում է մասնավոր ընկերությունը։ «Սննդի որակից զինվորները դժգոհ չեն, ճաշացանկում փոփոխություններ են արվել` աղցանների, մրգերի ու բանջարեղենի տեսականին է ավելացել»,- ասաց փոխգնդապետը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ կտա զորամասին` նա շեշտեց, որ բանակի ուսերից մի փոքր բեռ կընկնի, քանի որ գնումներով, պահեստավորումով և սննդի պահպանման պայմաններով զբաղվելու է պիլոտային ծրագրում ներգրավված ընկերությունը, այլ ոչ թե զորամասի անձնակազմը: Փոխգնդապետ Հակոբյանի պնդմամբ` վերահսկողությունը մնացել է նույնը, այսինքն` իրականացվելու է զորամասի կողմից, և զորամասն է սննդի որակի պատասխանատուն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել