ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է: Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի եւ Ստեփան Զորյանի կողմից։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում եւ սփյուռքի ավելի քան 40 երկրներում։ 

2021-ին Ռոբերտ Քոչարյանի և «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ ձևավորել է «Հայաստան» դաշինքը՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Դաշինքը հաղթահարել է անցողիկ շեմը և 8-րդ գումարման ԱԺ-ում կունենա 29 պատգամավոր։ 

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարում է «չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին»

ՀՅԴ ԳՄ-ն հայտարարում է «չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին»

ՀՅԴ գերագույն մարմինը այսօր հայտարարություն է տարածել նշելով, որ «խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին»:«Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որի գերագույն նպատակը սեփական Հայրենիքում հայ ժողովրդի անվտանգության և բարգավաճման ապահովումն է, չի կարող դեմ լինել տարածաշրջանում կայուն խաղաղությանը։ Սակայն ուժի սպառնալիքով Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու հերթական նոր զիջումները որևէ առնչություն չունեն իրական և կայուն խաղաղության գործընթացի հետ։ Տևական և կայուն խաղաղություն հաստատելու համար անհրաժեշտ է, որպեսզի Ադրբեջանի հետ համաձայնագիրը լինի հարաբերությունների կարգավորման ամբողջական փաստաթուղթ, հարգի հայկական կողմի օրինական շահերը և ընդգրկի լուծումներ՝ կարգավորման ենթակա հարցերի ողջ փաթեթով։ Մինչդեռ Ադրբեջանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններն ու համաձայնեցված փաստաթուղթը չի հստակեցնում Հայաստան-Ադրբեջան սահմանագիծը, չի ապահովում Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից, չի կանխում Ադրբեջանի հետագա ագրեսիան, անգամ չի անդրադառնում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված Արցախի և արցախահայության իրավունքներին, այդ թվում՝ սեփական հայրենիքում անվտանգ ապրելու խախտված իրավունքի վերականգնմանը, չի լուծում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը։ Բանակցված փաստաթուղթն, ըստ էության, նշանակում է ադրբեջանական պահանջների անվերապահ վավերացում։ Միաժամանակ, ՀՀ-ին շարունակաբար ներկայացվող նոր նախապայմանները, մասնավորապես՝ միջանցքի տրամադրման, սահմանադրության փոփոխության, ՀՀ-ում ադրբեջանցիների բնակեցման, «Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործություններ գործած անձանց» արտահանձնման, միջազգային դատական ատյաններից ՀՀ հայցերը հետ կանչելու, Հայաստանի ապառազմականացման, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման վերաբերյալ հնչող պահանջներն ուղղակիորեն խարխլում են Հայաստանի ինքնիշխանությունը։ Ակնհայտ է, որ նման փաստաթղթով Ադրբեջանն, ըստ էության, նպատակադրվում է փակել Արցախի հարցը, ձգտում է դե յուրե ամրագրել ցեղասպանությամբ, ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ իր ձեռքբերածը՝ միաժամանակ պահպանելով Հայաստանից այլ զիջումներ կորզելու հնարավորությունը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խստորեն դատապարտում է գաղտնի բանակցությունների արդյունքում Հայաստանին և հայ ժողովրդին պարտադրվող նոր զիջումները և հայտարարում, որ չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին։ ՀՅԴ-ն վճռական է ՀՀ ինքնիշխանության, անվտանգության ապահովման, ինչպես նաև թշնամական երկրի պահանջով ՀՀ-ում Սահմանադրության փոփոխությունը թույլ չտալու հարցում, - նշված է հայտարարությունում», - նշված է հայտարարությունում։
17:05 - 15 մարտի, 2025
Դաշնակցությունն աշխատում է Թրամփի վարչակազմի հետ՝ արցախցիների վերադարձի ու ռազմագերիների հարցով
 |azatutyun.am|

Դաշնակցությունն աշխատում է Թրամփի վարչակազմի հետ՝ արցախցիների վերադարձի ու ռազմագերիների հարցով |azatutyun.am|

azatutyun.am: «Արցախին միջանկյալ կարգավիճակ պետք է շնորհվի, և արցախցիները միջազգային երաշխքիներով պետք է վերադառնան իրենց հայրենիք», - այսօր Դաշնակցության Ընդհանուր ժողովին ընդառաջ հայտարարեց կուսակցության ղեկավար մարմնի՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը: Նա ընդգծեց, որ այժմ Դաշնակցության կառույցները լոբբիստական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ: «Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Միջին Արևելքում: Հիմա մանրամասնությունների մեջ մտնելն անիմաստ է, որովհետև սկզբնական շրջանի մեջ ենք տակավին, բայց ամենաբարձր մակարդակով են տեղի ունենում այդ խորհրդակցությունները, օրինակ՝ Ֆրանսիայի պարագայում՝ ուղղակի նախագահական պալատի հետ, Ամերիկայի պարագայում՝ նոր վարչակարգի հետ», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Տեր-Խաչատուրյանը: Ինչպե՞ս է սա հնարավոր, երբ Հայաստանի իշխանությունը արցախցիների վերադարձն անիրատեսական է համարում, հայաթափված Լեռնային Ղարաբաղն էլ Ադրբեջանի ամբողջական վերահսկողության տակ է: «Հայաստանի իշխանությունը չի բարձրացնում այդ հարցը», - «Ազատության» այս դիտարկմանը ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչն արձագանքեց. - «Չէ, չի բարձրացնում այդ հարցը, և դա խոչընդոտում է: Անշուշտ, որ դժվարացնում է: Մենք միշտ առաջարկել ենք այդ, բայց դժբախտաբար՝ երբեմն խուլ և համր են ձևացնում այդ ուղղությամբ»: Նախընտրական շրջանում թեկնածու Դոնալդ Թրամփն անդրադարձել էր արցախահայերի էթնիկ զտմանը՝ օգտագործելով Արցախ բառը: Նա քննադատել էր իր մրցակցին՝ Քամալա Հարիսին, ասելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»: Թրամփը միաժամանակ խոստացել էր «պաշտպանել հալածված քրիստոնյաներին, դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, վերականգնել խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»: ՀՅ Դաշնակցությունը հենց նախընտրական շրջանում Թրամփին դիմել է նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հարցով: Բյուրոյի ներկայացուցչի համոզմամբ՝ նախընտրական շրջանում Թրամփն ավելի շատ խոստումներ տվեց, քան նրա դեմոկրատ մրցակից Քամալա Հարիսը: «Նաև գերիների հարցով իրեն հատուկ խնդրանք ենք ներկայացրել, որ ճնշում բանեցվի Ադրբեջանի վրա, որպեսզի ազատ արձակի ռազմաքաղաքական գերիներին: Դա ներկայացրել ենք ընտրություններից ճիշտ առաջ՝՝ երկու թեկնածուներին՝ իրեն և Քամալա Հարիսին: Երկուսն էլ խոստացել են, բայց Թրամփը մի քիչ ավելի էր խոստացել՝ ի զարմանս մեզ, որովհետև հայկական հարցերով այդքան էլ մտահոգված չէր իր առաջին շրջանում, բայց այս անգամ բավական լրջորեն հայկական այսպես կոչված դոսյեն ուսումնասիրել էր՝ իր շրջապատի հետ մեր տարած աշխատանքից հետո», - ասաց Տեր-Խաչատուրյանը: Հարցին էլ՝ ընտրություններից հետո որոշ ազդակներ ստացե՞լ են Թրամփի վարչակազմից, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը դրական պատասխանեց. - «Այո, ստացել ենք և ուրախ ենք Ձեզ ասել, որ երեք անձինք կան, որոնք ամենաբարձր պաշտոններում են՝ Մարկո Ռուբիո, Թալսի Գաբբարդ, ինչպես նաև Ռոբերտ Քենեդի, որոնք ոչ միայն ծանոթ են հայությանը, այլև մի մասն այցելել է Արցախ»: «Այդ իմաստով կան նախանշաններ, բայց շատ վաղ է, որ հարյուր օրվա մեջ նախագահը Հայաստանի առաջնահերթությունը բարձրացնի իր առաջին դասի մեջ, այդպես չէ: Բայց վստահ եղեք, որ շարունակվելու է աշխատանքը, և ամեն գնով այդ ճնշումները մենք բանեցնելու ենք», - ընդգծեց Տեր-Խաչատուրյանը: Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչը շեշտում է՝ համաշխարհային մակարդակով արցախցիների հավաքական վերադարձի հարցը բարձրացնելուն զուգահեռ պետք է ամեն ինչ անել, պայմաններ ստեղծել, որպեսզի արցախահայերը համախմբված ապրեն Հայաստանում և չարտագաղթեն:
16:58 - 26 փետրվարի, 2025
Գտնվում ենք անդունդի եզրին. եկեղեցին չի՛ կարող անտարբեր մնալ. Արամ Առաջինն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովին
 |news.am|

Գտնվում ենք անդունդի եզրին. եկեղեցին չի՛ կարող անտարբեր մնալ. Արամ Առաջինն ուղերձ է հղել ՀՅԴ ընդհանուր ժողովին |news.am|

news.am: Նորին Սուրբ օծություն Տեր-Տեր Արամ առաջին կաթողիկոսը պատգամ է հղել ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովին, որը ժողովում ընթերցեց  ԱՄԷ Քուվեյթի եւ հարակից շրջանների թեմի հոգեւոր առաջնորդ և կաթողիկոսի ներկայացուցիչ գերաշնորհ տեր-Մեսրոպ արքեպիսկոպոս Սարգսյանը: «Սիրելի ներկաներ, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանքից հայրապետական օրհնությամբ, քրիստոնեական ջերմ սիրով և ազգային վառ ապրումներով ողջունում ենք ձեզ։ Դարձյալ հավաքվել եք որպես ՀՅԴ աշխատած կառույցների ու միավորների ներկայացուցիչներ՝ համապարփակ կերպով վերաքննության ու վերարժևորումի ենթարկելու կուսակցության վերջին շրջանի գործունեությունը իր այլազան երեսներով և ապա ճշտելու առաջիկա շրջանի գործունեության ընդհանուր ուղեգիծը: ՀՅԴ-ն վերջին 134 տարիներին իր ծննդոցից մինչև ներկա ժամանակները Հայաստանից մինչև Արցախ և սփյուռքի տարածքին մեր ազգի հավաքական կյանքի բոլոր բնագավառներից ներս առանցքային ներկայություն է ունեցել ու ճշտորոշիչ դեր է ունեցել իր ողջ կյանքն ու գործունեությունը սերտորեն շաղախելով մեր գերագույն արժեքներին, իղձերին ու տեսնականների հետ։ ՀՅԴ-ն ինքն իրեն սովորական քաղաքական կուսակցություն չի ըմբռնած երբեք, այլ էապես ազգային առաքելություն, համազգային մասշտաբով ու ամբողջանվեր ծառայությամբ կենսագործվող: ՀՅԴ-ն կյանքի ամենից դաժան պայմանների մեջ, երբեք չի նահանջել իր գերագույն սկզբունքներից ու իդեալներից, նույնիսկ երբ հալածանքի է ենթարկվել Օսմանյան, թե սովետական կայսրությունների կողմից: Այսօր մեր պատմության ամենից ճակատագրական ժամանակներում այն կոչված է վերանելոք հանձնառությամբ մնալու հավատարիմ դաշնակցության ոգուն ու կամքին, հավատքին ու տեսլականին։ ՀՅԴ-ի ներկա 35-րդ ընդհանուր ժողովը կգումարվի մեր ազգի ու հայրենիքի պատմության ամենեն վճռաթոշում հանգրվանին։ Խորապես մտահոգիչ է Հայաստանին, Արցախին ու իր սփյուռքին պարզած ներկա վիճակը։ Աշխարհաքաղաքական ներկա պայմանները ի նպաստ չեն մեզ, ահավոր տագնապներով շրջապատված ենք, տագնապներ ներքին, թե արտաքին, որոնք կարող են ինքնորոշումի ու ինքնաքանդումի առաջնորդել Հայաստանն ու սփյուռքը: Փաստորեն գտնվում ենք անտունդի եզրին: Ժամանակի նշանները ճիշտ տեսնենք ու արժեվորենք և համապատասխան դիրքորոշումներ որդեգրենք՝ հեռու ամեն տեսակ անիրատես մոտեցումներից ու մակերեսային դատումներից: Մեծի տանը Կիլիկիո կաթողիկոսությունը և մենք անձնապես Հայաստանը, Արցախը և սփյուռքը հուզող խնդիրների նկատմամբ մեր տեսակետը հստակորեն և հետևողական կերպով պարզել ենք՝ միշտ ելնելով մեր հայրենիքին ու ազգին ընդհանրական ու գերագույն շահերից: Եկեղեցին չի կարող անտարբեր մնալ  կրավորական ու հետևողի դերի մեջ լինել, երբ մանավանդ մեր հոգևոր, բարոյական ու ազգային արժեքները են նահանջում, երբ ներքին ճեղքերը մեր ազգի միասնականությունն են խախտում, երբ ժամանակավոր ու խաբուսիկ խաղաղության դիմաց զիջումի քաղաքականությունը վտանգում է Հայաստանի հողային ամբողջականությունը, երբ մեր ազգի միության ու հավերժության, հավատքի ու իդեալների խորհրդանիշները խաթարվում են, եկեղեցու կողքին, մեր մտավորականությունը, մեր քաղաքական կուսակցական, մշակութային ու կրթական կառույցները, մեր ժողովուրդի զավակները իրավունք չունեն լուռ ու անտարբեր մնալու: Նրանք ասելիք ու անելիք ունեն: Մեզ շրջապատող ներկա տագնապների դիմաց, ինչպես հաճախ շեշտել ենք, ազգային ուժերու համախմբումը նկատում ենք հրամայական ու անհետաձգելի։ Հայրենիքի փրկությունը յուրաքանչյուր հայի ամբողջական հայության տագնապն է ու միաժամանակ հանձնարությունը: Այս խորը գիտակցությամբ ու պատասխանատվությամբ հարկ է գործել։ Մեր սպասումն է, որ կուսակցության ներկա ընդհանուր ժողովը սովորական ժողով չդառնա, այլ արաջատեսիլ ու նպատակասլած ոգով ՀՅԴ-ի համազգային առաքելության ու ծառայության մեջ նոր էջ բացող ռազմավարական ու մարտավարական նոր մոտեցումներ ճշտող մի անկյունադարձ՝ ի խնդիր Հայաստանի հողային ամբողջականության ամուր պահպանման, Արցախի ժողովրդի վերադարձի ու նրա ինքնիշխանության իրավունքի վերականգնման և մեր ազգի բռնաբարված իրավունքների հետապնդման: Արդարև սրբազան արժեքներ ու վեհ նպատակներ, որոնց ամուր պահպանման համար մեր ժողովրդի զավակները քրտինք  ու արյուն են թափել: Թող Աստված օրհնի ու պահպանի մեր հայրենիքը ու ազգը՝ հեռու պահելով ամեն տեսակ չարերից ու չարիքներից: Հայրական սիրով աղոթարար Արամ առաջին կաթողիկոս Մեծի Տանն Կիլիկիո»:
16:48 - 26 փետրվարի, 2025
ՀՀ վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ ուրացման քաղաքականություն․ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՀ վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ ուրացման քաղաքականություն․ ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ցեղասպանության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։  «Օրեր առաջ շվեցարահայ համայնքի մի քանի անդամների հետ հանդիպման ընթացքում Հայաստանի կառավարության ղեկավարն իրեն թույլ է տվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ անընդունելի պնդումներ, որոնք իրենց էությամբ այլ բան չեն, քան թուրքական ժխտողականության այնպիսի անպիտան թեզեր, որոնք տասնամյակներ շարունակ մերժվել են ոչ միայն Հայաստանի և համայն հայության, այլև միջազգային առաջադեմ հանրության, տասնյակ պետությունների, ոլորտի առաջատար գիտնականների, մասնագիտական կազմակերպությունների, և նույնիսկ բազմաթիվ թուրք մտավորականների կողմից։ Հայոց ցեղասպանության էության նենգափոխումը, կատարված ոճրագործության մասշտաբների մեղմացումը, Հայոց ցեղասպանության խնդրի միջազգայնացման դեմ արշավը և տարատեսակ այլ շահարկումները նախ և առաջ անարգանք են անմեղ զոհերի հիշատակին։ Հայաստանի կառավարության ղեկավարի ցնորամիտ ելույթները անարգանք են նաև Հայոց ցեղասպանությունը տասնամյակներ շարունակ հետազոտող հայ և օտար գիտնականների, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար պայքարած հարյուրավոր մարդասերների, այդ ոճրագործությունն ընդունած տասնյակ պետությունների համար։ Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը իրականացնում է արդեն ոչ թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, այլ Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն։ Եթե չլիներ մեր ժողովրդի, հասարակական-քաղաքական և ակադեմիական լայն շրջանակների ցասումն ու արհամարհանքը հիշյալ պնդումների նկատմամբ, գուցե անհրաժեշտ լիներ, իբրև հակազդում փաշինյանական տգիտության, անդրադառնալ 1939թ․ «ցեղասպանություն» տերմինի բացակայությանը, կամ ավելի ուշ, 1943-1944թթ․ Ռաֆայել Լեմկինի կողմից այդ տերմինի ստեղծմանը՝ ինչը Լեմկինի համար դարձել էր անհրաժեշտություն դեռ 1921 թվականից՝ էապես ազդված Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից և նկարագրելու հենց հայության դեմ կատարվածը։ Առավել, Լեմկինի իսկ վկայությամբ, հայկական մի շարք կազմակերպություններ և հայ անհատներ կարևոր ներդրում են ունեցել այդ ժամանակ նոր ձևավորված ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի 1948թ.-ին որդեգրման, և ապա՝ տարբեր պետությունների կողմից վավերացման գործում։ Եթե Փաշինյանի նկատմամբ լրջության որևէ նշույլ մնացած լիներ, գուցե անհրաժեշտություն լիներ ընդգծել Հայոց ցեղասպանության բացառիկ փաստագրվածությունը, անդրադառնալ նաև այն հսկայական գիտական, հանրային ու քաղաքական աշխատանքներին, որ մինչև երկրորդ աշխարհամարտի սկիզբն ու դրանից հետո կատարվել են հայկական ջարդերի ուսումնասիրության, խնդրի միջազգային հանրահռչակման ու կանխարգելման ուղղությամբ, սկսված 1890-ական թթ․ համիդյան ջարդերից, քանի որ արդեն 19-րդ դարավերջից ու 20-րդ դարասկզբից, նույնիսկ մինչև Հայոց ցեղասպանությունը, եվրոպական բազմաթիվ երկրներում հասարակական-քաղաքական լայն շրջանակներն ու տեղական մամուլը խոսում էին իր հայրենիքում հայության դեմ սկիզբ առած բնաջնջման քաղաքականության մասին։ Նաև հե՛նց այդ պայքարի արդյունքում էր, որ միջազգային հարաբերություններում հայությանն առնչվող հարցերը արծարծելու համար ՀՅ Դաշնակցությունը Ֆրանսիայում, Շվեյացարիայում, Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում և այլուր ստեղծեց ու օժանդակեց մի շարք կազմակերպությունների աշխատանք, որոնք էլ հետագայում գաղափարաքաղաքական հիմք հանդիսացան Հայ դատի համակարգի ստեղծման համար։ Կիսագրագիտությամբ համեմված տգիտության հերթական դրսևորման ընթացքում, Փաշինյանը փորձում է կրկնել այն ինչ նախկինում ասել է, թե իբր մենք դրսից, «ինչ որ մեկի միջոցով ենք ընկալել» մեր պատմությունը։ Ավելին, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված միջազգային հարաբերությունների համակարգը խիստ տարբեր էր նախապատերազմյա ժամանակահատվածից և տրամաբանական է, որ հայ ժողովուրդը, օգտվելով ստեղծված իրավիճակից ավելի մեծ թափով սկսեց հետապնդել Հայոց ցեղասպանության միջազգայնացման խնդիրը՝ թե՛ հայրենիքում, թե՛սփյուռքում։ Եթե Հայաստանի առաջին Հանրապետության օրոք և առաջիկա տասնամյակներին, միջազգային իրավունքում ցեղասպանության հանցագործության որակման բացակայության պայմաններում հայության աշխատանքը կենտրոնացել էր Թուրքիայի կողմից գրավված և միջազգային պայմանագրերով Հայաստանին պատկանող տարածքների վերադարձի վրա, ապա հատկապես 1952թ.ից հետո, երբ արդեն ուժի մեջ էր մտել ՄԱԿ-ի կողմից Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, երբ Թուրքիայի կողմից նոր թափ էր առել 1915-1923թթ. հայության նկատմամբ գործված մարդկության դեմ հանցագործությունները ժխտելու քաղաքականությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ևս դարձավ հայության օրակարգի հարց։    Ակնհայտ է, որ Հայաստանի վարչապետը, ով իր իշխանության երկարաձգման գործում հիմնականում հենվում է տարբեր ուժային կենտրոնների վրա, վերջիններիս աջակցության կորստի մոտալուտ վտանգը զգալով, սկսել է դաշնակիցներ փնտրել թշնամական շրջանակներում և ներհայկական խոսույթ ներմուծել այնպիսի գաղափարներ, որոնք, ինչպես վերը նշվեցինք, տասնամյակներ շարունակ մերժված է քաղաքակիրթ աշխարհի կողմից։ Փաշինյանի անցած վեց և ավել տարիների վարքի տարբեր երեսներին կարելի է տալ իրավական և / կամ բժշկական տարբեր գնահատականներ, սակայն այս՝ հայության ու Հայաստանի դեմ թշնամական վարքագծով պետությունների նկատմամբ իր հավատարմությունը կարելի է բնորոշել նաև «ստոկհոլմյան համախտանիշով» (Երբ զոհն սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ, Stockholm syndrome)։ Այս հավանական բացատրությունը չի մեղմացնում Փաշինյանի հանցագործությունը հայոց պետականության ու պետության նկատմամբ, այլ հավելյալ անգամ ընդգծում է, որ վարչապետի աթոռին նստած՝ Փաշինյանը սխալ տեղում է։ Միջանկյալ նշենք, որ Հայաստանը տևական ժամանակահատված, սկսած 1990-ականների վերջից, բայց հատկապես ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակում, միջազգային հարաբերություններում դիրքավորվել է որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ պետություն՝ էականորեն բարելավելով այդ հանցագործության վաղ ազդարարման ու կանխարգելման միջազգային իրավաքաղաքական մեխանիզմները։ Սակայն, Հայասատանի վարչապետի այս և նման հայտարարությունները նաև այդ աշխատանքին են հարվածում։ Հայաստանի իշխանությունների կողմից նման հայտարարությունների պայմաններում Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների միջազգային ցանցը պարբերաբար առերեսվում է հավելյալ խնդիրների, որոնց պայմաններում հայկական շահերի պաշտպանության ուղղությամբ աշխատանքներն էապես դժվարանում են։ Պետք է նկատել, որ նման հայտարարությունները Հայ դատի ցանցին խանգարում են ավելի շատ, քան ադրբեջանաթուրքական սադրանքները, վարձու լոբբիստներն ու ամենուր տարածվող հակաքարոզչությունը»,- նշված է հայտարարության մեջ։ 
17:09 - 27 հունվարի, 2025
Անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է՝ հանձնված թշնամու բարեհաճությանը․ ՀՅԴ բյուրո

Անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է՝ հանձնված թշնամու բարեհաճությանը․ ՀՅԴ բյուրո

Աշխարհաքաղաքական ներկա զարգացումների խորապատկերի վրա Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային սպառնալիքները օրեցօր դառնում են առավել անմիջական և խիստ վտանգավոր։ Այս մասին նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ։  «Ադրբեջանի ղեկավարության հայատյաց, ռազմաշունչ և ծավալապաշտական հայտարարություններն ու քայլերը ավելի ու ավելի սանձարձակ բովանդակություն են ստանում և վերածվում վերջնագրերի: Ադրբեջանը, օգտվելով աշխարհաքաղաքական անկայունությունից և  ունենալով Թուրքիայի անվերապահ և ամբողջական աջակցությունը, բազմապատկելով իր ռազմական կարողությունները, փորձում է պարտադրել Հայաստանին գնալ կործանարար պահանջների բավարարմանը՝ լինի դա Հայաստանի գործող վարչախմբի համաձայնությամբ կամ նոր պատերազմ սանձազերծելու միջոցով: Հայաստանի իշխանություններն, իրենց հերթին ահաբեկելով սեփական ժողովրդին վերահաս պատերազմի հնարավորությամբ և այդ պատերազմում անխուսափելի պարտությամբ, լծվել են թուրք-ադրբեջանական տանդեմի անվերջանալի պահանջները հիմնավորելու և բավարարելու ազգակործան գործին: Ըստ այդմ, պատերազմից խուսափելու այս վարչախմբի առաջարկած իբրև թե լավագույն մարտավարության էությունը պարտվողականությունն ու զիջողականությունն է հանուն կարծեցյալ խաղաղության, որի «երաշխավորն» իրականում թուրք-ադրբեջանական տանդեմն է լինելու: Պատրանքներ պետք չէ ունենալ. անպաշտպան խաղաղությունը թվացյալ անվտանգություն է հանձնված թշնամու բարեհաճությանը: Խաղաղությունը անշրջելի և կայուն կարող է լինել միայն վիճելի հարցերի արդար կարգավորման և ռազմաքաղաքական հավասարակշռության պայմաններում: Հակառակ դեպքում դա կապիտուլյացիա է և նոր պատերազմի սաղմնավորում: Հայ ժողովրդի և  նրա ազգային ուժերի պատմական առաքելությունն է ազատվել կապիտուլյացիա, թե պատերազմ կործանարար երկընտրանքից և հաստատել իրական՝ անշրջելի և արդար խաղաղություն: Իսկ մեր անժամանցելի իրավունքներից և կենսական շահերից հրաժարումը բերելու է ոչ թե խաղաղություն, այլ հայկական ինքնության և հայոց պետականության կորուստ: Հետագա անդառնալի կորուստներից խուսափելու և  Հայաստանի դիմագրաված գոյութենական մարտահրավերները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ է բեկում մտցնել իրավիճակի մեջ, ձևավորելով նոր որակի իշխանություն և հաստատելով երկրի զարգացման ազգային պետական ուղեգիծ: Հրատապ անհրաժեշտություն է արմատապես փոխել կառավարության քաղաքականությունը՝ հետևյալ առաջնահերթ ուղղություններով. ա) Հայկական ինքնության և հայոց պետականության պահպանման օրակարգի շուրջ համահայկական զորաշարժի իրականացում:Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական ժխտողականությանը նպաստելը, Արցախի ժողովրդի էթնիկ զտումները ու հայրենազրկումը անհետևանք թողնելը՝ գոյութենական ապառնալիք է հայկական ինքնությանը, Հայաստանի ինքնիշխանությանը և վավերացնում է ուժի դիրքերից հարցեր լուծելու նախադեպը:բ) Պաշտպանության գործում համաժողովրդական մասնակցություն ապահովելու տրամաբանությամբ համահայկական առաջնահերթ օրակարգ դարձնել բանակի եւ պաշտպանության ու անվտանգության համակարգերի հրատապ վերակառուցումը՝ առկա մարտահրավերների հաշվառմամբ:գ) Որդեգրել անվտանգային նոր ճարտարապետության ձեւավորմանը եւ դիվանագիտական դիրքերի վերականգնմանը միտված որակապես այլ բովանդակություն ունեցող արտաքին քաղաքականություն, ինչը ենթադրում է ռազմավարական հարաբերությունների հաստատում ընդհանուր աշխարհաքաղաքական նպատակներ հետապնդող երկրների և դաշինքների հետ, որոնց անմիջական շահերից է բխում հայկական կենսունակ պետության գոյությունը: Այս մոտեցմամբ ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ կնքել ռազմաքաղաքական դաշինք, զարգացնել տարածաշրջանից դուրս այլ ուժային կենտրոնների և Արևմուտքի հետ փոխլրացնող հարաբերությունները: Հակառակ ներքին ու արտաքին դավադիր ծրագրերի, հայության արժանապատվության և  լինելիության պայքարը պետք է շարունակվի: Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու իրենց ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու, հայ ժողովրդին ու մեր պետականությանը սպառնացող վտանգները չեզոքացնելու, նոր որակի ազգային իշխանություն ձեւավորելու և համահայկական կարողականությամբ ՈՒժեղ Հայաստան կառուցելու գործում: Դաշնակցությունը պատրաստակամ է համագործակցել բոլորի հետ, ովքեր կիսում են այս մոտեցումները և պատրաստ են պայքարել հանուն արժանապատիվ և անվտանգ Հայաստանի ու Արցախի»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի հայտարարության մեջ։ 
11:34 - 18 հունվարի, 2025
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նախաձեռնել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորման արգելափակումը |armenpress.am|

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը նախաձեռնել է ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին Boeing բեռնատար ինքնաթիռների վաճառքի ֆինանսավորման արգելափակումը |armenpress.am|

armenpress.am: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը սկսել է համագաղութային արշավ՝ կոչ անելով ԱՄՆ Արտահանման-ներմուծման բանկին (EXIM) մերժել 100 միլիոն դոլարի ֆինանսական երաշխիքը ադրբեջանական Silk Way Airlines-ին՝ Boeing բեռնատար ինքնաթիռներ ձեռք բերելու համար։  «Ըստ հանձնախմբի՝ այս ֆինանսավորումը հնարավորություն կտա Ալիևի ռեժիմին ձեռք բերել երկակի նշանակության ինքնաթիռներ՝ հեշտացնելով զենքի անօրինական մատակարարումը դեպի Ադրբեջան․ մի երկիր, որը լայնորեն դատապարտված է Արցախի հայ բնակչության դեմ իր ցեղասպան քաղաքականության և Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվող ագրեսիայի համար։ 2025թ․ հունվարի 10-ին EXIM բանկը հայտարարել է, որ ստացել է Boeing-ի հայտը 100 միլիոն դոլարը գերազանցող վարկի վերջնական պարտավորության համար: Այս առաջարկի վերաբերյալ հանրային մեկնաբանությունները կարող են ներկայացվել մինչև 2025թ․ փետրվարի 7-ը, ինչից հետո EXIM-ի տնօրենների խորհուրդը կքննարկի հայտը բավարարելու դիմումը»,- նշված է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի էլեկտրոնային հարթակը www.anca.org/exim, հնարավորություն է՝ հանդես գալու այս գործարքի դեմ։ Ըստ Հայ դատի հանձնախմբի՝ նմանատիպ ինքնաթիռների տրամադրումն Ադրբեջանին խախտում է ամերիկյան օրենսդրությունը, այդ թվում երկակի նշանակության արտադրանքների արտահանման մասով, խաթարում է տարածաշրջանային խաղաղության ջանքերին և Ադրբեջանին հավելյալ ռազմական առավելության հնարավորություն է տալիս։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ Silk Way Airlines-ը, որը սերտորեն կապված է Ալիևի վարչակարգի հետ, ներգրավված է եղել բազմաթիվ միջազգային հետաքննություններում, այդ թվում՝ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հաղորդման նախագծի (OCCRP) կողմից՝ ապօրինի զենքեր տեղափոխելու համար, որոնք օգտագործվել են ԼՂ-ի վրա Ադրբեջանի հարձակումներում: Freedom House-ի և այլ վերահսկող կազմակերպությունների կողմից վավերագրված այս գործողությունները ցույց են տալիս Ադրբեջանի մտադրությունը՝ համակարգված կերպով ջնջելու հայկական ժառանգությունն ու ներկայությունը տարածաշրջանում:
17:23 - 14 հունվարի, 2025
Փաշինյանը ձեզ համար պետք է հերոս լինի, ոչ թե դավաճան. Հայկ Կոնջորյանը՝ ՀՅԴ-ին
 |news.am|

Փաշինյանը ձեզ համար պետք է հերոս լինի, ոչ թե դավաճան. Հայկ Կոնջորյանը՝ ՀՅԴ-ին |news.am|

news.am: Այս մի քանի օրերի քննարկումը շատ հետաքրքիր մի շերտ բացեց: Այս քննարկման՝ հարկերի, հերոսության հատվածը շատ մերկացնող է: Այն երկու հայեցակարգային պատկերացումների բախումն էր՝ մի կողմում ինքնիշխան քաղաքացին էր, մյուս կողմում՝ պետականազուրկ հպատակը: Այս երկու հայեցակարգային բախումները մերկացնում են ընդդիմության իրական պատկերացումները պետության մասին: Այս մասին Ազգային ժողովում 2025 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից իր ելույթում հայտարարեց  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: Անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե հարկ վճարողը հերոս է, ասաց՝ հարցին պետք է նայել խորքային: «Մենք չենք ասում հարկ վճարելն ինքնին ավտոմատ հերոսություն է, մենք ասում ենք՝ հարկ վճարելով քաղաքացին պահում է պետությունը: Պետություն պահելն է հերոսություն: Հարկ վճարողը պահում է պետությունը, և դրանով պետություն պահելը հարկ վճարող քաղաքացու կողմից հերոսություն է: Հիմա որն է ընդդիմության պրոբլեմը»,- պարզաբանեց Կոնջորյանը: Նրա խոսքով՝ ընդդիմության խնդիրը սրա հետ ունի խոր պատմական արմատներ՝ ժամանակին մեր պապերը հարկ տվել են ուրիշ պետությանը, դրա համար «պետականազուրկ հայի համար իրեն ճնշող պետությանը հարկ տալը հերոսություն չի եղել»: Նա ընդդիմադիր գործընկերներին մեղադրեց պետականազուրկ հպատակի տրամաբանությամբ առաջնորդվելու համար: «Որովհետև մենք հիմա ունենք պետություն, բայց դուք նորից մտածում եք, որ հարկ տալը հերոսություն չէ, որովհետև դուք այս պետությունը ձերը  չեք համարում: Հենց դա է մերկացնողը»,- նշեց Հայկ Կոնջորյանը:  Նրա խոսքով՝ ի վերջո, հարկը պետություն ունենալու գինն է, և եթե ազատ քաղաքացին որոշում է հարկ չտա իր պետությանը, հարկ պետք է վճարի ուրիշ պետությանը:  «Դուք, օրինակ, շատ քամահրական վերաբերմունք ունեք ՀՀ 29 743 քառակուսի կմ սահմանների և տարածքի նկատմամբ: Ձեր շրջաբերականում դուք ընդհանրապես ասում եք՝ Հայաստանը երբևէ չպետք է ունենա սահման: Որովհետև դուք ուզում եք մեծ բաներ: Այն, ինչ ձեր պատկերացումների մեջ է, պետք է լինի մեծ և լինի անցյալում, որի համար դու պատասխանատվություն ստանձնելու կարիք չունենաս»,- հավելեց նա՝ ընդդիմությանը մեղադրելով քաղաքական դինոզավրեր դառնալու ճանապարհի համար: «Դուք ուզում եք, որ մենք՝ որպես հանրություն, դառնանք դինոզավր՝ դառնանք մեծ, ուժեղ, բայց գոյություն չունենանք»,- խոսքը եզրափակեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը:
12:35 - 14 նոյեմբերի, 2024
ՀՅԴ-ն հակասահմանադրական է համարում նման փաստաթղթի գոյությունը․ հայտարարություն

ՀՅԴ-ն հակասահմանադրական է համարում նման փաստաթղթի գոյությունը․ հայտարարություն

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գործընթացի մասին հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «​Հայաստանի կառավարությունը Սահմանադրական դատարան է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկու երկրների հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը (այսուհետ՝ Կանոնակարգ)՝ Սահմանադրությանը վերջինիս համապատասխանությունը որոշելու համար։ Անհրաժեշտ է ընդգծել․ 1. Որպես պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք հայտարարված 1991 թ․ Ալմա Աթայի հռչակագիրը չի նկարագրում ԱՊՀ-ին անդամակցող երկրների սահմանները, չի պարունակում Խորհրդային նախկին հանրապետությունների վարչական սահմաններին վերաբերող որևէ հղում: Իբրև փաստարկ բերվող այն հանգամանքը, որ սույն հռչակագրով կողմերը ճանաչում են միամյանց տարածքային ամբողջականությունը, էական չէ, քանի որ այս սկզբունքն ամրագրված է թե ՄԱԿ կանոնադրությունում, թե ԵԱՀԿ Հելսինկիի եզրափակիչ ակտում և այլ միջազգային հիմնարար իրավական փաստաթղթերում, որոնց կողմ են հանդիսանում Հայաստանն ու Ադրբեջանը: Սակայն այս պարտավորության ստանձնումը որևէ կերպ չի կաշկանդել Ադրբեջանին ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք: Հետևաբար, Ալմա Աթայի հռչակագրի հիշատակումը որևէ կերպ չի զսպում ադրբեջանական ագրեսիան: Առավել ևս, երբ կանոնակարգը նախատեսում է ապագայում հիմնարար սկզբունքի փոփոխականության հնարավորություն: 2. Կանոնակարգում առկա են ձևակերպումներ, որոնք էական ռիսկեր են պարունակում Հայաստանի համար։ Մասնավորապես՝ սահմանի հատվածական սահմանազատումը, վեճերի լուծման կարգի բացակայությունը և այլն։ 3. ՀՀ իշխանությունները պնդում են, որ սահմանազատման հիմք է ծառայում ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976-78 թթ․ կազմված և 1979 թ․ հերթապահության անցած քարտեզը, որով ուրվագծվում էին ԽՍՀՄ միութենական հանրապետությունների վարչական այն սահմանները, որոնք հանդիսացել են «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահման»։ Սակայն Կանոնակարգի տեքստում այդ քարտեզին որևէ հղում չկա։ Ըստ այդմ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինն արձանագրում է․ 1. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական սահմանի սահմանազատման համար ելակետային սահմանը, այսինքն՝ այն աշխարհագրական ուրվագիծը (սահմանը), որը ներպարփակում է Հայաստանի Հանրապետության տարածքը, պետք է հստակ սահմանված և նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ։ Սահմանազատման արդյունքում այդ ուրվագծի փոփոխությունը ենթակա է հաստատման հանրաքվեի միջոցով։ Հակառակ դեպքում Կանոնակարգը ենթակա է հանրաքվեով հաստատման: 2. Սահմանազատման հիմնարար սկզբունքները պետք է գործեն սահմանի յուրաքանչյուր հատվածի համար։ Այլապես՝ սահմանի յուրաքանչյուր հատվածում Ադրբեջանը կարող է պարտադրել այնպիսի կամայական «հիմքեր», որոնք բացառապես կծառայեն ադրբեջանական շահերին։ 3. Սահմանազատման ժամանակ պետք է գործի «ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ սկզբունքը»։ Այսինքն՝ որևէ հատվածի սահմանազատում չի կարող վերջնական համարվել, քանի դեռ չի նկարագրվել ամբողջ սահմանը: 4. Սահմանազատման գործընթացի արհեստական ձգձգումը, սահմանազատման շուրջ եղած տարաձայնությունները որպես պատերազմի պատճառ օգտագործելը բացառելու նպատակով՝ հստակ պետք է նշվի, թե ինչպես են կարգավորվելու սահմանազատման գործընթացում առաջացած սահմանային վեճերը։ 5. Կանոնակարգն անտեսում է Ադրբեջանի շահերից չբխող միջազգային լավագույն փորձը, անտեսվում են այն իրավական հիմքերը, որոնք ամրագրում են Հայաստանի Հանրապետության տարածքային շահերը: Կանոնակարգը հիմքեր է ստեղծում հետագա միակողմանի զիջումների համար: Առ այդ, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը հակասահմանադրական է համարում նման փաստթղթի գոյությունը, և հետևաբար այն ենթակա չէ Ազգային ժողովի կողմից ընդունման»: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանում այսօր ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի սահմանադրականության հարցով գործի քննությունը
17:56 - 24 սեպտեմբերի, 2024
Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

Մարզային համայնքների յուրաքանչյուր 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր

2021-2024 թվականներին Հայաստանի մարզային համայնքների հայտարարատու պաշտոնյաները չեն ներկայացրել 509 հայտարարագիր՝ խախտելով օրենքը։ 327 պաշտոնյա կամ յուրաքանչյուր 4-րդը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր, իսկ 70-ը կամ յուրաքանչյուր 20-րդը պաշտոնավարման ընթացքում առհասարակ որևէ հայտարարագիր չի ներկայացրել: «Ինֆոքոմը» սկսում է մարզային համայնքներում առկա կոռուպցիոն ռիսկերի ուսումնասիրություն և առաջիկա ամիսներին ձեզ պատմելու է պաշտոնյաների հայտարարագրերում, համայնքային գնումներում առկա խնդիրների մասին։ Իսկ մինչ այդ ստուգել ենք համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, աշխատակազմի քարտուղարների, ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացման փաստը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ համայնքային պաշտոնյաներին առնչվող վարույթները: Հայտարարագրերի ուսումնասիրությունը մտահոգիչ պատկեր է բացահայտում։ Ստորև կպատմենք, թե որ համայնքների, խմբակցությունների և կուսակցությունների պաշտոնյաներն են աչքի ընկնում հայտարարագրեր չներկայացնելով:   Ի՞նչ կարող են մեզ պատմել հայտարարագրերը   Ձեր համայնքի ղեկավարը, ավագանու անդամները և մյուս պաշտոնյաները իրենց ստացած եկամուտներով կարո՞ղ էին արդյոք իրականացրել այն ծախսերը, որոնք արել են, կարո՞ղ էին ձեռք բերել այն ամենը, ինչը, դուք գիտեք, որ պատկանում է նրանց, հայտարարագրո՞ւմ են իրենց ամբողջ գույքը, դրամական միջոցները, բիզնեսները։ Սա ստուգելու միակ հնարավորությունը պաշտոնյաների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) ներկայացվող գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերն են։  Հայաստանի խոշոր համայնքներից մեկի՝ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի օրինակով հասկանանք, թե ինչու են հայտարարագրերը կարևոր։ Դիանա Գասպարյանի 2021 թվականի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ տարեվերջին նա ունեցել է ստացած վարկի մայր գումարի 5 մլն դրամի մնացորդ, նույնքան էլ ստացված փոխառության մայր գումարի մնացորդ։ 2022 թվականի հայտարարագրում այդ մնացորդները չեն երևում։ Ստացվում է, որ Դիանա Գասպարյանը 2022 թվականի ընթացքում առնվազն 10 մլն դրամի վարկ է մարել։ Սա այն դեպքում, որ նա 2022-ին ստացել է ընդամենը 5 միլիոն դրամ եկամուտ աշխատավարձից։ Մեր զրույցում Գասպարյանն ասաց, որ 2021 թվականին վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է ոչ թե 10, այլ 5 մլն դրամ։ Գասպարյանի պնդմամբ՝ ինքը սխալմամբ վարկի մայր գումարի մնացորդը լրացրել է նաև փոխառության մնացորդի բաժնում։ Նա նաև նշեց, որ այդ վարկը մինչև այժմ էլ մարված չէ։ «Տեղեկացրել եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, ուղղման դիմում եմ ուղարկելու։ 2022 և 2023 թվականներին այդ մնացորդի տարբերությունը չի երևում, որովհետև չեմ իմացել, որ հաջորդող տարիներին ևս պետք է լրացնեի։ Կարծում էի, թե միայն վարկը ստանալու փաստը պետք է արձանագրեմ տվյալ տարում։ Այդ մնացորդը մինչև հիմա էլ կա, քիչ քանակի մարումներ են տեղի ունեցել, նախատեսում եմ այս տարի մարել»,- ասաց Գասպարյանը։   Ի՞նչ ենք իմանում հայտարարագրերից պաշտոնյաների ընտանիքի անդամների մասին   Դիանա Գասպարյանը մեր ուսումնասիրության սկզբում չէր ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։ Գասպարյանը մեզ փոխանցել էր, որ հայտարարագիրը չի ներկայացրել, քանի որ գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, և դրա ավարտից հետո կլրացնի այն: Հայտարարագիրը ներկայացվեց հուլիսի 19-ին։ Ուշացմամբ ներկայացված հայտարարագիրը, այնուամենայնիվ, մեզ ցույց տվեց, որ Գասպարյանի հետ համատեղ բնակվողների ցանկում փոփոխություն է եղել, և արդեն որպես համատեղ բնակվող անձ նշված է ամուսինը՝ նույն համայնքի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը։ Նրա հայտարարագրերի վերլուծությունը ևս  հարցեր է առաջացնում։  2023 թվականին Միրզոյանի դրամական միջոցներն աճել են 2․1 միլիոն դրամով և 11 200 ԱՄՆ դոլարով, հանգստի համար էլ ծախսել է 2․2 միլիոն դրամ՝ տարվա ընթացքում ունենալով ընդամենը 280 հազար դրամ եկամուտ։ Այսինքն՝ այս հայտարարագրում առկա է եկամուտներով չհիմնավորվող ավելի քան 8․3 միլիոն դրամ գումար։ 2021 թվականին Միրզոյանի ստացած եկամտի միակ աղբյուրը եղել են նվիրատվությունները։ Նա մոտ 53 հազար դոլար նվեր է ստացել հայաստանյան գրանցում չունեցող և ԱՄՆ-ում բնակվող Իսկուհի Թալաշյանից, 21.5 մլն դրամ էլ՝ հորից՝ Աշոտ Միրզոյանից։ 2022 թվականի տարեսկզբին էլ Միրզոյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք (1 առանձնատուն, 2 շինություն)։ Տարվա ընթացքում Ծաղկաձորում միանձնյա սեփականությամբ գնել է բնակարան։ Քանի որ տարվա ընթացքում որևէ գույք չի օտարել, տարեվերջին պետք է ունենար 4 անշարժ գույք, սակայն հայտարարագրել է միայն 1-ը՝ ձեռք բերված բնակարանը։ Արձանագրված խնդիրների վերաբերյալ արձագանք ստանալու համար գրություն էինք ուղարկել Միրզոյանին, սակայն այն անպատասխան է մնացել։ Դիանա Գասպարյանի և Արամայիս Միրզոյանի հայտարարագրերի օրինակով տեսնում ենք, թե ինչու է կարևոր հայտարարագրերը ճիշտ, ամբողջական և ժամանակին ներկայացնելը։   Ամեն 4-րդ պաշտոնյան չի ներկայացրել առնվազն 1 հայտարարագիր   Ի տարբերություն Դիանա Գասպարյանի և ամուսնու՝ համայնքային հարյուրավոր պաշտոնյանների ունեցվածքի, ծախսերի ու եկամուտների ճշգրտությունն ու համապատասխանությունը ստուգելն անհնարին է դառնում հայտարարագրեր չներկայացնելու պատճառով։ Ընդհանուր առմամբ, խոշորացումից հետո գործող 69 մարզային համայնքներում 2021-2024 թվականներին պաշտոնավարել է 1368 հայտարարատու անձ, որոնք այդ ժամանակահատվածում պետք է ներկայացնեին 4803 հայտարարագիր։ Այս պաշտոնյաներից 327-ը կամ նրանց 24%-ը չի ներկայացրել առնվազն մեկ հայտարարագիր։ Ընդհանուր չի ներկայացվել 509 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարարագրերի 11%-ը։ Ամենից շատ չեն ներկայացվում պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։ Դրանց թիվը 186 է։ Չի ներկայացվել նաև պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու 62 հայտարարագիր։ Քիչ չեն նաև չներկայացված տարեկան հայտարարագրերը։ Եթե 2021 թվականի տարեկան հայտարարագրերից չի ներկայացվել 5%-ը, ապա 2023 թվականի հայտարարագրերի դեպքում այդ ցուցանիշը հասնում է 9%-ի։ Չներկայացված հայտարարագրերի կեսից ավելին՝ 55%-ը, բաժին է ընկնում պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձանց։   Որ համայնքների պաշտոնյաներն ունեն ամենաշատ չներկայացված հայտարարագրերը   Հայտարարագրերի չներկայացման ցուցանիշով առաջատարը Բաղրամյան համայնքն է․ բացակայում են ներկայացման ենթակա 117 հայտարարագրերից 41-ը։ Այս ցուցանիշով Բաղրամյանին հաջորդում են Վեդի, Ֆերիկ, Շամիրամ, Ակունք, Արաքս համայնքները։   Որ համայնքապետերը հայտարարագիր չեն ներկայացրել   Հուլիսի 20-ի դրությամբ 14 համայնքի ղեկավար 2021-2024 թվականների առնվազն մեկ հայտարարագիր չէր ներկայացրել:  Վաղարշապատի համայնքապետից բացի, տարեկան հայտարարագիր չէր ներկայացրել նաև Նոյեմբերյանի համայնքապետ Արսեն Աղաբաբյանը։ Մեր զրույցում Արսեն Աղաբաբյանը նշեց, որ ներկայացրել է հայտարարագրերը և չգիտի, թե դրանք ինչու արտացոլված չեն հայտարարագրերի ռեեստրում։ Զրույցից օրեր անց 2022 և 2023 թվականների տարեկան հայտարարագրերը հրապարակվեցին ռեեստրում։ Հատկանշական է, որ Հանձնաժողովը 2024 թվականի մայիսին Արսեն Աղաբաբյանի նկատմամբ վարույթ էր հարուցել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագիր (որպես Կողբ համայնքի ղեկավար) չներկայացնելու դեպքով։ Աղաբաբյանը ներկայացրել էր այդ հայտարարագիրը, որից հետո՝ 2024 թվականի մայիսին, Հանձնաժողովը կարճել էր գործը և հայտարարել բանավոր նկատողություն։ Դադարեցման հայտարարագրի չներկայացման վերաբերյալ Արսեն Աղաբաբյանին ծանուցելու պահին՝ 2024 թվականի մարտի 13-ին, վերջինս պետք է ներկայացրած լիներ նաև 2022 թվականի տարեկան հայտարարագիրը։ Այս հայտարարագրի բացակայության փաստին, սակայն, Հանձնաժողովը չի անդրադարձել։ Մնացյալ 12 համայնքապետերը չեն ներկայացրել պաշտոնեական պարտականությունները ստանձնելու հայտարարագրերը։  «Ինֆոքոմին» հաջողվել է արձագանք ստանալ այս համայնքապետերից 8-ից։ Նրանք մեզ հետ զրույցներում հիմնականում նշում էին, որ տեղյակ չեն եղել պաշտոնի ստանձնելու հայտարարագիր ներկայացնելու պարտավորության մասին, այս ընթացքում այդ մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ծանուցում չեն ստացել կամ Հանձնաժողովից ճշտել են, որ նման հայտարարագիր ներկայացնելու կարիք չկա։ Արզնիի համայնքապետ Ալեքսանդր Միրզոևից, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանից և Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանից այդպես էլ չհաջողվեց մեկնաբանություն ստանալ պաշտոնի ստանձման հայտարարագրերը չներկայացնելու վերաբերյալ։   Որ խմբակցություններից են ամենից շատ հայտարարագրեր չներկայացրած ավագանու անդամները   4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքների նորընտիր ավագանու առաջին նիստին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի առաջադրմամբ ընտրված ավագանու անդամներն ընդգրկվում են նույնանուն խմբակցություններում:  «Ինֆոքոմը» ուսումնասիրել է 15 000 և ավելի բնակիչ ունեցող 39 համայնքների ավագանու անդամների հայտարարագրերի ներկայացվածությունը։ Այս համայնքների բոլոր խմբակցությունները ներկայացնում են 46 կուսակցություն և դաշինք։  Առնվազն 1 հայտարարագիր չներկայացրած ավագանու անդամներից 131-ը կամ 45%-ը «Քաղաքացիական պայմանագիր» անունով խմբակցություններից են: Նրանք չեն ներկայացրել, ընդհանուր առմամբ, 208 հայտարարագիր կամ ներկայացման ենթակա հայտարագրերի 10%-ը։   Որ կուսակցությունների անդամներն են ամենից հաճախ հայտարարագրեր չներկայացնողները   Հայտարարագրի չներկայացման խնդիր ունեցող պաշտոնյաների կուսակցական պատկանելիությամբ առաջատարը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է. կուսակցական 132 պաշտոնյա առնվազն 1 հայտարարագիր չի ներկայացրել:  Հայտարարագիր չներկայացրած համայնքային պաշտոնյաներից 83-ը կամ մոտ 24 %-ն անկուսակցական են։ Հայտարարագրերի չներկայացվածությամբ աչքի են ընկել նաև «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 25 պաշտոնյայով։   Ավագանու մի շարք անդամներ շարունակել են հայտարարագիր չներկայացնել Հանձնաժողովի հարուցած վարույթներից հետո   Պաշտոնյաներն իրենց հայտարարագրերը ներկայացնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Հանձնաժողովը ստուգում և վերլուծում է դրանք: Հայտարարագրի բացակայության, թերությունների, այլ խախտումների դեպքում հարուցում է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ:  2021-2024 թվականներին Հանձնաժողովը մարզային համայնքների պաշտոնյաների հայտարարագրերի չներկայացմանն առնչվող 160 որոշում է կայացրել, որոնցից միայն 88-ն է վերաբերում ներկայումս գործող համայնքների վերջին տեղական ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարած անձանց։ Այս վարույթների ուսումնասիրությունից պարզվում է, որ եթե պաշտոնյան հայտարարագիրը ներկայացրած չի լինում, հանձնաժողովն ուղարկում է գրավոր ծանուցում՝ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը ներկայացնելու վերաբերյալ: Եթե պաշտոնյան այս դեպքում էլ չի ներկայացնում հայտարարագիրը, տուգանվում է։ Ներկայացնելու դեպքում ստանում է բանավոր նկատողություն, և վարույթը կարճվում է:  Սակայն, տուգանքներն ու բանավոր նկատողությունները որոշ պաշտոնյանների ավելի հաշվետու չեն դարձրել, և նրանք հաջորդող տարիներին էլ շարունակել են չներկայացրել որոշ հայտարարագրեր: Հանձնաժողովը վարույթներ է հարուցել Ապարան համայնքի ավագանու անդամներ Խաչիկ Գեղամյանի և Կարեն Կարապետյանի, Մասիսի ավագանու անդամ Նաիրա Վանյանի, Սպիտակից Հայկ Սիսակյանի, Ախուրյանից Լադիկ Ղազարյանի, Հրազդանից Խաչիկ Մուրադյանի և Արմավիրից Ստեփան Նազարյանի նկատմամբ՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու համար։ Հանձնաժողովը հայտարարագրերը ստանալուց հետո վարույթները կարճել է և տվել բանավոր նկատողություններ։ Ավելի ուշ այս պաշտոնյաները չեն ներկայացրել նաև 2022 կամ 2023 թվականների տարեկան հայտարարագրերը։ Հանձնաժողովի հարուցած վարույթից հետո Վեդի համայնքի ավագանու անդամ Ռաֆայել Հակոբյանը ներկայացրել է իր 2022 թվականի՝ պաշտոնի ստանձման հայտարարագիրը։ Մինչ այսօր, սակայն, նա չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը։  Նոր Հաճըն համայնքի ավագանու անդամ Նարեկ Ստեփանյանն էլ Հանձնաժողովի որոշմամբ տուգանվել է 200 հազար դրամով՝ 2021 թվականի տարեկան հայտարարագիրը չներկայացնելու հիմքով։ Տուգանքից հետո Նարեկ Ստեփանյանը չի ներկայացրել 2023 թվականի տարեկան հայտարարագիրը, իսկ ավագանու անդամի մանդատից հրաժարվելուց հետո՝ նաև պաշտոնի դադարեցման հայտարարագիրը։  Հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է նաև Անի համայնքի ավագանու անդամ Անահիտ Խաչատրյանին՝ 2024 թվականի ստանձման հայտարարագիր չներկայացնելու հիմքով։ Նա դեռ չի ներկայացրել հայտարարագիրը։ Հասկանալու համար, թե ինչու է այդքան բարձր համայնքային պաշտոնյաների կողմից հայտարարագրերի չներկայացման ցուցանիշը, ինչպես է ստացվում, որ համայնքային պաշտոնյաների չներկայացրած հարյուրավոր հայտարարագրերի համատեքստում Հանձնաժողովը հայտարարագրերի չներկայացման վերաբերյալ ունի ընդամենը 88 որոշում, հայտարարատու անձինք ծանուցվել են արդյոք հայտարարագրի ներկայացման պարտավորության մասին, Հանձնաժողովը ստուգել է արդյոք ներկայացման ենթակա հայտարարագրերի առկայության փաստը, հարցեր էինք ուղղել Հանձնաժողովին։ Հանձնաժողովից հայտնել են, որ հարցմանը պատասխանելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարելու լրացուցիչ աշխատանք, մասնավորապես՝ ամփոփելու համապատասխան գրանցամատյաններում առկա տեղեկություններ, ուստի հարցմանը գրավոր պատասխանը կտրամադրվի 30-օրյա ժամկետում: Այսպիսով, Հայաստանի մարզային համայնքների բնակիչները զրկված են համայնքային պաշտոնյաների 25 տոկոսի ունեցվածքի, բիզնեսների, ծախսերի մասին ամբողջական տեղեկություն ստանալու, օրինական եկամուտներին դրանց համապատասխանության մեջ հավաստիանալու հնարավորությունից։ Իսկ հայտարարագրման գործընթացը համակարգող, չներկայացնողներին պատասխանատվության կանչող առաջնային օղակը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, ընդամենը 88 որոշում է կայացրել այն պարագայում, երբ առկա է 500-ից ավելի չներկայացված հայտարարագիր։   Հեղինակներ՝ Սուսինա Խաչատրյան, Լիլիթ Գրիգորյան Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան Խմբագիր՝ Սևակ Մամյան Հոդվածում ուսումնասիրված պաշտոնյաների ցանկում ներառված են համայնքների խոշորացման գործընթացի ավարտից հետո գործող 69 մարզային համայնքների վերջին տեղեկան ինքնակառավարման մարմինների կազմում 2021-2024 թվականներին պաշտոնավարող/պաշտոնավարած անձինք։ Հոդվածի պատրաստման ընթացքում տվյալների հավաքագրման և վերլուծության վերաբերյալ կայացվել են մի շարք մեթոդաբանական որոշումներ, որոնց արդյունքում ներկայացվելիք հայտարարագրերի ցանկում չի հաշվարկվել 163 հայտարարագիր, որոնց մի մասի դեպքում հայտարարագրման պարտավորություն կարող է առկա լինել, իսկ հայտարարագրեր չներկայացրած պաշտոնատար անձանց ցանկից դուրս է եկել գործող կամ լիազորությունները դադարեցրած 50 համայնքային պաշտոնատար անձ, որոնց մի մասը կարող է դեռևս ունենալ հայտարարագրերի ներկայացման պարտավորություն։ Թե ինչպես ենք իրականացրել այս հոդվածի պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և մշակումը, ինչ աղբյուրներից ենք հավաքագրել դրանք, մեթոդաբանական ինչ առանձնահատկություններ են առկա և հավանական ինչ շեղումներ կարող են լինել, կարող եք կարդալ հետևյալ հղմամբ։ Թե երբ և ինչպես համայնքային պաշտոնյաները դարձան հայտարարատու անձինք, կարող եք կարդալ այս հղմամբ։
21:04 - 06 օգոստոսի, 2024
Իշխանական ռեժիմը շարունակում է լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ․ հայտարարություն

Իշխանական ռեժիմը շարունակում է լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ․ հայտարարություն

Հայաստանում գործող իշխանական ռեժիմը շարունակում է անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակումը Հայ Յեղափոխական Դաշնակցության նկատմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ ԳՄ-ն․ «Օրեր առաջ խուլիգանաբար ոստիկանական բերետները հարձակվել էին կուսակցության Երևանի կենտրոնական գրասենյակի վրա՝ փորձելով ներխուժել գրասենյակի տարածք և դիմադրության հանդիպելով, խոշտանգել էին ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի նախագահին, ապօրինի բերման ենթարկել կուսակցության բազմաթիվ անդամների: Ամեն գնով իրենց հանցավոր մտադրություններն իրականացնելու ծրագրի շրջանակներում, իշխանության վերահսկողության տակ գտնվող որոշ լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներգրավմամբ, փորձ է արվում կազմակերպել հերթական բեմադրությունը, իբրև թե կուսակցության ղեկավար մարմնի անդամները նյութապես շահագրգռում են համաժողովրդական ընդվզմանը մասնակցելու համար: Ամբողջությամբ կեղծ և զազրելի այս մեղադրանքը ոչ միայն սին է ու դատարկ, այլև վկայում է այն հղացող անձանց արժեքային համակարգի մասին: Ակնհայտ ապօրինի մեղադրանքներով, այսօր առավոտյան խուզարկություններ են իրականացվել կուսակցության Վայոց Ձորի մարզային գրասենյակներում, բերման են ենթարկվել և ձերբակալվել մարզային կառույցի ղեկավար անդամներ: Սա նախորդ տարիներին կուսակցության Արմավիրի և Արարատի մարզային կառույցների նկատմամբ իրականացված նույն անպտուղ արարքների շարունակություն է: 134 տարվա ընթացքում ՀՅԴ-ն բազմաթիվ զրկանքներ ու բանտեր է տեսել, թշնամիների և դավաճանների է դիմագրավել, չի ընկրկել, հաղթահարել է բոլոր դժվարությունները: Վստահ սա էլ կհաղթահարենք: Զուշացնում ենք Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները ոտնակոխ անող իշխանությանը և նրա բոլոր կամակատարներին, օրենքի ողջ խստությամբ պատասխանատվությունն անխուսափելի է»:
20:02 - 14 հունիսի, 2024
Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ․ ռեժիմն իշխանությունը պահելու համար կանգ չի առնում ոչնչի առջև․ Լիլիթ Գալստյան

Բերման են ենթարկվել ՀՅԴ Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ․ ռեժիմն իշխանությունը պահելու համար կանգ չի առնում ոչնչի առջև․ Լիլիթ Գալստյան

Իշխանությունները գործադրության մեջ են դրել հանրությանը վախի, ահաբեկման և բռնաճնշումների ողջ արսենալը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Այսօր առավոտից խուզարկություններ են կատարվում Դաշնակցության Վայքի և Եղեգնաձորի գրասենյակներում: Բերման են ենթարկվել Վայոց Ձորի կառույցի ղեկավար մարմնի անդամներ: Խուճապի մեջ հայտնված ռեժիմը սեփական իշխանությունը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջև: Կատարվածը Կուսակցությունների մասին սահմանադրական օրենքի կոպիտ խախտում է: Սա ակնհայտորեն քաղաքական ուժի՝ Դաշնակցության նկատմամբ կազմակերպված և ուղորդվող և թիրախավորված հարձակում է, մեր գործունեությունը խոչընդոտելու ծրագիր: Հայրենիքի ու պետականության համար պայքարող քաղաքական ուժին, գաղափարական մարդուն բռնաճնշումներով ու հալածանքներով չեք լռեցնի: Չե՛ք հաջողելու», - գրել է նա։
15:51 - 14 հունիսի, 2024
«Քրեական գործով որևէ ապացույց չկա»․ Գագիկ Սարգսյանի պաշտպանը պնդում է՝ ահաբեկչության մեղադրանքն անհիմն է

 |factor.am|

«Քրեական գործով որևէ ապացույց չկա»․ Գագիկ Սարգսյանի պաշտպանը պնդում է՝ ահաբեկչության մեղադրանքն անհիմն է |factor.am|

factor.am: «Գագիկ Սարգսյանի դեմ գործը սարքվել է ՔՊ-ական դառնալ ցանկացող անձի միջոցով»,- այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դեմ ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքով կալանավորված ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյանի պաշտպան Մկրտիչ Դավթյանը։ «Քրեական գործով որևէ ապացույց չկա։ Մեկ անձնավորություն կա, որը 2018 թ դիմել է՝ ՔՊ անդամ դառնալու համար, սակայն, դիմումը մնացել է այդպես և 2021 թվականին պարզվել, որ այն կորել է։ Նորից է դիմում գրել, Հովիկ Աղազարյանն ու նրա տղան են հանձնաժողովի կազմում եղել, մերժել են, ինչից հետո այդ տղան դարձել է շարժման մասնակից և ծանոթացել Գագիկ Սարգսյանի ընկերոջ հետ։ Նա նշել է, որ Սարգսյանին չի ճանաչել, երբեք չի շփվել, բայց հանկարծ Գագիկ Սարգսյանի ընկերոջը պատմել է, թե իբրև գնացել են ահաբեկչական գործողություն իրականացնելու՝ Գագիկ Մելքոնյանի տուն»,- նշեց փաստաբանը։ Հիշեցնենք՝ մարտի 13-ին Քննչական կոմիտեն որոշ մանրասներ էր հաղորդել մեղադրանքից։ Մասնավորապես, ըստ ՔԿ-ի՝ Հայաստանի քաղաքացի Գ.Ս.-ն և նախաքննությամբ դեռևս չպարզված անձինք, հակաիշխանական հայացքներ ու Հայաստանում գործող իշխանության հետ գաղափարական թշնամանք են ունեցել և 2024-ի փետրվարի 10-ին Երևանի Նոյ Թաղամասի 143/1 հասցեում, իսկ 2024-ի փետրվարի 20-ին՝ Գյուլբենկյան 30/3 և Գյուլբենկյան 33 հասցեներում ահաբեկչություններ են կազմակերպել: «Գ.Ս.-ն կազմակերպել է Ա.Գ.-ի և Է. Պ.-ի կողմից ահաբեկչություն։ Ա.Գ.-ն, Է.Պ.-ի հետ նախապես քննարկելով կատարվելիք գործողության մանրամասները, 2024-ի փետրվարի 10-ին իր բնակության վայրում նրան է փոխանցել նախապես պատրաստված ինքնաշեն պայթեցման սարքը, ապա ուղևորվել են Երևանի Նոյ թաղամասի նախապես որոշված հասցե, որտեղ Է.Պ.-ն, կարծելով, թե այդ թաղամասի 143/1 հասցեում գտնվող առանձնատունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Մելքոնյանին, Ա.Գ.-ն պայթեցման սարքը պարսպի վրայից նետել է առանձնատան աջ անկյունային հատվածը: Նույն օրը՝ ժամը 04:30:02-ին սարքը պայթել է և առանձնատան սեփականատեր Ա.Բ.-ին պատճառել է առնվազն խոշոր չափերի գույքային վնաս: Բացի այդ, ըստ Քննչական կոմիտեի, Վ.Հ.-ն, Գ.Ս.-ի և նախաքննությամբ դեռևս չպարզված անձանց կազմակերպմամբ, 2024-ի փետրվարի 20-ին, Ազգային ժողովի պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի կուսակցության գրասենյակի մուտքի մոտ և գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ ինքնաշեն պայթեցման սարքեր են տեղադրել, սակայն այդ սարքերը չեն պայթել և նշված հետևանքները վրա չեն հասել պատահականությամբ»,- նշվել է Կոմիտեի հաղորդագրությունում։ Առաջադրված մեղադրանքը չի ընդունում ինչպես Սարգսյանը, այնպես էլ վարույթի շրջանակներում կալանավորված մյուս անձինք։ Ավելին, պաշտպանական կողմն ընդգծում է՝ ահաբեկչության հետ կապ չունեցող այլ մեղադրանքներ են միացվել գործին։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 
14:27 - 31 մայիսի, 2024
«Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող անհետևանք մնալ». ՀՅԴ

«Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող անհետևանք մնալ». ՀՅԴ

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոն վերջին օրերին ոստիկանների գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Վերջին օրերին ոստիկանության տարբեր ստորաբաժանումների դրսևորած աննախադեպ լկտի պահվածքը, ապօրինություններն ու բռնությունները ուղղակիորեն վկայում են պետական մակարդակով իրականացվող ահաբեկչության մասին։ Աներկբա է, որ Հայաստանում ոտնահարված են ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները։ Նախօրեին ՀՅԴ Հայստանի Գերագույն մարմնի գրասենյակի և մի խումբ դաշնակցականների, ներառյալ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա կատարված հարձակումից, սադրիչ ու խուլիգանական գործողություններից հետո երեկ ականատեսը եղանք ոստիկանական անօրինակ և խայտառակ վարքագծի նոր դրսևորման։ Հանրապետության օրվա առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռի միաբանների Սարդարապատի հուշահամալիր այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի և իր վարչակարգի անվտանգության ծառայողների ու ոստիկանության հարուցած արգելքներն ու նողկալի պահվածքով ուղեկցված միջադեպը մեծագույն վիրավորանք են ոչ միայն Վեհափառի և եկեղեցու, այլև հավատավոր ողջ հայ ժողովրդի նկատմամբ։ Խուլիգանական բնույթի ոստիկանական ապօրինությունները չեն կարող հակազդեցության չարժանանալ և անհետևանք մնալ։ Խիստ կարևոր է հանրային հստակ և հրապարակային վերաբերմունքը այս անպատկառ վարքագծի նկատմամբ։ Խայտառակ այս բեմականացման բոլոր դերակատարները պետք է գիտակցեն, որ ոչ մի ապօրինություն անպատիժ չի մնալու և բոլոր մեղավորները, ըստ օրենքի, ենթարկվելու են խիստ պատասխանատվության։ Կոչ ենք անում համայն հայությանը շարունակելու պայքարը՝ հայրենիք, պատիվ ու սրբություն չունեցող աղետաբեր վարչախմբի դեմ։ Ազատ, անկախ, հզոր ու ժողովրդավար պետություն ունենալու մեր հավաքական ձգտումը անկասելի է»։
21:21 - 29 մայիսի, 2024