Օձունում 3,6 մլն դրամի յուրացուման և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ գործ է հարուցվել
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում տեղեկություն է ստացվել Ազգային անվտանգության ծառայությունից, որ Օձունի համայնքապետարանում կատարվել են չարաշահումներ:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Թումանյանի բաժնի հետ համագործակցության արդյունքում պարզվել է, որ «Օձունի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ տնօրենը, 2017-18 թվականներին, ձևական աշխատանքի է ընդունել իր որդուն ու նույն համայնքի բնակիչ ևս յոթ հոգու, որոնք աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված աշխատավարձերը՝ ընդհանուր երեք միլիոն 600 հազար դրամը յուրացվել է:
Առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
06:28 - 06 մարտի, 2019