Ազգային, հասարակական, ինքնակազմակերպման մեխանիզմները ԼՂԻՄ-ում՝ որպես քաղաքացիական դիմադրություն [Միացումից՝ անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը․ մաս 3]
16:35 - 24 օգոստոսի, 2022

Ազգային, հասարակական, ինքնակազմակերպման մեխանիզմները ԼՂԻՄ-ում՝ որպես քաղաքացիական դիմադրություն [Միացումից՝ անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը․ մաս 3]

Պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը «Միացումից՝ անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը» վերտառությամբ հետազոտության մեջ անդրադառնում է Ղարաբաղյան շարժման սկզբնավորմանը, վերլուծում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչաքաղաքական պատկանելության ու կարգավիճակային փոփոխությունները, անդրադառնում է նաեւ ԼՂԻՄ-ում ազգային, հասարակական, ինքնակազմակերպման մեխանիզմներին՝ որպես քաղաքացիական դիմադրություն։

 

Արցախյան հակամարտության մասին հետազոտություններ, հոդվածներ, տեսանյութեր եւ 44-օրյա պատերազմի ժամանակագրությունը
nk-conflict.infocom.am


Պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը «Միացումից անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը» վերտառությամբ իր հետազոտության մեջ հիշում է, որ հայաստանյան իրականության մեջ շարժման առաջամարտիկ դարձավ «Ղարաբաղ» կոմիտեն՝ ներկայացված գիտական ու մշակութային երիտասարդ մտավորականության ներկայացուցիչներից, որն, ըստ էության, այլընտրանքային ու ընդդիմադիր բնույթ էր տալիս շարժմանը՝ ընդդեմ կուսակցական ու խորհրդային իշխանությունների։ Միեւնույն ժամանակ, սակայն, իրավիճակն այլ էր ԼՂԻՄ-ում, որտեղ, ըստ հետազոտության հեղինակի, մտավորականությունը քանակական առումով քիչ էր ու չուներ համապատասխան ազդեցություն ու կշիռ՝ քաղաքական առաջնորդության համար։ 

1988թթ․ Լեռնային Ղարաբաղում շարժման առաջնորդություն ստանձնեց հիմնականում տեղական կուսակցական-խորհրդային իշխանության, տնտեսական ակտիվի ներկայացուցիչների ու վարչարարների միջին շերտը, ինչը լեգիտիմություն էր հաղորդում նաեւ շարժմանը խորհրդանշական ու կազմակերպական առումով՝ ցույց տալով նաեւ ժողովրդի ու իշխանության միասնությունը հանրային հարթակում։ Հանրային քաղաքացիական մարմիններն ու կազմակերպությունները, ըստ էության, դարձան ազգային ու քաղաքացիական կամարտահայտության, ինքնակազմակերպման ու իշխանության գործառնական միավորներ ԼՂԻՄ-ում։

Հետազոտության հեղինակը մեջբերում է 1990թ․ հուլիսի 1-ի ՀԽՍՀ ԳԽ նստաշրջանում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված, որտեղ նա նշում է․ «Ընդ որում, օրինական իշխանություններ ասելով՝ պետք է հասկանալ ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի գործադիր մարմինը կամ կուսակցության մարզային կոմիտեն, այլեւ արցախահայության ստեղծած ոչ պաշտոնական հասարակական կազմակերպությունները՝ «Կռունկ» կոմիտեն, Տնօրենների խորհուրդը, Հայոց համազգային շարժման տեղական ցանցը, «Ամարաս» բարեգործական միությունը եւ, վերջապես, Ազգային խորհուրդը, որոնք, լրացնելով իրար, դժվարին պայմաններում կարողացան իրականացնել երկրամասի առջեւ ծառացած գործնական խնդիրների լուծման պատասխանատու գործը»։

Միեւնույն ժամանակ, ինչպես նկատում է հեղինակը, շարժման ծավալումն Արցախում ուներ իր առանձնահատկությունները՝ դիմակայելու արտաքին մարտահրավերներին, գործելու ճգնաժամային պայմաններում, ադրբեջանական ու կրեմլյան ուժային ճնշման, բռնության ու պատժիչ քաղաքականության պայմաններում․ «Բնականաբար այս ամենն իր ազդեցությունն էր թողնում շարժման բնույթի ու փոխակերպումների վրա՝ բողոքի ու պահանջատեր շարժումից մինչ ազգային-քաղաքացիական դիմադրություն ու հանրային իշխանություն»։

Ինչպես գրում է պատմական գիտությունների թեկնածուն՝ ԼՂԻՄ-ում շարժման առաջին մունետիկ դարձավ «Կռունկ» կոմիտեն: 1988 թվականի փետրվարի 13-ի Ստեփանակերտում ցույցի ժամանակ, չստանալով ԼՂԻՄ մարզկոմի առաջին քարտուղար Բորիս Կեւորկովի համաձայնությունը՝ միանալու հանրահավաքին ու տալ կոնկրետ պատասխաններ, շարժման ղեկավարներից Արկադի Մանուչարովը առաջարկում է, որ ժողովրդի կողմից առաջադրվեն ակտիվիստներ, ովքեր կկառավարեն ցույցերն ու շարժումը։

«Բազմության կողմից մի քանի ցանկ է կազմվում, որտեղից կրկնվող անունները հեռացնելով՝ ստեղծվում է 66 հոգուց բաղկացած ցուցակ։ Ընտրվում է կազմկոմիտե, որը, տարբեր տվյալներով, ունեցել է 11-13 անդամ։ «Կռունկի» նախագահը Արկադի Մանուչարովն էր: Արկադի Մանուչարովը ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից էր դեռեւս 1960-ական թվականներից, որի պատճառով, էլ ի թիվս այլ գործիչների, հեռացվում է ԼՂԻՄ-ից, հաստատվում Հայաստանում, իսկ 1977թ․ կրկին վերադառնում ԼՂԻՄ, դառնում շինարարական նյութերի գործարանի տնօրեն»։

Կոմիտեն քանդակագործ Արմեն Հակոբյանի առաջարկությամբ է կոչվել «Կռունկ», որը, բացի խորհրդանշական թռչունի անունից, նաեւ հապավում էր՝ Լեռնային Ղարաբաղի Հեղափոխական Կառավարման Կոմիտե (Комитет революционного управления Нагорного Карабаха)։ Կազամակերպչական առումով այն ունեցել է համապատասխան բաժիններ ու հանձնաժողովներ՝ հանրահավաքների կազմակերպման բաժին, կարգախոսների, ֆինանսների, նկարահանումների, տեսաժապավենների, լուսանկարների պահպանման, միգրացիայի եւ էմիգրացիայի, քաղաքական հարցերի, լրատվության, հասարակական կապի պահպանման, անվտանգության բաժիններ, քարտուղարություն:

«Կռունկը», որպես հասարակական-քաղաքական կազմակերպություն, պաշտոնապես գրանցվում է ԼՂԻՄ-ում 1988թ․ մարտի 1-ին։ Դա ցույց է տալիս, որ հենց սկզբից էլ կար պրակտիկա՝ օրինականցնելու ու իրավական հարթության մեջ դնելու հանարային այդ մարմինները՝ որպես հասարակական կազամակերպություն:

Արսեն Հակոբյանը գրում է, որ 1988 թվականի մարտի 1-ին «Կռունկի» կոչով դադարեցվում է գործադուլը, իսկ մարտի 6-ին Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակին հանրահավաք է կազմակերպում Ստեփանակերտի հուշահամալիրում։ «Կռունկն» ունենում է նաեւ հանդիպումներ ու քննարկումներ Մոսկվայում, օրինակ՝ 1988 մարտի 8-ին Կոմիտեի 7 հոգուց բաղկացած պատվիրակությունը Մոսկվայում հանդիպում է Եգոր Լիգաչովի եւ Անատոլի Պրիմակովի հետ՝ ներկայացնելով սումգայիթյան ցեղասպանության շարժառիթները եւ կազմակերպիչներին։

««Կռունկ» կոմիտեի կազմակերպած ցույցի մասնակիցների ճնշմամբ 1988թ. մարտի 17-ին կայանում է կուսակցության մարզկոմի պլենումը, որոշում է ընդունվում՝ խնդրել ԽՄԿԿ ԿԿ-ին՝ դրականորեն լուծել ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ-ին վերամիավորելու հարցը»,- գրում է պատմական գիտությունների թեկնածուն՝ նշելով, որ կազմակերպությունը, սակայն, դառնում է հետապնդումների թիրախ եւ 1988 թվականի մարտի 24-ին Ադրբեջանական Գերագույն խորհրդի որոշմամբ Կոմիտեն համարվում էին օրենքից դուրս, իսկ նրա անդամների դեմ սկսվում են հետապնդումներր: Ադրբեջանի իշխանությունները «Կռունկին» մեղադրում են զանգվածայն անկարգություն հրահրելու մեջ։ Կազմակերպությունն անցնում է ընդհատակ, իսկ 1988 թվականի հուլիսի 29-ին տրոհվում է, ստեղծվում են երկու նոր միավորումներ՝ Տնօրենների խորհուրդը եւ «Միացում» շարժումը։

Հեղինակը նշում է նաեւ, որ «Կռունկի» ակտիվիստներից շատերը ենթարկվում էին ձերբակալությունների, տեղափոխվում էին Ռոստով քաղաքի բանտ․ նրանց թվում էր նաեւ «Սովետական Ղարաբաղ» թերթի ռուսական տարբերակի գլխավոր խմբագիր ու ապագայում Արցախի նախագահ Արկադի Ղուկասյանը։

«Դեռեւս 1988թ․ «Կռունկի» նախագահ Արկադի Մանուչարովին փորձում են ձերբակալել ադրբեջանական իշխանությունները։ Առաջին փորձը ձախողվում է, սակայն 1988թ․ նոյեմբերի 28-ին նա ձերբակալվում է, տեղափոխվում Աղդամի, հետո Շուշիի բանտ, իսկ այնուհետեւ փոխադրվում Մոսկվայի «Բուտիրկա» կալանավայրը, որտեղ նա պահվում է 548 օր։ Նրա ազատման համար ծավալվում է միջազգային հանրային-իրավապաշտպան շարժում, նա ճանաչվում է քաղբանտարկյալ։ Գտնվելով «Բուտիրկա» կալանավայրում՝ երկու անգամ ընտրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ժողովրդական պատգամավոր, ինչն աննախադեպ էր համաշխարհային պրակտիկայում։ 1990 թվականին Եվրախորհրդարանը ընդունում է բանաձեւ՝ պահանջելով Մանուչարովին ազատ արձակել, իսկ «Ամնեսթի Ինթերնեշնլ» իրավապաշտպան կազմակերպությունը նրան շնորհում է ԽՍՀՄ վերջին քաղբանտարկյալ կոչումը։ Ի վերջո Արկադի Մանուչարովը ազատ է արձակվում 1990 թվականի մայիսի 29-ին»։

Կռունկից հետո ԼՂԻՄ-ում շարժման քաղաքացիակական կազմակերպական միավորներից է դառնում «ՄԻԱՑՈՒՄ» արցախյան ժողովպական շարժումը, որը որպես հասարակական կազմակերպություն՝ գրանցում է ԼՂԻՄ-ի ժողովրդական պատգամավորների Ստեփանակերտի քաղաքային խորհրդի գործկոմը՝ 1989-ի հուլիսի 28-ին։

1988 թվականի հունիսի 30-ին Ստեփանակերտում անցկացված բազմամարդ հանրահավաքի ընթացքում հայտարարվում է նոր՝ «Միացում» շարժման ստեղծման մասին։ Շարժման նախագահ է ընտրվում Ռոբերտ Քոչարյանը․

«Կազմակերպության Ստեփանակերտի քաղխորհրդի կազմը բաղկացած էր 11 անդամից, նախագահ՝ Ռ. Քոչայան, անդամներ՝ Ռ. Աղաջանյան, Գ. Աֆանասյան, Հ. Գրիգորյան, Ա. Դանիելյան, է. Հայրապետյան, է. Ղուկասյան, Լ. Միրզոյան, Գ. Պետրոսյան, Ա. Պետրոսյան, Ս. Սարգսյան։ Կազմակերպության նպատակն էր ԼՂԻՄ-ի ինքնորոշումն ու վերամիավորումը ՀԽՍՀ-ին։ Կազմակերպությունը հանդես էր գալիս հանուն մեկ միասնական համազգային շարժման մեջ բոլորի միավորման, պետականության վերականգնման, Հայոց ցեղասպանության ճանաչման, ԽՍՀՄ-ում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման, իրենց պատմական տարածքներամ բոլոր ազգերի կողմից ինքնորոշման իրավունքի իրականացման, Արցախի տարածքում Հայ առաքելական եկեղեցու գործունեության ազատության, պատմաճարտարապետական հուշարձանների, բնակավայրերի հայկական անունների վերականգնման են համար եւ ալյն»,- թվում է Հակոբյանը՝ նշելով, որ կազմակերպությունն ուներ իր մամուլը եւ 1988-ի օգոստոսից լույս էր ընծայում «Միացում» տեղեկագիրը (4 համար)։ 

Միեւնույն ժամանակ, ադրբեջանական ուժային ճնշմանն ու բռնությանը դիմակայելու նպատակով ԼՂԻՄ-ում ստեղծվում է համկարգող մարմին, որի կազմում են լինում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Բաբայանը, Դաշնակցությունից Գեորգի Պետրոսյանը, Ժաննա Գալստյանը ու Վալերի Բալայանը։

ԼՂԻՄ-ում արտակարգ դրություն հայտարարելուց հետո շարժման կազմակերպական միավորները անցան ընդհատակ եւ սկսեցին գործել այդ պայմաններում:

«1989թ. սկսած շարժման հիմնական պահանջներից դարձավ ԼՂԻՄ մարզային իշխանությունների վերականգնումը, քանի որ 1989թ. հունվարին Հատուկ կառարման կոմիտեի ստեղծմամբ կրեմլյան իշխանությունները վերացրել էին մարզային խորհրդային ու կուսակցական իշխանության մարմինները, եւ մարզի բնակչությունը զրկվել էր սեփական իշխանության միջոցով կամարտահայտության իրավունքից, իսկ Հատուկ կառավարման կոմիտեն էլ՝ որպես նշանակովի մարմին, ենթարկվում էր ուղիղ կենտրոնական իշխանություններին»,- գրում է Արսեն Հակոբյանը՝ նշելով, որ օր օրի սրվող իրավիճակն ու ադրբեջանական կողմի կատարած քայլերը ստիպում էին վերկանգնել կամ ձեւավորել սեփական իշխանությունը, քանի որ Կրեմլը չէր շտապում դա անել:

Եւ այդ խնդիրը լուծում է շարժումը՝ «ներքեւից» ձեւավորելով հանրային իշխանության նոր մարմին․ 1989-ի օգոստոսի 16-ին՝ Ստեփանակերտում հրավիրված ԼՂԻՄ ազգաբնակչության լիազոր ներկայացուցիչների համագումարում, ընտրվում է Ազգային խորհուրդ՝ որպես ինքնակառավարման ներկայացուցչական մարմին՝ մարզը ղեկավարելու նպատակով, մինչեւ ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի եւ կուսակցության մարզկոմի վերականգնումը․

«Պետք է նկատի ունենալ, որ այն ոչ թե իշխանության զուգահեռ մարմին կամ ոչ ֆորմալ իշխանության մի ձեւ էր, այլ հենց ԼՂԻՄ իշխանությունը, քանի որ լեգիտիմությունը հիմնված էր արդեն իսկ առկա տեղական խորհրդային ու կուսակցական իշխանության մարմինների վրա, որոնց ներկայացուցիչներն էլ ձեւավորում են մարզային նոր իշխանությունը՝ ներառելով նաեւ հանրային շրջանակներ: Միեւնույն ժամանակ, այն վերարտադրում է 1918-20թթ. Արցախի պատմական փորձառությունը»:

Ազգային խորհուրդն ունենում է 80 անդամ, ընտրում՝ նախագահություն, որի նախագահ է դառնում Մարտունու շրջկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ ժող․ պատգամավոր Վաչագան Գրիգորյանը։ Անդամները ներկայացնում էին Մարտակերտի, Հադրութի, Ասկերանի կուսշրջկոմի առաջին քարտողարներ, Խորհդային կուսակցական մարմինների, հասարակական կազամակերպությունների, հանրության ներկայացուցիչներ:

