«Հայաստանը փախչելու տեղ չունի․․․ Ի՞նչ է, կարծում եք՝ նրանք ինչ-որ մեկին պե՞տք են․․․»,- փետրվարի սկզբին Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այս հայտարարությունը հանրային եւ քաղաքական շրջանակներում դարձյալ ակտիվացրեց Հայաստանի՝ Ռուսաստանի ու Բելառուսի հետ միութենական պետության մաս կազմելու թեման։ Լուկաշենկոն կարծիք էր հայտնել, թե առաջիկա 15 տարիներին Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած միութենական պետության կազմում կընդգրկվի նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեծ մասը՝ Ուկրաինան, Ղազախստանը, այլ պետություններ, որոնց թվում՝ նաեւ Հայաստանը։
Հայաստանի արտաքին գերատեսչությունն այս հայտարարությանն արձագանքեց․ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Վահան Հունանյանի մեկնաբանությամբ՝ «Բելառուսի նախագահի աշխարհաքաղաքական ինքնատիպ վերլուծությունները նպատակ ունեն սպասարկելու առաջին հերթին սեփական ներքին քաղաքական օրակարգը եւ որեւէ առնչություն չունեն Հայաստանի եւ նրա արտաքին քաղաքականության հետ»։
Infocom-ը Հայաստանի քաղաքական կուսակություններից մեկնաբանություններ է խնդրել, թե ինչ դիրքորոշում ունեն միութենական պետության մաս կազմելու հարցով։ Մասնավորապես, 2017, 2018, 2021 թվականների խորհրդարանական ընտրություններին մասնակցած, 2021թ․ տեղական ինքնակառավարման ընտրություններին ակտիվություն ցուցաբերած մի քանի տասնյակ կուսակցությունների գրավոր հարցադրումներ ենք ուղարկել՝ Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում պատկերացնո՞ւմ են ՌԴ-ի եւ Բելառուսի հետ միութենական պետության մաս, եւ եթե այո կամ ոչ, ապա ի՞նչ մեկնաբանությամբ։
Ստորեւ ներկայացնում ենք հարցադրմանը պատասխանած կուսակցությունների դիրքորոշումները։
«Ազգային օրակարագ» կուսակցությունը կարծում է՝ ապազգային եւ հակապետական իշխանական համակարգի ներկայացուցիչներն են եռանդագին քարոզում հայկական պետական ինքնիշխանության ու անկախ պետականության անհնարինությունը՝ պնդելով, որ գոյութենական միակ այլընտրանքը Ռուսաստանի կողմից ձեւավորվող հերթական Միության մաս դառնալն է․ «Օտարի իշխանության ներքո գոյատեւելու բազմադարյա այս կործանարար գաղափարն ու կեցվածքը ի վերջո հանգեցրել են Ցեղասպանության եւ Հայրենազրկման, ու Հայության նկատմամբ ստորացուցիչ կայուն վերաբերմունքի բանաձեւման՝ «КУДА ОНИ ДЕНУТСЯ...»»: Կուսակցության համոզմամբ՝ մենք երկու ուղի ունենք՝ լինել պետություն եւ ունենալ պետականություն, լինել ինքնիշխան պետություն, կամ էլ՝ չլինել այդպիսին։
Ազգային-ժողովրդավարական բեւեռը կտրականապես դեմ է Ռուսաստան֊Բելառուս միութենական պետության (ինչպես նաեւ որեւէ այլ վերպետական կառույցի) մաս կազմելու, քանի որ դա, ըստ կուսակցության դիրքորոշման, նախ նշանակում է ինքնիշխանության զգալի զիջում, եւ երկրորդ՝ ՀՀ ազգային շահերը գոնե ներկա եւ մոտ հեռանկարի ապագայում մեղմ ասած չեն համընկնում ՌԴ-ի եւ Բելառուսի շահերին․ «ԱԺԲ֊ն հանդես է գալիս ՀՀ ԱՊՀ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ կազմից դուրս գալու օգտին եւ ԱՄՆ ոչ-ՆԱՏՕ անդամ հիմնական դաշնակցի կարգավիճակ ստանալու օգտին։ ԱԺԲն հանդես է գալիս ՀՀ եւ ԵՄ շատ ավելի խորը համագործակցության օգտին»,- ասված է կուսակցության պատասխանում:
«Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը ոչ մի պարագայում ընդունելի չի կարող համարել Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության գաղափարը։ Կուսակցության պատասխանի համաձայն՝ «Շանթ Դաշինքը» Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը եւ ժողովրդի ազատությունը համարում է անսակարկելի արժեքներ, որոնց սակարկողները կամ դրանց ճշմարտացիությունը կասկածի տակ դնողները պետք է համարվեն պետական դավաճաններ՝ ըստ ՀՀ սահմանադրության համապատասխան հոդվածների։ (Տեխնիկական խնդիրների պատճառով «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության պատասխանը նյութին ավելացվել է հրապարակումից ավելի ուշ,- խմբ․)։
«Քաղացու որոշում» ՍԴ կուսակցությունը մեր հարցադրմանն ի պատասխան հայտնել է, որ երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չեն կարող լինել․
««Քաղաքացու որոշում» կուսակցությունը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետությունում եւ գործում է նրա սահմանադրականության շրջանակներում՝ ի շահ ինքնիշխանության, ժողովրդավարականության, իրավականության եւ սոցիալականության: Սա նշանակում է, որ մեր գործունեության բոլոր դրսեւորումները ուղղված են լինելու Հայաստանի գոյություն ունեցող ինքնիշխանության մակարդակի բարձրացմանը: Հետեւաբար, մենք երկրի ինքնիշխանությունը նվազեցնող որեւէ միավորման կողմնակից չենք կարող լինել»,- ասված է կուսակցության պատասխանում՝ հավելումով, որ առկա իրավիճակում իրենք տեսնում են նման միություններին անդամակցությունից զերծ մնալու հնարավորություն․
«Ուստի պատրաստ չենք քննարկել դեպքեր եւ հանգամանքներ, որոնցում ինքնիշխանության նվազեցումը «ընդունելի կլինի»։
Մեր այս դիրքորոշումը պայմանավորված է մեր արժեքներով, գաղափարներով, ինչպես նաեւ այն պրագմատիկ հաշվարկով, որ միջազգային հարաբերությունների հետզհետե բեւեռացման ժամանակաշրջանում այդ բեւեռների սահմանագծում ապրող ժողովուրդը, բեւեռներից մեկին ինքնամոռաց նվիրվելով, ունենալու է մեծ կորուստներ, իսկ ձեռքբերումների հավանականությունը խիստ փոքր է լինելու»:
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը կտրականապես մերժում է «Ռուսաստանից պարտադրվող եւ Հայաստանի ներսից սպասարկվող միութենական նկրտումները»։ Կուսակցության դիրքորոշմամբ՝ Հայաստանի ինքնիշխանությունը սակարկող ցանկացած ուժ պետք է արժանանա հստակ գնահատականների եւ մերժվի հանրության կողմից․ «Մեր հավատամքին համապատասխան՝ անելու ենք ամեն ինչ, որպեսզի կանխվեն նման սցենարները, այդ թվում՝ փորձելու ենք համախոհ ուժերի հետ անցկացնել խորհրդակցություններ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ կոնկրեը գործողություններ։ Անկախ Հայաստանին այլընտրանք չկա»։
«Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները եւ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը համարում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը բացարձակ արժեք է․ «Եվ ցանկացած պարագայում մեր դիրքորոշումը հիմնված ու կառուցված է լինելու այս սկզբունքային մոտեցման վրա»:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի հետ հնարավոր միութենական հանրապետության ձեւավորման հարցին՝ կուսակցության պատասխանի համաձայն՝ օդում կախված լուրերի կամ անհայտ ծագման տեղեկությունների վերաբերյալ «պարզապես չի կարելի, կոռեկտ չէ» դիրքորոշում ակնկալել․ «Եթե կլինեն նման գործընթացներ, նման առաջարկ կամ առաջարկներ, այդ ժամանակ էլ, ելնելով բովանդակությունից, իր բոլոր մանրամասներով կներկայացնենք մեր դիրքորոշումն ու դիտարկումները՝ վստահաբար հավատարիմ մնալով վերոնշյալ մոտեցմանը»:
Հայաստանի Հանրապետական կուսակցության պատասխանի համաձայն՝ ՀՀԿ-ն իր արտաքին քաղաքական գերակայությունները հնչեցրել է ՀՀԿ 17-րդ համագումարում, դրանք ներառված են համագումարի բանաձեւում։ Առաջարկել են կուսակցության դիրքորոշումներին ծանոթանալու համար հետեւել քաղաքական ուժի պաշտոնական դիրքորոշումն արտահայտող ՀՀԿ ներկայացուցիչներին հրապարակային ելույթներին, հարցազրույցներին, ՀՀԿ-ի ընթացիկ հայտարարություններին։ Infocom-ը կուսակցության համագումարի բանաձեւից առանձնացրել է արտաքին քաղաքականությանն առնչվող հատվածները։ Այսպես, կուսակցությունը բանաձեւում նշել է, որ Հանրապետականը եղել եւ մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը եւ կապերի այդ լայն շրջանակը շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը այն գիտակցումով, որ միայն ուժեղ, ինքնիշխան, արժանապատիվ Հայաստանը կարող է հարգանքի արժանի եւ վստահելի գործընկեր լինել:
Կուսակցությունը հայտարարել է, որ իշխանափոխությունից հետո, ի թիվս այլնի, իրենց գործունեության առաջնահերթություններից են լինելու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը անվտանգային ողջ գործիքակազմի խելամիտ եւ նպատակային գործադրմամբ, հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցության բարելավումը, ընդլայնումը եւ խորացումը՝ ամրապնդելով Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգության իրական երաշխիքները, Եվրամիության հետ Հայաստանի ստորագրած Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող գործողությունների ծրագրում ներառված գերակայությունների վերաբանակցումը, եւ այլն։
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում եւ չի ցանկանում պատկերացնել որպես Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ այսպես կոչված «միութենական պետության» մաս․ «Հայաստանի Հանրապետությունն ազատ, անկախ եւ ժողովրդավարական պետություն է, եւ բազում տարիների անօրինակ պայքարով ձեռք բերված այդ կարգավիճակը, հաստատված 1991 թվականի հանրաքվեի անվիճելի արդյունքներով, սկզբունքորեն չի՛ կարող լինել սակարկության կամ նույնիսկ քննարկման առարկա, նույնիսկ տեսականորեն»,- ասված է կուսակցության պատասխանում։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը պատասխանում շեշտել է, որ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան եւ ժողովրդավարական պետություն է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված, եւ, ըստ այդմ, Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում ոչ միայն չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ Միութենական պետության մաս, այլ անգամ քաղաքական օրակարգ արհեստականորեն բերված քննարկումները, հարցումները, նմանօրինակ հայտարարությունները համարում է խիստ վտանգավոր ու անթույլատրելի եւ ՀՀ անկախության, ինքնիշխանության եւ անվտանգային համակարգի դեմ տարվող բացահայտ գործողություններ․ «Մեր օրակարգում նմանօրինակ հարցի անգամ քննարկում, որն ողիղ սպառնալիք եւ ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, չկա եւ չի էլ կարող երբեւէ լինել»:
Կուսակցությունը կարծում է, որ ակնհայտ է՝ միութենական պետության գաղափարը ՌԴ իշխանությունների աշխարհաքաղաքական նկրտումներին եւ շահերին հարմարեցված հերթական միավորում պետք է լինի, դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով, ինչն էլ ծանր հետեւանքներ է ունենալու ոչ միայն ՀՀ քաղաքական եւ տնտեսական բազմավեկտոր ինտեգրացիոն գործընթացների վրա, այլ նաեւ լուրջ խոչնդոտ է լինելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման եւ միջազգային ճանաչման գործընթացի համար․
«Վստահ ենք՝ բոլորի հիշողությունները դեռ թարմ են, թե ինչպիսի դիրքորոշում հայտնեց ՀԱՊԿ-ը Հայաստանի համար օրհասական եւ անվտանգային առումով ամենաբարդ ու ծանրագույն շրջանում՝ թե՛ քառօրյա , եւ թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո, անգամ ՀՀ սուվերեն տարածք թշնամու ներխուժման եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու ժամանակ: Իսկ, որ հենց այդպիսի դիրքորոշում էր որդեգրելու ՀԱՊԿ-ը, Ազատ Դեմոկրատները բազմիցս են բարձրաձայնել: Եվ, ընդհանրապես, Հայաստանի ապագան քաղաքակիրթ եւ առաջադեմ աշխարհն է, այլ ոչ թե դրանից մեկուսացումը: Հայաստանի իշխանությունը առաջնահերթ պարտավորություն ունի կոշտ ու միանշանակ հակահարված տալ ՀՀ անկախությանն ու ինքնիշխանությանը սպաղնացող որեւէ գործողության եւ առաջնորդվի միմիայն ՀՀ Սահմանադրությամբ եւ պետական շահով»:
Հայաստանի կանաչների կուսակցությունը անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։
«Ազգային առաջընթաց» կուսակցությունն էլ դեմ է ՀՀ ինքնիշխանության մասնակի կամ ամբողջական օտարմանը՝ հօգուտ որեւէ պետության, կամ պետությունների, կամ նրանց դաշինքի կամ միությանը, այդ թվում եւ առավել եւս՝ ՌԴ ու Բելառուսի միութենական պետությանը միանալու տեսքով։
Պահպանողական կուսակցությունը եւս որեւէ պարագայում Հայաստանը չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս։ «Պահպանողական կուսակցության համար ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված ինքնիշխանությունն անսակարկելի է, ինչպես նաեւ Պահպանողական կուսակցության Կանոնադրության եւ Ծրագրի մեջ Հայաստանի պետականությունը հռչակված է որպես բարձրագույն արժեք»:
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության ամփոփոխ առաջին հոդվածի բովանդակությունը Հայաստանի Հանրապետռության ինքնիշխանության վերաբերյալ, ինչպես նաեւ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության հաստատուն դիրքորոշումը, անընդունելի եւ հակապետական է համարում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը կասկածի դակ դնող ցանկացած գաղափար եւ ցանկացած ակտ:
Հայաստանի եվրոպական կուսակցությունը նույնպես կտրականապես դեմ է միութենական պետության գաղափարին․ «Մեզ մոտ դա անգամ չի քննարկվում, դա քրեական հանցագործություն է։ Նման բան քննարկել, խոսել, մտածել, անգամ չենք պատկերացնում»,- Infocom-ի հարցին ի պատասխան՝ կուսակցության դիրքորոշումը հայտնեց կուսակցության վարչության անդամ Ալլա Հարությունյանը։
«Հայոց հայրենիք» կուսակցությունը կարծում է, որ Հայաստանի Հանրապետությանն անկախությունն ու ինքնիշխանությունը միանշանակ որեւէ կերպ չի կարող խաթարվել, բայց համագործակցությունը որպես մեկ կառույց, «մեկ պետություն»՝ միանշանակ ընդունելի է համարում։
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունն էլ է կողմ միութենական պետության գաղափարին, եթե ՀՀ անվտանգության ապահովման համար այդ միությանը միանալը վերջին հնարավորությունն է։
Այս տարվա փետրվարի 17-ին «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն իր ասուլիսի ժամանակ, պատասխանելով միութենական պետության մասին լրագրողի հարցին, ասաց, որ այսօր աշխարհում կան ինտեգրման այնպիսի մոդելներ, որոնցով բոլորը հիանում են, օրինակ՝ Եվրամիություն․ «Այն միությունը, որ ՌԴ-ի եւ Բելառուսի միջեւ է, հեռու է իր ինտեգրման աստիճանով ԵՄ-ից։ Այսօրվա աշխարհում, իմ կարծիքով, չպետք է ապրիորի վախենալ որեւէ նման ինտեգրումից, ուղղակի պետք է նստել-հասկանալ՝ ինչ ես ստանում, ինչ ես զիջում։ Իմ նախագահության օրոք նման հարց չի քննարկվել, մենք այդպիսի նախաձեռնություն չենք ցուցաբերել եւ չենք համարել, որ դա հասունացած է։ Բայց հիմա նման կարգի գործընթացներին պետք է վերաբերել շատ պրագմատիկ եւ հաշվարկի հիմքի վրա, ոչ թե կենցաղային մոդելով՝ դու՝ ինձ, ես՝ քեզ, այլ կոնկրետ հաշվարկով, ինչ վտանգների առաջ ենք կանգնած, ինչ սպասելիքներ ունենք, ինչ են մեզ առաջարկում, ինչ ենք կորցնում, ինչ ենք ստանում։ Քանի որ չկա առաջարկ, հիմա դժվար է գնահատել»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ երբ կլինի, պետք է սթափ հաշվարկով քննարկել, մտնել-կամ չմտնել նման պրոցեսների մեջ։ Նրա կարծիքով՝ ՌԴ-ի հետ մենք պետք է ունենանք շատ ավելի խոր հարաբերություններ․ «Չկա այլ երկիր, որը շահագրգռված կլինի մեզ նորից գործոն սարքել այս տարածաշրջանում»։
«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը Քոչարյանի ասուլիսից հետո անդրադարձավ միութենական պետության մասին վերջինիս հայտարարություններին՝ հնչեցնելով նաեւ իրենց կուսակցության դիրքորոշումը։
Նրա կարծիքով՝ Քոչարյանը երկընտրանքի առաջ է կանգնեցրել հայ ժողովրդին ու Հայաստանի Հանրապետությանը՝ առաջարկելով կամ ապավինել ՌԴ-ի հետ առավել խոր ինտեգրմանը՝ չբացառելով անգամ միութենական պետությանն անդամակցելը՝ այդպիսով թուրք-ադրբեջանական սպառնալիքը դիտարկելով որպես անհաղթահարելի գործոն, կամ համակերպվել Քոչարյանի ձեւակերպմամբ «Հայաստանի աջարիզացիային»։ Նորիկյանի կարծիքով՝ Հայաստանին եւ հայ ժողովրդին դնել ծանր երկընտրանքի առջեւ, որ կամ ընտրում ես Թուրքիան, կամ Ռուսաստանը, ազնիվ չէ մեր պետության, հասարակության նկատմամբ, եւ բացառել զարգացման որեւէ այլ տարբերակ, այդ թվում՝ բոլորի հետ նորմալ բարիդրացիական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, նույնն է, թե Հայաստանին հավերժորեն գամել պատերազմի դռանը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
Արդար Հայաստանը կարծում է, որ ՀՀ բոլոր քաղաքական ուժերը պետք է երկու հարցի վերաբերյալ ունենան հարյուրտոկոսանոց կոնսենսուս․ ՀՀ ինքնիշխանությունը, պետականությունը սակարկման ենթակա չեն, ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ։ Նրանք, որոնք կասկածի տակ կդնեն ինքնիշխանությունն ու պետականությունը, Նորիկյանի խոսքով, պետք է վռնդվեն ՀՀ քաղաքական դաշտից։
Ստորեւ ներկայացնում ենք այն կուսակցությունների ցանկը, որոնք չեն պատասխանել հարցադրմանը, սակայն հետագայում նրանց դիրքորոշումն ունենալուն պես դրանք եւս կհրապարակենք․
«Վերածնվող Հայաստան» կուսակցություն,
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն,
«Հանրապետություն» կուսակցություն,
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն,
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն,
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն,
«Միասնական հայրենիք» կուսակցություն,
Հայ կառուցողական կուսակցություն,
«Զարթոնք» կուսակցություն,
«Ալյանս» կուսակցություն,
«Ազատություն» կուսակցություն,
«Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն,
«5165 շարժում» կուսակցություն,
«Վերելք» կուսակցություն,
«Ազատական» կուսակցություն,
«Ժառանգություն» կուսակցություն,
Հայաստանի կոմունիստական կուսակցություն,
«Ազգային ինքնորոշում» կուսակցություն,
«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցություն։
Հետգրություն
«Ապրելու երկիր» կուսակցությունը նյութի հրապարակումից հետո հարցադրմանն ի պատասխան տեղեկացրել է, որ կուսակցությունը Հայաստանի Հանրապետությունը որեւէ պարագայում չի պատկերացնում Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի Հանրապետության հետ միութենական պետության մաս, քանի որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը սակարկման եւ քննարկման առարկա չէ։
Լուսանկարի աղբյուրը՝ ria.ru
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)