«Հայաստան» խմբակցությունը պահանջում է ազատ արձակել կալանավորված պատգամավորներին․ բանավեճից հետո ԱԺ նիստն ընդմիջվեց
12:03 - 02 օգոստոսի, 2021

«Հայաստան» խմբակցությունը պահանջում է ազատ արձակել կալանավորված պատգամավորներին․ բանավեճից հետո ԱԺ նիստն ընդմիջվեց

Ազգային  ժողովի ութերորդ գումարման առաջին նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավորները ցանկություն հայտնեցին մինչև գրանցվելը վարման կարգի վերաբերյալ հայտարարություն անել։  
Նախագահող Կնյազ Հասանովը, սակայն, ի պատասխան ասաց, որ գրանցումից հետո կարող են հայտարարություններ անել։ Նիստին 19 պատգամավորներ չգրանցվեցին։

Գրանցումից հետո «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց, որ ըստ ԱԺ կանոնակարգ-օրենքի՝ պատգամավորների գրանցումը համազոր է քվեարկությանը, ինչից առաջ պագամավորը արտահայտվելու իրավունք ունի։
«Ինչպես հայտնի է, մեր երկու գործընկերները այսօր ապօրինաբար գտնվում են անազատության մեջ։ Իհարկե, պատգամավոր լինելուց հետո կուզեի շնորհակալություն հայտնել մեր պատգամավորներին և մեր ընտրողներին, բայց ստիպված եմ այսպիսի խոսք ասել։ Այն դեպքում, որ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պատգամավորը առանց Ազգային ժողովի համաձայնության չի կարող զրկվել ազատությունից, հետևաբար մեր խմբակցությունը պահանջում է ապահովել մեր երկու գործընկերների անխոչընդոտ ներկայությունը Ազգային ժողովում, որպեսզի նրանք կարողանան կատարել իրենց սահմանադրական պարտականությունները»։


«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը, արձագանքելով ընդդիմությանն ասաց, որ պատգամավորը ունի անձեռնմխելիության իրավունք, որը պետք է հաղթահարվի, բայց այս պարագայում արարքները, որոնք վերաբերվում են պատգամավորական մանդատ ատացած անձանց, տեղի են ունեցել մինչև պատգամավորական մանդատ ստանալը և որպես թեկնածու նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ համապատասխան որոշումներով։ «Որևիցե բան չեմ բացառում, մենք այստեղ բոլոր պարտավոր ենք, ըստ էության, ապահովել ԱԺ հետագա բնականոն գործունեությունը և ես կառաջարկեի, որպեսզի մենք հնարավորություն ընձեռեինք նախագահողին, որպեսզի նա կարողանար ձևավորեր ԱԺ մարմինները, որից հետո կարելի է քննարկել ցանկացած հարց, այդ թվում՝ հարցեր, որոնք կապված մեր առօրյա գործունեության հետ»։


Ի պատասխան «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են։


Այնուհետև դաշինքի  քարտուղար Արծվիկ Մինասյանը ընդիմիջում պահանջեց։ Բանավեճերից հետո ԱԺ նիստն ընդմիջվեց։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի՝  կալանավորված անդամներն են Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և Մեղրի համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել