Արփինե Հովհաննիսյան

ՀՀ պետական և քաղաքական գործիչ, փաստաբանական պալատի անդամ, «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ, "Davit & Partners" իրավաբանական ընկերության համահիմնադիր։ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր։

Ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 3-ին Երևանում։ 2000-2004 թթ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում։ 2006թ․ ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան, 2009թ․՝ ասպիրանտուրան։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

2003-2006 թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ։2006-2007 թթ.՝ առաջատար մասնագետ։ 2007 թ.-ից ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս։ 2007-2008 թթ. ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ։ 2008 թ. ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնակn, այնուհետև ՀՀ ԱԺ նախագահի խորհրդական։ 2012 թ. մայիսի 6-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ՀՀԿ համաասնական ընտրացուցակով։

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ Եղել է ԱԺ էթիկայի հարցերի ժամանակավոր հանձնաժողովի նախագահ։ 2015 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար մինչև 2017թ․ մայիսի 11։ 2017 թ. մայիսի 18-ից մինչև 2018թ․ մայիս եղել է ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ: 2019թ․ դադարեցրել է անդամակցությունը ՀՀԿ-ին։

Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց բոլոր հնարավոր տարբերակներից Հայաստանի համար կնքել վատագույնը. Արփինե Հովհաննիսյան |lragir.am|

Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց բոլոր հնարավոր տարբերակներից Հայաստանի համար կնքել վատագույնը. Արփինե Հովհաննիսյան |lragir.am|

lragir.am: «Այստեղ հավաքվածներից որևէ մեկն իշխանություն չի ուզում, իշխանությունը պետք է Փաշինյան Նիկոլին, նրա պատգամավորներին, որպեսզի մարսեն այս ամենը։ Իշխանությունից հեռացումը պետք է հայրենիքին, Հայաստանին ու Արցախին»,- Ազատության հրապարակում ասաց Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը նախապատերազմական, պատերազմական և հետպատերազմական շրջանում ցույց է տվել որակներ, հատկանիշներ, որոնք բերեցին այս աղետին։ «Երբ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ, հարց ունեմ՝ պարոն Փաշինյան, դա ի՞նչ էր նշանակում՝ Շուշին Ադրբեջան է, և վե՞րջ։ Իսկ գուցե փոխելո՞ւ եք կարգախոսը և մի օր դարձնեք՝ Երևանը Հայաստան է և վերջ, որովհետև հանձնել եք Սյունիքը»,- հայտարարեց Արփինե Հովհաննսյանը։ Անդրադառնալով Արցախի վերաբերյալ ստորագրված փաստաթղթին՝ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ այն քաղաքական փաստաթուղթ է։ «Սա միջազգայնորեն ստանձված ՀՀ պարտավորություն է՝ պետությունների միջնորդությամբ։ Այս փաստաթուղթը սկսել է կատարվել, և մնացել են հաշված ժամեր իրենց տներն այրած քարվաճառցիների գաղթի ճանապարհը բռնելուն, եթե արդնե չեն արել դա։ Այս փաստաթղթով ամեն ինչ սկսվում է, բայց չի ավարտվում։ Այս փաստաթուղթը ենթադրում է նոր փաստաթղթեր։ Այս փաստաթղթի ամեն կետի տակ կա լրացուցիչ ռումբ Հայաստանի պետականության համար»,- ասաց նա։ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ մի քանի տարի հետո Հայաստանը չի լինելու, որովհետև այս փաստաթղթով Նիկոլ Փաշինյանը Նախիջևանը ցամաքային կապով կապել է Մեղրիին։ «Ուզում եմ դիմել այն մարդկանց, ովքեր ասում են՝ նոր բանակցող դա նշանակում է նոր պատերազմ։ Ոչ, այդպես չէ, նոր բանակցող նշանակում է նոր շանս, որպեսզի Հայաստանի տակ դրված այս ականները հանվեն։ Նիկոլ Փաշինյանը հաջողացրեց բոլոր հնարավոր տարբերակներից Հայաստանի համար կնքել վատագույնը։ Բոլոր երեք նախագահների ժամանակ սեղանին դրված փաստաթղթերից այս մարդը մեզ համար ընտրեց վատագույնը»,- նշեց նա։
18:34 - 13 նոյեմբերի, 2020
Տիկին Հովհաննիսյանն իր եզրահանգումները կառուցել է անտրամաբանական «փաստարկների» և դատողությունների վրա․ Գոռ Աբրահամյան

Տիկին Հովհաննիսյանն իր եզրահանգումները կառուցել է անտրամաբանական «փաստարկների» և դատողությունների վրա․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էր էջում գրել է․ «Արդարադատության նախկին նախարար, Աժ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը երեկ իր ֆեյսբուքյան էջին արված գրառմամբ փաստացի կասկածի տակ է դրել դատախազության հրապարակած որոշ պաշտոնական տվալներ՝ ըստ էության, փորձելով հարուցել դրանց նկատմամբ հանրության անվստահությունը: Իր առջև դրված այս խնդիրը լուծելու հարցում, սակայն, տիկին Հովհաննիսյանը, այնքան է շտապել, որ իր հաշվարկներն ու եզրահանգումները կառուցել է բացարձակ անտրամաբանական «փաստարկների» և դատողությունների վրա: 1. Հանցավորության և սպանությունների աճի մասին Եթե տիկին Հովհաննիսյանը մի փոքր հետևողական լիներ և թերթեր նաև դատախազության պաշտոնական կայքում առկա ՀՀ դատախազության նախորդ տարիների հաղորդումները, կնկատեր, որ հանցագործությունների թվի աճ արձանագրվում է՝ առնվազն վերջին 10 և ավելի տարիներին (առանձին բացառություններով): Օրինակ՝ 2009թ. հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 54.6%-ով, 2016թ. 10.1%-ով, 2017թ.՝ 8.1%-ով, 2018թ.՝ 11.2%-ով: Մի կողմ թողնենք այն փաստը, որ չնայած վերոնշյալին՝ հանցավորության աճի միտումները տիկին Հովհաննիսյանին, չգիտես ինչու, անհանգստությունն արտահայտելու տեղիք չէին տալիս այն ժամանակ, երբ ԱԺ պատգամավորի և փոխնախագահի կարգավիճակի բերումով ուներ խորհրդարանի ամբիոնից դրանք հնչեցնելու հնարավորություն: Սակայն առավել տարակուսելին այն է, որ խաղալով կոնտեքստից կտրված ստերիլ թվերի հետ՝ տիկին Հովհաննիսյանը ո՛չ Դատախազության հաղորդման և ո՛չ էլ ՀՀ գլխավոր դատախազի ելույթում «չի նկատել» այն վերլուծված բազմաթիվ օբյեկտիվ գործոնները, որոնք ազդել են հանցագործությունների թվի ավելացման վրա, այդ թվում՝ հանցագործությունների արձանագրման, գրանցման ցուցանիշների բարելավումը, լատենտային բնույթ կրող, մասնավորապես, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման բազմապատիկ ցուցանիշների ավելացումը և այլն: Ինչ վերաբերում է սպանությունների թվի ավելացմանը, տիկին Հովհաննիսյանը համեստորեն շրջանցել է նաև այն իրողությունը, որ աճը տեղի է ունեցել 2018թ. արձանագրված՝ այս բնույթի հանցագործությունների աննախադեպ նվազման (35 դեպք) ֆոնին և անգամ 2019թ. ավելանալու պարագայում չի հասել 2017թ. պատկերին՝ (49 դեպք): 2. Կալանավորման միջնորդությունների և դրանց վերաբերյալ արված մակերեսային հետևությունների մասին Վկայակոչելով Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումը՝ տիկին Հովհաննիսյանը, համառ ջանքերով փորձում է հակասություններ պեղել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների և դրանց բավարարման վերաբերյալ դատախազության ներկայացրած վիճակագրական տվյալների մեջ՝ ընդհանրացնելով, թե ամեն կերպ փորձ է արվում պատրանք ստեղծել, որ «հեղափոխական օրերի դատախազությունը ամենահումանիստականն է և ամենաառաջադեմը` փորձելով գոնե մի քանի տոկոսով մանիպուլացնել թվերը»: Թերևս, տարօրինակ է, որ տիկին Հովհաննիսյանը նախ փորձ չի արել հասկանալու երկու մարմինների կողմից տրված խափանման միջոց կալանքի վերաբերյալ վիճակագրական տվյալների նման շոշափելի տարբերությունների պատճառը: Իսկ պատճառն առավել քան պարզ է: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, նրա հարցման ձևաչափին համահունչ, տրամադրվել են 2019թ. ընթացքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ ԲՈԼՈՐ միջնորդությունների տվյալները, որը, ներառում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածով (ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելը) մեղադրյալների վերաբերյալ տվյալները: Մինչդեռ Դատախազութան հաղորդման մեջ նշված հոդվածի մասով տվյալները ներառված չեն հասկանալի՝ իրավական համապատասխան վերլուծություններն օբյեկտիվ ներկայացնելու նպատակով: Ընդ որում՝ հենց նմանատիպ շփոթության տեղիք չտալու համար հաղորդման մեջ փակագծերում այդ մասին արված է հատուկ նշում (էջ 38): Չի՞ տեսել տիկին Հովհաննիսյանը այդ նշումը, թե՞ չտեսնելու է տվել... Ավելին. չնայած ՀՀ դատախազության հաղորդման մեջ մանրակրկիտ «պեղումներ» կատարելու հանգամանքին, տիկին Հովհաննիսյանը «չի նկատել», որ Դատախազությունն ինքն է հաղորդման մեջ օբյեկտիվորեն նշել, որ նախորդ տարվա համեմատ խափանման միջոց կալանքի միջնորդություններն ավելացել են՝ նշելով դրա նույնքան օբյեկտիվ և անհերքելի պատճներն ու հիմնավորումները (էջ 38): Ուղղակի զավեշտալի են «հեղափոխական օրերի դատախազությանը» ամեն կերպ ամենահումանիստականը և ամենաառաջադեմը ներկայանացնելու մեղադրանքները, եթե նկատի ունենանք, որ խափանման միջոց կալանավորման պրակտիկան փոփոխելուն ուղղված նախաձեռնությունը ՀՀ դատախազությունը ցուցաբերել է սկսած դեռևս 2017թ.-ից՝ կատարված խորքային ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա. և դրան գործառնական նշանակություն է տվել ՀՀ դատախազության կոլեգիայի 04.08.2017թ. որոշման ընդունմամբ: 3. Կաշառքի գործերի վերաբերյալ. Տիկին Հովհաննիսյանը հակասություններ է բստրել նաև կաշառքի հետ կապված գործերի առնչությամբ ՀՀ դատախազության հաղորդման և կառավարության տարեկան զեկույցի միջև՝ նշելով, թե դատախազության առավելագույն հաշվարկներով այդ գործերի թիվը 60 է, իսկ ըստ կառավարության տարեկան զեկույցի` 324: Այստեղ, ինչպես նաև իր հետագա բոլոր թվային համադրությունների մեջ տիկին Հովհաննիսյանը շատ անհաջող ձևով գործադրել է ամենահաճախ կիրառվող և շաբլոնային մանիպուլյացիոն հնարքներից մեկը. համադրել անհամադրելին և հանրությանը հրամցնել իր համար ցանկալի պատկեր: Բանն այն է, որ իր վկայակոչած՝ ՀՀ կառավարության գործունեության 2019թ. զեկուցում զետեղված կաշառքին վերաբերող թիվը՝ 324, վերաբերում է արձանագրված հանցագործության ԴԵՊՔԵՐԻՆ: Մինչդեռ դատախազության բոլոր հաղորդումներում, դրա վերաբերյալ վիճակագրական տվյալները վերաբերում են հանցագործության դեպքերով նյութերի նախապատրաստմանը, քրեական գործերի հարուցմանը, վարույթում քննվող գործերին և դրանցով հետագա դատավարական փուլերին: Տարօրինակ է, որ տիկին Հովհաննիսյանը չգիտի հանցագործության դեպքերի և քրեական վարույթների տարբերությունը: Ընդ որում՝ անհասկանալի է՝ նա որտեղի՞ց է վերցրել կաշառքի 60 գործի վերաբերյալ թիվը, քանի որ տարեկան հաղորդման մեջ, օրինակ, 101-րդ էջի 3-րդ պարբերությունում, որը վերաբերում միայն կաշառք ստանալուն, հստակ նշված է. «Կաշառք ստանալու (ՀՀ քր. օր 311-րդ հոդված) վերաբերյալ վարույթում քննվել է 63-ով կամ 32.6%-ով ավել քրեական գործ (2018թ.-193 գործ, 2019թ.-256 գործ), 17-ով կամ 85%-ով ավել քրեական գործ է ուղարկվել դատարան քան 2018թ.-ին (2018թ.-20 գործ, 2019թ.-37 գործ) և դատի է տրվել 9-ով կամ 20.9%-ով ավել անձ (2018թ.-43 անձ, 2019թ.-52 անձ)»: 4. Պետությանը պատճառված վնասների մասին Այս հատվածում, տիկին Հովհաննիսյանը, իսկական «շիլաշփոթ» է սարքել և այնքան խճճվել, որ ընդհանրապես կորցրել է տրամաբանության թելը: Մասնավորապես, նա նշում է, որ հաղորդումը բանավոր ներկայացնելիս գլխավոր դատախազը նշել է, թե պետությանը հանցագործություններով պատճառված վնասից վերականգնվել է շուրջ 1.2 մլրդ դրամ և որ դա ներկայացվել է իբրև նախորդ տարվա ցուցանիշը շուրջ 2 անգամ գերազանցող թիվ։ Այնինչ, ըստ տիկին Հովհաննիսյանի, 2018թ. հաղորդման մեջ նշված է, որ միայն կոռուպցիոն հանցագործությունների արդյունքում վերականգնվել է շուրջ 4 մլրդ դրամ։ Նախ՝ 1.2 մլրդ դրամի վերականգնման մասին ՀՀ գլխավոր դատախազը նշել է բացառապես պետական շահերի պաշտպանության գործառույթի կատարման համատեքստում, ընդ որում բացառապես դատախազական ներգործության միջոցների (նախազգուշացումներ, ուսումնասիրություններ) կիրառմամբ ընդհանուր վերականգնված վնասի առնչությմաբ: Հատուկ ընդգծեմ, որ դրանում առհասարակ ներառված չէ քրեական գործերով վնասի վերականգնման ցուցանիշը: Բայց, տիկին Հովհաննիսյանը միայն իրեն հասկանալի տրամաբանությամբ վերոնշյալ, կրկնում եմ՝ բացառապես պետական շահերի պաշտպանության շրջանակներում դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ 2019թ. վնասների վերականգնման ցուցանիշը համադրել է ոչ ավել ոչ պակաս...2018թ. ընթացքում կոռուպցիոն հանցագործության դեպքերով քննված և ավարտված քրեական գործերով վերականգնված վնասի չափի հետ: Մեկ այլ մասում էլ պնդում է անում, թե մի կողմից, իբր, դատախազությունը նշում է քրեական գործերով 12.4մլրդ դրամի վերականգնման մասին, մյուս կողմից խոսում բավարարված հայցերի, հարուցված գործերի, նախազգուշացումների արդյունքում շուրջ 1.4 մլրդ դրամի վերականգնման մասին: Այն բանում, որ սա կոռուպցիոն քրեական գործերով վնասի վերականգնման և պետական շահերի պաշտպանության գործիքակազմի՝ միմյանց հետ օրգանական կապ չունեցող տվյալների համադրության վիճակագրական «աճպարարության» հերթական դրսևորումն է, կարելի է համոզվել՝ ընդամենը ծանոթանալով թե ինչի մասին է խոսվում ՀՀ դատախազության գործունեության 2019թ. հաղորդման՝ Ա. Հովհաննիսյանի կողմից վկայակոչված 103-րդ էջում և ինչի մասին՝ 152-րդ էջում: Ափսոս, որ նախկին արդարադատության նախարարը քրեական վարույթների և դատախազության գործառույթներից միայն մեկի՝ պետական շահերի պաշտպանության գործառույթի գործիքակազմի արդունքների տարբերությունը չի պատկերացնում: Չբավարարվելով այսքանով՝ Արփինե Հովհաննիսյանը վկայակոչել է 2019թ. ընթացքում վնասների վերականգնման վերաբերյալ մի լրատվամիջոցի կողմից ԱԱԾ-ից ստացած տվյալների և ՀՀ դատախազության հաղորդման մեջ նշված տվյալների նույնպիսի մի «աջապսանդալի» հիման վրա իր արած գրառումը, որին անգամ հարկ չէինք համարել անդրադառնալ՝ դրա աբսուրդայնության պատճառով: Որովհետև գրառման հեղինակը փորձել էր համադրել և համեմատել ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում 2018 թվականի մայիսից մինչև 2020թ. մարտ ՔՆՆՎՈՂ (ըստ գրառման մեջ նշվող ձևակերպման) քրեական գործերով պատճառված վնասի չափը և ՀՀ դատախազության կողմից ներկայացված 2018 և 2019թթ. տվյալները, որոնք վերաբերում են բացառապես կոռուպցիոն բնույթի՝ ՄԻԱՅՆ ԱՎԱՐՏՎԱԾ ՆՅՈՒԹԵՐՈՎ ու ԱՎԱՐՏՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ պետությանը պատճառված վնասի չափին և վերականգնմանը (էջ 102): Այսիքն այս դեպքում ևս գործ ունենք ակնհայտորեն անհամադրելի տվյալների զուգահեռման հետ: Վերոնշյալը, թերևս, ավելորդ մեկնաբանության տեղիք չի թողնում, թե իրականում ում երևակայության արգասինքն են ներկայացվող թվերը: Նման տխուր պատկեր, իհարկե, չէր լինի, եթե գրառման հեղինակին առաջնորդեր ոչ թե մանիպուլյատիվ մեթոդներով դատախազության նկատմամբ անվստահության հերթական դոզան հանրութանը ներակելու, այլ իրավիճակը և ներկայացված տվյալները խորությամբ ըմբռնելու և անհրաժեշտության դեպքում հնարավոր սխալներն ու թերացումներն (որից ապահովագրված չի ոչ ոք) ուղղելու սրտացավ քաղաքացիական մոտեցումը: Ցավոք, սակայն, ունենք այն, ինչ ունենք»:
22:37 - 08 հունիսի, 2020
Արփինե Հովհաննիսյանի պնդումը՝ պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման մեխանիզմների մասին, թերի է

Արփինե Հովհաննիսյանի պնդումը՝ պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման մեխանիզմների մասին, թերի է

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը Facebook սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառմամբ անդրադարձել է Ազգային ժողովում նախօրեին առաջին ընթերցմամբ ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Արդարադատության նախարարության ներկայացրած նախագծին։ «ԱԺ-ում մի շարք իշխանական պատգամավորների հարցադրումները եւ պոպուլիստական հայտարարությունները ցույց տվեցին` որքան հեռու են նրանք նախագծի վերաբերյալ նույնիսկ տարրական գիտելիքներ տիրապետելուց»,- գրել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այդ հայտարարություններին չի անդրադառնա, այլ մի քանի բովանդակային դիտարկում-առաջարկներ կանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին։ Հովհաննիսյանը, նշելով, որ նախագծի հիմնավորման մեջ շատ է հղում կատարվում ՄԻԵԴ նախադեպային պրակտիկային, գրել է, որ այստեղ էլ պետք է դրսեւորել չափազանց զգույշ մոտեցում` խորամուխ լինելով գործի բոլոր հանգամանքներին․ «Օրինակ` Եվրոպական դատարանը որոշ դեպքերում սահմանել է, որ վարույթի շրջանակում մի երկրում չկա օրենքի հետադարձության ուժի խնդիր կամ անմեղության կանխավարկածը չի խախտվում, սակայն դրանք պայմանավորված են եղել քննարկվող պետությունում մի շարք այլ պայմանների միաժամանակյա առկայությամբ: Քննարկենք մի շատ կարեւոր օրինակ. նախագծի հիմնավորման մեջ որպես դրական օրինակ նշվում է «Գոգիթիձեն եւ մյուսները՝ ընդդեմ Վրաստանի գործը»: Այս գործով թեեւ ՄԻԵԴ-ը ճանաչել է, որ վարչական կարգով գույքի բռնագանձումը իրավաչափ է, բայց կատարել է ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ շեշտադրում: Այսպես` դատարանը պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրավաչափ էր Վրաստանում հետադարձ ուժ տալը գույքի բռնագանձման օրենքին, հատուկ ընդգծել էր, որ գույքի բռնագանձման օրենքը պաշտոնատար անձանց հաշվետու վարքագծին վերաբերող առաջին օրենքը չէր, քանի որ դեռ 1997 թվականին Վրաստանում ընդունվել էր օրենք, որը սահմանում էր գույքը պաշտոնատար անձանց գույքը հայտարարագրելու պահանջ, այդ իսկ պատճառով դատարանը եկել է այն եզրակացության, որ 2004 թվականի օրենքը ուղղակի 1997 թվականի օրենքի շարունակական զարգացումն էր»: Նախկին նախարարը հարց է հնչեցրել՝ ի՞նչ է սա նշանակում մեզ համար․ «ՀՀ-ում «Հանրային ծառայության մասին օրենքը», այսինքն` հայտարարագրման պահանջ սահմանող օրենքը, ընդունվել է 2011 թվականին։ Այսինքն` մինչ այդ պահը չի եղել գույքի եւ եկամուտների հայտարարագրման հստակ համակարգ մեր երկրում, եւ հստակ չկա այն սանդղակը, որի հետ պետք է համեմատել պաշտոնյայի գույքը եւ եկամուտները»։ Արփինե Հովհաննիսյանը ՄԻԵԴ-ի վերոնշյալ մեկնաբանությունը ներկայացնում է որպես գնահատական, այնինչ ՄԻԵԴ-ն ընդամենն արձանագրում է, որ Վրաստանում 2004-ին գրված օրենքը 1997-ի որոշ իրավական ակտերի շարունակությունն է՝ առանց դրան դրական կամ բացասական գնահատական տալու (B merits 1․ 84 «Այդ փոփոխություններից յոթ տարի առաջ՝ 1997 թվականին, արդեն գոյություն ուներ համապատասխան օրենք):  Նախկին նախարարը նաեւ գրել է, թե հայտարարագրերի բացակայության պայմաններում դատախազությունը իրավական ճանապարհով դժվար թե կարողանա պատշաճ կերպով հիմնավորել անհամապատասխանությունը օրինական եկամուտների եւ ձեռք բերված գույքի արժեքի միջեւ, ինչի դեպքում էլ, նրա համոզմամբ, ստեղծվում է իրավիճակ, որ օրենքի գործողությունը տարածվելու է 1991թ․-ից սկսած ժամանակահատվածի վրա, բայց փաստացի հնարավոր է լինելու իրացնել 2011թ․-ից սկսած ժամանակահատվածի առումով միայն։ Նախկին պաշտոնյան նկատի է ունեցել այն, որ ՀՀ-ում հայտարարագրման պահանջ սահմանող օրենքն, ըստ էության, ներդրվել է 2011 թվականից։ Սակայն ՀՀ-ն եւս, նախքան 2011-ի՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի ընդունումը ունեցել է իրավական կարգավորումներ։  Այսպես, 1995 թվականի դեկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետը ստորագրել է N 353 որոշումը՝ ՀՀ կառավարության անդամների կողմից տարեկան եկամուտների մասին հայտարարագրի ներկայացման մասին․  «Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության եւ նրա անդամների եկամուտների մասին տեղեկատվության հրապարակայնությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները 1996 թվականի փետրվարի 1-ից ոչ ուշ ներկայացնում են իրենց տարեկան եկամուտների մասին հայտարարագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունիսի 15-ի «Ֆիզիկական անձանց տարեկան եկամուտների հայտարարագրման կարգի եւ հայտարարագրերի ձեւերի հաստատման մասին» N 342 որոշմամբ սահմանված կարգով»,- ասված է որոշման մեջ:  Սրանից զատ՝ 2001 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին օրենքը, որի նպատակը եղել է հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումը, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնողների գույքի եւ եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումը։ Վերոնշյալ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողներ եւ գույքը ու եկամուտները հայտարարագրող են համարվել Հանրապետության նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը եւ պատգամավորները, ՍԴ նախագահը եւ անդամները, ԿԲ նախագահը եւ խորհրդի անդամները. ՀՀ դատավորները,  գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազները, նախարարները եւ նրանց տեղակալները, նախարարությունների ստորաբաժանումների (այդ թվում` տարածքային) ղեկավարները, մարզպետները, Երեւանի քաղաքապետը եւ նրանց տեղակալները եւ մի շարք այլ պաշտոնատար անձինք։ Նույն օրենքի համաձայն` փոխկապակցված անձինք են համարվել` հայտարարատուի ամուսինը, համատեղ ապրող ծնողը (ծնողները) եւ համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած զավակը (զավակները), հայտարարատուի ամուսնացած չլինելու եւ զավակ չունենալու դեպքում համատեղ ապրող ծնողը (ծնողները) եւ համատեղ ապրող չափահաս ու չամուսնացած քույրը (քույրերը) եւ եղբայրը (եղբայրները):  Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պաշտոնյաները հայտարարատու են եղել նաեւ զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 5 տարվա ընթացքում, իսկ նրանց փոխկապակցված անձինք` իրենց փոխկապակցված անձանց զբաղեցրած պաշտոնից ազատվելուն (պաշտոնավարության ավարտին) հաջորդող 2 տարվա ընթացքում: Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն էլ՝ հայտարարագրման ենթակա է եղել անշարժ գույքը` հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, շենքերը եւ շինությունները, հողին ամրակայված այլ գույքը, այսինքն` այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել` առանց այդ գույքի նշանակությանն անհամաչափ վնաս պատճառելու, փոխադրամիջոցները, դրամական միջոցները, արժեթղթերը, մշակութային արժեքներն ու հնաոճ իրերը։  Նույն օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ հայտարարատուները պարտավոր էին հայտարարագրման ենթակա գույքը եւ եկամուտները հայտարարագրել պաշտոնի նշանակման (կամ ընտրման) դեպքում` սկսած պաշտոնի նշանակման (կամ ընտրման) ամսվան հաջորդող ամսվա 1-ից մինչեւ այդ տարվա դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար. եւ հայտարարատու համարվելու ընթացքում` յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը (ներառյալ) ընկած ժամանակաշրջանի համար:   «ՀՀ իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքը խախտելու համար սահմանվել է նաեւ պատասխանատվություն։ Ըստ այդմ՝ Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված ժամկետում լիազորած մարմին կամ լիազորած տարածքային մարմին հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով: Տուգանքը նշանակելուց հետո` երեսուն օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով»։  3-րդ մասի համաձայն՝ «Հայտարարատուների կողմից սույն օրենքով սահմանված հայտարարագրման ենթակա գույքը եւ եկամուտները կամ ՀՀ կառավարության սահմանած հայտարարագրի ձեւերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները թաքցնելը կամ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ ներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով», «Նույն խախտման կատարումն այն անձի կողմից, որը նշված խախտման համար տուգանվել է մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»։ Այս օրենքը գործել է մինչեւ 2009 թվականը, հետադարձ ուժ չի ունեցել։  2001 թվականի նոյեմբերի 5-ին էլ վարչապետ Ա․ Մարգարյանը ստորագրել է «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքով նխատեսված գույքի եւ եկամուտների հայտարարագրումն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի մասին  N1067 որոշումը։ Ըստ որոշման՝ լիազոր մարմնի իրավասությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը:  Այսպիսով, քանի որ ՀՀ-ում եւս մինչեւ 2011-ը գործել է պաշտոնատար անձանց եկամուտների ու գույքի հայտարարագրման համակարգ, ապա սա ենթադրում է, որ գործողությունը հնարավոր է իրացնել առնվազն 2001 թվականից սկսած, ըստ այդմ՝ Արփինե Հովհաննիսյանի պնդումները թերի են։ Ազգային ժողովը նախօրեին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ կառավարության ներկայացրած նախագիծը։ Ըստ նախագծի՝ եթե կոռուպցիոն որեւէ գործով անցնող որեւէ քաղաքացու մոտ իրավապահները կնկատեն ստացած եկամուտների եւ ունեցած գույքի 25 միլիոն դրամից ավելի տարբերություն, ապա կարող են քաղաքացիական հայցով գույքը բռնագանձելու համար դիմել դատարան:
12:07 - 07 մարտի, 2020
Արփինե Հովհաննիսյանը սխալ է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը |fip.am|

Արփինե Հովհաննիսյանը սխալ է մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը |fip.am|

fip.am: Կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին տրված հանձնարարականը՝ կոշտ հակահարված տալ ֆեյքերին, դարձել է վերջին օրերի քննարկման կարևոր թեմաներից մեկը։ Հարցին անդրադարձել է նաև ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը՝ մանիպուլացնելով, սակայն, մի քանի դրվագներ։ Կառավարության՝ ապրիլի 4-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, ինչն ազգային անվտանգության խնդիր է: Նա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին հանձնարարական էր տվել կոշտ հակահարված տալ տարբեր մանիպուլյացիաներին՝ ընդհուպ սոցցանցերում հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքերին, որոնք բռնության կոչեր են անում։ Վարչապետը նշել էր, որ այս ամենը պետք է արվի՝ կասկածի տակ չդնելով խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը։ Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշել էր, որ «ֆեյքերի» դեմ պայքարը պետք է լինի շատ զգույշ և մտածված․ «Եթե գրառումների մեջ, կլինի ֆեյք, թե սովորական անձ, չկա հանցակազմ, իրավապահ մարմինները որևէ գործողություն իրականացնելու առիթ չունեն։ Եթե կա հանցակազմ, ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել և իրականացնել համապատասխան միջոցառումներ, որպեսզի կանխեն և բացահայտեն այդ հանցագործությունը։ Որևէ դեպքում չի վնասվելու խոսքի ազատությունը»,— մասնավորապես, նշել էր Վանեցյանը։ 24news.am-ին տված հարցազրույցում Արփինե Հովհաննիսյանը հարցադրում է արել, թե արդյո՞ք պետական պաշտոնյաների ասած ստերի դեմ ԱԱԾ-ն ևս պետք է պայքարի, քանի որ թե՛ վարչապետ Փաշինյանը, թե՛ այլ պաշտոնյաներ ասել են բաներ, որոնք չեն արել, հետևաբար ստել են կամ մանիպուլացրել հանրությանը։ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ կհամաձայնի իշխանության ընտրած այս պայքարի ձևին, եթե ԱԱԾ-ն զբաղվի նաև ստեր տարածող պաշտոնյաներով։ Հարկ ենք համարում նշել, սակայն, որ տիկին Հովհաննիսյանի այս նկատառումը ամենևին էլ չի բխում այն գործողությունների պլանից, ինչը նշել է ԱԱԾ տնօրենը։ Արթուր Վանեցյանն ասել էր, որ ԱԱԾ-ն և մյուս իրավապահ մարմինները պետք է արձագանքեն այն դեպքում, եթե ֆեյք կամ իրական օգտատերերի գրառումներում կա հանցակազմ, այլ ոչ թե պայքարել ցանկացած ֆեյքնյուզի դեմ։ Հետևաբար, տիկին Հովհաննիսյանի նման մեկնաբանությունն այս առումով մանիպուլյատիվ է։ Խոսելով կեղծ լուրերի տարածման մասին՝ Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ սա կեղծ օրակարգ է, և բոլորը գիտեն իշխանության կողմից տարածվող կեղծ լուրերի, հայհոյախառն արտահայտությունների մասին, և դա հանգեցնում է և՛ ազդեցության, և՛ հակազդեցության, և այն մարդիկ, որոնք համամիտ չեն, սկսում են հակառակ գործիքակազմով աշխատել։ Տիկին Հովհաննիսյանը, սակայն, նշում է, որ դա ժանրի կանոններն են, և ԱԱԾ-ն չէ, որ պետք է պայքարի դրա դեմ։ Մի կողմ թողնելով այն, թե որքանով են այս գործողություններն ԱԱԾ գործառույթների մաս կազմում, նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» բազմիցս անդրադարձել է կեղծ օգտատերերին, կուսակցությունների կողմից իրականացվող քարոզչությանը՝ թե՛ հետաքննությունների, թե՛ զեկույցների տեսքով։ Մեր կողմից մանրամասն անդրադարձ է եղել նրան, թե, օրինակ, ընտրությունների ժամանակ պայքարող քաղաքական ուժերն ինչ գործիքակազմ էին օգտագործում ֆեյսբուքում քարոզչություն իրականացնելու համար և քանի կեղծ օգտահաշիվներ ունեին։  
07:25 - 08 ապրիլի, 2019