Համագումարում ընդունվել են որոշում, հռչակագիր եւ դիմումներ՝ ուղղված հատուկ շրջանի պարետին, խորհրդային բանակի եւ ԽՍՀՄ ՆԳՆ ստորաբաժանումների սպաներին ու զինվորներին, ինչպես նաեւ ադրբեջանական ժողովրդին: Ազգային խորհրդի առաջնահերթ խնդիրներն են դառնում ազգամիջյան ընդհարումների կասեցումը, իրավիճակի կայունացումը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը:

«Այս մարմնի գործունեության կարեւոր փուլերից պետք է համարել 1989-ի դեկտեմբերի 1-ի Ազգային խորհրդի եւ ՀԽՍՀ ԳԽ համատեղ նիստի որոշումը՝ ՀԽՍՀ եւ ԼՂԻՄ վերամիավորման մասին: Ազգային Խորհուրդը ձեւավորվում է մի իրավիճակում, երբ Հատուկ կառավարման կոմիետի ֆունկցիոնալությունն այլեւս արդյունավետ չէր, ու իրավիճակը բավական սրված էր, երկրամասը հայտնվել էր «անտեր, անտիրական» իրավիճակում»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ Ազգային խորհուրդն, ըստ նախագահի, արտահայտում է ժողովրդի կամքը, որոշումները պարտադիր են մարզի տարածքում ապրող ու գործող բոլոր քաղաքացիների համար:

Իսկ կենտրոնական իշխանությունների ստեղծած Հատուկ կառավարման կոմիտեի լիազորությունների ու իրավասությունների շրջանակը ի զորու չեղավ կանխելու անցանկալի զարագացումները ԼՂԻՄ-ում, որոնք հերթական լարավածությանը բերեցին 1989թ.-ին․ «Մասանավորապես, մարզային խորհրդային ու կուսակցական իշխանության մարմինների լուծարման պայմաններում Ադրբեջանը, օգտագործելով կենտրոնական բյուջեից մարզին տրամադրված միջոցները, արագացված տեմպերով սկսեց դա օգատագործել մարզի ադրբեջանական բնակավայրերում ու շրջաններում՝ կատարելով լայնածավալ կապիտալ ներդրումներ, շինարարություն՝ դեմոգրաֆիական պատկերը փոխելու նպատակով, այդ թվում՝ միջինասիական թուրք մեսխեթցիներին մարզում բնակացնելու նպատակով»:

Այդ ժամանակ սկսվեց Հայաստանի ու ԼՂԻՄ-ի տրանսպորտային բլոկադան, փակվեց Եվլախ-Աղդամ-Ստեփանակերտ երկաթգիծը, եւ մարզը հայտնվեց տնտեսական ու հումանիտար մեկուսացման մեջ: Այս իրավիճակի արձագանքը 1989թ. մայիսից-օգոստոս ԼՂԻՄ-ում սկսված մասսայական գործադուլներն էին, որոնց հիմնական պահանջը մարզային կուսակցական ու խորհդային իշխանության մարմինների վերականագնում էր ու Հատուկ կառավարման կոմիտեին կենտորանական իշխանության ներակայացուցչության կարգավիճակ տալը։ Ինչպես գրում է Արսեն Հակոբյանը, Ադրբեջանի թիրախում է հայտնվում Շահումյանի շրջանի հայությունը, որի գոյությունը սպառնալիքի տակ էր, ու ի պատասխան դրա, 1989թ․ հուլիսի 26-ին ԼՂԻՄ ժողպատգամավորների արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց շրջանը ԼՂԻՄ-ին միացնելու մասին: 

Պատմական գիտությունների թեկնածուն նշում է, որ Արցախի Ազգային Խորհրդի ձեւավորումն ընթացավ դրամատիկ պայմաններում՝ պայմանավորված ԼՂԻՄ-ում ստեղծված իրավիճակով՝ որպես ճգնաժամի ժամանակ ձեւավորված իշխանություն․ Ազգային խորհուրդը գործեց մինչեւ ԼՂՀ անկախության հռչակումը՝ 1991-ի սեպտեմբերի 2-ը։

Ռազմա-ոստիկանական/սովետա-ադրբեջանական վարչակարգը՝ ԼՂԻՄ-ում, անկախության գործընթացը [Միացումից՝ անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը․ մաս 4]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել