ՍՊԸ-ները կկարողանան հիմնադրել մեկ անձից կազմված այլ տնտեսական միություն. ԼՀԿ-ն առաջարկում է հանել խոչընդոտները |armenpress.am|
08:35 - 22 մայիսի, 2019

ՍՊԸ-ները կկարողանան հիմնադրել մեկ անձից կազմված այլ տնտեսական միություն. ԼՀԿ-ն առաջարկում է հանել խոչընդոտները |armenpress.am|

armenpress.am: ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է, որ մի ՍՊԸ-ն որպես միակ մասնակից կարողանա ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն: ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենքի նախագիծը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը. այն ստացավ դրական եզրակացություն:

«Հայաստանում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրման համար կա պահանջ, համաձայն որի` ընկերությունը չի կարող որպես միակ մասնակից ունենալ մեկ անձից կազմված այլ տնտեսական ընկերություն:

Սա առաջացնում է արհեստական խոչընդոտներ, մասնավորապես օտարերկրյա ներդրումների համար, երբ օտարերկրյա ներդրողները Հայաստանում ընկերություն գրանցելու համար ստիպված են ներգրավել երկրորդ սեփականատեր, արդյունքում Հայաստանում բիզնես սկսելու առաջին քայլերը հանդիպում են արհեստական խոչընդոտների, որը վնասում է ներդրումային միջավայրին»,-ներկայացրեց Թանդիլյանը:

Պատգամավորը նշեց, որ ինքը տարբեր տնտեսվարողներից տեղեկացել է, որ նրանք ստիպված են Հայաստանում գտնել որևէ մեկին, ով իրենց հետ 0.1 տոկոսով կկարողանա աջակցել ՍՊԸ-ներ հիմնադրելու համար: Թանդիլյանի վստահեցմամբ` նախագիծը մշակվել է նաև տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման նպատակով:

Եվ, ըստ էության, խնդիրը լուծելու դեպքում հավասար պայմաններ կապահովվեն բոլոր տեսակի ներդրողների համար` թե տեղական, թե օտարերկրյա: Նախագծի ընդունման պարագայում ակնկալվող արդյունքը կլինի բիզնես գործունեություն ծավալելու համար ոլորտում առկա խոչընդոտի վերացումն ու նոր ներդրումների խթանումը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը ներկայացրեց, որ կառավարության կողմից որևէ առարկություն չկա: Նման սահմանափակում առկա է սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում, և կառավարությունն առաջարկել է, որ համապատասխան փոփոխություն կատարվի նաև Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքում և ուժը կորցրած ճանաչվի սահմանափակող նորմը:

Թանդիլյանը նշեց, որ կառավարության առաջարկն իր համար ընդունելի է: Նախագծի լրամշակված տարբերակը հանձնաժողովում դրվեց քվեարկության և ստացավ դրական եզրակացություն: Նախագիծը կընդգրկվի ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել