Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան
18:49 - 08 հոկտեմբերի, 2021

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։ 

Սյունիքի մարզի Տեղ համայնքում առաջադրվել է երկու քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արգամ Հովսեփյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Ղուլունցի թեկնածությամբ։ Վերջինս, ի դեպ, հրաժարվեց հարցազրույց տալ՝ մինչեւ քարոզարշավի ավարտը զբաղված լինելու մեկնաբանությամբ։

«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը՝ Արգամ Հովսեփյանը, մեր զրույցում ասաց, որ քարոզարշավը հանդարտ է ընթանում, ինքն այն անցկացնում է բակային հանդիպումների ձեւաչափով՝ զրուցելով Տեղի բնակիչների հետ։

Տեղ համայնքում խնդիրները քիչ չեն․ կա ոռոգման ջրի, խմելու ջրի խնդիր, բնակիչները դժվարությունների են հանդիպում գյուղատնտեսական արտադրանքի իրացման հարցում։ Հովսեփյանը, խոսելով այս խնդիրների մասին, նշեց, որ կուսակցության համահիմնադիրները՝ ի դեմս Մեսրոպ Առաքելյանի, ծանոթ են այս հարցերին, ինքն էլ խնդրել է դրանց լուծում տալու հարցում աջակցել իրեն։ Բանն այն է, որ համայնքային բյուջեն խիստ սահմանափակ է, եւ նման լուրջ խնդիրների լուծման համար այլ միջոցներ են հարկավոր։

Այդ միջոցները հայթայթելու համար Հովսեփյանը պատրաստվում է քննարկումներ ունենալ կառավարության հետ՝ սուբվենցիոն ծրագրեր բերելու մտադրությամբ, գտնել նաեւ բարերաների, որոնք պատրաստ կլինեն աջակցել։

Որպես առաջնային լուծում պահանջող հարց՝ մեր զրուցակիցն ընդգծեց նաեւ ճանապարհների անմխիթար վիճակը․ «Էս հարցն էլ միայն համայնքային բյուջեով հնարավոր չէ լուծել, պետք է բարերների գտնենք»,- ասաց Հովսեփյանը։

Տեղում այսօր սպանդանոց չկա․ սա դժվարացնում է բնակիչների գործը, բայց համայնքապետի թեկնածուն հարցը լուծելի է համարում՝ հավելելով, որ ինքը նաեւ մտադիր է խթանել գյուղացիների արտադրանքի արտահանմանը՝ ոչ միայն ներքին, այլեւ արտաքին շուկայում։

Տեղ համայնքի վարելահողերի որոշ մասը պատերազմից հետո հայտնվել է հակառակորդի վերահսկողության տակ․ այս հարցը տեղացիների համար ամենամտահոգիչն է։ Արգամ Հովսեփյանի խոսքով՝ լավ կլիներ, եթե կառավարությունն աջակցեր գյուղացիներին՝ վառելիք եւ սերմացու տրամադրելով․ «Վարած, ցանած հողերը մնացել են Ադրբեջանի հսկողության տակ, էս պահին ես պետությունից խնդրում եմ Տեղ համայնքի, եւ ոչ միայն, մնացած սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնեն սերմացուով, վառելիքով, օգնեն՝ մարդիկ էս տարի ոտքի կանգնեն, հետո իրենց հունով կաշխատեն։ Եթե սերմացուն անվճար տան, էս տարի ժողովուրդը մի քիչ ոտի կկանգնի»,- ասաց Հովսեփյանը՝ նշելով, որ այդպիսի որոշում պետք է շուտափույթ կայացվի, քանի դեռ կարելի է ցանք անել։

Մեր զրուցակիցը խոսեց նաեւ մանկապարտեզների նորոգման անհրաժեշտության մասին, կրթական կենտրոններ ունենալու։ Այս հարցերի լուծման համար եւս Արգամ Հովսեփյանը անհրաժեշտ համարեց համագործակցել կառավարության հետ։

Հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ընտրություններում Գորիսում առաջադրվել են «Առուշ Առուշանյան» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Գորիսի գործող համայնքապետ (այժմ կալանավորված է) Առուշ Առուշանյանը, «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում ՀԱԿ անդամ, Գորիսի պետական քոլեջի տնօրեն, Գորիսի գործող ավագանու անդամ Կարեն Լազարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Վլադիմիր Աբունցի թեկնածությամբ։ Առաջադրվել էր նաեւ «Հայաստանի կոմունիստական կուսակցությունը»՝ Ալվարդ Իսախանյանի թեկնածությամբ, սական տարածքային ընտրական հանձնաժողովը չի գրանցել կուսակցության ցուցակը՝ օրենքին անհամապատասխանության պատճառով։ 

Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։ 

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրվել է երեք քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Սամվել Լալայանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տաթեւի նախկին փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանի թեկնածությամբ։ Վերջինս, ինչպես Տեղ համայնքում ՔՊ ցուցակը գլխավորող Դավիթ Ղուլունցը, հրաժարվեց հարցազրույցից՝ դարձյալ զբաղված լինելու պատճառաբանությամբ։

Լուսանկարում՝ Արգամ Հովսեփյանը զրուցում է Տեղի բնակիչների հետ, աղբյուրը՝ «Ապրելու երկիր» կուսակցության ֆեյսբուքյան էջ

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել