Պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը «Միացումից՝ անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը» վերտառությամբ հետազոտության մեջ վերլուծում է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի վարչաքաղաքական պատկանելության ու կարգավիճակային փոփոխությունները, անդրադառնում է ԼՂԻՄ-ում ռազմա-ոստիկանական/սովետա-ադրբեջանական վարչակարգին։
1989թ. հունվարի 12-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը հրամանագրով ԼՂԻՄ-ում ժամանակավորապես մտցնում է կառավարման հատուկ ձեւ․ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի եւ նրա գործադիր կոմիտեի լիազորությունները դադարեցվում են՝ մինչեւ Խորհրդի նոր կազմի ընտրությունների անցկացումը: Պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը «Միացումից՝ անկախություն․ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման հետագիծը» վերտառությամբ իր հետազոտության մեջ նշում է, որ Խորհրդի լիազորություններն ամբողջ ծավալով փոխանցվում են նոր կազմավորված ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեին, որն անմիջականորեն ենթարկվում էր ԽՍՀՄ պետական իշխանության եւ կառավարման բարձրագույն մարմիններին:
«Հատուկ կառավարման կոմիտեի ղեկավարումը ստանձնած Արկադի Վոլսկին առաջարկում էր մեղմել լարվածությունը Ղարաբաղի տնտեսության զարգացման, ԼՂԻՄ-ի եւ Հայաստանի միջեւ տնտեսական ու մշակութային ամուր կապերի հաստատման եւ հայ բնակչության հանդեպ խտրականության կանխարգելման միջոցով»,- գրում է հեղինակը՝ շարունակելով, որ 1989թ. հունվարի 15-ին «Правда» թերթում հրապարակված «Խաղաղություն Ղարաբաղ երկրին» ծրագրային հոդվածում Ա. Վոլսկին միանգամայն պարզ շարադրում է ղարաբաղյան ճգնաժամը հարուցած պատճառները.
«Հիշենք թեկուզ, թե ինչպես է ծագել ու զարգացել ղարաբաղյան շարժումը: Ինչո՞ւ են մարդիկ Հայաստանի հետ միավորվելու հարց դրել: Որովհետեւ նրանք տեսնում էին, որ Ադրբեջանի նախկին ղեկավարությունն ավելի ու ավելի է մարզը տանում դեպի փակուղի, ձգտում է խզել հայ բնակչության բնական կապերը Հայաստանի հետ մշակույթի, լեզվի ոլորտներում, որոշակի խոչընդոտներ է հարուցում հայախոս մտավորականության համար: Այս ամենն իրականությու՛ն է: Այս ամենը ճշմարտությու՛ն է»։
ԼՂԻՄ-ում իշխանության օրինականորեն ընտրված մարմիններին փոխարինած եւ վարչական անսահմանափակ լիազորություններ ստացած Հատուկ կառավարման կոմիտեն միեւնույն ժամանակ զրկված էր մարզի տնտեսական կյանքը ղեկավարելու որրեւիցե հնարավորությունից: Հեղինակն ընդգծում է, որ ԽՍՀՄ կենտրոնական բյուջեից Լեռնային Ղարաբաղին հատկացված միջոցները տնօրինվում էին ադրբեջանական ղեկավարության կողմից, որն էլ լայնամասշտաբ շինարարություն ծավալեց ադրբեջանական բնակավայրերում՝ բնակության ու աշխատանքի վայրեր ստեղծելով ադրբեջանցի վերաբնակիչների համար՝ փոխելու ժողովրդագրական իրավիճակը մարզում․
«Ապարդյուն էին նաեւ Հատուկ կառավարման կոմիտեի ջանքերը՝ վերացնելու կամ թեկուզ մեղմելու Լեռնային Ղարաբաղի շրջափակումն Ադրբեջանի կողմից: Միեւնույն ժամանակ, ղարաբաղյան հարցը կապված էր նաեւ ԽՍՀՄ-ում ընթացող գործընթացների հետ եւ իրադարձությունների հետագա զարգացումը պայմանավորված էր նաեւ ընդհանուր համատեքստով՝ հանրապետությունների կենտրոնախույս նկրտումները, ժողովրդավարական ակտիվությունը եւ այլն»,- գրում է Արսեն Հակոբյանը՝ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները շատ ավելի ուժեղ էին ու արտահայտված, կոմունիստական իշխանությունն ակնհայտորեն կորցնում էր դիրքերը։ Հետո նույն վտանգը ծագում է նաեւ Ադրբեջանում։
Եւ կենտրոնը կողմերի միջեւ մանեւրելու քաղաքականությունից անցնում է Ղարաբաղի հարցում միանշանակ ու կողմնակալ դիրքորոշման, այն է՝ Ղարաբաղն օգտագործել որպես գործոն, որի միջոցով հնարավոր կլիներ արգելափակել Ադրբեջանի կոմունիստական իշխանությանը սպառնացող գործընթացները եւ փորձել փոխել իրավիճակը Հայաստանում, որը դուրս էր գալիս վերահսկողությունից․
«1989թ․ վերջերին ու 1990թթ․ սկզբներին Ղարաբաղի վերաբերյալ կենտրոնական իշխանությունների ընդունած նոր որոշումները հիմնականում համապատասխանում էին Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1988թ․ սեպտեմբերյան նստաշրջանում առաջադրված պահանջներին, այն է՝ լուծարել Հատուկ կառավարման կոմիտեն։ Այդ ժամանակ էլ Ադրբեջանի ԳԽ-ն ընդունեց նաեւ ինքնիշխանության մասին ակտ՝ իրեն ԽՍՀՄ կազմից դուրս գալու իրավունք վերապահելով՝ ըստ էության կապելով իր Կենտրոնին լոյալությունը Ղարաբաղի հետ»։
Մինչ այդ՝ 1988թ․ աշնանը, ԼՂԻՄ-ում նկատելի դարձան ռեպրեսիվ կառույցների ուժեղացման նշանները․ ամեն ինչ ընթանում էր Ղարաբաղում ռազմա-ռեպրեսիվ իշխանության հաստատմանը, եւ շատ շուտով՝ 1989թ. նոյեմբերի 28-ին, ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը որոշում է կառավարման նոր ձեւ հաստատել ԼՂԻՄ-ում, որը նախատեսված չէր գործող օրենսդրությամբ։ Այդպես, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն լուծարվեց, եւ նրա փոխարեն ստեղծվեց հանրապետական կազմկոմիտե, որը ղեկավարում էր Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն, եւ այդ կառույցը ըստ էության ենթակա էր Բաքվին։
Ինչպես նկատում է հեղինակը՝ հետագայում Պոլյանիչկոն հարցազրույցներից մեկում նշում է, որ հստակ ու աներկբա գործել է Ադրբեջանի համար։
ԼՂԻՄ-ում արտակարգ դրություն է մտցվում
Հակամարտության կողմերի միջեւ հավասարակշռության ձախողված քաղաքականությունը, Հակոբյանի մեկնաբանմամբ, փոխարինվում է ԽՍՀՄ ռեժիմի պահպանման տեսանկյունից ամենավտանգավոր թվացող կողմի բացահայտ ճնշման քաղաքականությամբ․ կողմերից մեկի՝ Ադրբեջանի նկատմամբ միանշանակ դիրքորոշում որդեգրվեց, խնդրի լուծումը դիտվեց ԼՂ-ի վերացման մեջ, եւ մինչեւ 1991թ․ ԽՍՀՄ փլուզումն իրականացվում էր հենց այդ քաղաքականությունը։
Կազկոմիտեի ստեղծումը, սակայն, ինչպես շեշտում է հեղինակը, ինքնին երաշխիք չէր կարող լինել ծրագրված քաղաքականության իրականացման համար, քանի որ անհրաժեշտ էին համապատասխան ուժային լծակներ։ Արդեն 1990թ․ հունվարի սկզբին ԽՍՀՄ ԳԽ նախագահությունը ԼՂԻՄ-ում հարակից տարածքներում մտցնում է արտակարգ դրություն՝ չնայած այդ պահին հայերի մասսայական ջարդեր էին տեղի ունենում Բաքվում, իսկ այդ ժամանակ ԼՂԻՄ-ում իրավիճակի առանձնահատուկ սրացումներ չկային, ու այստեղ դեռեւս 1988թ․ սեպտեմբերից գործում էր հատուկ դրություն, պարետային ժամ, ու տեղակայված էին ԽՍՀՄ զորքեր․
«1989թ․ նոյեմբերի 28-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի այդ որոշումը ծայրաստիճան բացասական արձագանք գտավ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Ի պատասխան՝ ԼՂԻՄ-ում անցան բազմահազարանոց ցույցեր, որոնց ընթացքում ընդունվում էին քաղաքացիական անհնազանդության, նշված որոշումը բոյկոտելու, միութենական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու կոչ անող բանաձեւեր, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին ուղղված դիմումներ՝ Հայաստանի ու ԼՂԻՄ-ի վերամիավորման պահանջով»․- գրում է պատմական գիտությունների թեկնածուն՝ նշելով, որ այս տրամադրություններն արտացոլվեցին 1989 թ. դեկտեմբերի 1-ին Երեւանում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստին ընդունված «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշման մեջ: Իսկ Ադրբեջանը «խմբագրեց» այդ որոշումը՝ իրեն ոչ ձեռնտու կետերի գործունեությունն առկախելով կամ չեղարկելով։
Արսեն Հակոբյանի մեկնաբանմամբ՝ 1990թ․ հունվարին ԼՂԻՄ-ում արտակարգ դրություն մտցնելը իրականում նպաստում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ բնակչության դեմ ռեպրեսիվ միջոցների ձեռնարկմանը եւ ուղղված էր հայկական կողմի դեմ․
«Չնայած Կենտրոնի որոշման մեջ նշվում էր, որ ԽՍՀՄ զորքերը ենթարկվելու են կենտրոնական իշխանությունների կողմից ԼՂԻՄ ուղարկված վերստուգիչ-վերահսկիչ մարմնին, սակայն այն այդպես էլ չկազմավորվեց ու չուղարկվեց, իսկ այդ ստորաբաժանումներն օգտագործվում էին Կազմկոմիտեի կողմից՝ պետական ահաբեկչության նպատակով։ Իրականում այդ մարմնի իշխանությունը տարածվում էր մարզի ադրբեբաջանաբնակ վայրերում, իսկ մարզային իշխանություններն ու ԼՂ հասարակությունն այն չընդունեցին ու չճանաչեցին: Մարզի հայկական (Ասկերան, Մարտունի, Մարտակերտ, Հադրութ, Շահումյան) շրջաններում էլ փորձ արվեց բռնությամբ գրավելու իշխանության մարմիններն ու շենքերը, իրականացնելու «դրածո» վարչարարական համակարգի հաստատում։ Սակայն տեղական բնակչությունը ոտքի կանգնեց՝ ի պաշտպանություն տեղական իշխանությունների՝ արգելակելու շենք շինությունների զավթումը, օրինակ՝ Ասկերանում 70 խաղաղ ցուցարարների դեմ ուղարկվում էն 220 ավտոմատավորներ, տեղի են ունենում ընդհարումներ»,- մանրամասնում է հեղինակը՝ նշելով, որ 1990թ. մարտից մինչեւ դեկտեմբեր տեղի է ունենում ռեժիմի խստացում եւ պատժիչ գործողությունների ընդլայնում, որոնք հատկապես դաժան բնույթ են ստանում՝ ուղեկցվելով քաղաքացիական անձանց սպանություններով:
Ինչպես նկատում է Արսեն Հակոբյանը՝ հատկանշական է, որ Կազմկոմիտեն իրեն իրավունք էր վերապահում իրականացնել մասսայական տեղահանումներ, «պետական իշխանություններին եւ վարչակազմերին իրավունք է տրվում «ժամանակավորապես վտարել քաղաքացիներին կյանքի համար վտանգավոր տարածքներից, ինչպես նաեւ տրամադրել այլ բնակելի տարածքների»։
Պետական ահաբեկչության երեք փուլերը
Այսպես, պետական ահաբեկչության երեք փուլ է առանձնացվում. 1990-ի մարտից դեկտեմբեր, երբ տեղի է ունենում ռեժիմի խստացում եւ պատժիչ գործողությունների ակտիվացում, որոնք ձեռք բերեցին առանձնակի դաժան բնույթ։ Երկրորդ՝ 1990 թվականի դեկտեմբերից մինչեւ 1991 թվականի ապրիլը, երբ տեղի է ունենում համատարած տեռոր եւ բնակչության արտաքսում։ Երրորդը՝ 1991 թվականի ապրիլից օգոստոս սկսվեցին ռազմական գործողություններ խաղաղ բնակչության դեմ եւ նրա տեղահանությունը, ինչպիսին է «Օղակ» գործողությունը։
Արսեն Հակոբյանի խոսքով՝ հենց Կազմկոմիտեի գործունեությունն ու «Օղակ» գործողությունը ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեցին ռազամական դիմակայության փուլ:
Մինչ այդ արդեն իսկ 1990 թվականի մարտին պաշտպանության նախարար մարշալ Յազովի եւ ներքին զորքերի հրամանատար գեներալ Շատալինի անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ Գետաշենին հարեւան երկու գյուղերի՝ Կամոյի եւ Ազատի տեղահանությունը։ Նույն թվականի հուլիսի 18-ին Վիկտոր Պոլյանիչկոն հրապարակեց ընդհանուր տեղահանության ծրագիր՝ մշակված Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի բյուրոյի եւ Ադրբեջանի ժողովրդական ճակատի ղեկավարության հետ միասին։
Հենց Կազմկոիտեի ու Պոլյանիչկոյի օրոք Ադրբեջանի ՆԳՆ ՕՄՈՆ-ի զինմիավորումները մուտք գործեցին ԼՂԻՄ, ուր արդեն կային ԽՍՀՄ ստորաբաժանումներ: Նրանց վերահսկողության տակ անցավ, օրինակ, Ստեփանակերտի օդանավակայանը, որը տեղակայված էր Խոջալուի մոտ:
Ինչպես գրում է Արսեն Հակոբյանը՝ 1991թ. օգոստոսյան խռովության ձախողումից հետո Լեռնային Ղարաբաղում նոր իրավիճակ է առաջանում․ հանրապետական կազմկոմիտեն Վ. Պոլյանիչկոյի գլխավորությամբ շտապ լքում է Ստեփանակերտը: Քաղաքի զինվորական պարետությունը գերադասում է չեզոքություն պահպանել․ «Պետք է նկատի ունենալ, որ օգոստոսյան դեպքերի ժամանակ Ադրբեջանի իշխանություններն աջակցեցին ГКЧП-ին, իսկ ԼՂԻՄ կազմկոմիտեի նախագահ, Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար Վ. Պոլյանիչկոն Բաքվի ռադիոյով կիսվում էր ղարաբաղյան փորձով՝ առաջարկելով տարածել այն ԽՍՀՄ-ում»։
Հեղինակը նշում է, որ անմիջապես վերականգնվում է ԼՂԻՄ Պատգամավորների խորհրդի գործունեությունը, իսկ Ադրբեջանը ԼՂԻՄ-ում զրկվում է ինչպես կառավարման մարմիններից, այնպես էլ պատժիչ գործողությունների մեխանիզմներից, քանի որ առանց Խորհրդային բանակի եւ ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի աջակցության՝ Ադրբեջանը ստիպված էր սառեցնել ՕՄՈՆ-ի եւ Ադրբեջանի Ազգային ճակատի ռազմական ջոկատների գործողությունները, որոնք ամրանում են բացառապես ադրբեջանաբնակ բնակավայրերում:
ԼՂՀ եւ անկախության հռչակում
Պատմական գիտությունների թեկնածու Արսեն Հակոբյանը գրում է, որ ԼՂ շուրջ զարգացումները թելադրված չէին միայն կողմերի գորոծողություններից ու ակտիվությունից, այլեւ կապված էին ԽՍՀՄ-ում տեղի ունեցող գործընթացների հետ: Հենց այդ հանգամանքն էլ վճռորոշ ազդեցություն ուենցավ 1991թ. զարգացումների վրա՝ պայմանավորված օգոստոսյան խռովությամբ, դրա տապալմամբ ու խորհրդային հանրապետությունների անկախության եւ ինքնիշխանության «շքերթով»․
«Մինչ այդ, 1991թ. ամռանը «Օղակ» գործողության պայմաններում, պետական ահաբեկչության ու էթնիկ զտումների կիրառելով՝ Մոսկվան եւ Բաքուն ԼՂ ղեկավարությանը եւ ժողովրդին առաջարկում են հետ կանգնել Հայաստանի հետ միացման մտադրություններից եւ մասնակցել 1991թ․ սեպտեմբերին սպասվող Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Հայաստանը նույնպես աննախադեպ ուժային այդ ճնշման թիրախում էր»,- գրում է հեղինակը՝ նշելով, որ թերեւս դրանով թելադրված՝ Հայաստանը նույնպես որոշակի մեղմացումների էր գնացել Մոսկվայի հետ հարաբերություններում՝ մասնակցելով կենտրոնի որոշ նախաձեռնություներում:
Ըստ Արսեն Հակոբյանի՝ առհասարակ, այդ ժամանակվա ՀՀ քաղաքական ղեկավարության մեջ կային շրջանակներ, որ կողմ էին հիմնախնդրից «հեռանալուն»՝ կենտրոնանալով ՀՀ անկախության ու ապագա զարգացումների վրա՝ համարելով, որ Ղարաբաղն արդեն իսկ կորսված է եւ պետք է «փրկել» Հայաստանը։
1991թ. հուլիսի 19-ին Ստեփանակերտում տեղի է ունենում ԼՂԻՄ մարզխորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվում է ԼՂ՝ Ադրբեջանի նախագահական ընտրություններին մասնակցելու առաջարկությունը: Մարզխորհուրդը մերժում է ընտրություններին մասնակցելու կոչը, բայց ընդունում է մյուս առաջարկը՝ մեկնել Բաքու եւ Մոսկվա՝ Ադրբեջանի եւ ԽՍՀՄ ղեկավարության հետ:
Հեղինակի մեկնաբանմամբ՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը եւս դեմ չէր դրան: Այդ օրերին՝ 1991թ. հուլիսի 15-16-ին, Հայաստանի ԳԽ-ում տեղի ունեցան բուռն քննարկումներ այն հարցի շուրջ, թե պե՞տք է արդյոք ԼՂ պատվիրակությունը մեկնի Բաքու․ հարցը դրվում է քվեարկության, եւ ընդունվում է այն առաջարկը, որով ԼՂ Արցախի մարզային ղեկավարությունը պատրաստակամություն էր հայտնում «քաղաքական բանակցություններ սկսել Ադրբեջանի իշխանությունների հետ եւ փոխզիջումային լուծումներ որոնել Խորհրդային Միության Սահմանադրության եւ օրենքների շրջանակներում»: Սակայն Ադրբեջանը հայտարարում է, որ ԼՂԻՄ-ն իր անքակտելի մասն է եւ Հայաստանի ցանկացած որոշում՝ ԼՂ վերաբերյալ անկախ բովանդակությունից, իր ներքին գործերին միջամտություն է․
«1991թ. հուլիսի 20-ին ԼՂ 6 հոգանոց պատվիրակությունը, որը գլխավորում էր Լեոնարդ Պետրոսյանը, Ստեփանակերտից մեկնում է Բաքու, հանդիպում ունենում Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ: Ադրբեջանը համարում էր, որ արդեն իսկ հաղթանակը մոտ է, եւ հայերը հրաժարվել են միացման գաղափարից: Սակայն 1991թ. օգոստոսյան հեղաշրջումն ամբողջովին փոխեց իրադարձությունների հետագա ընթացքը»,- գրում է պատմական գիտությունների թեկնածուն՝ հիշեցնելով, որ 1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Ադրբեջանի Հանրապետության՝ որպես 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդի, պետական անկախության վերականգնման մասին Հռչակագիրը, իսկ հոկտմբերի 18-ին՝ պետական անկախության վերականգման սահմանադրական ակտը: Ադրբեջանի անկախության գործընթացքն ու հռչակումը տեղի ունեցավ առանց հանրաքվեի: Միայն 1991թ․ դեկտեմբերի վերջին ԽՍՀՄ փլուզումից հետո այնտեղ տեղի ունեցավ հանրաքվե, իսկ մինչ այդ՝ արդեն իսկ 1991թ․ դեկտեմբերի 10-ին, տեղի էր ունեցել ԼՂՀ անկախության հանրաքվեն։
Լեռնային Ղարաբաղը հռչակվում է հանրապետություն
1991թ. սեպտեմբերի 2-ին «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա ԼՂԻՄ եւ Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ):
Հռչակագրում, մասնավորապես, նշվում էր, որ այն արտահայտում է «ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում եւ ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991թթ. որոշումներում, նրա ձգտումը դեպի ազատություն, անկախություն, իրավահավասարություն եւ բարիդրացիություն»:
Արսեն Հակոբյանը գրում է, որ ԼՂՀ հռչակումն ու ձեւավորումը, մինչ վերջանական կարգավիճակի հստակեցումը, նշանակում էր, որ այն շարունակում է մնալ խորհրդային տարածք՝ լինելով ԽՍՀՄ մաս, ուր գործում են խորհրդային օրենքները․ «Այդ մասին նշվում է հռչակագրում, ուր ասվում է, որ մինչ ԼՂՀ Սահմանադրության ընդունումը՝ ԼՂՀ տարածքում գործում է ԽՍՀՄ օրենսդրությունը եւ Սահմանադրությունը»:
Հայաստանը կողմ արտահայտվեց ԼՂՀ հռչակմանը՝ ըստ էության մի կողմ դնելով միավորման հետ կապված նախկին մոտեցումները եւ «հեռանալով» ԼՂ խնդրից՝ պատրաստվելով սեպտեմբերի 21-ի հանրաքվեին:
«1991թ․ սեպտեմբերի կեսերին ՀՀ ԳԽ փակ նիստում քննարկվում է ԼՂՀ եւ միացման խնդիրը, առաջարկվում է երեք տարբերակ․ 1․ վերացնել 1989թ․ դեկտեմբերի 1-ի որոշումը, 2․ հաստատել այն, 3․ միաժամանակ ճանաչել ԼՂՀ ու Ադրբեջանը՝ առաջարկելով բանակցություններ վարել միմյանց ճանաչման շուրջ»:
Կար նաեւ չորորրդ տարբերակը՝ զերծ մնալ որեւէ որոշում կայացնելուց։ Արսեն Հակոբյանը գրում է, որ դրա օգտին արտահայտվեց Հայաստանի ԳԽ նախագահ Լ. Տեր-Պետրոսյանը՝ հիմնավորելով իրավիճակը պարզաբանելու անհրաժեշտությամբ եւ ԼՂԻՄ Ելցին-Նազարբաեւ ծրագրվող առաքելությամբ։ Հեղինակի մեկնաբանմամբ՝ քննարկումը հետաձգելու եւ հարցը քվեարկության չդնելու նրա առաջարկն էլ որոշիչ է դառնում։
«Ընդհանուր առմամբ ԼՂՀ հռչակումը մտնում էր նաեւ այդ ժամանակվա ինքնավարությունների «հանրապետականացման» տրամաբանության մեջ, երբ «ինքնավարությունները» որոշումներ էին ընդունվում կարգավիճակների ու անվանումների փոփոխության, ինքնիշխանության շուրջ, օրիանակ՝ ՌԴ-ում եւ նրանց լոյալության դիմաց Կենտրոնը դա ճանաչում էր»,- նշում է Հակոբյանը։
Այդպես, 1991թ․ սեպտեմբերի 20-23-ին ՌԴ եւ Ղազախստանի նախագահներ Բ․ Ելցինն ու Ն․ Նազարբաեւը այցելում են հակամարտության գոտի, Երեւան, Բաքու, Գյանջա եւ Ստեփանակերտ։ Դրա արդյունքում ընդունվում է Ժելեզնովոդսկյան կոմյունիկեն, որը նախատեսում էր մարզային իշխանությունների լիազորությունների ճանաչում, Ադրբեջանի ու Հայաստանի կողմից ԽՍՀՄ Սահմանադրության հակասող որոշումների չեղարկում, զինված խմբերի՝ բացառության ԽՍՀՄ ստորաբաժանուների, դուրս բերում, տեղահանված բնակչության վերադարձ, կումունիկացիաների ու երկաթուղային հաղորդակցության վերականգնում․
«Սակայն այն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, հաջորդ օրն իսկ՝ սեպտեմբերի 25-ին, Շուշիից հրթիռակոծվում է Ստեփանակերտը։ Հակամարտության ընթացքում առաջին անգամ կիրառվում են հրթիռներ։ Կոմյունիկեի դեմ հանդես եկավ Ադրբեջանի Ազգային Ճակատը եւ Նախիջեւանի ղեկավար Հ․ Ալիեւը։ 1991թ․ նոյեմբերի 5-ից ԼՂԻՄ-ն ու Հայաստանը ենթարկվում են գազային բլոկադայի Ադրբեջանի կողմից»։
1991թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանը ընդունում է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին» օրենքը, որտեղ 1923թ. ինքնավարության ստեղծումը բնորոշվում է որպես «ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն»:
Ադրբեջանի նոյեմբերի 26-ին այդ որոշումը ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող:
Արսեն Հակոբյանը նշում է, որ համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության՝ Լեռնային Ղարաբաղը դասվում էր ինքնավարությունների շարքին, որոնք ԽՍՀՄ սահմանադրական իրավունքը դիտարկում էր որպես ինքնորոշման իրավունքի դրսեւորում, եւ որոնց վերապահվում էր ինքնորոշվելու իրավունք: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնավարությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրսեւորում էր, ապա նշանակում է՝ ինչպես նրա լուծարումը, այնպես էլ փոխակերպումը (կարգավիճակի փոփոխությունը) հնարավոր են միայն ժողովրդի կամարտահայտման միջոցով:
Ի պատասխան ԼՂ լուծարման ադրբեջանական որոշման՝ հաջորդ օրը՝ նոյեմբերի 27-ին, ԼՂՀ-ն որոշում ընդունեց կարգավիճակի հետ կապված հանրաքվե անցկացնելու ու ԳԽ ընտրություններ կազմակերպելու մասին։
