Ֆրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր
16:08 - 17 սեպտեմբերի, 2021

Ֆրանսիական պատվիրակության անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ ու Եռաբլուր

Ֆրանսիայի Հանրապետության՝ Հայաստանում գտնվող պատվիրակության անդամները սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր պանթեոն:

ԱԺ հանրային կապերի վարչությունից հայտնում են, որ պատվիրակության անդամները ծանոթացան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ցուցադրված 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին եւ փաստաթղթերին, գրառում կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

«Սա իմ 38-րդ այցն է Հայաստան: Մեր պատվիրակությունն այցելել է նաեւ Արցախ, մասնակցել Ստեփանակերտ քաղաքում Պոլ Էլյուարի անվան ֆրանկոֆոնիայի կենտրոնի բացմանը: Կենտրոնն իր շուրջ կհամախմբի բոլոր ֆրանկոֆոններին՝ ծառայելով որպես քաղաքի զարգացմանը նպաստող կրթական եւ նորարարական հարթակ: Ամեն անգամ Հայաստան գալով՝ ես այցելում եմ նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ցավով, տխրությամբ, լռությամբ հարգում զոհերի հիշատակը: Այս հուշահամալիրը հզոր վայր է: Որպես հումանիստ՝ բոլորիս պարտքն է գալ եւ հարգանքի տուրք մատուցել»,- ասաց «Ֆրանկոֆոնիան Արցախում» միության նախագահ, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի առաջին նախագահ Ֆրանսուա Ռոշբլուան:

Եռաբլուրում պատվիրակության անդամները հարգանքի տուրք մատուցեցին հանուն Հայրենիքի կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել