civilnet.am: Հոլանդահայ Սյունե Աբրահամյանը հայտնում է, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայան ժամանելուց հետո տեղեկացել է, որ իր մուտքն արգելված է Հայաստան, և ինքը համարվում է անցանկալի անձ։
«Ինձ 12 ժամ առանց որևէ բացատրության պահելուց հետո, տեղեկացրեցին, որ հայրենիք մուտք չեմ կարող գործել` անցանկալի անձ եմ և պետք է վերադառնամ Նիդերլանդներ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը։
Նա Հայաստան էր ժամանել Սյունիքում ՀՅԴ երիտասարդականի կազմակերպած կամավորական ճամբարներին մասնակցելու նպատակով։
«Եկել եմ Հայաստան, որ մասնակցեմ կամավորական աշխատանքներին, Սյունիքում, ՀՅԴ երիտասարդականի կազմակերպած, բայց ինչպես տեսնում եք ես Զվարթնոցում եմ գտնվում։ Առանց պատճառի անձնագիրս վերցրել են, մուտքս մերժեցին։ Ես տեղ չունեմ հայրենիքում, հայերը տեղ չունեն հայրենիքում»,- գրառմանը կից տեսանյութում նշում է Աբրահամյանը։
Սյունե Աբրահամյանը երկրորդ սփյուռքահայն է, որին իշխանություններն արգելել են մուտք գործել Հայաստան։
Հուլիսի 13-ին արգելվել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան, նա նույնպես ՀՀ-ում ճանաչվել է անցանկալի անձ։
Վարչապետի աշխատակազմը պարզաբանել էր՝ ինչ հիմքով է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը։ Ոչ միայն նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը ՀՀ արգելվել է»։
comment.count (0)