1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ հանրաքվե: Արսեն Հակոբյանը հետաքրքրական է համարում, որ հանրաքվեի հարցի քննարկման ժամանակ քննարկվել է նաեւ «Համաձա՞ն եք, որ ԼՂ-ն լինի հանրապետություն՝ ԽՍՀՄ կազմում» հարցը, սակայն, ի վերջո, որոշվել է տալ այն ձեւակերպումը, որը դրվեց հանրաքվեին, քանի որ ԽՍՀՄ փլուզումն օրերի հարց էր։ Իսկ քվեաթերթիկում դրված էր այս հարցը․ «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն՝ ինքնուրույն որոշելով համագործակցության ձեւը ուրիշ պետությունների եւ ընկերակցությունների հետ»: Քվեաթերթիկները տպագրված էին երեք լեզուներով՝ հայերեն, ադրբեջաներեն եւ ռուսերեն, դրանք ուղարկվել էին նաեւ ադբեջանաբնակ բնակավայրեր, ընտրատարածքներն ու ընտրացուցակներն ընդգրկում էին ողջ ԼՂ տարածքն ու բնակչությունը, հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ պայմաններ էին ստեղծվել նաեւ ադրբեջանաբնակ բնկավայրերում։ Հեռագիր էր ուղարկվել Շուշիի շրջանի ղեկավարությանը՝ շրջանի ադրբեջանական բնակչության մասնակցությունը հանրաքվեին կազմակերպելու խնդրանքով, բայց ԼՂՀ-ում ապրող ադրբեջանցիները չմասնակցեցին» հանրաքվեին, թեեւ բնակչության համամասնությամբ ադրբեջանցի ընտրողների թիվը մոտավորապես 20% էր, ու մասնակցելու, դեմ քվեարկելու պարագայում էլ հանրաքվեի արդյունքների վրա այն չէր կարող ազդել։
Հանրաքվեի օրը, ադրբեջանական կողմը տարբեր զինատեսակներից ուժգին հրետակոծեց Ստեփանակերտ քաղաքն ու հարակից բնակավայրերը: Զոհվեց 10 եւ վիրավորվեց 11 հայ խաղաղ բնակիչ։ Այս փաստը տեղ է գտել նաեւ հանրաքվեին հետեւող միջազգային դիտորդների զեկույցում։
Առհասարակ, ինչպես գրում է հետազոտության հեղինակը, ադրբեջանական իշխանությունները որդեգրել էին ԼՂ որեւէ սուբյեկտայնութան մերժման ու վերացման քաղաքականություն՝ նախապատվություն տալով ուuժային լծակին․ 1991թ․ սեպտեմբերի 3-ին Ադրբեջանում որոշում էին ընդունել հակասահմանադրական ճանաչել ԼՂՀ հռչակումը եւ հանձարարել ՊԱԿ-ին, ՆԳՆ-ին, Գլխավոր դատախազությանը վերականագնելու սահմանադրական /ադրբեջանական/ կարգը։
«ԼՂՀ հանրաքվեից հետո՝ դեկտեմբերի 17-ին, Ադրբեջանի նախագահ Ա․ Մութալիբովը իրեն հայտարարեց ադրբեջանական զինված ուժերի գլխավոր հրամանատար՝ ազդարարելով ըստ էության բանակի ձեւավորումը եւ դրա գործածումը ԼՂ-ում»,- գոում է Արսեն Հակոբյանը։
Արդեն 1992թ. հունվարի 6-ին ԼՂՀ Գերագույն խորհուրդն ընդունեց ԼՂՀ պետական անկախության հռչակագիրը՝ դրանով իսկ օրենսդրորեն ամրագրելով ինչպես հանրաքվեի արդյունքները, այնպես էլ ավելի վաղ ընդունված այն իրավական ակտերը, որոնցով իրականացվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքը ինքնուրույն որոշելու քաղաքական կարգավիճակը: 1992 թ. հունվարի 8-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նստաշրջանն ընտրեց հանրապետության օրենսդիր մարմնի ղեկավարին՝ Արթուր Մկրտչյանին, իսկ Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվեց Օլեգ Եսայանը:
comment.count (0)