Visa-ն և Mastercard-ը երեկ երեկոյան հայտարարել են, որ դադարեցնում են իրենց գործունեությունը Ռուսաստանում՝ Ուկրաինա ներխուժման պատճառով:
Visa-ի հայտարարության մեջ ասվում է, որ այն կդադարեցնի գործարքները «առաջիկա օրերին», և, հետևաբար, Ռուսաստանում թողարկված քարտերը կդադարեն գործել արտասահմանում, իսկ արտասահմանում թողարկված քարտերը կդադարեն գործել Ռուսաստանում։
Mastercard-ը նման արգելք է դրել՝ նշելով, որ ռուսական բանկերի կողմից թողարկված քարտերն այլևս չեն ապահովվի իր ցանցի կողմից։
ԱՄՆ-ում գործող ընկերությունը հավելել է, որ երկրից դուրս թողարկված ցանկացած Mastercard չի աշխատի ռուսական շուկայում կամ բանկոմատներում:
Միևնույն ժամանակ «Սբերբանկ»-ը հայտարարել է, որ Visa-ի և Mastercard-ի որոշումը չի ազդի Սբերբանկի քարտերի աշխատանքի վրա երկրի ներսում։
«Միջազգային վճարային համակարգերը որոշել են սահմանափակել իրենց աշխատանքը Ռուսաստանում առաջիկա օրերին: Այս որոշումը չի ազդի Sberbank Visa և Mastercard քարտերի աշխատանքի վրա երկրի ներսում։ Սբերբանկի հաճախորդների բոլոր քարտերը կաշխատեն, և դրանք հնարավոր կլինի օգտագործել Ռուսաստանում գործարքներ կատարելու համար՝ կանխիկ գումար հանել, փոխանցումներ կատարել քարտի համարով, վճարել ինչպես օֆլայն խանութներում, այնպես էլ ռուսական առցանց խանութներում», - ասվում է հաղորդագրության մեջ։
Սբերբանկը հիշեցրել է, որ դա հնարավոր է, քանի որ Ռուսաստանում բոլոր վճարումները կատարվում են «Վճարային քարտերի ազգային համակարգ»-ով և անկախ են արտասահմանյան վճարային որոշումներից:
Թեմայի առնչությամբ հաղորդագրություն է տարածել նաև Ռուսաստանի Կենտրոնական բանկը՝ նշելով, որ «բոլոր ռուսական բանկերի Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերի քարտերը կշարունակեն աշխատել Ռուսաստանի Դաշնությունում, հաճախորդների միջոցները քարտային հաշիվներում ամբողջությամբ պահպանված և հասանելի են»:
«Ռուսական բանկերի կողմից թողարկված Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերի բոլոր քարտերը կշարունակեն գործել Ռուսաստանում սովորական ռեժիմով, մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը: Դրանցով գործարքները մշակվում են երկրի ներսում՝ «Վճարային քարտերի ազգային համակարգ»-ում և դրանց վրա չեն ազդում պատժամիջոցները: Հաճախորդների հաշիվների միջոցները լիովին պահպանված են և հասանելի»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ռուսաստանում այդ քարտերի սեփականատերերը կկարողանան գործարքներ կատարել բանկոմատներով, վճարել քարտերով և քարտից քարտ փոխանցումներ կատարել։
Միաժամանակ Կենտրոնական բանկը զգուշացրել է, որ Visa և Mastercard քարտերով անդրսահմանային գործարքներ չեն իրականացվելու։ Սա վերաբերում է ինչպես արտասահմանյան առցանց խանութներից գնումների համար վճարելուն, այնպես էլ արտերկրում այդ քարտերից օգտվելուն:
comment.count (0)